Խավիեր Մարյաս | ՄԵՂՐԱՄԻՍ

Javier Marias

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը
Կինս իրեն տկար էր զգում և մենք շտապ վերադարձանք հյուրանոցի մեր սենյակը: Նա վախեցած պառկել էր` թեթև սրտխառնոցով և մի փոքր էլ տենդով: Քանի որ մեր հարսենական ճամփորդությունն էր, իսկ այդ ճամփորդության ժամանակ օտար մեկի միջամտությունը` անգամ ստուգման նպատակով, ցանկալի չէ, չցանկացանք բժիշկ կանչել, որ տեսնենք, թե այդ տկարությունն արդյոք կանցնի՞: Պիտի որ թեթև սրտխառնոց լինի, կծկում, կամ որևէ բան: Սևիլիայում էինք, մի հյուրանոցում, որը փողոցի երթևեկությունից պաշտպանված էր հրապարակով: Մինչ կինս հանգստանում էր (երբ նրան պառկեցրի ու ծածկեցի, թմրած թվաց), որպեսզի չփորձեմ աղմկել կամ ձանձրույթից նրա հետ խոսել, որոշեցի լռություն պահպանել, որին հասնելու լավագույն տարբերակը պատշգամբում հայտնվելն ու անցորդ սևիլյացիներին հետևելն էր. ինչպես էին քայլում, ինչպես էին հագնվում, ինչպես էին խոսում, չնայած փողոցից և երթևեկությունից հարաբերական հեռավորության պատճառով միայն շշնջոց էի լսում: Նայում էի առանց տեսնելու, ինչպես նա, ով գալիս է մի երեկույթի և գիտի, որ միակ անձնավորությունը, որը նրան հետաքրքրում է, այստեղ չի լինելու. որովհետև մնացել է տանն իր ամուսնու հետ: Այդ միակ անձնավորությունն ինձ հետ էր, իմ թիկունքում` հսկված իր ամուսնու կողմից: Նայում էի դեպի դուրս և մտածում ներսինի մասին, բայց հանկարծ մասնավորեցրի մի անձնավորության ու հենց նրան մասնավորեցրի, որովհետև ի տարբերություն մյուսների, ովքեր հայտնվում էին մի պահ ու անհետանում, այդ անձնավորությունը իր տեղում անշարժ էր մնում: Հեռվից երեսունին մոտ կին էր երևում, հագին անթև, երկնագույն բլուզ, սպիտակ կիսաշրջազգեստ և նույնպես սպիտակ կրունկներով կոշիկներ: Նա սպասում էր: Նրա պահվածքը միանշանակ սպասողի պահվածք էր, որովհետև ժամանակ առ ժամանակ երկու կամ երեք քայլ էր անում դեպի աջ կամ ձախ և վերջին քայլի վրա մի փոքր քարշ էր տալիս այս կամ այն ոտքի կրունկը (ժեստ, որ անհամբերություն էր բովանդակում): Թևին գցած մեծ պայուսակ էր կրում, այն պայուսակների նման, որ մանկությանս տարիներին կրում էին մայրերը, իմ մայրը, հնաոճ ձևով` թևին գցած մեծ սև պայուսակ, շալակին չառած, ինչպես հիմա են կրում: Ամուր ոտքեր ուներ, և, ամեն անգամ, երբ դրանք կանգ էին առնում հանդիպման համար ընտրված կետում նվազագույն` երկու կամ երեք քայլից ու վերջին քայլի վրա քարշ տված կրունկի տևողությունից հետո, հաստատուն մխրճվում էին գետնի մեջ: Այնքան ամուր էին, որ վերացնում կամ ձուլվում էին այդ կրունկների հետ, դրանք ոտքեր էին, որ մխրճվում էին սալիկների մեջ, ինչպես դանակը խոնավ փայտի մեջ: Երբեմն ետ էր շրջվում, իրեն հետևից նայելու և շրջազգեստը ուղղելու համար, կարծես վախենում էր, թե ինչ որ ճմրթվածք կտգեղացնի հետույքը կամ գուցե շորի վրայից ուղղում էր անհնազանդ վարտիքը:
Մթնում էր, և լույսի աստիճանական կորուստն ինձ ստիպեց գնալով նրան ավելի միայնակ տեսնել, ավելի մեկուսացած, ավելի դատապարտված ապարդյուն սպասելուն: Ժամադրությունը չէր կայանալու: Նա կանգնած էր փողոցի մեջտեղում և չէր հենվում պատին, ինչպես սովորաբար անում են սպասողները, որպեսզի չերկարացնեն այն մարդկանց քայլը, ովքեր չեն սպասում ու անցնում են, և դա պատճառ էր հանդիսանում անցորդներից խույս տալու խնդիր ունենալ. ինչ-որ մեկն ինչ-որ բան ասաց նրան, որին նա պատասխանեց կատաղած ու սպառնաց իր հսկայական պայուսակով:
