«

»

Նոյ 20 2013

Տպել Գրառում

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ

Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

ֆրանսերենից  թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի

 

Ճարպային   պատուհաս

Սիսիան գնացող միկրոավտոբուսի մեջ նստել եմ խորքի նստարաններից մեկին:  Բայց մի մայր ու աղջիկ իրենց դետայական ու բացառիկ հետույքային  լայնացումներով եկան գրավելու նստարանը: Եվ ահա իմ ձախ ազդրը կպել է հարևանուհուս աջ բդին: Նրա  համար  մազաչափ անգամ անհնար  է քաշվել մի կողմ,  որպեսզի մեր երկուսի  միջև օդ խաղա: Ցանկանալ մի բան, որն իրեն արժենալու է ահռելի ջանքեր:  Իրականում մենք  չորս հոգի ենք նույն նստարանին: Լուսամուտի և իմ միջև ճանապարհի ընկերս է, որին ես սեղմում եմ ամեն անգամ, երբ մեքենան շրջադարձ է կատարում, ու գեր կինը իր ողջ ծանրությամբ ընկնում է վրաս` ինքն էլ սեղմվելով իր աղջկա կողմից: Չհաշված իրերից ուռած պայուսակները, որ ինքը պահում է ծնկներին, և որոնք էլ ավելի են  մեծացնում ընդհանուր լարվածությունը:

Ժամանակ առ ժամանակ փորձեր եմ անում վեր ձգվելու, որպեսզի փոխեմ հպման կետերը անշարժ ճարպակույտի հետ : Բայց այդ փորձերից հոգնած`ի վերջո  պիտի համակերպվեմ ինձ բաժին հասած փորձանքին: Անցնող ժամերի հետ շոգը սաստկանում և էլ ավելի են լարվում նյարդերս: Տեսնես երբ կհասնենք տեղ: Ազդրս, որ ճզմվել է ուրիշի խոզապուխտի տակ, խաշվում է վարտիքիս մեջ: Արդեն քրտինքը թրջել է շալվարս: Հաստահետույք կինը մազաչափ անգամ չի թուլացնում իր ճարպային  մակընթացությունը: Ու ես քաղաքավարությունից դրդված` չեմ համարձկավում նրան խնդրել մի փոքրիկ տարածքային զիջում անել, այն վախից, թե հանկարծ չընդունի դա որպես գիրության դեմ խտրականության դրսևորում :

Քանի որ նա սոխուկաձև  թորիչի  կառուցվածք ունի, որի վրայից մսերը գլորվում են, կասկածում եմ, թե  հաճույքի աղբյուր լինի որևէ  ամուսնու  համար: Ասենք, այդ ինչ մի պուպուլիկ, թեկուզ Ծուռ Դավթինի մեծության, կարող է ճանապարհ հարթել այդ ծալքերի ու ցելյուլիտի այդ դարսդարսումների միջև՝  մինչև սրբազան ճեղքին հասնելը: Եվ ով գիտե, ասացի ինքս ինձ, իր սեռական լքյալությունը չի՞ ստիպում նրան թաքուն շփման հաճույքներ տենչալ ինձ նման անցողակի արուների հետ: Բանն այն է, որ այս երկրում ծնված ամեն մի կին ամոթալի  բան կհամարեր այսքան սերտ, թեկուզև ստիպողական հպվածությունը անծանոթ տղամարդու հետ: Բայց այս կնոջ համար դա ասես երկնային օրհնություն լինի, որի գործիքը ես եմ դարձել ակամայից:

Նա լայն, ծփացող շրջազգեստ է կրում, որը ծածկում է իր կոճիկները, այնքան թեթև ու նուրբ, որ թվում է, արվել է հենց այն նպատակով, որ միսը  ծորա դրա միջից  անամոթաբար:

 

