Նարինե Կռոյան | ՑԵՑԻ ԴԵՂԸ

Նարինե Կռոյան

Նարինե Կռոյան

Երկու տարի էր՝ Սերոժը ռուսաստաններից չէր գալիս: Եթե նախկինում մեկ-մեկ գոնե զանգում էր, հիմա էդ էլ չէր անում: Սիրանի մտքով հազար ու մի հավանական ու անհավանական բան էր անցնում: Խանդում էր երևի, կարոտում, բայց սիրել-միրելու մասին էնքան էլ չէր մտածում. «Երեսունութ տարեկանում սերս ո՞րն է»: Սիրանն ավելի շատ անհանգստանում էր իր հինգ զավակների համար. «Չլինի՞ մի ռուս է ճարել, ու վաղը, մյուս օրը մի քոռ կոպեկ էլ չի ուղարկի տուն: Ո՞նց կապրենք»:

Սկեսրայրը, որ անխոս գլխի էր ընկնում հարսի տառապանքի բովանդակությունը, իբր մխիթարում էր.

— Դարդ մի անի, բալա ջան: Մտածիլ մի: Տղամարդ է, խակ է: Գաղափարի կեսը հլա դեռ շալվարի միջումն է: Անց կկենա: Գիտեմ՝ ինչ եմ ասում:

Երբ Սիրանը ամոթից, թե ձանձրույթից «օֆ» էր անում, ծերունին շարունակում էր «մխիթարել».

— Էդ ռսի կնանոնց անտերի վրա Աստված հալբաթ մագնիս է դրել, քաշում է անտերը: Մի օր Սերոժի երկաթն էլ կպակասի ու պոչը ոտների արանքը կոխած, բուրդը  գզած շան պես ետ կգա: Վախիս ոչ: Էլի քունն է ու քունը:

Ի պատասխան՝ Սիրանը նայում էր ավագ որդու՝ Մխիթարի հորանմանակ աչքերին ու չէր մխիթարվում:

Մի օր էլ համբերության բաժակը լցվեց, ու Սիրանը անկողնուց վեր չկացավ:

Հարևան-բարեկամները եկան, հավաքվեցին, ամենքն իր դարդ ու ցավից խոսեց, «Նեսոյի քարաբաղնիս» սարքեցին. խոսք ու զրույցի մեջ Սիրանին դարձրին որբևայրի, գնացին:

Սիրանն այլևս ոչ կերավ, ոչ խմեց:

Հուլիսյան մի օր վերջապես ցանկալի հեռախոսազանգը ծածանեց հայրական հին առաստաղի տակ կանգնած տաք օդը. երևի բարեկամներն էին Սերոժին տեղեկացրել, ամոթանք տվել:

— Աղջի, Սիրան, Սերոժն է…., — հեռախոսը օդում ճոճելով ջահելությունը հիշած ծեր այծի նման սկեսրայրը կաղաց հարսի անկողնու կողմը:

Սիրանը տեղից վեր թռավ, հենց օդում ծերունուց խլեց հեռախոսն ու հեկեկալով գոռաց խոսափողի մեջ.

— Սերոժ, անաստված…

Որքան էլ, որ հեռախոսով խոսողի չորսբոլորը հավաքված երեխաներն ու սկեսրայրը լարեցին ականջները, ոչինչ չլսեցին՝ Սիրանի արտասվախառն ախուվախից բացի:

Վերջապես Սիրանն անջատեց հեռախոսն ու նստեց:

— Հը՞, մամ…

— Հը՞, այ հարս…

Իրար հերթ չտալով հարցրեցին ներկաները:

Սիրանը երկար դադար տվեց ու ամեն բան վճռածի պես՝ հանգիստ ասաց.

— Գնում եմ, գնում եմ հորներիդ մոտ: Տեսնեմ՝ անփող-անփոխան ո՞նց է մոսկվաներում տրճինգի տալիս:

Հետո կարծես միտքը փոխեց.

