Սամվել Մարտիրոսյան | ԱՆՀՆԱԶԱՆԴ ՍԻՐՈ ԵՎ ՆՐԱ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ

Ոչ էլ կփնտրեր նրան գայլը, եթե այդ կանչն այդքան նման չլիներ իր իսկ սեփական ձայնին:
-Աո՜ւ… աո՜ւ…
Լսվում էր կեսգիշերային լռության միջից:
Միայնակ էր գայլը:
Գիշերն էլ էր միայնակ:
Երբեմն նրանց թվում էր, թե լուսնից բացի աշխարհում էլ ոչինչ գոյություն չունի ու դժվար թե երբևիցե գոյություն ունենա:
-Աո՜ւ… աո՜ւ…
Կրկին ու կրկին պատասխանում էր արձագանքը: Գայլը բարձրացնում էր դունչը, փորձում ծակել, անցնել մթան անթափանց վարագույրի միջով, բայց քանի շատ էր փնտրում, արձագանքն այնքան ավելի էր հեռանում նրանից:
Հակառակի պես, շարժվելն էլ գնալով դժվարանում էր:
Նրա ծանրության տակ քամուց ծեծված կեղևը չոր կրճտոցով փշրվում էր, ու ծանր հևոցով ոտքերը մինչև կուրծքը թաղվում էին ձյան մեջ:
Հիմա ինքն էլ արդեն չգիտեր, թե ինչքան ճանապարհ է անցել: Ոչ գիշերն էր վերջանում, ոչ տափաստանը: Երբեմն թվում էր, թե արդեն մի ամբողջ կյանք քայլել է այդ արձագանքի ետևից: Մի ամբողջ գայլի կյանք: Թրջված, ծանր ու սոված: Օրերով ու գիշերներով:
-Աո՜ւ…
Կրկին հեռվից ձայն տվեց արձագանքը: Գայլը ձգվեց, բարձրացավ ու մի վերջին ճիգով իրենից առաջ նետեց ոտքերը:
Ահա դարձյալ կանգ առավ: Հարկավոր է մի քիչ շունչ քաշել: Արյան հոտ դիպավ քթին, սիրտը գցեց: Նայեց շուրջը: Ձյան վրա հետքեր չէին երևում:
Թեքվեց, ետ նայեց: Միայն իր սեփական ոտնահետքերն էին՝ անկարգ, անկանոն: Ուժ չկար նրանց մեջ: Ոչ ուժ, ոչ ջերմություն:
Ահա և արյունը: Իր ոտնահետքերի հետ հավասար, կողք-կողքի գալիս էր:
Իր արյունն էր:
Նա աչքը տարավ ետևի թաթերին, աջը վիրավոր էր:
-Դա լավ չի,- մտածեց գայլը,- ուրեմն ժամանակ քիչ է մնացել: Սոված ձմեռ է: Էս է, ուր որ է գալու են, հավաքվելու արյան վրա:
Կշուրջկալեն, կնստոտեն, կնայեն հոգուդ մեջ ու կսպասեն: Ոչ մի տեղ չեն գնա: Քեզ էլ չեն թողնի, որ գնաս: Համբերությամբ կսպասեն, մինչև ծնկներդ ծալվեն, միջիդ կրակը խամրի, ու վրա կտան:
Իր կյանքում նա շատ անգամ էր տեսել այդ ամենը, բայց ոչ մի անգամ մտքովն իսկ չէր անցել մեղադրել որևէ մեկին:
Հիմա հերթն իրենն էր:
Չէ, հիմա էլ նա ոչ ոքի չէր մեղադրում ոչ ցրտի, ոչ մթան ու ոչ էլ արյան համար: Պարզապես իր հերթը հասել էր ու վերջ:
Նա թափ առավ ու շարունակեց քայլել:
Եթե մի պահ կանգ առներ այդ արձագանքը, ապա գոնե աչքի պոչով կնայեր, կտեսներ, թե այդ ո՞վ է իրեն կանչում: Իր իսկ սեփական ձայնով կանչում ու տանում աստված գիտի թե ուր:
Ինքը փոքրուց էլ արյուն չէր սիրում:
Վաղուց, երբ մայրը դադարեց իրենց կաթով կերակրել, դեռ երկար ժամանակ սրտխառնոց էր զգում հոր բերած մսի արյունոտ պատառներից: Քաշում, պոկում էր կաշվի տակից կարմիր ջլերը և առանց ծամելու, միանգամից կուլ տալիս:
Նրա աչքերն այդ պահին արցունքով էին լցվում ու ժամանակ առ ժամանակ դառնում, նայում էին մոր կողմը:
Մայրը մի տեսակ փոքրացել էր:
Դատարկ կուրծքը չորացել,կախ էր ընկել մի անհասկանալի և անիմաստ բեռան պես: Մի անպետք պարկի պես, որի մեջ ոջ մի կաթիլ կաթ չկար այլևս:
Նա մինչև հիմա էլ չգիտեր, իր հայրը երբևիցե կաթ սիրե՞լ է, թե՝ չէ: Իսկ իր մո՞րը: Արդյո՞ք նա սիրել է իր մորը:
Եվ ամեն անգամ, երբ հայացք էր գցում հոր հզոր ժանիքներին, սրտում մի չնչին կասկած անգամ չէր մնում այն մասին, որ հենց նա է իրենց՝ երեքից, իր սուր ժանիքներով մի օր անզգուշորեն ծակել իր մոր կուրծքը, և այդ օրն ամբողջ կաթը կորել, գնացել է:
Այդ օրը ցամաքել է իր մայրը:
Բայց մտքերն այստեղ ընդհատվում էին, և նա կրկին դունչը դարձնում էր հոշոտված որսի կողմը ու մսի նորանոր ծվեններ պոկում այնտեղից:
Օրերն անցնում էին:
Մի իրիկուն հայրը շատ շուտ վերադարձավ որսից: Դատարկաձեռն չէր: Իրեն ու եղբորն էլ առավ, տարավ ոհմակ: Մեջ արեց, բոլորին ցույց տվեց իր որդիների արյունոտ մռութները և ամբողջ կրծքով գոռաց, աշխարհով մեկ եղավ:
-Աո՜ւ…
Հզոր էր նրա ձայնը: Ամենահզորը մեր կողմերում:
Ասում էին, որ իրենց ցեղը կապույտ լեռներից է ճյուղ տալիս:
Միգուցե հայրն էր սովի տարիներին ընտանիքն առել ու իջել դաշտ, միգուցե՝ պապը: Հիմա դա արդեն կարևոր չէ: Նրանք, ովքեր մի անգամ սխալվում ու ցած են իջնում սարերից, այլևս երբեք ետ չեն վերադառնում: Մի տեսակ փոխվում են, դառնում տափաստանային:
Դաշտային գայլերն, իհարկե, ավելի թույլ որսորդներ են, բայց լավ են վազում: Ամբողջ օրը կքշեն որսը այս ու այն կողմ, կհոգնեցնեն, հետո, երբ նա բոլորովին ուժասպառ կլինի, հեշտ ու հանգիստ կզարկեն: Նա չի դիմադրի: Կպառկի անուժ, վիզը կերկարի, մի երկու անգամ քացի կտա ու վերջ:
Գայլը նայեց սարերի կողմը: Նրանք միշտ կապույտ են ու միշտ երկնքում: Երբեմն, մայրամուտից առաջ մի թեթև շիկնում են նրանց գագաթները, բայց մեծամասամբ կապույտ են, երկնքի պես անբիծ:
Ինչու՞ էր դա այդպես: Նա ոչ մի անգամ չի հարցրել իր հորը: Չէ՞ որ այնտեղ էլ քարեր կան, ծառեր, թփեր կան: Այնտեղ էլ գայլեր են ապրում և արյուն է հոսում:
Չի հարցրել:
Մի տեսակ խղճացել է նրան ու չի հարցրել:
-Լեռներում երկար չես վազի,- պատմում էր հայրը,- վազելու տեղ էլ չկա: Դարանակալում ես, ցատքում ու մի հարվածով գետին գլորում որսը: Թե վրիպեցիր՝ ինքդ ես մեղավոր: Կամ անդունդը կշպրտվես, կամ սուր ու երկար պոզերի վրա կմնաս:
Բայց խփելը դեռ քիչ է:
Եթե տեղնուտեղը զարկերակը չբացեցիր, թե մի քիչ ուշացար, կարող ես քեզ համարել կորա՛ծ գայլ: Որովհետև զոհն իր ուժով համարյա միշտ գերազանցում է մեզ, ու լեռնային նեղ կածանների վրա, նա առանց դժվարության ցած կնետի ուզածդ գայլին:
Այսպես, թե այնպես, նրանք ցած իջան: Իջան, բայց միևնույն է, ոհմակին չհարեցին:
-Վազանների հետ ես որսի գնացողը չեմ,- ասաց հայրը և ոչ մեկին չմիացավ:
Երբ նա դժգոհ էր ինչ որ բանից, միշտ նայում էր լեռների կողմը:
Երևի կարոտում էր: Երևի դա նրան հանգստացնում էր: Երևի մտածում էր, որ այնտեղ՝ լեռների մեջ իրեն անպայման կհասկանային:
-Միշտ կանչում են,- ասում էր հայրը,- դրա համար էլ նրանք միշտ կապույտ են:
Ինչի՞ համար են կանչում, չէր ասում:
Նա ընդհանրապես շատ քիչ էր խոսում: Միայն, երբեմն առանց պատճառի ոռնում էր, երկար ու ձիգ ոռնում:
-Աո՜ւ…
Մայրն էլ էր ոռնում: Դունչը բարձրացնում, հասցնում էր առաջին աստղին ու ոռնում:
Հետո ամբողջ գիշեր լռում էին:
-Աո՜ւ…
Սա նորից արձագանքն էր:
Գայլի աչքերը մթնեցին: Նա կանգ առավ, թաթերը լայն չռեց ու այդպես մնաց, պահեց իրեն, որ ցած չընկնի:
Երբ աչքերը նորից բաց արեց, տեսավ, թե իր ստվերն իր փորատակից ինչպես է դանդաղորեն հետ սահում ձյան երեսով:
Նա ավելի ուշադիր նայեց: Չէ, դա իր ստվերը չէր: Արևը վեր էր ելնում լեռան թիկունքից, և դա լեռան ստվերն էր:
-Ինչքան մոտ է նա,- մտածեց գայլը: -Ընդամենը մի ցատք, և ես կհասնեմ նրան, մի ցատք, ու նա իմն է:
Այդ լեռը հիմա ամենևին էլ կապույտ չէր: Սև էր ու մեծ: Կարծես մի ահավոր, հսկա ցուլ լիներ:
-Մի ցատք,- կայծակեց գայլի ուղեղում,- ես կմտնեմ նրա փորատակից ու կխփեմ: Նա կգլորվի: Նա անպայման ցած կտապալվի:
Երբ ոտքերի արանքով ես զարկում, ոչ մեկը չի կարող քեզ քացի գցել:
Պարզապես նա կողքի կընկնի ու կաշխատի ճզմել իր ծանրության տակ ամեն-ամեն ինչ աշխարհում:
Այդ պահին հարկավոր է մի կողմ ցատքել, ինչքան հնարավոր է՝ հեռու: Հետո կտրուկ ետ դառնալ ու բռնել զարկերակը: Ժանիքներն իրենք կգտնեն տեղը: Կգտնեն ու կպոկեն:
Վերջացավ:
-Աո՜ւ… ոռնաց գայլը:
-Աո՜ւ… ոռնաց արձագանքը:
Բայց գայլն այս անգամ այլևս չէր լսում նրա կանչը:
Նա լսում էր միայն, թե ինչպես է դիմացից հևում ու փնչում իր երեսին այդ գորշ հսկան: Լսում էր նրա սրտի աշխատանքը:
Ամեն ինչ հիմա ընդհուպ մոտեցել, հասել էր իր դնչին:
Նա զսպանակի պես կորացավ, սեղմվեց ու մինչև վերջ լարեց մեջքի, ոտքերի, պարանոցի ու ծնոտների մկանները:
Հիմա նա ընդամենը մի վիրավոր ու սոված գայլ էր, և այդ գայլը պատրաստվում էր ցատքի:

2 comments

    • ՍիրանույշՕհանյան on 6 Հուլիսի, 2011 at 2:29 ե.
    • Reply

    Կարոտեցի միշտ կանչող կապույտին…
    Այնքան մարդկային է, որ զգացի գայլությունս

  1. Գայլի միակ սիրելին և աջակիցն իր Լուսնյակն է, որ կյանքի ընթացքում միշտ նույն ժամին դիմավորում է և կյանքից հետո էլ չի լքում:

Թողնել պատասխան

Your email address will not be published.