«

»

Հուն 11 2011

Տպել Գրառում

Սամվել Մարտիրոսյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կռունկները թռչում էին այսօր ամպերից էլ բարձր:
Ես հույսով նայեցի երկինք,
Ես նրանց գարնանային վարար ջրերի փրփուրների հետ շփոթեցի,
Եվ այնտեղ, ուր նրանց թևերը ցած իջան անձրևների պես տեղատարափ,
Անտունները բներ հյուսեցին ծառի ճյուղերի ու խոտի տերևների մեջ,
Ձեռքերը հետ տարան իրենց աչքերից,
Բողբոջեցին,
Ու սպասեցին, ի՛նձ սպասեցին:
Ես ուշանում էի,
Հորիզոնի վրա էի ես,
Սև էի ես:
Ես նրանց կաղնեբների մեջ ծվարած կայծակների հետ շփոթեցի,
Որովհետև կարոտն իմ ջուր չեր պարզապես,
Եվ կրակ չէր պարզապես,
Որովհետև երբ ես կռունկների հետևից վազեցի, մեծացա, հասակ առա և ամրացա,
Չսիրեցի ես այդ կռունկներից և ոչ մեկին,
Չուզեցի կռունկ դառնալ,
…ես քե՛զ սիրեցի:
Գույնզգույն ծաղիկներով զարդարեցի քո ոտքերը, ձեռքերը, բույր առա,
Ծիծաղեցի ու լաց եղա,
Երբ դու քեզանից հեռու էիր շպրտում ծաղկաթերթերն ու կանաչ տերևները,
Երբ դու չէիր ուզում նմանվել փոքրիկ երեխայի,
Երբ օրերով մենակ էիր ու մարդկանցից թաքուն էիր դուրս գալիս,
Ամաչում էիր հողոտ ձեռքերիդ,
Ցեխակոլոլ ոտքերիդ,
Ու թրջված հագուստներիդ համար:
Բայց գարուն էր ամենուրեք,
Եվ դու էլ գարնան նման անզգույշ էիր,
Ու ոչինչ չէիր կարողանում ծածկել:
…Կռունկները նորից իջել, մոտեցել են իմ կրծքին:
Առաջնեկները նրանցից նստոտել, հարմարվել են արդեն ու չեն նկատում ոչ ինձ, ոչ քեզ,
Ոչ ոքից չեն վախենում:
Խոտերը բարձր են ու խիտ,
Երկրի ծուխը բարձր է ու կծու,
Հազարավոր աչքեր վերև են նայում,
Երկինքը մաքրվել է կրակից, մրից, ամպ ու ցեխաջրից:
Հիմա արդեն կարելի է և լողանալ այնտեղ,
Սուզվել ու ցայտեցնել մեռոնաջուրը չորս կողմի վրա,
Ամեն մի կաթիլի համար ճչալ,
Շփոթվել մեկի ասածից,
Մյուսի արածից,
Շառագունել ու ամաչել գարնան օտարոտի նայվածքի ներքո:
Դու արդեն երեխա չես,
Եվ այդ բոլորը սրտում պահելու համար քեզ օգնում են և բարձր խոտերը, և բարձր թփերը,
Դու արդեն նշմարում ես մոտակա ամառը,
Տեսնում ես աշունն ու ձմեռը:
…Կռունկները վաղուց արդեն թռչել են սովորել,
Հասած աղջիկները վաղուց արդեն հավաքել են բերքը,
Եվ օրորվում են քամուց, դռան խնձորենիների պես,
Շեմքից բարի երթ մաղթում,
ԵՎ ովքեր նայում են քեզ հետ հեռացող կռունկների ետևից,
Մտածում են, որ գարունը, երկինքը, արեգակը…
Այդ ամենը հիմա մի երկար ճանապարհ է նաև, որը միայն մարդիկ կարող են անցնել,
Որովհետև միայն մարդիկ կարող են ետ նայել,
Եթե անգամ այնքան են հեռացել,
Որ թվում է, թե կռունկներից բացի իրենց ոչ ոք տուն չի կանչի այլևս:

ԱԶԱՏԱՄԱՐՏ

Կռիվ գնացին, ով սիրել գիտեր,
Ով սիրել գիտեր, սովորեց ատել,
Պահապան կանգնիր նրանց սիրուն, տեր,
Ով սիրել գիտեր, սովորեց ատել:
Կռիվ գնացին, ով սիրել գիտեր,
Ով իր արյունը նվիրել գիտեր,
Պահապան կանգնիր նրանց սիրուն, տեր,
Ով իր արյունը նվիրել գիտեր:
Կռիվ գնացին, կռիվ գնացին,
Կարմիր ծաղկի պես դաշտում մնացին,
Կարմիր ծաղկի պես սարում մնացին,
Պահապան կանգնիր նրանց սիրուն, տեր,
Ով սիրել գիտեր ատելուց բացի…

Share Button

2 կարծիք

  1. Սամվել Ավդալյան
    1. Գրական Կամուրջ

      Սամվել Ավդալյան, Գրական Կամուրջում արգելված է հայհոյանքը: Կարծում էինք, որ ինքնըստինքյան հասկանալի է:

Պատասխանել Գրական Կամուրջ-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>