-Իսկ եթե ձեռին իրոք կոպեկ չկա՞… Վայ, քոռանամ ես…

Սիրանը նորից արտասվեց՝ գրկելով ծնկների մոտ չոքած մեծ ու փոքր որդիներին:

Ինքնաթիռի փող, ճանապարհածախս ճարվեց. Սիրանի քույրը՝ Լյուբան, պարտքով տվեց: Փեսան էլ՝ Օնիկը, հոժարեց քենուն օդանավակայն հասցնել:

Հրաժեշտի պահը լի էր սրտաճմլիկ խանդավառությամբ. Սիրանն առաջին անգամ էր էդքան հեռու ճանապարհ գնալու՝ էն էլ ինքնաթիռով:

Միայն սկեսրայրն էր դժգոհ.

— Բա կնիկը ամառվան օրով տուն-տեղ կթողա, թե՝ մարդիս կարոտե՞լ եմ… Թուու…

Սիրանը բանի տեղ չդրեց:

Օնիկի «Մոսկվիչը» փռնչացնելով ճանապարհ ընկավ:

— Ափսոս՝ Երևան չենք մտնելու,- սրտնեղեց Սիրանը: -Ասում են՝ Եվրոպա է դառել:

— Էգուորձը խառնվել է, համա՝ Եվրոպան Եվրոպա է: Մի հին տուն չեն թողել, սաղ քանդել են, շենքեր են սարքել՝ տերդ մեռնի, մեկը մեկից բարձր:

Սիրանի հերթական հոգոցին ի պատասխան՝ Օնիկը շարունակեց.

— Համ էլ դարդ մի անի, աէրոպորտի ճանապարհն էլ է Եվրոպա: Կազինո ու ռեստորան է, որ սարքել են, տերդ մեռնի…

Օնիկի հերթական «տերդ մեռնի»-ից հետո ստիպված եղան կանգ առնել հենց «Եվրոպայի» մեջտեղը: Բազմաթիվ ու բազմազան պատկառելի մեքենաներ փակել էին ճանապարհը: Սիրանը ավտոմեքենաների մակնիշներից բան չէր հասկանում («ինչին էլ պետք էր»), բայց տեսքներից հասկացավ, որ Օնիկի «չխպլիկ»> «Մոսկվիչից» հաստատ թանկ կլինեն.

— Օնիկ եղբայր, էս ի՞նչ ավտոներ են:

-Ջպեր են, Սիրան, Բենթլի-մենթլի… թանկուկրակ, մի հարյուր հազար դոլարանոց:

— Ամաանն, հարյուր հազա՞ր… Բերանո՞վ ես ասում…,- տնքաց Սիրանը:

— Երևի ջոջ-մոջ է մեռել, սրանք էլ ճանճի պես հավաքվել են… Էէէ, մարդ մեռնելուց հետո սենց մեռնի…,- երազային ձգեց Օնիկը:

Լավ էր՝ չուշացան: Ժամանակին հասան օդանավակայան: Օնիկը «էդ կողմերում կռվածի պես» Սիրանին քարշ տվեց էս ու էն կողմ, որ Հայաստանի եվրոպան ու ամերիկան գոնե «աէրոպորտում» ցույց տա: Բայց Սիրանը, չգիտես ինչու, շուտ հոգնեց. ոչ մի Եվրոպա ու Ամերիկա իրեն պետք չէր: Երկու ծանր ճամպրուկը ձեռքին վերև-ներքև անելը, էս կողմ, էն կողմ նայելը՝ առանց էդ էլ մի քանի օր հացադուլ հայտարարած հյուծված կնոջը, ջլատեցին: Սառը քրտինքի մեջ կորած՝ նա խռոված նստեց ճամպրուկներից մեկի վրա ու էլի աչքերը լցրեց.