Հանկարծ հայացքը բարձրացրեց երրորդ հարկ, որտեղ ես էի գտնվում և առաջին անգամ ինձ թվաց, թե աչքերը սևեռել էր ինձ վրա: Այնպես էր զննում, ասես կարճատես էր կամ կեղտոտ կոնտակտային տեսապակի կրելիս լիներ: Լավ տեսնելու համար աչքերը կկոցել էր և ինձ թվաց, թե ինձ էր նայում: Բայց Սևիլիայում ես ոչ ոքի չէի ճանաչում, ավելին, առաջին անգամ էի Սևիլիայում` ամուսնական ճամփորդության, իմ թիկունքում հիվանդ, այդքան նոր կնոջս հետ. երանի ոչ մի լուրջ բան չլինի: Անկողնուց ծագած շշնջոց լսեցի, բայց գլուխս չշրջեցի, որովհետև քնի միջից եկող բողոք էր. անմիջապես սովորում ես տարբերել այն մարդու քնած հնչյունը, ում հետ քնում ես: Հիմա արդեն իմ ուղղությամբ կինը մի քանի քայլ էր արել և առանց լուսազդանշան փնտրելու անցնում էր փողոցը` խուսափելով մեքենաներից, կարծես շտապ մոտենալ էր ուզում, որպեսզի ստուգի, որպեսզի ավելի լավ տեսնի պատշգամբում իմ հայտնվելը: Կասկած չկար, որ նա դժվարությամբ ու դանդաղ էր քայլում, կարծես ետ վարժված լիներ կրունկներով քայլելուց կամ իր` այդքան աչքի զարնվող ոտքերը դրանց համար չէին ստեղծված, կամ նրա հավասարակշռությունը խախտում էր պայուսակը, կամ էլ գլխապտույտ ուներ: Քայլում էր այնպես, ինչպես քայլում էր կինս սենյակ մտնելիս, երբ իրեն վատ էր զգում, երբ օգնել եմ հանվել, անկողին մտնել, ծածկվել: Փողոցի կինը փողոցն անցավ ու հիմա ավելի մոտ էր, բայց հյուրանոցից դեռ բաժանված էր հրապարակի հեռավորությամբ: Շարունակում էր մոտենալ վերև հառած հայացքով` ինձ նայելով կամ այն շենքի բարձրության ուղղությամբ որտեղ ես էի գտնվում: ՈՒ այդ պահին ձեռքի մի շարժում արեց, որը ողջույնի կամ մոտենալու (մոտ կանչելու) շարժում չէր (նկատի ունեմ օտար մեկի մոտենակը), այլ յուրայինի ու ճանաչողի շարժում, կարծես, թե ես էի այն մարդը, որին նա սպասում էր ու ինձ հետ էր նրա ժամադրությունը: Այնպես էր, որ կարծես մատների ճարպիկ խառնաշփոթով եզրափակած ձեռքի այդ շարժումով ցանկանար բռնել ինձ և ասեր. “Այստեղ արի” կամ “Դու իմն ես”: Միաժամանակ ինչ որ բան գոռաց, որ չկարողացա հասկանալ և միայն շրթունքների շարժումով հասկացա առաջին բառը. ինչը զայրույթով ասված “Էյ”-ն էր: Նա շարունակեց առաջանալ, հիմա արդեն ավելի մեծ հիմնավորմամբ քաշքշելով կիսաշրջազգեստի ետևամասը, որովհետև կարծես թե նա, ով պիտի դատեր նրա կազմվածքը, արդեն դիմացն էր, սպասվածը հիմա կարող էր գնահատել այդ կիսաշրջազգեստի ընկնելը: Եվ արդեն այդ ժամանակ կարողացա լսել, թե ինչ էր ասում. “Էյ, բայց ի՞նչ ես անում այդտեղ”: Հիմա շատ լավ լսելի էր գոռոցը, ու կնոջն էլ ավելի լավ տեսա: Թերևս երեսունն անց կլիներ: Դեռևս կկոցած` մոխրագույն կամ սալորի գույնի աչքերը ինձ ջինջ թվացին, հաստ շրթունքներ ուներ, մի փոքր լայն քիթ` զայրույթից մոլեգնած ռունգերով (պետք է, որ երկար սպասած լինի, իմ` նրան նկատելու պահից ավելի երկար): Ճոճվելով էր քայլում, սայթաքեց ու ընկավ հրապարակի մեջ, կեղտոտելով սպիտակ կիսաշրջազգեստը և կորցնելով մի կոշիկը: Դժվարությամբ բարձրացավ, որովհետև չէր ցանկանում բոկոտն ոտքը դնել սալիկի վրա, հիմա, երբ ժամադրությունը կայանում էր, հիմա, երբ պետք է մաքուր ոտքեր ունենար, ով