Ահմադ Շամլու | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց՝ Նորվանը

Համընդհանուր Սեր

Արցունքն առեղծված է,
ժպիտն առեղծված է,
Սերն առեղծված է…
Արցունքն այն գիշերվա
Սիրուս ժպիտն Էր։
Հեքիաթ չեմ, որ պատմես,
Մեղեղի չեմ, որ երգես,
Ձայն չեմ, որ լսես,
Կամ` այնպիսին, որ տեսնես,
Կամ` այնպիսին, որ իմանաս…
Ես, ցավ եմ համընդհանուր.
Կանչիր ինձ…
* * *
Ծառը անտառի հետ է խոսում,
Խոտը՝ դաշտի
Աստղը՝ ծիր կաթնի,
Ու ես՝ քեզ հետ եմ խոսում։
Անունդ ասա,
Ձեռքդ ինձ տուր.
Խոսքդ ասա,
Սիրտդ ինձ տուր,
Ես արմատներդ ըմբռնել եմ,
Քո շուրթերով
Բոլոր շուրթերի համար խոսել եմ,
Ու ձեռքդ ծանոթ է ձեռքիս։
Լույս մենության մեջ լացել եմ քեզ հետ
Ապրողների համար,
Ու մութ գերեզմանոցում
Երգել եմ քեզ հետ
Ամենագեղեցիկ երգերը,
Քանզի այս տարվա մեռյալները
Ամենասիրահար ապրողներն էին։
* * *
Ձեռքդ ինձ տուր,
Քո ձեռքերին ծանոթ եմ։
Ով ուշացած իմ սեր, քեզ հետ եմ խոսում,
Ինչպես ամպը՝ փոթորկի,
խոտը՝ դաշտի
անձրեւը՝ ծովի,
թռչունը՝ գարնան,
Եւ ինչպես ծառը անտառի հետ է խոսում,
Քանզի ես
Արմատներդ ըմբռնել եմ,
Քանզի ձայնս
Ծանոթ է ձայնիդ։
Հայելու Այգի
Ճրագը ձեռքիս,
Ճրագը դեմս,
Ես խավարի դեմ ելնում եմ մարտի։
Հոգնածության օրորոցները
Անվերջ օրորման քաշքշուկներից
Դադարել արդեն
Ու մի արեգակ
լուսավորում է խորքից
ծիրկաթինները մոխրացած։
* * *
Կայծակի ըմբոստ գոչյունն անարգել,
Երբ որ ամպրոպը
Սաղմնավորվում է
անհամբեր ամպի արգանդում,
Ու լռության մեջ ցավը երկունքի,
Երբ որ խաղողը ծլարձակում է
երկար ճյուղերի ոլորված ծայրին…
Իմ գոչյունն ամեն
Փախուստ էր ցավից,
Քանզի ամենադժխեմ գիշերում,
Աղոթքով անհույս,
Ես հայցում էի մի ողջ արեգակ…
Եւ դու եկել ես արեգակիներից,
Եւ դու եկել ես լուսաբացներից,
Հայելիներից ու մետաքսներից։
* * *
Մի անջրպետում,
Որ ոչ կրակ կար ու ոչ էլ աստված,
Աղոթքով անհույս,
Ես հայցել էի քո հայացքն ու
վստահությունը։
Վճռական հոսանք՝
Տարածության մեջ երկու մահվան
Ու նաեւ երկու միայնակության
տարածքում դատարկ,
(Այսպիսին է քո վստահությունը,
Հայացքդ այսպես)։
Ուրախությունդ
Բարեհոգի է ու նաեւ դաժան.
Շունչդ իմ թափուր ձեռքերում երգ է
ու կանաչություն։
Ոտքի եմ ելնում։
Ճրագը ձեռքիս,
Ճրագը սրտիս,
Քերում եմ ժանգը ժանգահար հոգուս,
Հայելուդ առջեւ դնում հայելի,
Որ քեզ վերածեմ
մի հավերժության։
ԱԻԴԱՆ* ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ
Շուրթերդ
բանաստեղծության պես նրբակերտ.
Ամենավավաշոտ համբույրները
Վերածում են այնպիսի ամոթխածության,
Որից քարանձւսվի բնակիչն օգտվելով
Մարդկային կերպ է ստանում…
* * *
Եւ այտերդ երկու խոտոր փոսիկներով,
Քո հպարտությունն են առաջնորդում,
ու ճակատագիրն իմ,
Որ գիշերին հանդուրժել եմ,
Զինված չլինելով հանդերձ
Սպասումով լուսաբացի։
Ու մի հպարտ կուսություն
Վերադարձրել եմ բարությամբ՝
Առ ու ծախի պոռնկատներից։
Եքբեք
ոչ ոք
այսպես ահավոր
Չտրվեց ինքնասպանության,
ինչպես, որ ես
կյանքին փարվեցի։
* * *
Աչքերդ առեղծվածն են կրակի։
Ու սերդ՝
Հաղթանակը մարդու,
Երբ ելնում է բախտի հանդիման,
Ու գիրկդ՝
Չնչին մի տեղ ապրելու համար,
Չնչին մի տեղ մեռնելու համար,
Ու փախուստ քաղաքից,
(Որ բյուր մատներով մեղադրում է լկտիաբար՝
պարզությունը երկնքի)…
* * *
Լեռն առաջին քարերով է սկսվում,
Ու մարդն՝ առաջին իսկ ցավով…
Իմ մեջ չարագործ բանտարկյալ կար,
Որ չէր հանձնվում շղթայի երգին…
Ես, առաջին քո հայացքով սկսվեցի։
Փոթորիկները հսկայական քո պարում
Փառահեղորեն սրինգ են սուրում,
Ու երգից երակներիդ
Հավերժ արեւն է ծագում։
Թող այնպես արթնանամ,
Որ ներկայությունս փողոցներն զգան։
* * *
Հաշտություն է ձեռքերը քո,
Եւ ընկերներ, որ օգնում են
Թշնամանքը մոռանալու,
Ճակատդ
Հայելի է վեհ ու լուսավոր,
Որ յոթ քույրերը նրա մեջ գտնեն
Գեղեցկությունն իրենց։
Թպրտացող երկու թռչնակ
Երգում են քո կրծքի ներքո…
Ամառը ի՞նչ ճամփով է գալու,
Որ ծարավից
Ջրերն առավել անուշանան։
* * *
Մինչ հայտնվես հայելու մեջ,
Մի ամբողջ կյանք
Այդ հայելուն ես նայեցի,
Ես, լճերն ու ծովերը լացեցի,
Ո՜վ հրեշտակ՝ կերպով մարդկային,
Որ իրանդ այրվում է լոկ
ստերի մեջ բյուրավոր,
Դրախտ է ներկայությունդ,
Ու դժոխքից փախուստը բացատրող,
Մի ծով, որ ինձ կլանում է իր մեջ,
Արատներից ու մեղքերից
զտվելու համար…
* * *
Եւ լուսաբացը
Քո ձեռքերով է արթնանում։
* Բանաստեղծի կինը՝ ազգությամբ հայ։

 

1 comment

    • ararat on 20 Դեկտեմբերի, 2007 at 1:24 ե.
    • Reply

    seroomem dzer banasdeghdzotyoner. artyok Shamloui asadze Vartani hamar karoghe vor apagahom tarkmanek?

Թողնել պատասխան ararat-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.