— Քոռանամ ես… Ու իմ խեղճ Սերոժը ամեն տարի էս տեսակ տառապանքով է իր բաժին խոպանները գնում-գալիս….

Օնիկը շտապեցրեց.

— Սիրան, վեր, նստելու ժամանակը չի: Քու ռեյսն է, հլա լսիր…

Սիրանի ականջը ուշացումով ինչ-որ օտար լեզվով բառերի առանձին պատառիկներ որսաց, ու ճամպրուկները քաշելով՝ սողաց փեսայի ետևից:

Օդանավում լավ էր: Մի անգամ նույնիսկ սիրտը չխառնեց՝ չնայած Օնիկի հորդորով մի երկու պոլիէթիլենի տոպրակ էր ձեռքում պահել:

Ուտելու, խմելու բան էլ տվեցին: Հավի կտորը ծամելիս՝ Սիրանի սիրտը նվաղեց. «Տեսնես երեխեքը հավերին մի բան տվեցի՞ն…»:

Մոսկվայում Սերոժը դիմավորեց, փաթաթվեց ու համբուրեց կնոջ այտը: Չնայած Սիրանը ամոթից գետինը մտավ, բայց ուրախությունը թաքցնել չկարողացավ.

— Վայ, Սերոժ ջան, ցավդ տանեմ: Ամոթ է, հազար մարդ կա:

— Իիիի… Էստեղ մեկը մյուսին չի ճանաչում: Պռոշներդ էլ պաչեմ, նայիլ չեն:

Սիրանը մտածեց, որ հենց էդ պռոշների պաչը իր սրտով կլիներ, բայց որոշեց ծանր տեղը անտեղի չթեթևացնել:

Սերոժն ուրիշ Սերոժ էր: Կնոջը չթողեց, որ ճամպրուկները վերցնի, առաջ ընկավ ու հարգով-կարգով տարավ նստեցրեց տաքսի:

Սիրանը հասկացավ, որ հավն ու կովը, բոստանը, մոշն ու մասուրը էս կյանքում էնքան էլ կարևոր չեն, որ ինքն էլ Սերոժի նման (եթե տղամարդ լիներ) էս տեսակ մոսկվաներից չէր ցանկանա վերադառնալ:

Երբ արդեն բավականին հեռու էին օդանավակայանից, պարզվեց, որ դեպի քաղաք տանող ճանապարը փակ է: Իր տեսած թանկարժեք մեքենաներն էստեղ ոնց որ թե ավելի շատ էին ու գրեթե չէին շարժվում:

«Ջոջ են թաղում»,- մտածեց Սիրանն ու որոշեց, որ «իր ոտը խերով չէր»:

Հետո շարժվեցին ու էլի կանգնեցին, էլի շարժվեցին ու էլի կանգնեցին….

Պատուհանից երևացող ավտոմեքենաների ղեկին կանայք կային, շատ, անսպասելի շատ կանայք: Սիրանը գնալով ավելի էր համոզվում, որ մի ուրիշ աշխարհ, ուրիշ մոլորակ է ընկել, որ ինքն էլ կուզեր «ռսի կնիկ» լինել: Հետո, իհարկե, ազգային հպարտության դուրս ընկած հոդը նորից տեղն էր ընկնում, ու ինքն իրեն սկսում էր մեղադրել անշնորհք, անպատկառ մտքերի համար:

— Մոսկվան դեռ հեռու՞ է,- հախուռն մտքերից ազատվելու համար որոշեց հարցնել:

— Մոսկվա չենք գնում: Կողքը մի քաղաք կա, տղերքով էնտեղ ենք մնում, գործներս էնտեղ է, — արձագանքեց ամուսինը:

— Բա ես Մոսկվան չեմ տեսնի՞…

— Կտենաս, մի օր կհաջողացնեմ, կտանեմ:

Վարձով  բնակարան էր՝ երկու սենյականոց:

— Էս մի սենյակում ես ու դու կմնանք: Տղերքը դատարկել են: Իրանք էն մի սենյակում յոլա կգնան մինչևը….

