Ռեյ Բրեդբերի | ՈՉ ՑԵՐԵԿ Է, ՈՉ ԳԻՇԵՐ

Ռեյ Բրեդբերի

Ռեյ Բրեդբերի

Ռուսերենից թարգմանեց Մերի Շարոյանը

Երկու ժամում նա հասցրեց ծխել մեկ տուփ ծխախոտ.

— Ինչքա՞ն հեռու ենք մենք տիեզերքում:

— Միլիարդ մղոնից ոչ մոտիկ:

— Միլիարդ մղոն հեռու` որտեղի՞ց, – հարցրեց Հիչքոքը:

— Նայած՝  ինչ է քեզ պետք, – պատասխանեց Կլեմենսը, որը մինչ այժմ ոչ մի ծխախոտ բերանը չէր դրել, – միլիարդ մղոն հեռու տնից, կարելի է ասել:

— Այդպես էլ ասա:

— Հեռու` տնից, Երկիր մոլորակից, Նյու-Յորքից, Չիկագոյից, քո ծննդավայրից:

— Ես չեմ հիշում, թե որտեղ է իմ ծննդավայրը,- պատասխանեց Հիչքոքը, – ես անգամ չեմ հավատում, որ գոյություն ունի Երկիրը: Իսկ դու հավատո՞ւմ ես:

— Այո, — արագ պատասխանեց Կլեմենսը, – առավոտյան` երազում տեսել եմ այն:

— Տիեզերքում առավոտ չկա:

— Ուրեմն` գիշերը:

— Այստեղ միշտ է գիշեր, – ցածրաձայն արտաբերեց Հիչքոքը,- Ո՞ր գիշերվա մասին ես դու խոսում:

— Լռիր: — բարկացած բացականչեց Կլեմենսը, – Թող վերջացնեմ:

Հիչքոքը նոր ծխախոտ վառեց: Նրա ձեռքը չէր դողում, բայց թվում էր, թե այն դողում է ներքուստ, արևավառ մաշկի տակ, դողում է ինքնաբերաբար. այդքան փոքր դող ձեռքի մեջ, բայց ահռելի` ամբողջ մարմնի մեջ: Երկու տիեզերագնացները նստած էին տիեզերանավի հատակին և նայում էին աստղերին: Կլեմենսի աչքերը փայլում էին, իսկ Հիչքոքի հայացքը դատարկ էր և թեթև անհասկացվածությունից բացի ոչինչ չէր արտահայտում:

—Ես արթնացա ժամը 5-ին,- ասաց նա: Թվում էր՝ նա խոսում է իր աջ ձեռքի հետ,- և լսեցի իմ սեփական գոռոցը` «Որտե՞ղ եմ ես, որտե՞ղ» և որպես պատասխան լսեցի` «Ոչ մի տեղ»: Հետո հարցրի` «Իսկ որտե՞ղ եմ ես եղել» և ինքս պատասխանեցի իմ հարցին` «Երկրի վրա»: «Ի՞նչ է Երկիրը»,-  զարմանում եմ ես: «Այն տեղը, որտեղ ես ծնվել եմ», – էլի ես եմ պատասխանում իմ հարցին : Բայց դա դեռ ոչինչ է, անգամ ավելի վատ, քան ոչինչը: Ես չեմ հավատում այն ամենին, ինչը չեմ կարող լսել, տեսնել և շոշափել: Ես չեմ տեսնում Երկիրը, այդպիսով, ինչո՞ւ պետք է հավատամ, որ այն կա: Չհավատալը ավելի անվտանգ է:

—Այն կա, —վստահ ժպտալով՝ ասաց Կլեմենսը,- ահա այն լուսավոր կետն էլ հենց Երկիրն է:

— Դա Երկիրը չէ, այլ՝ մեր Արեգակը: Այստեղից Երկիրը չի երևում:

— Իսկ ես տեսնում եմ այն: Լավ հիշողություն ունեմ:

— Միևնույն բանը չէ, հիմար, – Հիչոքոքը անսպասելիորեն զայրացավ,- Ես ուզում եմ ասել` տեսնել կարելի է միայն աչքերով: Ինձ համար միշտ էլ այդպես է եղել. երբ ես Բոստոնում եմ, ապա Նյու-Յորք ինձ համար մեռած է, բայց երբ ես Նյու-Յորքում եմ ` Բոստոնն է մեռած: Եթե ես չեմ տեսնում մարդուն գոնե մեկ օր, նա ինձ համար մեռնում է: Չնայած պատահում է, որ հաջորդ անգամ նրան փողոցում հանդիպելիս, այնքան եմ ուրախանում, որ քիչ է մնում պարեմ երջանկությունից, որ կրկին հանդիպեցի նրան: Այո, ինձ համար առաջ այդպես էր: Սակայն հիմա ես այլևս չեմ երջանկանում, այլ միայն նայում եմ: Իսկ երբ նա հեռանում է, կրկին դադարում է ինձ համար գոյություն ունենալուց:

Կլեմենսը ծիծաղեց.