Դինա հյուրանոցը

Արտառոց բանը Սիսիանի Դինա հյուրանոցում` ծղոտով լցոնված ու մագիլները ցցած արջը չէ` ընդունարանի սրահում, ոչ էլ դրա կլոր լողավազանը մուտքի առջևում  կամ ցայտաղբյուրի սառը ջուրը, որը հաճույք է պատճառում ճանապարհորդին, ոչ անգամ`մրգատու ծառերի առկայությունը կամ կոկիկ սենյակները, էլ ավելի քիչ` քաղաքի ու բլուրների հոյակապ տեսարանները, որ բացվում են քո առջև պատշգամբից…  Ոչ, այդ հյուրանոցի լավագույն բանը նրա առավոտյան նախաճաշներն են, որ ձեզ է մատուցում Նունեն, հավատարիմներից -հավատարիմ կինը, ում  ձեռքից գալիս է ամեն ինչ և ով համեստորեն ծառայում է իր աժդահա վերադասին: Սպիտակ ու տաք ձվերի կողքին, որ ձեզ են սպասում ափսեի մեջ, երկուսը մեկ անձի համար, ամեն տեսակի հաց`լավաշ, բուլկեղեն, լցված են հացամանում: Տեղական պանիր, կարագ, ու մանավանդ ծիրանի ջեմը, որը բերանիդ մեջ լցնում է այդ երկրի քաղցրությունը: Այսինքն, վնասակար չէ իր ոչ չափից ավելի շաքարայնությամբ, ոչ էլ  կծվայնությամբ: Ուտում ես, ուտում…մտածելով, թե ճանապարհ պիտի գնաս, հրաշքների միջով, որ լոկ դրանց անսովոր աչքը կարող է գնահատել: Քայլում ես պերճանքի մեջ մի երկնքի, որը լուսավորում է շրջակա բլուրները, ու ասես հայացքով շարունակում ես զգալ ջեմի համը, որը մնացել էր բերանումդ: Բնապատկերը կծում ես այն նույն կրքոտությամբ, որով ատամներդ էիր խրում հացի խմորի  կամ պանրի աղվության մեջ: Ինչպես որ տաք թեյն էր հոսել երակներիդ մեջ, այդպես էլ զգում ես, թե ինչպես է մարմնիդ մեջ սողոսկում առավոտվա լույսը, մինչ ոգեշնչված քայլքով անցնում ես ծփիների տակով, քաղաքի վերջին փողոցներով, նախքան բարձրանալը հարթավայրը, ուր քեզ են սպասում բնական գեղեցկություններից անտեղյակ գյուղերը, այն վայրերում, որտեղ հիմնվել են դրանք, և որոնց վրա երկինքը մաղում է վսեմ ու աննյութեղեն ոսկի: Այդժամ, ըմբոշխնում ես  այդ հողը` չուզենալով որևէ բան բաց թողնել այն ամենից, ինչ նա շռայլում է քեզ առատորեն:

 

Դաշտերի միջով

Դաշտերի միջով

 