Տեսնելով սենյակի անկյունում իրար միացրած երկու մահճակալը՝ Սիրանի սիրտը չհեծնած զամբիկի պես ծառս եղավ:

— Արի, արի մի տենամ ո՞նց ես, ի՞նչ ես,- կնոջը հրելով դեպի մահճակալները՝ ականջին փսփսաց Սերոժը:

— Բա որ տղերքը գա՞ն…

— Արխային, գալ չեն…

Սիրանը երկար թավալ եկավ անկողնում. ե՞րբ էր կյանքում ամուսնու հետ մենակ եղել: Միշտ սկեսուր-սկեսրայրի հետ՝ «անձեն, անտրտունջ…»: Հետո էլ երեխաները ծնվեցին: «Էէէէէ…»:

Մտածեց, մտածեց ու էլի աչքերը լցրեց:

Սերոժը գործերով դուրս եկավ՝ զգուշացնելով, որ երեկոյան կգա:

Մենակ էր, ազատ ու երջանիկ:

Ճամպրուկները դատարկեց ու սկսեց ճաշ պատրաստել. «Մարդ են, գործից կգան, թող մի համով, տնական ճաշ ուտեն»:

Հետո էլ անցավ ամուսնու հագուստը, դարակները դասավորելուն. բնակարանը պիտի կարգի բերեր: Մի բան միայն տարօրինակ թվաց: Սերոժի բոլոր գրպաններում անհասկանալի փոքրիկ փաթեթներ կային՝ կլորիկ ռետինե օղակներով: Բացեց, նայեց, բան չհասկացավ: Բայց ամեն մեկը մի անուշ հոտ ուներ՝ էլ խնձոր, էլ ազնվամորի, էլ հազար ու մի զարմանք բուրմունք…

Սիրանը դրանք բոլորը հավաքեց մի տեղ ու լցրեց փոքր սեղանիկի կենտրոնում դրված մրգի թափանցիկ ամանի մեջ:

Երեկոյան տղամարդիկ վերադարձան աշխատանքից: Սիրանն արագ սեղան պատրաստեց, ու տղամարդիկ նստեցին հացի:

— Քույրիկ ջան, բա դու՞,- ասաց նրանցից մեկը, վեր կացավ ու ձեռքով կանչելով՝ իր տեղը պատրաստվեց զիջել կնոջը:

— Չէ-չէ, եղբայր ջան, դուք կերեք, ես կուշտ եմ: Ինձ մի նայեք: Հանգիստ անուշ արեք:

Հետո ինչ-որ բան մտաբերեց, վազեց «իրենց» սենյակն ու վերադարձավ «Սպրայթի» մուգ կարմիր շիշը ձեռքին.

— Էս իմ քաշած գինին է՝ անցյալ տարվա մեր բաղի խաղողից:

Սերոժը գոռոզ-գոռոզ լցրեց ներկաների բաժակներն, ու կենացներն սկսվեցին: Սիրանը կարմրեց՝ իր, ընտանիքի, օջախի հասցեին ռուսերենախառն հնչող կենացներից: Հետո սրտի հաճելի թրթիռով վերադարձավ իր սենյակն ու նորահարսի պես սպասեց ամուսնուն:

Սերոժը ուշ եկավ: Գինուց հետո տղամարդիկ մի երկու շիշ օղի էլ խմեցին ու, ով գնաց քնելու, ով էլ դուրս եկավ՝ ով գիտի, թե ինչի համար:

Երբ Սերոժը բավականին գինովցած ներս մտավ, Սիրանը ոտքի կանգնեց.