— Ուղղակի քո ուղեղը աշխատում է ամենապարզ մակարդակի վրա: Դու ոչինչ չես մտապահում: Դու երևակայություն չունես, ծերուկ: Պետք է սովորես մտապահել:

— Իսկ ինչո՞ւ պետք է մտապահեմ այն իրերը, որոնցից չեմ կարող օգտվել, – ասաց Հիչքոքը` լայն բացված աչքերով նայելով տիեզերքին,- Ես գործնական մարդ եմ: Եթե ցանկանում եմ տեսնել Երկիրը և քայլել նրա վրա, հիշողությունը միևնույնն է, չի օգնի: Հո չեմ կարող քայլել Երկրի մասին հիշողության վրա: Դա ցավոտ է: Իմ հայրը մի օր ասաց, որ հիշողությունները ոզնու ասեղների նման մի բան են: Գրողը տանի այդ ամենը: Հեռու հիշողություններից: Նրանք մարդուն դարձնում են դժբախտ, լացացնում են, խանգարում աշխատել:

— Իսկ հիմա ես քայլում եմ Երկրի վրայով,- ասաց Կլեմենսը` երազկոտ կերպով ծամածռելով դեմքը և ծխի քուլա բաց թողնելով:

— Մի զայրացրու ոզնուն: Քիչ անց դու կզգաս, որ կորցրել ես ախորժակդ և էլ չես ցանկանա ուտել քո նախաճաշը: Դու կզարմանաս, բայց չես էլ հասկանա, ինչու ես զարմանում,- խուլ և հավասար ձայնով արտահայտվեց Հիչքոքը,-և այդ ամենը միայն այն պատճառով, որ քայլել ես ոզնու ասեղների վրա , և հիմա ցավոտ է: Գրողը տանի այդ ամենը: Եթե ես չեմ կարող ինչ-որ բան խմել, ձեռք տալ, ինչ-որ մեկին քացով խփել, ձգվել կամ պառկել ինչ-որ բանի վրա, ես ստիպում եմ ինձ մոռանալ այդ մասին: Ես մահացել եմ Երկրի համար, ուրեմն նա էլ մահացել է ինձ համար: Եթե այս երեկո Նյու-Յորքում ոչ ոք չի լացում ինձ համար, ուրեմն գրողը տանի Նյու-Յորքը: Տիեզերքում տարվա եղանակներ` աշուններ, գարուններ, ձմեռներ կամ ամառներ չկան: Չկա այստեղ ոչ երեկո, և ոչ էլ առավոտ. կա միայն տիեզերք, և ուրիշ էլ ոչինչ: Այս պահին ես , դու և այս հրթիռը միասին ենք: Բայց իսկապես ողջ և ռեալ ես զգում եմ միայն ինքս ինձ: Ահա և վերջ: Բայց Կլեմենսը նրան չէր էլ լսում:

— Իսկ ես հիմա վերցնում եմ կոպեկը և գցում այն ավտոմատ հեռախոսի մեջ,- դանդաղ ժպիտով ասաց նա՝ իբր ցույց տալով` ինչպես է այդ անում,- Եվ զանգում եմ Էվանսթաունում բնակվող իմ ընկերուհուն` “Hello Barbara”:

Իսկ հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Ուղիղ 13.05-ին զանգը բոլորին կանչեց նախաճաշի: Խմբի անդամները միանգամից անձայն կերպով տեղ զբաղեցրին սեղանների շուրջ: Կլեմենսը հանկարծ հասկացավ, որ ինքը ուտել չի ցանկանում:

— Ահա թե ինչ էի ես քեզ ասում,- նկատեց Հիչքոքը,- Ահա և ոզնիները, և նրանց ասեղները: Մոռացիր նրանց մասին, ես քեզ ասում եմ: Նայիր, ինչ ախորժակ ունեմ,- արտաբերեց նա միալար, նուրբ ձայնով , որի մեջ ծաղրանքի կամ չարության նշույլ անգամ չկար,- հետևիր ինձ: Նա իր բերանը մտցրեց կարկանդակի ահռելի կտոր, լեզվով ստուգեց նրա փափկությունը, ապա հայացքն ուղղեց ափսեի վրա գտնվող կարկանդակի մնացորդներին` պատառաքաղով սկսեց ճզմել կիտրոնի միջուկը՝ դիտելով, թե ինչպես է հյութը հոսում պատառաքաղի ատամների արանքով: Ապա վերցրեց կաթի շիշը և կաթ լցրեց բաժակի մեջ: Սևեռուն սկսեց նայել կաթին, կարծես սպասելով, որ այն ավելի կսպիտակի, և հետո արագորեն դատարկեց բաժակը` հազիվ զգալով կաթի համը: Իր լանչը վերջացրեց հաշված րոպեների ընթացքում` արագորեն լցնելով ստամոքսը, և ուտելով ամեն ինչ` նայեց շուրջբոլորը` ուտելու մի բան էլ գտնելու համար: Բայց մոտակայքում ամեն ինչ արդեն ոչնչացված էր: Հետո հայացքը կրկին ուղղեց իլյումինատորին, որտեղից երևում էր տիեզերքը և հրթիռը:

— Իսկ նրանք անիրական են,- հանկարծ ասաց նա:

— Ովքե՞ր, —հարցրեց Կլեմենսը:

— Աստղերը: Ինչ-որ մեկը երբևէ ձեռք տվե՞լ է նրանցից գոնե մեկին: Այո, ես տեսնում եմ նրանց, սակայն այդ ի~նչ հիմար ուրախություն է. տեսնել այն, ինչ հեռու է քեզնից միլիարդավոր մղոններ: Իմաստ ունի՞ արդյոք մտածել այն բանի մասին, որ այդքան հեռու է քեզնից:

— Ինչո՞ւ դու որոշեցիր թռչել, — հանկարծ հարցրեց Կլեմենսը:

Հիչքոքը նայեց իր դատարկ բաժակին` սեղմելով այն ձեռքում, ապա բաց թողեց և նորից սեղմեց:

—Չգիտեմ,— Նա լպստեց բաժակի ծայրը,- ուղղակի պարտավոր էի, ահա և վերջ: Մի՞թե դու գիտես, թե ինչու ես անում այս կամ այն քայլը:

— Քեզ դո՞ւր էր գալիս տիեզերական ճամփորդության գաղափարը, թե՞ բնակավայրի փոփոխությունը:

—Չգիտեմ: Գուցե և այո: Կամ՝ չէ: Կարևորը ոչ թե բնակավայրի փոփոխությունն է, այլ այն պահը, երբ գտնվում ես երկու աշխարհների միջև,- Հիչքոքն առաջին անգամ փորձեց հայացքը կենտրոնացնել իլյումինատորի հետևում գտնվող կոնկրետ ինչ-որ մի երևույթի վրա, սակայն մառախուղ էր, և նա չկարողացավ հստակորեն ոչինչ տեսնել. նրա հայացքը անկարող էր բռնվել ինչ-որ մի պատկերից, իսկ դեմքն ու ձեռքերը լարված էին,- Գլխավորը տիեզերքն է և նրա անսահմանությունը: Ինձ միշտ դուր էր գալիս նրա բնույթը . դատարկություն վերևից, դատարկություն ներքևից և մի ահռելի դատարկություն այդ երկուսի միջև, որում և ես գտնվում եմ:

— Դեռ չէի լսել, որ ինչ-որ մեկը այդպես խոսեր տիեզերքի մասին:

— Ինչպես տեսնում ես, ես ասացի: Հուսով եմ՝ լսեցիր:

Հիչքոքը հանեց ծխախոտի նոր տուփը, և սկսեց ծխել` ագահորեն ներշնչելով և արտաշնչելով ծխախոտի քուլաները:

— Ինչպիսի՞ն էր քո մանկությունը, Հիչքոք, — հարցրեց Կլեմենսը:

— Ես երբեք ջահել չեմ եղել: Այն Հիչքոքը, որպիսին կար այն ժամանակ, մահացել է: Ահա քեզ ևս մի հիշողության ասեղ: Շնորհակալ եմ, բայց չեմ ցանկանում նստել դրանց վրա: Միշտ կարծել եմ, որ մենք մահանում ենք ամեն օր, և ամեն օր մեզ է սպասում մեր համարը կրող փայտյա արկղը: Բայց երբեք չի կարելի վերադառնալ անցյալ, բացել արկղը, և տեսնել այն մեկին, որ եղել է անցյալում: Դու կյանքում մեռնում ես մի քանի հազար անգամ, իսկ դա արդեն դիակների բլուր է, և ամեն անգամ դու մեռնում ես յուրովի, ուրիշ դեմքի արտահայտությամբ, որն ամեն անգամվա հետ դառնում է էլ ավելի սարսափելի: Ամեն օր դու ուրիշ ես, անծանոթ, որին դու այլևս չես հասկանում և չես էլ ուզում հասկանալ:

—Այդ կերպ դու կտրում ես քեզ անցյալից:

— Իսկ ի՞նչ ընդհանրություն ունեմ ես երիտասարդ Հիչքոքի հետ: Ի՞նչ գործ ունեմ նրա հետ: Նա հիմարի մեկն էր, որին ամեն տեղից վռնդում էին, ստորացնում, օգտագործում սեփական նպատակների համար: Երիտասարդ Հիչքոքը անպետք հայր ուներ, և նա ուրախ էր մոր մահվան համար, քանի որ վերջինս ոչնչով առավել չէր: Մի՞թե ես պետք է վերադառնամ անցյալ, որպեսզի տեսնեմ հորս դեմքը մահվան մահճում և չարախնդամ: Նա նույնպես հիմարի մեկն էր:

— Մենք բոլորս էլ հիմարներ ենք,- ասաց Կլեմենսը,- և միշտ էլ այդպիսին ենք եղել: Ուղղակի շարունակում ենք միամտորեն կարծել, որ փոխվում ենք ամեն օրվա հետ: Արթնանում ես և մտածում, որ այլևս հիմար չես: Ստացել ես քո դասը: Երեկ հիմար էիր, բայց այսօր առավոտ` արդեն ոչ: Բայց հաջորդ օրը հասկանում ես, որ ինչպես հիմար կայիր, այնպիսին էլ մնացել ես: Ինձ թվում է՝ ելքը մեկն է ` գոյատևելու և ինչ – որ բանի հասնելու համար ուղղակի պետք է հաշտվել մեր անկատարելության հետ և ապրել այդ չափանիշով:

— Ես չեմ ուզում հիշել անկատարի մասին,- հայտարարեց Հիչքոքը,- ես չեմ կարող սեղմել երիտասարդ Հիչքոքի ձեռքը, հասկանո՞ւմ ես: Ո՞րտեղ է նա հիմա: Կարո՞ ղ ես գտնել նրան ինձ համար: Նա մահացել է, գրողը տանի: Ես չեմ կառուցում իմ վաղվա օրը երեկ կատարած հիմարությունների հիման վրա:

— Դու ամեն ինչ սխալ ես հասկացել:

—Ուրեմն թող ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:

Չնայած արդեն վերջացրել էր նախաճաշը, Հիչքոքը շարունակում էր նստել սեղանի շուրջ և նայում իլյումինատորին: Մնացած տիեզերագնացները տարօրինակ հայացքով զննում էին նրան:

— Իսկ մետեորիտները իրականում գոյություն ունե՞ ն,— հանկարծ հարցրեց Հիչքոքը:

—Գրողը տանի, դու ինքդ էլ շատ լավ գիտես, որ՝ այո:

— Մեր ռադարի էկրակին` այո: Այսպիսի լուսավոր գծեր են տիեզերքում: Ոչ , ես չեմ հավատում այն ամենին, ինչ կատարվում է առանց իմ ներկայության: Երբեմն չեմ հավատում ոչ ոքի և ոչինչի, – նա նայեց լանչը վերջացնող տիեզերագնացներից մեկին, ապա ուղղվեց,- Այստեղ նավի վերին հարկ տանող աստիճան կ՞ա:

— Այո:

— Ես պետք է անհապաղ տեսնեմ մետեորիտը:

— Պետք չէ այդքան նյարդայնանալ, բարեկամ:

— Սպասիր ինձ, հիմա կվերադառնամ: Հիչքոքը արագ քայլերով դուրս եկավ: Տիեզերագնացները շարունակում էին դանդաղորեն ծամել ուտելիքը: Որոշ ժամանակ անց նրանցից մեկը բարձրացրեց գլուխը ափսեից:

— Ինչքա՞ն ժամանակ է նա այսպիսին է: Հիչքոքին նկատի ունեմ:

— Միայն այսօր:

— Երեկ էլ էր նա տարօրինակ:

— Այո, բայց այսօր ամեն ինչ ավելի բարդ է:

—Ինչ – որ մեկը հայտնե՞լ է այդ մասին հոգեբույժին:

— Ես կարծում էի, որ ինքնաբերաբար կանցնի: Յուրաքանչյուրն էլ առաջին անգամ տիեզերք ընկնելով՝անցնում է դրա միջով: Ինձ հետ էլ էր նույնը կատարվում: Սկզբում սկսում ես փիլիսոփայել , իսկ հետ վախից դողդողալ, մարմինդ պատվում է սառը քրտինքով, կասկածում ես սեփական ծնողներիդ վրա, չես հավատում , որ կա Երկիր, և վերջում հարբում ես, արթնանում գլխացավով ու ամեն ինչ անցնում է:

— Հիչքոքը ոչ մի անգամ չի խմել,- նկատեց ինչ-որ մեկը ,- բայց դա նրան չէր խանգարի: — Չեմ հասկանում, թե ինչպես է անցել նախընտրական հանձնաժողովը:

— Իսկ ինչպե՞ս ենք մենք անցել այն: Նրանց մարդիկ են պետք: Տիեզերքը վախեցնում է հասարակ մարդկանց: Այդ պատճառով հանձնաժողովներն այդքան էլ խստապահանջ չեն:

— Այս մեկը ոչ մի կերպ չէր կարող պետքական ճանաչվել, — ասաց մեկը

— Սա նրանցից է, ովքեր թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Անցավ 5 րոպե: Հիչքոքը չէր վերադառնում: Կլեմենսը չդիմացավ և կանգնեց` քայլերն ուղղեց տիեզերանավի տախտակամած: Հիչքոքն այնտեղ էր: Նա քնքշությամբ սեղմվել էր ծայրագծերին:

— Նա կա,-ասում էր ինքն իրեն:

— Իհարկե, կա:

— Իսկ ես վախենում էի, որ չկա,-Հիչքոքը ուշադիր նայեց Կլեմենսին,-ու դու էլ ես ողջ:

— Ողջ եմ, և այնքան էլ քիչ տարի չեմ ապրում:

— Ոչ, — հակաճառեց Հիչքոքը,- Հիմա, տվյալ պահին, քանի դեռ դու այստեղ ես, դու ողջ ես: Մեկ վայրկյան առաջ դու այստեղ չէիր, և ոչինչ էիր:

—Ինձ համար ես ամեն ինչ էի, — չհամաձայնեց Կլեմենսը:

— Դա կարևոր չէ: Դու ինձ հետ չէիր,-պնդեց Հիչքոքը,- իսկ դա գլխավորն է: Թիմը ներքևո՞ւմ է:

—Այո:

— Իսկ կարո՞ղ ես դա ապացուցել:

— Լսիր, Հիչքոք, լավ կլինի հանդիպես բժիշկ Էդվարդսին: Ինձ թվում է՝ դու օգնության կարիք ունես:

— Ոչ, ինձ հետ ամեն ինչ կարգին է: Իսկ ո՞վ է այստեղ բժիշկը: Դու կարո՞ղ ես ապացուցել, որ նա տիեզերանավի վրա է:

— Կարող եմ: Միակ բանը, որ պետք է անել` կանչել նրան այստեղ:

— Ոչ, ես ուզում եմ ասել, որ հենց այս պահին, այստեղ կանգնած, դու չես կարող ապացուցել ինձ, որ նա այստեղ է: Ճիշտ չե՞մ:

—Իհարկե, մնալով քո կողքին, չեմ կարող:

— Այ, տեսնում ես: Դու չես կարող ապացուցել միայն քո մտավոր կարողությունների շնորհիվ: Իսկ ինձ պետք է հենց այնպիսի ապացույց, որ զգամ: Նյութական ապացույցները, որոնց հետևից պետք է գնալ և քարշ տալ այստեղ, ինձ պետք չեն: Ես ցանկանում եմ, որ ապացույցը հնարավոր լինի մտապահել, շոշափել, հոտ քաշել, զգալ այն ամբողջությամբ: Դա անհնար է: Ինչ-որ մի բանի գոյությանը հավատալու համար դու պետք է այն մշտապես ունենաս քո կողքին: Երկիրը կամ մարդուն գրպանդ չես դնի: Իսկ ես ցանկանում եմ հասնել նրան, որ մշտապես կողքիս ունենամ ցանկացած իր` նրա գոյությանը հավատալու համար: Դա ախր այնքան դժվար է. գնալ ինչ-որ տեղ, վերցնել ֆիզիկապես գոյություն ունեցող ինչ-որ իր, միայն ինչ-որ մի բան ապացուցելու համար: Ես չեմ սիրում ֆիզիկական իրերը, քանի որ միշտ էլ հնարավոր է մոռանալ այն ինչ-որ տեղ , իսկ հետո դադարել հավատալ:

— Այդպիսին են խաղի կանոնները:

— Ես ցանկանում եմ փոխել դրանք: Մի՞թե վատ կլինի հաստատել այս կամ այն իրի կամ մարդու առկայությունը ընդամենը հասարակ մտքի թռիչքով և վստահ լինել, որ ամեն ինչը իր տեղում է: Ես միշտ կիմանայի, թե ինչ տեսք ունի այս կամ այն վայրը իմ բացակայության ընթացքում: Ես կցանկանայի վստահ լինել այդ հարցում:

— Անհնար է:

— Գիտես, — երազկոտ ասաց Հիչքոքը,- տիեզերքում հայտնվելու միտքը առաջին անգամ ինձ այցելեց 5 տարի առաջ,- Հենց այդ ժամանակ էլ կորցրի աշխատանքս: Ցանկանում էի գրող դառնալ: Մեկը նրանցից, ովքեր շատ են խոսում և քիչ գրում: Դրանք նյարդային, բռնկուն մարդիկ են: Այդ պատճառով,, երբ կորցրի իմ լավ աշխատանքը և հեռացա տպագրական գործից, այդպես էլ չկարողացա ոչինչ գտնել: Այդ ժամանակ ամեն ինչ թարս գնաց: Կինս մահացավ: Ինչպես տեսնում ես, մնայուն ոչինչ չկա, ոչինչ չի մնում այնտեղ, ինչպես դու ես դասավորել: Նյութական իրերի վրա չարժի հույս դնել: Ստիպված էի որդուս թողնել մորաքրոջս խնամակալությանը, գործերս ավելի ու ավելի էին վատանում, և հանկարծ իմ անունի տակ մի պատմվածք տպագրվեց, որը, սակայն, իմը չէր:

— Ես ինչ-որ բան չեմ հասկանում:

Հիչքոքի գունատ դեմքը պատվեց սառը քրտինքով:

— Կարող եմ միայն ասել այն, որ ես երկար ժամանակ նայում էի տպագրված պատմվածքի էջին, որտեղ գրված էր իմ անունը՝ Յոզեֆ Հիչքոք, բայց ես գիտեի, որ դա մեկ ուրիշն է: Այն փաստը, որ պատմվածքը իսկապես ես եմ գրել, այլ ոչ թե մեկ ուրիշը, ապացուցելու ոչ մի հնարավորություն չկար: Պատմվածքը ինձ ծանոթ էր, ես գիտեի, որ գրել եմ այն, բայց թղթի վրա տպագրված անունը ցույց էր տալիս, որ ես ընդամենը ինչ-որ մի խորհրդանիշ եմ, ինչ-որ մեկի անվանումը: Եվ այն ինձ օտար էր: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ հաջողակ գրողի կարիերան ինձ համար ոչինչ է, քանի որ երբեք չեմ կարող նույնացնել ինձ իմ անվան հետ: Ամեն ինչ իզուր կլինի: Այդ ժամանակվանից ի վեր չեմ գրում: Մի քանի օր անց պատմվածքներ գտա դարակումս , ես հիշում էի, որ ինքս եմ դրանք մեքենագրել, սակայն համոզված չէի, որ ես եմ դրանք գրել: Ինձ միշտ խանգարել է ապացույցների բացակայության փաստը, ինչ-որ բանի ստեղծման գործընթացի և արդեն ստեղծված իրի միջև ընկած փոսը: Այն , ինչը արդեն ստեղծված է, դառնում է մեռած և չի կարող ապացույց հանդիսանալ, քանի որ այլևս գործողություն չէ: Իրական է միայն գործողությունը: Իսկ այն թղթի թերթը, որում գործողությունը տպագրված և հաստատված է, կարծես թե գոյություն չունի. այն անտեսանելի է: Վերջակետ է դրվում այն ապացույցի վրա, որ եղել է գործողություն: Մնում է միայն հիշողությունը, որին ես չեմ վստահում: Կարո՞ղ եմ արդյոք ես ապացուցել, որ ես եմ գրել այդ պատմվածքները: Ոչ, իհարկե: Կարո՞ղ է ինչ-որ մի հեղինակ անել դա: Ի նկատի ունեմ գարծողությունը ապացույցի վերածելը: Ոչ: Եթե միայն ինչ-որ մեկը քեզ չտեսնի տպագրելուց: Բայց ինչ անել այն դեպքում, երբ չես հորինում, այլ գրում ես ինչ – որ բան , որ թաքնված է ենթագիտակցության խորքում: Այն ժամանակ, երբ աշխատանքը ավարտված է, ապացույց է դառնում հիշողությունը: Այդ կերպ ես սկսեցի ամեն տեղ և ամեն ինչում փնտրել գործողության և արդյունքի միջև եղած այդ փոսը: Ես գտնում էի դրանք ամեն տեղ: Սկսեցի կասկածել, որ ես ամուսնացած եմ եղել, որ տղա ունեմ, որ երբևիցէ աշխատանք եմ ունեցել: Կասկածում էի, որ ծնվել եմ Իլլինոյս նահանգում, որ իմ հայրը հարբեցող էր, իսկ մորս համար գոնե մի բարի բառ չէի կարողանում գտնել: Այդ ամենը ես չէի կարող ապացուցել: Իհարկե, ինձ կարող են ասել, որ լավն եմ, այսպիսին կամ այնպիսին եմ, բայց հարցը դրա մեջ չէ:

— Ավելի լավ է դուրս գցիր գլխիցդ այդ ամենը,-անտարբեր կերպով ասաց Կլեմենսը:

— Չեմ կարող: Այդ անդունդները և անսահման տարածաչափությունը ինձ հուշեցին աստղերի մասին: Ես ցանկացա հրթիռով հայտնվել տիեզերքում, այդ անէության մեջ` մետաղական, բայց ձվի կեղևի նման փխրուն հրթիռի վրա` հեռու ապացույցների բացակայության տեղերից: Ես հանկարծ հասկացա, որ երջանկություն կգտնեմ միայն տիեզերքում: Ալդեբարան-P-ի վրա կթռչեմ տիեզերք, ապա միանգամից հնգամյա պայմանագիր կկնքեմ դեպի Երկիր գործուղման համար, և այդպես կթռչեմ այստեղ-այնտեղ մինչև իմ կյանքի վերջին օրերը:

—Խոսե՞լ ես այդ մասին հոգեբույժի հետ:

— Որպեսզի նա ցեմենտի հիշողության անդունդներն ու փոսերը տաք ջրով և աղմուկով, խոսքերով և շփումո՞վ: Չէ, գոհ ու շնորհակալ եմ,—Հիչքոքը ձայնը կտրեց,

—Ես ավելի եմ վատանում, այնպես չէ՞: Արդեն մտածել եմ այդ մասին: Այսօր առավոտ` արթնանալով, մտածեցի, որ ավելի եմ վատացել: Կամ էլ լավացել,-նա կրկին լռեց և խեթ նայեց,-Դու այստե՞ղ ես: Իսկապե՞ս այստեղ ես: Հապա, ապացուցիր: Կլեմենսը բավականին ուժեղ հարված հասցրեց նրա ձեռքին:

— Այո, — հանգստացավ Հիչքոքը, ուշադիր մերսելով ձեռքը,- Դու եղել ես այստեղ: Ինչ-որ մի վայրկյան առաջ: Բայց հիմա ես չգիտեմ, արդյո՞ք դու այստեղ ես:

—Շուտով կտեսնվենք, — նետեց Կլեմենսը և շտապեց բժշկի հետևից:

Հնչեց տագնապի ձայնը: Մեկ, երկու, երեք: Հրթիռը վեր թռավ, կարծես թե ինչ-որ մեկի ուժեղ աքացիից: Լսվեցին տհաճ, աշխատող փոշեկուլի ձայնի նման հնչյուններ: Կլեմենսը ձայներ լսեց և ներքաշեց իր ականջների մոտ սուլող օդը: Քիչ անց քիթը և թոքերը դատարկվեցին: Կլեմենսի ոտքերը կարծես թե քարացան: Բայն հենց նույն պահին հեռացող օդի ձայնը դադարեց:

—Մետեորիտ է, —գոռաց ինչ-որ մեկը:

— Բացակը կնքված է, — լսվեց պատասխանը:

Այդպես էլ կար: «Սարդ» կոչվող արտաքին վթարների պաշտպանիչ գործիքը արդեն արել էր իր գործը` ծածկելով հրթիռի կոտրված մասը մետաղական փակիչով: Կլեմենսը լսեց ինչ-որ մեկի չանջատվող ձայնը, և ապա` գոռոցներ և վազեց թարմ օդով լցված միջանցքով դեպի մասնաբաժին: Բոլորը հավաքված էին: Հատակին պառկած էր Հիչքոքը: Աչքերը փակ` նա անընդհատ կրկնում էր.

—Նա փորձում էր սպանել ինձ! Նա փորձում էր սպանել ինձ!

Նրան օգնեցին ոտքի կանգնել,

— Դա չպետք է տեղի ունենար,-պնդում էր Հիչքոքը,-մի՞թե ես սխալվում եմ: Նա ուղղված էր դեպի ինձ: Ինչո՞ւ նա արեց դա:

— Ամեն ինչ կարգին է, Հիչքոք, ամեն ինչ կարգին է,-հանգստացնում էր նրան կապիտանը:

Բժիշկը այդ ժամանակամիջոցում վիրակապ էր դնում Հիչքոքի վնասված ձեռքին: Վերջինս` բարձրացնելով գլուխը, հանդիպեց Կլեմենսի հայացքին:

— Նա ուզում էր սպանել ինձ, — բացատրեց նա ընկերոջը:

—Ես գիտեմ, — Կլեմենսը հանգստացրեց նրան:

Անցավ 17 ժամ: Հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Կլեմենսը դուրս եկավ և սկսեց սպասել: Հիմա Հիչքոքի հետ միայն կապիտանն ու հոգեբույժն էին: Նա նստել էր հատակին` պինդ գրկած իր ծնկները:

— Հիչքոք! —դիմեց կապիտանը:

Լռություն:

— Հիչքոք, լսեք ինձ,-իր հերթին փորձ ձեռնարկեց հոգեբույժը:

Կլեմենսին տեսնելով` հոգեբույժը դիմեց, —Դուք նրա ընկե՞րն եք:

— Այո: —Պատրա՞ստ եք օգնել մեզ:

— Եթե կարողանամ:

— Այդ անիծյալ մետեորիտը,-դժգոհեց կապիտանը,- Եթե նա չլիներ, սա չէր պատահի:

— Վաղ թե ուշ դա տեղի կունենար, — նկատեց հոգեբույժը,-Փորձեք խոսել նրա հետ,- դիմեց Կլեմենսին:

Կլեմենսը դանդաղորեն մոտեցավ Հիչքոքին, և թեքվելով նրա կողմը` թեթևակի թափահարեց վերջինիս ձեռքը:

—Հեյ, Հիչքոք, արթնացիր!

