Մարգարիտա Ղազարյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարգարիտա Ղազարյան

 

***
Մութին ու ինձ փակել եմ սենյակումս…
Ամուր…
Կողպել եմ դուռը:
Հրավիրել եմ սուրճի սեղանի
մոտ ընկերներիս…
Խոհերս պատմում են հին մի անեկդոտ
Ու հռհռում են տանտիրոջ վրա:
Մենակությունը դասեր է տալիս`
Մեկ փիլիսոփայության,
Մեկ մաթեմատիկայի,
Մեկ էլ իրեն չմոռանալու:
Հպարտությունս գլուխն է գովում`
Երջանությանս դռան հետևում թողնելու համար…
Կուլ եմ տալիս գիշերվա վերջին կումը` դառը սուրճիս հետ.
Գիշերը լքում է ինձ:
Փակված սենյակում մնում եմ մենակ…
Երջանկությունը հրապուրում է…

Հեռացում
Ճոճվում է միտքս
մենակության այգում,
Ու ճռռոցը ցավ է
ժամանակե ճոճանակի..
Ծաղիկներ կան հպարտության՝
մենակության այգում իմ..

..Ես լքում եմ տունը՝
Սովորական դարձած իմ դերերի՝
Օտար փնտրումների ճամփով,
Ձեռքիս՝ թեթևացած ճամպրուկը`
հույսերի…
…Մենակության այգում իմ
Ճոճանակ կա դատարկ,
Հեռացումներ անժամանակ
Ու ծանոթ ճռռոց ժամանակի..

 

***
Կնկարեմ դատարկություն՝
Մեր հանդիպման ու բաժանման միջև,
Դատարկության վրա՝ ափսոսանքի կամուրջ,
Ու մոռացման ափեր՝ դատարկության ծովի,
Ու կամրջի վերջում՝ խավարի մեջ՝
Հույսի մի սիլուետ կնկարեմ…
Եթե կարողանամ…

 

***
Երկրումըս ընտրություններ են,
Տանը՝ ընտրություն չկա…
Միապետները չեն համոզում.
Ընտրակաշառք էլ չկա:
Երկերեսանի լինելը նորաձև է,
Իսկ ես աներես եմ դարձել:
Կան բաներ, որ չեն ներվում՝
Ընտրությունները կեղծ,
Ու շիտակ անընտրությունը…
Ես դիալեկտիկա եմ… կամ էլ՝
Ինչ տարբերություն…

 

***
Ուզում էի ապտակել մթությանը,
ԴՆԹ-ի մոլեկուլը թույլ չտվեց.
Փակեցի աչքերս ու հիշեցի`
մթությունից ենք ծնվել ես էլ, աշխարհն էլ:
Եղիցի’ լույս… հետո եղավ լույս…
Մթությունից են ծնվել բոլորը`
Դու էլ…

 

***
Ես կորցնում եմ ոտնահետքերդ..
Քայլում եմ մենակ ծանոթ փողոցներով.. Մի ժամանակ Այնքա~ն էի սիրում միայնություն.. Հիմա փողոցները ուրիշ են, հիմա ես եմ ուրիշ..
Վախենում եմ խոստովանել, որ սա ուղղակի զբոսանք չէ..
Ասֆալտը հետ է սահում ոտքերիս տակ.. Անցորդներն անտարբեր խաղում են իրենց դերը.. ես քաղաքում չեմ, քաղաքն է իմ շուրջ.. Ես էլի մենակ եմ. ինչ-որ բան եմ փնտրում ասֆալտի հիշողության մեջ…
Գիտեմ, անիմաստ է տարածության մեջ փնտրել մի բան, ինչը մոլորվել է ժամանակում, բայց… ես եկել եմ գողանալու վերջին հուշը, որ թողել ես…
Ոտնահետքերդ մշուշվում են ասֆալտի հիշողության մեջ. անցորդները անտարբեր տրորում են դրանք… Մի տեսակ անհեթեթ է, բայց ես նեղացած եմ բոլոր անցորդնեից…
Չէ, սա սովորական զբոսանք չէ…
Վերջին անգամ, ընդմիշտ դավաճանում եմ մենությանը…
…Ասֆալտներից, անցորդներից ես եկել եմ գողանալու ոտնահետքերդ..

Թողնել պատասխան

Your email address will not be published.