Խուան Խոսե Միլիաս | ՆԱ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԳՈՏԿԱՏԵՂԸ

Juan José Millás

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Երբ մայրիկը մահացավ, եղբորս առաջարկեցի գալ ինձ հետ միասին ապրելու: Երկուսս էլ ամուրի էինք, բայց իմ բախտն էր (հավանաբար կին լինելու պատճառով) մեր մայրիկի հետ ապրելը ու նրան` իր վերջին օրերին խնամելը. խեղճ հայրիկը երեք տարի առաջ էր մահացել: Եղբայրս իրեն բավականին վատ պահեց այդ դժվար ժամանակները, և հուսով եմ միայն, որ մայրիկը դա նրան կարողացել է ներել:
-Բան դուրս չի գա,- ասաց նա ինձ,- արդեն շատ մեծ ենք ու մեզանից յուրաքանչյուրն իր տարօրինակություններն ու սովորություններն ունի:
— Տունը մեծ է,- պատասխանեցի,- կարող ենք անկախ կյանքերով ապրել: Միայն հույս ունեմ քեզանից շուտ մեռնել, որպեսզի տեսնեմ, թե արդյոք ի վիճակի ես ինձ համար անել այն, ինչ չարեցիր մայրիկի համար:
— Անընդհատ կվիճենք իրար հետ:
— Նախընտրում եմ քեզ հետ վիճել, քան միջատների: Դե համառ մի եղիր:
Վերջապես նրան համոզեց այն տնտեսական փաստարկը, որ իր տունը վարձով տալով և մեր ժառանգությունից մի քանի բան վաճառելով` կկարողանանք ապրել առանց աշխատելու: Մի շաբաթ օր տեղափոխվեց ու կիրակի օրն արդեն այնպես էր տեղավորվել, կարծես քսան տարուց ավել անցած չլիներ այն օրից, ինչ լքել էր այդ հոգեհարազատ տունը` իր կյանքով ապրելու համար: “Աստված իմ,- մտածեցի,- ինչքան հարազատ է նրան ամեն ինչը”:
Իրոք, այնքան բնական կերպով սեփականեցրեց հայրիկի բազկաթոռը, որ դրա մեջ վիրավորանքի նման մի բան կար, իսկ տան մեջ շարժվում էր ընչաքաղց նվաճողի պես:
Վերջին ժամանակներս շատ չէինք շփվել իրար հետ, այնպես որ մեր համագոյակցության առաջին օրերը ծախսեցի նրա, ով ընտանիքի տղամարդն էր եղել (ինչպես ասում էր մայրս), բայց նաև իմ խաղընկերոջ, իմ երևակայական փեսացուի, դեռահասության ու երիտասարդության այնքան ցավալի պահերի իմ հենարանի բնավորության մեջ տեղի ունեցած փոփոխությունները ուսումնասիրելու վրա: Իրականում, առաջին օրերին այնպիսի տպավորություն ունեցա, կարծես օտար մարդու ներս թողած լինեի իմ տուն, բայց այդ օտարից անմիջապես սկսեց ծնվել այնքան հին ու մտերիմ մի էակ, ինչպիսին կոմոդն էր, կարի մեքենան կամ էլ միջանցքի հայելին: Նա բնավորությամբ շարունակում էր մնալ լռակյաց ու անբարյացակամ, բայց այդ գծերը հիմա մեղմացել էին մի ընկալմամբ, որը հակված էր ավելի շատ դեպի տրամադրությունը, քան հուսախաբությունը: Ինձանից երկու տարով երիտասարդ էր, բայց ձևացնում էր, թե արդեն մտել է հիսունի մեջ: Այդ օրերի ընթացում, երբ նա էլ հետաքրքրասիրությամբ ու վախով ինձ էր զննում, մեր միջև անհուսալի ոչ մի տարբերություն տեղի չունեցավ: Բայց կարծում եմ, որ նա ավելի շատ մտահոգված էր իմ կնճիռները հաշվառելով, քան ուսումնասիրելով այն փոփոխությունները, որ ժամանակը թողել էր իմ էության մեջ. տղամարդիկ այդպիսին են: Ճիշտն ասած, նրա թաքուն հայացքները մարմնիս այս կամ այն մասերին ինձ նյարդայնացրին, ու դա նրան ասացի.
— Քեզ չես հետևում,- պատասխանեց ինձ,- հիանալի գոտկատեղ ու փայլուն մազեր ունեիր:
— Ես դեռ մազեր ունեմ,- չարությամբ պատասխանեցի,- իսկ քեզ ոչ նա է մնացել, ոչ էլ մյուսը:
Մի պահ լուռ մնացինք` սև ու սպիտակ հին հեռուստացույցին նայելով, որը գծերից բացի ուրիշ բան ցույց չի տալիս, ու, վերջապես, նա ավելացրեց.
— Քեզ չեմ ասել, որ չանհանգստացնեմ, բայց բանն այն է, որ ինձ կատաղեցնում է այսպես հերթով, մեկ առ մեկ ամեն ինչ կորցնելը. նախ մազերս, հետո գոտկատեղս, հետո ծնողներիս… Կարծում եմ, որ տնից այդքան շուտ հեռացա, որպեսզի տեսնեմ, թե արդյոք հնարավոր է ամեն ինչ միանգամից կորցնել: Բայց ոչ, հնարավոր չէ, կյանքը դանդաղ և ցավոտ մի թալան է:
Դա ինձ այնպես ցնցեց, որ սկսեցի նիհարել ու խնամել ինձ և կարծում եմ, որ մեկ ամսում կորցրել էի փոշեծածկ այդ տեսքը, որ ունենում ենք չամուսնացածներս:
Եղբայրս էլ իր հերթին թողեց առաջին օրերի նվաճողի այդ կեցվածքը և յուրացրեց ավելի հավասարակշռված պահվածք, կարծես թե փորձում էր հիշողության մեջ վերականգնել նախապես վերացրած անջրպետը: Ամեն անգամ, երբ մի բաժակի էր դիպչում կամ մի պահարան բացում, մի քանի վայրկյան անշարժանում էր, կարծես մի հուշումի սպասման մեջ, որը պետք է դուրս գար իրերի խորքից: Հետո նստում էր բազկաթոռին` աջ ձեռքում կոնյակը, իսկ ձախում` ծխախոտը, ու ժամեր էր անցկացնում` նայելով հյուրասենյակի հին սպասքապահարանին: Երբեմն, նա ինձ հայրիկին էր հիշեցնում:
Մի օր, ընթրելուց ու հեռուստացույցը միացնելուց հետո նրան հարցրեցի, թե ինչի մասին է մտածում երեկոները:
— Ճանապարհորդություն եմ կատարում,- ասաց նա:
Քանի որ ուրիշ ոչինչ չավելացրեց, ես վրդովմունքի մի ժեստ արեցի, ու այդ ժամանակ նա մի նշանակալից հայացք գցեց վրաս և ինձ բացատրեց, որ իր կարծիքով կյանքը անակնկալներով լի մի մտավոր արկած է:
— Ինչպես տեսնում ես,- ավելացրեց նա,- ես և դու միասին ենք ապրում, ինչպես հայրիկն ու մայրիկը: Եթե ուշադիր լինես, կտեսնես, որ այն ամենը, ինչ անում ենք կյանքում, ինչ-որ տարօրինակ բան ունի իր մեջ, ինչ-որ վտանգավոր արկած:
Չգիտեմ ինչու, բայց այն, ինչ ասում էր, ինձ բոլորովին դուր չէր գալիս, ի նկատի ունեմ, որ ինձ միաժամանակ գայթակղում ու անհանգստացնում էր, կարծես թե դրա մեջ ինչ-որ կեղտոտ կամ անպատվաբեր բան կար:
— Շատ չամուսնացած քույր-եղբայրներ կան, որ միասին են ապրում,- պաշտպանվեցի:
— Իհարկե, այ կնիկ, տարօրինակը այդքան ընդհանուր լինելն է,- փարատող տոնով պատասխանեց նա:
— Լավ: Իսկ ի՞նչ ճամփորդություն է դա:
— Հիշողության հունով ընդհանուր կարծիքին հակառակ ճանապարհի մասին է: Գիտե՞ս, թե ինչի համար է հիշողությունը:
— Բաներ հիշելու համար:
— Ավելի ճիշտ, բաներ մոռանալու համար, այ կնիկ, որպեսզի մոռանաս այն բաները, որոնք չպետք է հիշվեն:
Այդ ժամանակ, ինձ բացատրեց, որ հիշողությունը բանտի նման մի բան է, որտեղ նրան շրջապատող պատերից այն կողմ բան չի երևում, և որ ինքը թունել էր բացում այդ բանտի հետևի կողմի բակում, որպեսզի դուրս գա ուրիշ վայրեր, որոնք նույնպես պատկանում են հիշողությանը, բայց որոնցով արգելված է անցնել հասարակական սովորությունների պատճառով: Ինձ նաև ասաց, որ այդ թունելներում, որոնցով ամեն երեկո փախչում է, տեսնում է բաներ, որոնց մասին մենք անտեղյակ ենք: Ինձ նայելու ու հետս խոսելու ձևից հասկացա, որ այդ բաները ինձ էլ էին վերաբերում, բայց այլևս ոչինչ չցանկացա նրան հարցնել, որովհետև այդ խոսակցությունից ինձ վատ էի զգում: Այդ գիշեր անհանգիստ պառկեցի քնելու և շատ ուշ քնով անցա:
Հաջորդ օրերի ընթացքում հետևեցի եղբորս խոսքին ու համոզվեցի, որ իր փնտրուքներում հաջողություն էր նկատվում: Երբեմն ինձ բաներ էր հարցնում, որոնք շատ հին դեպքերի հետ էին կապված, և ես նրան պատասխանում էի մեղքի մի տարօրինակ զգացումով, այնպիսի տպավորություն ունեի, որ օգնում եմ նրան լրացնել մի արգելված գլուխկոտրուկ, որում ի հայտ էին գալիս իր ու իմ կյանքից հատվածներ, որոնք թերևս պետք է ընդմիշտ մոռացած լինեինք:
Այդտեղ էինք, երբ եկավ նրա ծննդյան օրը: Նրան ներքնաշորերի երեք փոխնորդ նվիրեցի, որովհետև իր ունեցածները արդեն շատ մաշված էին, իսկ նա ինձ մի թանկ ռեստորան հրավիրեց` ընթրելու: Եվ այդտեղ մի որոշակի բան եղավ, որովհետև սպասավորը մեզ ամուսնական զույգի տեղ դրեց: Չնայած սահմանափակվեցինք ժպիտով, բայց այդ ընթրիքին հաջորդող օրերին, սկսեցինք ավելի հաճախ դուրս գալ ու համոզվեցինք, որ բոլոր տեղերում մեզ ամուսնական զույգի տեղ էին ընդունում: Այդ ժամանակ վաճառեցինք մայրիկի բնակարանը և եկանք բնակվելու այս թաղամասում, որտեղ ոչ ոք մեզ չի ճանաչում և որտեղ բոլորը կարծում են, թե ամուսիններ ենք:
Բանն այն է, որ չգիտեմ, թե ուր կտանի այս ամենը, բայց մի բան հաստատ է, այն, որ դա ինձ դուր է գալիս, և որ երջանիկ ենք այս իրավիճակում, որը թերևս լրացրեց մի հիշողության գլուխկոտրուկ, որն ի վերջո մերն է և որից այլևս չենք մտածում ազատվել:
Մի խոսքով:

3 comments

    • Samvel Martirosyan on 19 Հունիսի, 2011 at 6:27 ե.
    • Reply

    Առանձնահատուկ գրավչություն ունի Անիի թարգմանչական խոսքը: Նա չի ծանրաբեռնում ընթերցողին, այլ հագեցնում է:
    Մասնավորապես կաշառում է նաև նյութի նրբաճաշակ ընտրությունը:
    Շատ-շատ լույս կա նրա աշխարհում ու շատ-շատ խորհուրդ:
    Շնորհակալություն:

    • Ani on 20 Հունիսի, 2011 at 11:47 ե.
    • Reply

    Շնորհակալ եմ)

    • ՍիրանույշՕհանյան on 6 Հուլիսի, 2011 at 2:24 ե.
    • Reply

    “Այդ ժամանակ, ինձ բացատրեց, որ հիշողությունը բանտի նման մի բան է, որտեղ նրան շրջապատող պատերից այն կողմ բան չի երևում, և որ ինքը թունել էր բացում այդ բանտի հետևի կողմի բակում, որպեսզի դուրս գա ուրիշ վայրեր, որոնք նույնպես պատկանում են հիշողությանը, բայց որոնցով արգելված է անցնել հասարակական սովորությունների պատճառով: Ինձ նաև ասաց, որ այդ թունելներում, որոնցով ամեն երեկո փախչում է, տեսնում է բաներ, որոնց մասին մենք անտեղյակ ենք: Ինձ նայելու ու հետս խոսելու ձևից հասկացա, որ այդ բաները ինձ էլ էին վերաբերում, բայց այլևս ոչինչ չցանկացա նրան հարցնել, որովհետև այդ խոսակցությունից ինձ վատ էի զգում: Այդ գիշեր անհանգիստ պառկեցի քնելու և շատ ուշ քնով անցա”:
    Լավ պատմվածք է և լավ թարգմանություն, շնորհակալություն

Թողնել պատասխան

Your email address will not be published.