գիտի, գուցե դրանք կտեսնի նա, ում հետ ժամադրվել էր: Առանց ոտքը գետնին դնելու կարողացավ հագնել կոշիկը, թափ տվեց կիսաշրջազգեստը ու գոռաց. “Բայց ի՞նչ ես անում այդտեղ: Ի՞նչու ինձ չես ասել, որ արդեն բարձրացել ես: Չես տեսնու՞մ, որ արդեն մի ժամ է քեզ եմ սպասում” (դա ասաց ակնհայտ սևիլյան հնչերանգով` սեսե-ով ): Ու այդ ասելու ընթացքում կրկին բռնելու շարժում արեց օդում. մերկ թևի չոր ցնցում ու դրան ուղեկցող մատների արագ թափահարում: Մի ճիրան, որ կարծես թե ինձ ասեր “իմն ես” կամ “ես քեզ սպանելու եմ” ու այդ շարժումով կարող էր ինձ բռնել ու քարշ տալ: Այս անգամ անյպես ճչաց ու արդեն այնքան մոտ էր, որ վախեցա, թե կարող էր կնոջս արթնացնել:
— Ի՞նչ է պատահել,- թույլ հարցրեց կինս:
Շրջվեցի, կինս խրված էր անկողնու մեջ, ինչպես այն հիվանդը, որ արթնանում է ու դեռ ոչինչ չի տեսնում, ոչ էլ գիտի, թե որտեղ է գտնվում, ոչ էլ ինչու է իրեն այդքան շփոթված զգում:
— Ոչինչ, հանգիստ քնիր,- պատասխանեցի ես:
Բայց չմոտեցա, որ շոյեմ մազերը կամ հանգստացնեմ, ինչպես կանեի ցանկացած այլ հանգամանքներում, որովհետև չէի կարողանում կտրվել պատշգամբից և հազիվ էի կարողանում հայացքս կտրել այն կնոջից, որը համոզված էր ինձ հետ ժամադրված լինելու մեջ: Հիմա ինձ լավ էր տեսնում ու անվիճելի էր, որ ես էի այն անձնավորությունը, ում հետ կարևոր ժամադրություն էր նշանակել, այն անձնավորությունը, ով նրան տանջել էր սպասումի մեջ ու վիրավորել ձգձգված բացակայությամբ: “Չե՞ս տեսել ինձ, որ արդեն մի ժամից ավել այնտեղ քեզ էի սպասում: Ինչու՞ ինձ ոչինչ չես ասել”,- մոլեգնած բողոքում էր նա, հիմա արդեն կանգնած իմ հյուրանոցի առջև, իմ պաշգամբի տակ: “Լսու՞մ ես ինձ, սպանելու եմ քեզ”,- գոռաց նա: Ու նորից թևի ու մատների նույն շարժումն արեց:
— Բայց այդ ի՞նչ է եղել,- թմրած, կրկին հարցրեց կինս:
Այդ պահին ետ նետվեցի ու ծածկեցի պատշգամբի դռները, բայց մինչ այդ կարողացա տեսնել, որ փողոցի կինը իր հսկայական, հնաոճ պայուսակով, ասեղի նման կրունկավոր կոշիկներով, ամրակազմ ոտքերով ու ճոճվող քայլվածքով անհետանում էր իմ տեսադաշտից, որովհետև արդեն մտնում էր հյուրանոց` ինձ փնտրելու և ժամադրությունն ի կատար ածելու տրամադրվածությամբ: Դատարկություն զգացի, մտածում էի, թե ինչ պետք է ասեմ հիվանդ կնոջս հենց հիմա կատարվելիք միջամտությունը բացատրելու համար: Մեր ամուսնական ճամփորդությունն էր, իսկ այդ ճամփորդության ընթացքում օտար մեկի միջամտությունը ցանկալի չէ, չնայած, ես կարծում եմ, որ օտար չէի նրա համար, ով աստիճաններով արդեն բարձրանում էր: Դատարկություն զգացի, կողպեցի պատշգամբը: Պատրաստվեցի դուռը բացել:

2 comments

    • Anonymous on 3 Ապրիլի, 2011 at 10:07 ե.
    • Reply

    Հետաքրքիր էր…Օ’Հենրիի պատմվածքները հիշեցրեց.կարճ,անսպասելի ու ինտրիգային

    • Ani on 5 Ապրիլի, 2011 at 9:08 ե.
    • Reply

    ինձ շատ տպավորիչ թվաց, երբ առաջին անգամ կարդացի)) անմիջապես մտա տղամարդու ու նաեւ իր կնոջ վիճակի մեջ ու հասկացա, որ կոնֆլիկտն անխուսափելի է լինելու: Ճիշտ է, այդպես էլ չկարողացա ճշտել, եղավ, չեղավ, բայց կարծում եմ եղավ)) Հետաքրքիրը տղամարդու մեղքի զգացողությունն էր, չէ? Ոչինչ չէր արել, բայց համոզված էր, որ մեղավոր է դուրս գալու))

Թողնել պատասխան Ani-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.