Սաշա Գիտրի | ՓԱՐԻԶ

Սաշա Գիտրի

Սաշա Գիտրի

 

Ֆրանսերենից թարգմանեց և ներկայացրեց Հռիփսիմե Դայանը

Սաշա Գիտրի
(1885-1957)

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր և պրոդյուսեր Ալեքսանդր Ժորժ Պիեռ Գիտրին դեռևս վաղ տարիքից սկսել է  գրել պիեսներ թատրոնի համար: Նրա թողած հարուստ ժառանգությունը ներառում է հարյուրից ավել պիես. մի քանիսի հիման վրա նկարահանել է ֆիլմեր: Նրա կնքահայրն եղել է Ալեքսանդր Երրորդ կայսրը: 1935թ. հետո Գիտրիի թեկնածությունն առաջադրվում է Ֆրանսիական ակադեմիայում, սակայն նա հրաժարվում է դրանից, քանի որ այդ դեպքում ստիպված կլիներ թողնել դերասանական խաղը: 1939թ. դառնում է Գոնկուրյան ակադեմիայի անդամ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գիտրին չի լքում Փարիզը, այլ շարունակում է իր թատերական գործունեությունը: Ֆրանսիայի ազատագրումից հետո, առանց որևէ մեղադրանքի, նրան ձերբակալում են վաթսուն օրով, սակայն ապացույցների բացակայության պատճառով ազատ են արձակում: Սաշա Գիտրին մահացել է 1957թ. և  թաղված է Մոնմարտրի գերեզմանատանը

 

Փարիզ
(հատված Սաշա Գիտրիի «Սրիկայի նոթերը» գրքից)

Տրուվիլից հետո Փարիզն է, ուր  առաջին անգամ էի գնում տեսնելու: Հյուրանոցի ազդեցիկ մետր դ’օտելի խորհրդով, առանց դժվարության ես ձեռք բերեցի ծառայողի մի հրաշալի տեղ Սկրիբ հյուրանոցում` արդեն իսկ լսած լինելով, որ Տրուվիլի բացման սեզոնն այնուամենայնիվ կվերաբացվի գործունեությունիցս հետո:

Փարի՜զ:
Պետք է ասեմ` մեծ, սակայն, ոչ այնքան լավ տպավորություն. ո՛չ: Լի մարդկանցով: Կամ ավելի  ճիշտ` չափազանց շատ մարդիկ` հոգնակիով: Չափազանց հարուստ ու չափազանց աղքատ, շատ աղջիկներ մայթերին, անթիվ-անհամար աշխատող ու անաշխատունակ մարդիկ: Չափազանց շատ ճոխություն ու թշվառություն: Չափից դուրս շատ անձրև, երբ անձրևում է, շոգ, երբ շոգ է ու չափազանց ցուրտ, երբ ձմեռ է:
Իսկապես, Փարիզն ինձ համար չափազանց մեծ էր ու գեղեցիկ: Երկար շաբաթներ, ամիսներ էին հարկավոր նրա հիասքանչ լինելը հասկանալու համար, իսկ ողջ հմայքը համտեսելու համար` տարիներ: Իրականում կարծում եմ, որ պետք է լինել այնտեղ` Փարիզում` հպարտանալու համար, որ այն գիտես: Ու քանի որ այլևս Փարիզում չեմ, դա ինձ իրավունք կտա ասելու. «Ես այն գիտեմ. ես այնտեղ եղա»:

Եթե ինձ այսօր հանկարծ հարցնեին, թե ինչ է Փարիզը, ես միանգամից կպատասխանեի. «Այն Ֆրանսիայի մայրաքաղաքն է ու աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը»: Հետո կխորհեի ու կհավելեի. «Այն ընդհանրապես այլ բան է. այն ավելին է»: Եվ կփորձեի բացատրել:

Ես կասեի. «Բոլոր քաղաքներն ունեն սիրտ, իսկ ի՞նչն են անվանում քաղաքի սիրտ.  սիրտն այն վայրն է, որտեղ հոսում է քաղաքի արյունը, որտեղ անընդհատ եռում է կյանքը, ի հայտ է գալիս քաղաքի ջերմությունը և դուրս գալիս խաչմերուկից, որտեղ հանգչում են քաղաքի բոլոր զարկերակները: Բայց Փարիզի սիրտը, մասնավորապես, այն է, ինչը տարածված է նրա շուրջ: Յուրաքանչյուրը Փարիզում իր Փարիզն է գտնում: Իմը սկսում է Հաղթական կամարից և վերջանում  Հանրապետության հրապարակով` անցնելով Ելիսեյան դաշտերի, Ռոյալ փողոցի և Մեծ ծառուղու միջով: Փարիզի աջ կողմում ավարտվում է Օսման ծառուղին, իսկ  ձախում՝ Սենան: Պասսի, Լա Վիլլետ, Գրենել, Մոնմարտր` ասում են, որ սրանք Փարիզի թաղամասերն են. ինձ համար դրանք փոքրիկ քաղաքներ են` իրենց կազմվածքով, ավանդույթներով, սովորույթներով և հաճախ նաև` շեշտադրությամբ: Գրենելում ծնված փոքրիկ տղան նույն ձևով չի խոսում, ինչ Մենիլմոնտում ծնվածը: Իմ Փարիզն ավարտվում է Սենայով, բայց ոչ այն պատճառով, որ հոսանքի ձախ ափին գտնվում են քաղաքականության, կրթության, արդարադատության հետ կապված կառույցներ, որոնք ինձ համար խիստ հակակրելի են, և նույնիսկ ոչ էլ Ազգային ժողովի, Արդարադատության պալատի, Սորբոնի, Օդեոնի, Պանթեոնի, կամ էլ  բուսաբանական այգու պատճառով. ո՛չ, իսկապես, այս ամենից ինձ համար հարմար վայր չեմ գտնում: Ձախ կողմն ունի իր վեհությունը, իսկ հուշարձանների գեղեցկությունն ակներև է, մինչդեռ սա կարևոր թաղամաս է, ու ժամանակակից հանդերձանքը նրան այնքան էլ չի սազում: Բավական է մի փոքր հնություն և իմ Փարիզում գտնվողներն այլևս փարիզեցիներ չեն: Փարիզն այն չէ, ինչ իրար մեջ կոչում են փարիզեցիները, որտեղ «այդ Փարիզն», իրականում, քաղաքի միայն  քսաներորդ մասն է կազմում, իսկ բնիկ փարիզեցիների թիվն էլ չի գերազանցում երեք հազարը: Այսինքն, վերջիններիս համաձայն, դա նշանակում է` ռեստորանի տասը սրահ, քաղաքի ձախ կողմում գտնվող Բուայի փողոց, որտեղ եռուզեռը սկսվում է առավոտյան ժամը տասնմեկից մինչև կեսօր, բայց մարդաշատ է հատկապես` երկուսից հինգը: Խաղաղության փողոց, որը մարդաշատ է`ժամը հինգից վեցը, իսկ քաղաքի աջ կողմում գտնվող «Ակացիաներ հյուրանոց»-ը` ժամը վեցից յոթը. սա ամբողջ քաղաքի մի հատվածի նկարագիրն է: Քիչ է, բայց եթե այդպես եք ցանկանում, ապա սա է մայրաքաղաքը: Լինել փարիզեցի չի ենթադրում ո՛չ գործառույթ, ո՛չ վիճակ, ո՛չ մասնագիտություն. մինչդեռ այդ ամբողջն է: Դա եզակի է ու անգնահատելի, ընդ որում` վաճառքի ենթակա չէ: Կա՛մ փարիզեցի են, կա՛մ՝ ոչ: Ովքեր փարիզեցի չեն, ամեն առավոտ հարցնում են, թե ինչ կարող էին անել փարիզեցի դառնալու համար, սակայն նրանք երբեք պատասխան չեն գտնի: Քանզի  փարիզեցի լինելը ո՛չ կամքի հարց է, ո՛չ էլ` բախտի. այդ հարցը նույնիսկ արժեք էլ չունի: Այն մտքի, ճաշակի, սնոբիզմի, ծայրահեղ միամտության, անցուդարձի ու անբարոյականության անբացատրելի խառնուրդ է: Պետք չէ ճշգրիտ իմանալ, թե ինչու են նրանք փարիզեցի, այլ միայն պետք է հասկանալ, թե ինչու ուրիշները փարիզեցի չեն: Իսպանացին չի կարող լինել լոնդոնցի, անգլիացին` բեռլինցի. բայց ալբանացին կարող է լինել փարիզեցի: Փարիզեցի լինելու  համար կարիք չկա ծնվել Փարիզում, ոչ էլ նույնիսկ Ֆրանսիայում: Բանը նրանումն է, որ պետք է բոլորին հարմարվել, ում հետ էլ որ խոսես: Այդ մարդկային բազմազանության մեջ կա բավական