Սիրանույշ Օհանյան | ՕԴԸ ԿԱՆԱՉ ԷՐ

Սիրանույշ Օհանյան

* * *
Քարը խրվել էր գանգատուփիս մեջ,
առաջ չէր գնում,
ոչ էլ հետ՝ այնտեղ,
որտեղից հանկարծ մարմին էր առել.
սրտիս խորքում, երբ
սառել էր լավան վերջին ժայթքումի:

 

* * *
Մեղուն գիտեր, թե
ապակին օդ է՝
տարածությունը իր թռիչքների:
Պատերի մասին,
այն էլ՝ թափանցիկ,
ոչ մի բանտարկյալ
նրան չէր պատմել:
Ոչ մի բանտարկյալ մեղու չէր եղել:
Ես մեղու չեմ. ես
հին բանտարկյալ եմ՝
խոնարհ,
ապակե պատի տակ նստած:
Մեղուն մեռավ, երբ
արդեն ուժ չուներ պատին զարկվելու:
Հիմա նայում եմ
նրա մարմնից մինչև հորիզոն
ձգվող պատկերին.
անտեսանելի-անանցանելի
սահման-պատերը
սպառնում են ինձ
մեղու դարձնել:

 

* * *
Օդը կանաչ էր,
և տերևները թափանցիկ էին:
Կախարդը ասաց, որ չորացել է
ծառը իմ պտղի,
բայց օդի գույնը լուռ մատնեց նրան,
երբ շողն արևի
դիպավ տերևին,
ու արծաթափայլ բարդին սարսռաց:

 

* * *
Ծովում փոթորիկ չէ.
փոթորիկը ծովն է,
և նավորդները դա գիտեն, երբ լուռ
կամ էլ երգելով բարձրացնում են
ծանր խարիսխը:

 

* * *
Անձրևը կորավ
հողի անթափանց ծածկոցից անդին:
Խոնավությունը
հայելի էր, որտեղ
երկինքը տեսավ անցած ամպերը:

 

* * *
Անտառը իջավ հողի շերտի տակ:
Խոտ աճեց վրան:
Ծառերը լռում են, իսկ թռչունները
Անդարձ չվեցին:

 

* * *
Քամին երգ չուներ.
այն ամենը, ինչ բլբլում էր նա
հիշողությունն էր չոր տերևների,
որ չէր մոռացվում:

 

* * *
Արևը դանդաղ
իջավ ամպի տակ,
և մայրամուտը
կլինի թաքուն՝ նրա թիկունքում:

 

* * *
Արևածագին
որտեղ կքնեմ.
գունատ երկինքը մութ ամպերի տակ
կվառվի դանդաղ,
մութը կփակվի լուսաբացի ցուրտ,
թափանցիկ օդում,
լուսնի մահիկը կլուծվի երկար
կոպերիս ծանր վարագույրից դուրս:

2 հղում

  1. […]   Ամբողջ շարքը […]

  2. […] Արևածագին որտեղ կքնեմ. գունատ երկինքը մութ ամպերի տակ … […]

Թողնել պատասխան մեղուն գիտեր | Մազե կամուրջ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի