Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան

* * *
Մարմինս հոգուս մեջ չի տեղավորվում,
բաժանվել է ձգտում,
ազատագրվել:
Մեզ երկինքն է միացրել,-
սաստում եմ,-
հնազանդ ցմահ…
-Դու ո՞վ ես,-
հարցնում է մարմինս:
-Ես եմ,- պատասխանում է հոգիս:
-Ես էլ եմ ես,- ասում է:
Լռում ենք:
Վիճում են անհաշտ:
Մարմինս համառ է,
իրասածի.
ինձ է քաշել:
Երես եմ տվել.
միակն է:
Նվիրում է հոգուս,
վերցնում,
բերում,
տանում,
կեղտոտում,
մաքրում,
տեղարժում…
մարմինս բնակարան է իր համար,
անշարժ գույք:
Հոգիս թևեր ունի,
մարմինս՝ թևեր ու ոտքեր:
Մինչ ես քայլում եմ երերուն
մազե կամուրջով,
ճոճվելով նրանց միջև,
ընկնում այս ու այն կողմ,
ջարդուխուրդ լինում…

 

* * *
Մարմինս փխրուն է,
կիսաթափանցիկ,
հոգիս՝ բեռ ու բնակարան.
հարմարվել ենք,
ճամփորդում ենք
լաբիրինթոսում չգծված ուղիների:
Ասում են՝ ուղին ոլորուն է,
մոլորուն,
թափառիկ,
անկանխատեսելի:
Ասում են՝ կյանքը ուղի է,
ես գիտեմ՝ կյանքը ուղի է
ուղիղ,
ընտրությունները բեկբեկում են այն
անդադար,
դարձնում շանթաձև:
Շողշողուն
հետքս, որ թողնում եմ աշխարհում,
երբեմն
ընդառաջ է գալիս ինձ,
հատվում են ուղիները
իմ և իմ,
բայց ես առաջ եմ գնում
միշտ
լաբիրինթոսում հնարավոր ճամփաների:
Երբեմն
իջեցնում եմ բեռը ուսերիս,
թողնում հոգիս դատարկ,
մարմինս մեկնում արևին,
ինքս ինձ ասում.
ուշադիր,
մարմինը խոցելի է առանցկարծր հոգու.
աչքդ վրան պահիր,
չհափշտակի
սատանան, իսկ մարմինդ
մնա արևին,
հող դառնա՝
ինչով սնվում էր:
Խխունջ եմ:

 

* * *
Վերքին
հող ու մոխիր ցանեցի
ծածկեցի
ծաղիկներով
նրանք դանդաղ
դանդաղ
դանդաղ
չորացան
փտեցին
վերացան
հողը նույնն է՝
մոխրագորշ
ծաղիկներ են աճում
խորքերից
վերքը ծիծաղում է
գունավոր:

 

* * *
Դ. Ս.-ին
— Աստված ինձ նման է,-
ասաց դաշնակահարուհին:
-Հավատացյալ չեմ,-
պատասխանեցի:

Նա նվագում էր,
և աստղեր էին վառվում խավարում,
նա նվագում էր,
և լույսն աստղերի խաղում էր իմ մեջ,
նա նվագում էր,
և ես աստղերի հայելին էի:

Ու մտածեցի.
ուզում եմ դառնալ
նրա նվագի
հնչյունը հիմա:

Ու մտածեցի.
կուզեի լինել
նրա նվագի
հնչյունն աշխարհում:

Ու մտածեցի.
հնարավոր չէ՝
եթե ես լինեմ
պարզապես հնչյուն,
կկորչի «ես»-ը,
չեմ գիտակցի ինձ:

Ու մտածեցի.
ինչպե՞ս կարող եմ
լինել հնչյունը
նրա նվագի
մնալով ես՝ ես:

Ու մտածեցի:
ՈՒ մտածեցի:
Պատկերացրեցի Աստված:
Նվագում է դաշնամուր:
Հնչյունները, որ նվագում է նա,
մարդիկ են:
Հնչյունը, որը արարում է նա,
ես եմ:

Աստված
անտրոպոմորֆ է,
Աստված, փաստորեն,
նրա նման է:

Հավատացյալ եմ:

Իսկ նա չիմացավ:
Նա նվագում էր:

2 comments

    • shakeh on 29 Հունիսի, 2013 at 3:03 ա.
    • Reply

    Սիանուշ
    Կարելի՞ է արտատպեմ բանաստեղծութիւններդ Նայիրի օրացոյցում.
    Շաքէ

    1. Շնորհակալություն առաջարկի համար, հարգելի Շաքէ: Ի՞նչ է Նայիրի օրացույցը, ինձ անծանոթ անուն է:

Թողնել պատասխան shakeh-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.