Դաշտերի միջով

Մեզ պատմել էին մի եկեղեցու մասին, որը ողողվում է արհեստական մի լճի ջրերով, Սիսիանից ոչ հեռու: Մենք դուրս եկանք քաղաքից: Հունձ անող մարդիկ մեզ ցույց տվեցին ճանապարհը, որը բարձրանում է մինչև Տոլորս: Ամբարված ջուրը մեզ թվաց կապույտ ու խաղաղ հարթություն: Մենք քայլեցինք ափեզրով ու տեսանք երկու հովիվների: Մարդը մեզ հեռվում ինչ-որ բան ցույց տվեց, որ ասես ջրի մակերևույթին լիներ: Դրանց հասնելու համար պիտի կտրեինք-անցնեինք բլուրների միջով: Ու այդպես, հայտնվեցինք ցորենի ու ծաղիկների ծփացող անեզր դաշտերում, որ երբեմն հասնում էին մինչև ուսերդ: Լերկ տարածություններից հետո, ուր այս ու այնտեղ ուժեղ բույր արձակող բույսեր էին աճում, մենք ընկղմվեցինք անուշ կանաչ զոլերի  մեջ, երբեմն գիշատիչ, որտեղից վեր էին ելնում ճերմակ փրփուրներ, դեղին կամ  մանուշակագույն փետրափնջեր: Հանկարծ մեր առջև հայտնվեց փիփերթի մի դաշտ, որի եզերքով պիտի գնայինք մինչև որ դուրս գայինք ճանապարհի վրա, որի երկու կողմերում բամբակե ծաղիկներ էին աճում, այնքան փափուկ ու նուրբ գլխիկներով, որ սաստիկ ամոթ կզգայի, եթե քայլեյի դրանց միջով: Բայց ոմանք իրենց վերապահում են այդպիսի  իրավունք`փոքրիկ տերերը կամ գիշատիչ թալանչիները, որոնք միշտ պատրաստ են իրենց  անպատկառությունը ծպտել երկրի սքանչելիքները  գովերգելով :

 

Դաշտերի միջով

Դաշտերի միջով

 

Հովիվն ու հովվուհին

Բավական է ասել «Բարև ձեզ»`զրույց սկսելու համար:

Հեռվում նկատեցինք կովերի մի նախիր, որն արածում էր լճափին: Գնացինք դեպի նախիրը: Լճի ու բլուրների կանաչը պսպսղում էր երկնքի տակ: Մի սպիտակ շուն մոտեցավ` չարաչք նայելով մեզ: Մարդը սաստեց շանը: Ջլապինդ, արդեն երկար ժամանակ չսափրված երեսով,  մահակը ձեռքին եկավ դեպի մեզ: Լավ զգացվում էր, որ նրա կյանքը արտանկարված  էր իր կովերի կյանքից: Ինքը նվիրված էր իր կովերին, որպես այն լավագույնին, որը կար իր կյանքում: Նա մեզ բացատրեց, թե որ կողմում էր եկեղեցին, որը մենք փնտրում էինք, ու ցույց տվեց  հեռվում, ջրերի մեջտեղում  երևացող ինչ-որ բան : «Գնացեք բլուրների կողմով,-ասաց նա,- բայց թեքվեք աջ, թե չէ ստիպված կլինեք անընդհատ բարձրանալ ու իջնել: Իսկ հետո, գնացեք դաշտերի միջով:»

Եկավ կինը: Նրանց համար մենք  հետաքրքրաշարժ էակներ էինք`իրենց միօրինակ առօրյայի մեջ: Կինը կրում էր քողարկաներկած զինվորական զգեստ: Հազիվ հասցրել էր սանրվել: Բերանում մի քանի ատամներ չկային: Մազերն ասես ոչխարի սպիտակ բուրդ լինեին, իսկ ամուսնունը փայլում էին սև օբսիդիանի պես, որոնց մեջ սակայն սպիտակ թելեր էին երևում արդեն : Նրանք երկուսն էլ ուժեղ ձեռքեր ունեին ու դեմքեր, որ նման էին արևից խանձված իրենց  բլուրներին: Նրանք երջանիկ էին թվում իրենց գեղջկական միջավայրում: Դա իրենց կյանքի այն վայրն էր, որտեղ հավանաբար, պիտի դիմավորեին նաև իրենց մահվան ժամը: Մենք դեռ երկար կխոսեինք, սակայն շտապում էինք հասնել լճի մեջ կլանված եկեղեցուն: Ասես քարերն ավելի կարևոր էին, քան մարդիկ :

(շարունակելի)

 

Հովիվն ու հովվուհին

Հովիվն ու հովվուհին

 

Share Button

2 pings

  1. Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ » Գրական Կամուրջ

    […] Սկիզբը՝  ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ […]

  2. Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 2 » Գրական Կամուրջ

    […] Սկիզբը՝  ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ […]

Պատասխանել Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ » Գրական Կամուրջ-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>