Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԹԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐ

Պատանի հասակում հարյուր մետրը վազել էր 12.4 վայրկյանում ու դարձել շրջանային ախոյան: Հիմա որքան զոռ էր տալիս ոտքերին, չէր կարողանում հասնել առջևից թեթևասահ քայլող բարձրակրունկ կնոջը: Տղամարդը չհասցրեց տեսնել կնոջ դեմքն ու միայն զգաց նրա անուշաբույր հևքը, երբ կինը համարյա քսվելով առաջ անցավ իրենից:

Հակառակ տղամարդու ջանքերին գնալով ավելանում էր բաժանող տարածությունը: Կինը հագել էր ծնկներին հասնող, սեղմած գոտիով աշնանային թեթև, բեժ գույնի վերարկու և սև, թափանցիկ գուլպաներ: Աջ ձեռքով դեպի ներս բռնել էր ուսից կախված՝ սրճագույն, կաշվե պայուսակի փոկը: Ազատ ձեռքը նազելիորեն ճոճվում էր քայլերին ներդաշնակ: Տղամարդը հայացքը չէր կտրում կնոջ համաչափ շարժվող զիստերից ու անթերի ոտքերից: Վերարկուի երկար բացվածքից երևում էր նաև ծնկներից վեր, մուգ կարմրագույն փեշը՝ հետևի գայթակղիչ կտրվածքով:
Կինը հանկարծ կտրուկ թեքվեց ու մտավ կանացի հագուստեղենի շքեղ վաճառանոցը: Տղամարդը համրաքայլ մոտեցավ վաճառանոցի ճաշակով հարդարված արդիական ցուցափեղկին ու նայեց նրբագեղ զգեստներին: Փորձեց կարդալ գները, բայց ապարդյուն՝ աչքերը շաղվում էին: Ցուցափեղկին մոտեցան երկու դեռատի աղջիկներ և, անտարբեր տղամարդու ներկայությանը, սկսեցին զննել ցուցափեղկը:
-Էն յուբկան տենո՞ւմ ես, դեղին շապիկի տակը, ընենց թույն ա:
-Հա, շատ սիրուն ա, համա հմա ո՞վ ա յուբկա հագնում: Վա՜յ, էդոր գինը ինչքան բարձր ա…
Աղջիկները մի քիչ էլ նայելուց հետո, մտան վաճառանոց:
Ցուցափեղկը խանգարում էր տեսնել վաճառանոցի ներսը:
Կինը ուշանում էր:
Տղամարդը չէր հեռանում ցուցափեղկից, սակայն սկսում էր ներվայնանալ: Դանդաղ, «հենց էնպես», մոտեցավ վաճառանոցի ապակե բարձրադիր դռանն ու նայեց ապակուն փակցված տեղական ու արտասահմանյան գույնզգույն կրեդիտ կարտերի նմանակներին: Ապակին հայելու նման արտացոլում էր իրեն ողջ հասակով:
Դուռը բացվեց. երկու աղջիկները դուրս եկան առանց գնումների: Բացված դռնից տղամարդը հասցրեց հպանցիկ նայել ներս, բայց չտեսավ կնոջը: Հիմնականում, ոչինչ չտեսավ, որովհետև հեռուն լավ չէր տեսնում և ալարում էր ակնոցները դնել: Մի պահ գիտակցությունը հուշեց նրան թողնել ու հեռանալ: Միզելու ցանկություն զգաց: Ի՞նչ գործ ուներ այստեղ:
Հեռանալու հաստատ որոշմամբ… տղամարդը մեքենաբար բացեց վաճառատան դուռն ու ներս մտավ: Ուրիշ հաճախորդ չկար: Համազգեստ հագած վաճառորդուհիները նստած ու կանգնած հաշվարկղի շուրջ զրուցում էին: Բոլորը հագել էին ծնկներից վեր, կարմիր գույնի փեշ՝ հետևից ու առջևից կարճ կտրվածքով, սև թափանցիկ գուլպաներ ու սպիտակ շապիկ: Կրծքներին փակցված էր վաճառանոցի դրոշմն ու վաճառորդուհու անուն ազգանունը կրող պիտակ: Սակայն դրանք չխանգարեցին տղամարդուն անմիջապէս ճանաչել արագ քայլող կնոջը, որովհետև նա կանգնած էր մեջքով դեպի իրեն: Կասկած չկար, ինքն էր՝ գեղեցիկ կազմվածքով ու բարեկազմ սրունքներով կինը: Վաճառորդուհիներից ամենատարեցը ժպիտը դեմքին, ետ նայելով և ինչ-որ բան ասելով՝ բաժանվեց ընկերուհիներից ու պատրաստակամ մոտեցաւ հագուստների շարքերի արանքում դեգերող հաճախորդին:
-Աղջկաս համար մի բլուզ կուզեմ,- ասաց տղամարդը արդարանալու պես և կախված զգեստների վրայից նայեց վաճառորդուհիներին: Այստեղից պարզ նշմարվում էր կնոջ կիսադեմը:
-Քա՞նի տարեկան ա:
-Ո՞վ:
-Ո՞վ, — զարմացավ վաճառորդուհին,- ձեր աղջիկն էլի:
-Դեռ քսանը չի լրացրել,-ստեց տղամարդը. ինքը նույնիսկ ամուսնացած էլ չէր:
-Չափերը գիտե՞ք:
-Ո՞ւմ, աղջկա՞ս:
-Բա էլ ո՞ւմ,- քննախույզ վերից-վար նայելով՝ շշպռեց վաճառորդուհին:
Տղամարդուն նեղում էր միզելու ուժեղ ցանկությունը:
-էստեղ զուգարան կա՞,- հարցրեց քաշվելով:
-Ոչ,- սառն ասաց վաճառորդուհին տեղադրելով կախիչից ցած բերած լանջաբաց կապույտ բլուզը,- մի հարյուր քայլ էն կողմ ռեստորան կա…
Տղամարդը նորից նայեց վաճառորդուհիների կողմը:
Կինը կանգնած էր մեջքով դեպի իրեն և կիսադեմը չէր երևում:
-Շնորհակալություն,- քրթմնջաց տղամարդն ու քայլեց դեպի դուռը:
Վաճառորդուհին նայեց նրա ետևից ու քամահրանքով շարժեց գլուխը…
Նոյեմբեր 21, 2007
Թեհրան

3 comments

    • armine on 24 Փետրվարի, 2010 at 1:11 ե.
    • Reply

    Gravich u hetaqrqrox syuje e /inchpes misht/.

    • Շաքէ on 4 Փետրվարի, 2013 at 11:53 ա.
    • Reply

    Կոլիա ջան. պարզւում է, որ կան տղամարդիկ, որոնց մօտ միզելու պահանջը կարող է խլացնել սրտի ձայնը. կարող է բնազդը խլացնել բանականութիւնը, կամքը, սիրոյ բնազդը նաեւ. ափսոս….
    Դէ ինչ ասեմ, համենայն դէպս գեղեցիկ ճիգ էր գտնելու եւ տիրանալու սիրոյ “առարկայ”-ին. Յիմար բան է այս “սիրոյ առարկայ” բառակապակցութիւնը մարդկանց դէպքում.
    Լաւ մնայ.
    Շաքէ

  1. Մերսի, Շաքե ջան, դե, տղամարդկանց ցանկությունները հաճախ պայմանավորված չեն սիրո բնազդով: Միշտ արթուն է… անասնականը:

Թողնել պատասխան Գրական Կամուրջ-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.