Լռություն:

— Սա ես եմ, Կլեմենսը, — նա կրկին փորձեց,-նայիր, ես այստեղ եմ:

Նա խփեց Հիչքոքի թևին: Ապա սկսեց մերսել նրա բռնված վիզը, մեջքը, ծնկներին հակված գլուխը: Նա հայացքը ուղղեց հոգենույժի կողմը, բայց վերջինս միայն թեթևակի հառաչեց: Կապիտանը թոթվեց ուսերը:

—Գուցե փորձե՞նք շոկային թերապիա, բժիշկ: Հոգեբույժը համաձայնեց, — 1 ժամից:

«Այո, — մտածեց Կլեմենսը, — շոկային վիճակից մարդու դուրսքաշումը: Տվեք նրան լավ ջազի չափաբաժին, թափահարեք նրա քթի մոտ քլորոֆիլի թուրմով կամ ձնծաղիկներից պատրաստված գինով, փռեք նրա ոտքերի տակ կանաչ խոտով ծածկված գորգ, օդում ցանեք Շանել-ի օծանելիք, կտրեք նրա մազերն ու եղունգները, գեղեցիկ կին բերեք նրա համար, գոռացեք և տրորեք նրան ոտքերով, ոչնչացրեք նրան և տապակեք էլեկտրականության վրա, լցրեք նրան տանջող բոլոր բացերը, բայց ի՞նչ կարելի է անել ապացույցների հետ: Կարո՞ղ եք արդյոք ցույց տալ դրանք նրան այնպես, որ նա հավատա դրանց: Դուք չեք կարող գրավել երեխայի ուշադրությունը գիշերային սուլոցով 30 տարի շարունակ: Ինչ-որ մի պահի պետք է կանգ առնել: Բայց երբ անեք դա, նա էլի կորած կլինի Ձեր համար, եթե իհարկե, Դուք ընդհանրապես գոյություն ունեք նրա համար» :

—Հիչքոք! — Կլեմենսը գոռաց այնքան ուժեղ, ինչքան կարող էր, անսահման հուսահատության մեջ, կարծես թե ինքն էր կանգնած անդունդի եզրին,-Սա ես եմ, քո ընկերը! Արթնացիր!

Կլեմենսը շրջվեց և շրջապատի քար լռության մեջ դուրս եկավ: 12 ժամ անց նորից հանկարծակի հնչեց տագնապի ազդանշանը: Երբ բոլորը հավաքվեցին, և ոտնաձայները լռեցին, կապիտանը բացատրեց,

—Հիչքոքը, օգտվելով այն առիթից, որ մենակ է մնացել, հագավ սկաֆանդրը և դուրս եկավ տիեզերք: Միայնակ: Կլեմենսը` հաճախակի թարթելով աչքերը, ջանում էր իլյումինատորի ապակուց այն կողմ տեսնել աստղերի լղոզված հետքերը և տիեզերքի թավ մթությունը:

—Հիմա նա այնտեղ է, — վերջապես արտաբերեց նա:

— Այո: Մեզնից երևի միլիոն մղոն հեռու: Էլ չենք գտնի նրան: Հենց սկզբից հասկացա, որ նա այնտեղ է, երբ միացավ ռադիոն և լսվեց նրա ձայնը: Խոսում էր ինքը իր հետ:
—Ինչ էր նա ասում?
— Նման մի բան. «Չկան այլևս հրթիռներ: Ոչ մի տեսակ: Եվ մարդիկ էլ չկան ամբողջ տիեզերքում: Չնայած նրանք երբեք էլ չկային: Չկան ոչ մի ծառեր և այլ բույսեր, և չկա ոչ մի աստղ »: Ահա թե ինչ էր նա ասում: Հետո սկսեց նույն խոսքերը ասել իր սեփական ձեռքերի և ոտքերի մասին: Իբր, երբեք էլ ձեռքեր չի ունեցել. «Ոչ մի ոտք: Ո՞րտեղ են ապացույցները, որ ես երբևէ ունեցել եմ դրանցից: Մարմինը նույնպես: Ոչ շրթունքներ ունեմ, ոչ դեմք, ոչ էլ գլուխ: Չունեմ ու երբեք էլ չեմ ունեցել: Միայն տիեզերք, միայն անդունդ …»
Բոլորը լուռ նայում էին հեռավոր աստղերին: «Տիեզերք, —մտածում էր Կլեմենսը— Հիչքոքը իսկապես սիրում էր այն: Դատարկություն վերևից, դատարկություն ներքևից, և մի ամբողջական դատարկություն մեջտեղում, իսկ նրա մեջ Հիչքոքը, որը ընկնում է ներքև` առհանդիման ոչ առավոտվան, բայց ոչ էլ գիշերվան…»

1 comment

    • George. Peram on 29 Հուլիսի, 2013 at 9:33 ա.
    • Reply

    Յարգելի Մերի
    Շատ սահուն և գեղեցիկ թարքմանութիւն է: excellent job….

Թողնել պատասխան George. Peram-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.