— Գնամ սեղանը հավաքեմ, աման-չամանը լվանամ:

— Տեղդ նստիր,- ձեռքը ներքև իջեցնելով՝ կանխեց Սերոժը: — Մարդ են, լողանում են, մայկա-տրուսիկով տանը ման են գալիս: Առավոտը…

Հենց էդպես՝ շորերով էլ պառկեց անկողնու վրա ու անմիջապես քնեց: <Նորահարսը> սուսուփուս հանեց ամուսնու շորերն, ու ինքն էլ պառկեց: Մինչև լույս Սիրանն էդպես էլ չքնեց. օտար տեղ, օտարի տեղաշոր…

Առավոտյան բնակարնը դարձյալ աշխուժացավ: Սերոժն էլ արթնացավ ու պատրաստվեց աշխատանքի գնալ:

— Այ կնիկ, էս ի՞նչ է, ի՞նչ ես արել,- Սերոժը, սեղանիկի վրայի մրգամանի տարօրինակ պարունակությունը տեսնելով, անսպասելի կանգ առավ:

— Սերոժ ջան, շորերդ էի դասավորում, ջեբերդ լիքն էր: Էդ ի՞նչ է….

Սերոժը գլուխը երկար քորեց, մի երկու անգամ հազաց ու անհասկանալի ժպիտով արտաբերեց.

— Ցեցի դեղ է: Դրել եմ, որ ցեցը շորերս չուտի: Դրանց մնա, շորերդ չէ, քեզ էլ կուտեն:

Ասաց, ինքն իր ասածից գոհ մի անգամ էլ լիաբերան ծիծաղեց ու դուրս եկավ:

— Հա,- ետ դառնալով՝ շարունակեց տղամարդը:- Էսօր շատ ուշ կգամ: Տանից դուրս չգաս ու ոչ մեկի առաջ դուռը չբացես: Եղա՞վ….

Սիրանը միայն գլխով արեց:

Երազների շաբաթն արագ անցավ: Սերոժը «թարսի պես» ժամանակ չունեցավ Սիրանին Մոսկվան ցույց տալու: Մի օր միայն տարավ տեղի անծայրածիր «շորի շուկան», հետո էլ սրճարան՝ պաղպաղակ ուտելու:

Եկավ տունդարձի ժամանակը: Ճանապարհն էլի նույն խցանումներով ու թանկարժեք մեքենաներով սահեց Սիրանի պատուհանի կողքով՝ անասելի տխրությամբ լցնելով ուղևորի սիրտը:

Օդանավակայանում Սիրանն այլևս չհամբերեց.

— Սերոժ, բա դու ե՞րբ ես գալու, սենց ապրել չի լինի ախր, այ ցավդ տանեմ, երեխեքն անհեր են մեծանում, Սերոժ ջան, մեղք ենք:

— Գամ, որ ինչ անե՞մ…. անասունի տակ մաքրե՞մ…

— Բա ե՞ս…

Ի պատասխան՝ Սերոժը գրպանից բջջային մի հեռախոս հանեց.

— Սիրան ջան, էս քեզ համար եմ առել: Համարս մեջը կա, կզանգես, երբ սիրտդ ուզի, կխոսանք:

Վերջին պահին էլ Սիրանի «պռոշները» համբուրեց, հեռվում մնացող սպասասրահից ձեռքով արեց ու կորավ տեսադաշտից:

Սիրանը օդում փակեց աչքերն ու ամբողջ ճանապարհին անձայն արտասվեց: Մերթընդմերթ ձեռքը տանում էր ամուսնու համբույրից այրվող շուրթերին ու լպստում էր դրանց՝ արտասուքից թրջված աղահամը:

Օնիկը ոնց բերել էր, էնպես էլ տուն տարավ: Ճանապարհները բաց էին, ու Սիրանը մտածեց, որ էստեղի բոլոր ջոջերը երևի արդեն մեռել-պրծել են:

Որքան էր երեխաներին կարոտել: Երբ իրար հերթ չտալով նրանք գետնին փռված ճամպրուկներն էին տնտղում, Սիրանը հայացքով գուրգուրում, գգվում էր յուրաքանչյուրին, մեկ-մեկ դեպի իրեն էր ձգում ու գրկի մեջ հազիվ պահելով՝ անկշտում համբուրում, կենդանու մերունի նման հոտոտում էր որդիներին:

Սկեսրայրը կողքին նստած անխոս նայում էր ճամպրուկների պարունակությունը քրքրող թոռներին ու քթի տակ ինչ-որ բան էր փնթփնթում:

— Հը՞, այ հերա, ո՞նց յոլա գնացիք առանց ինձ:- Սիրանը ծերունու կողմը նայեց:

— Էնա յոլա գնացինք, այ բալա, գնացինք էլի… Էն ախմախը ի՞նչ էր ասում, ե՞րբ է ոտը մոսկվաներից կտրելու, գալու, էս տունուտեղին տիրություն անելու:

Սիրանը չպատասխանեց:

— Ախր, Մխիթարիս համարյա բան չմնաց, էսա բանակ կտանեն,- շարունակեց ծերունին:- Անպետք լակոտ դուրս եկավ: Պորտը դռանը կտրած քեռուն քաշեց հարամ թուլեն… Դու էլ, այ հարս, լավնացել ես, երեսդ սիպտակել է, ոնց որ Թիֆլիզի կեկելկա… Բա էս տեսակ կնկան կթողեն, չեն գա՞….

Սիրանն ասելիք չուներ: Ծերունու խոսքերը այրեցին, դաղեցին կուրծքը: Երբ պատրաստվեց գնալ իր սենյակում մի լավ լաց լինելու՝ ձայներ լսվեցին: Հարևան-բարեկամներն էին եկել՝ առանց դուռը թակելու:

Նստեցին, «մասկովսկի կանֆետ» կերան ու սպասեցին Սիրանի ոդիսականի պատմությանը:

— Մոսկվան ուրիշ է, ծերը չի երևում:- Սիրանն սկսեց:- Գնալիս՝ ես ու Օնիկ եղբայրը Երևանի մոտ մի թաղում տեսանք, ջոջ էր մեռել, ճամփեն փակել էին, լիքը ջիպ-բան կար: Համա Մոսկվայում ամբողջ ճանապարհը մեռել էր: Ջպեր էին, որ կանգնած էին, տեղ-դադար չկար: Մոսկվայի մեծ մասը ջոջ են: Մինչև տեղ հասանք, հա մի գլուխ «Աստված օղորմի» ու «Աստված կարոտ պահի» էի ասում:

Սիրանի տպավորությունները վերջ չունեին: Պաղպաղակի, «շորի շուկայի» մասին պատմեց, «պռոշտու» մասին բան չասեց, բայց մի ուրիշ տեսակ սեթևեթանքով բոլորին հերթով ցույց տվեց ամուսնու առանձնահատուկ նվերը՝ բջջային հեռախոսը, որի էկրանին Լենինի դամբարանի առջև կանգնած Սերոժի ժպտացող լուսանկարն էր:

Խոսք ու զրույցի հետ մթնեց, ու հյուրերը, որը նախանձով, որն աննախանձ, կամաց քաշվեցին իրենց տները: Սիրանը ոչ մեկին դատարկաձեռն ճանապարհ չդրեց. ամեն մեկի հետ մոսկվաներից բերած էն անուշահոտ ռետինի կլորակներից դրեց ու հորդորեց անպայման տեղաշորի մեջ պահել՝ Սերոժի պես, որ բուրդը ցեցը չուտի: Հետո բակն ու տունը կարգի բերեց, երեխեքին պառկեցրեց, միացրեց հեռուստացույցն ու ինքն էլ մտավ անկողին: Իր սիրած ֆիլմն էր՝ «Երեք բարդի Պլյուշչիխայում»: Մի քիչ նայեց ու ժպիտը դեմքին քնեց:

Հազիվ էր լույսը բացվել, երբ  անհասկանալի աղմուկն ստիպեց արագ վեր կենալ: Դուռն էին բախում: Գիշերանոցով, հերարձակ ետ հրեց դռան փականն ու սառավ. հարևան կանայք էին, գոռում, ձեռքով, ոտքով ինչ-որ բան էին ասում, չէր հասկանում:

— Ի՞նչ է եղել, հո Սերոժիս բան չի պատահե՞լ…

— Աղջի Սիրան, — կանանց հարձակումը հոդաբաշխ դարձավ,- էդ գնացիր Ռուսաստան աչքաբացվեցի՞ր: Մեզ էդ ու՞մ տեղն էս դրել, այ լիրբ: Էս հարամ անտերները նվեր ես տալիս, որ ի՞նչ անենք… Թե մարդիդ հետ արդեն սրանով եք սիլի-բիլի անում, պա ռուսկի…

Կանայք չարախնդալով հոտավետ ռետինե օղակներով փոքրիկ փաթեթները շպրտեցին պապանձված Սիրանի երեսին, շրջվեցին ու հռհռալով, բարձր-բարձր խոսելով հեռացան.

— Հարամ գոնդոնը տալիս է, թե ցեցի դեղ է: Թողեիր մարդիդ, հիմի ցեցը սաղ բուրդը կերավ, շաշ…

Աղմուկից արթնացած երեխաներն ու ծերունին լուռ կանգնել էին շփոթահար կնոջ ետևում ու զարմացած փորձում էին ինչ-որ բան հասկանալ: Որքան էլ, որ տարօրինակ էր, Սիրանն զգաց, որ սիրտը ցավեց հատկապես սկեսրայրի համար. ծերունին իրեն մի տեսակ ավելի կռացած,  խեղճ ու անզոր թվաց:

Օրն անցավ լուսաբացի իրադարձության կրկնություններով՝ հեռու-մոտիկ հարևան-բարեկամների մասնակցությամբ, ու Սիրանն այլևս լաց չեղավ:

Երբ իրիկունը լռեցրեց սիրտը սղոցող կշտամբանքների հեղեղը, Սիրանին թվաց, թե մարմինը վաղուց, շատ վաղուց ցեց է ընկել, ու դեռ ուտում է իրեն:  Անսպասելի վեր կացավ, բաղնիքում երկար ու ցավոտ լողացավ, պահարանից հանեց ամենալավ շորերը, հագավ ու հենց էդպես՝ տոնական հագուկապով վերցրեց կաթի դույլն ու գնաց գոմ:

Սերոժի պատկերով հեռախոսը դանդաղ սուզվեց դեռ հեղուկ թրիքի գոլորշու մեջ ու հանգավ:

Կովերին պիտի կթեր:

 

 

3 comments

    • Աշոտ on 26 Փետրվարի, 2015 at 1:48 ե.
    • Reply

    Ազգի նկարագիրը նսեմացնող, անմակարդակ գործ է …

    1. Ազգի նկարագիրը վաղուց է հոտել ազգաբարոյական դիմակների տակ։

      • Դիանա on 31 Մայիսի, 2017 at 3:36 ե.
      • Reply

      Ազգի նկարագիրը նսեմացնող ի՞նչ տեսաք: Մի ընտանիքի կենցաղից միայն խիստ սահմանափակ մտածողության տեր մարդը ձեզ նման կենթադրեր Աստված գիտի՝ ինչ: Ազգի նկարագիրը նսեմացնում է էս քննադատող, ոչնչից օյին հանող տեսակը: Նայեք հայելու մեջ: Այն, որ մերօրյա Հայաստանում դեռ ապրում ու ստեղծագործում են նման մարդիկ, դրա համար պետք է սրբի դուռ գնալ ու մոմ վառել:

Թողնել պատասխան Սիրանույշ Օհանյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.