խորհրդավոր, գաղտնի համաձայնության պես մի բան: Փարիզեցի դառնում են հանկարծակի, մի գեղեցիկ երեկո: Այո՛, նրանք` այն բոլոր մարդիկ, որոնց ատում են, ովքեր մեկ տարուց չեն հեռացել, ովքեր դավաճանել են իրենց կանանց, իրենց մասնագիտությանը, իրենց ընկերներին, ովքեր երևում են ծերացած, բայց ոչ փոփոխված, ովքեր կերտում են ճշմարիտ աշխարհ, այսինքն` ճշմարիտ մոլորակ, իրենց ավանդույթներով, իրենց զվարճալիքներով, իրենց պատվով. իր պատիվն ու իրենց շարժուձևը. այո՛, այդ բոլոր մարդիկ գիտեն համաձայնվել մեկ ակնթարթում, երբ լինում է դրա կարիքը»:
Եթե ինձ անհրաժեշտ լիներ խորհուրդ տալ նոր ընտրված փարիզեցուն, ես նրան կասեի հետևյալը. «Դու ընտրվա՞ծ ես: Հիանալի է: Հիմա ուշադիր եղիր, ոչ մի սայթաքում: Քո ընտրվելու օրը դու ի՞նչ գլխարկ էիր կրում: Այս մե՞կը: Լավ: Հագի՛ր: Այս ծիծաղելի փողկա՞պն էիր կապել: Շատ ավելի վատ, թաքցրու: Այլևս պետք չէ, որ դու այն խառնես: Սա ամենից կարևորն է: Վերափոխիր այն գլխարկը, փողկապն էլ, ինքդ վերցրու մոդել ու օրինակ նաև նրանցից, ովքեր երեսուն տարի է, ինչ ունեն դրանից : Քո կազմվածը միշտ պետք է նույնը լինի, քանզի նրանք պետք է քեզ հեռվից ճանաչեն: Գլուխդ կամաց-կամաց իջեցրու. դա մեկից երկու  տարվա գործ է: Երբ այն կուզենաս անել` կանես: Ուրեմն կունենաս փարիզեցու ուրվագիծը: Պետք կլինի` կփոխես: Դա է էականը: Եթե այն քեզ մի փոքր շեղում է, ուրեմն շեղվիր: Մի՛ գիրանա, մի՛ նիհարիր: Հատկապես նկարիչներին մի՛ ձանձրացրու: Նրանք քեզ այլևս պետք չեն: Իսկ նորաձևությո՞ւնը: Այս դեպքում ես քեզ միանգամից հուսադրում եմ: Թող  այն, եթե կարող ես, և երբեք մի հետևիր դրան: Դու չպետք է նորաձևության հետևից ընկնես: Նա է իսկական փարիզեցին, ով տասնհինգ տարի ուշացել է կամ էլ տասնհինգ օրով առաջ է անցել: Դու կունենաս գավառականի տեսք, եթե նորաձևությանը հետևես: Այսքանը սկզբի համար: Մնացածն ավելի հեշտ է: Քո անձնական կյանքից պետք է իմանան հավաստի բաներ: Բայց վատ չէ, եթե  այդ փաստերը հավաստի չլինեն: Պետք է կարծեն, որ դու ամուսնացած ես, եթե նույնիսկ ամուսնացած չես, կամ բաժանված ես: Չպետք է իմանան քո սիրուհիների անունները, թե երբ ես դու նրանցից բաժանվում: Պետք է թվա` դու ինչ-որ բան ես թաքցնում, որպեսզի քո շուրջն առասպել ստեղծվի: Այդպիսով, լավ կլինի, եթե քո կյանքի մասին կարծիքները կիսվեն, և եթե կարող ես ենթադրել տալ, որ Նապոլեոն Երրորդը տատիկիդ սիրեկանն է եղել, հիանալի կլինի: Քո շուրջը ստեղծված պատրանքների վրա դու կծիծաղես, իսկ թե ով դա կանի, դու կժպտաս: Այսինքն, սկզբունքորեն երբեք ոչ մի բանում մի խոստովանիր և այն ամենն, ինչ կասեն քո մասին` ճշմարիտ դուրս կգա, ու դու  ինքդ էլ կհավատաս դրան: Զրույցներում եղիր լավատես, զիջող, պարադոքսալ և անգութ: Եթե միտք ունես, եղիր վայրի, անողոք. մի բառ, որ սրբություն է: Դու այն պետք է օգտագործես քո քրոջ, կնոջ դեմ: Եթե պետք է, ապա ինչու ոչ. բառ, որը կարող է տարօրինակ թվալ: Իրավունք չունեն իրենց մոտ պահել տարօրինակ բառ: Կան բառեր, որոնք մահացու են: Շատ  ավելի վատ: Մահացու բառերն ամենաքիչն են ապրում դրանց ստեղծողների մոտ: Լինել փարիզեցի` նշանակում է սնել քո ներսի մարդուն, ու դու դրանով կապրես: Ես քեզ նույնիսկ կարող եմ վստահեցնել, որ դու այնտեղ կմահանաս` գլխարկդ գլխիդ ու փողկապդ էլ վզիդ:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.