Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ

Երանուհի Ղանդիլյան

Երանուհի Ղանդիլյան

Հնարավորինս անաղմուկ բացելով ննջասենյակիս դուռը, մայրս ներս մտավ, կռացավ մահճակալիս ու շշնջաց:
-Բալես, 6:45 է, կուշանաս, վեր կաց:
-Ու՜ֆ մամ, հեսա կհելնեմ,- ասացի ու շրջվեցի մյուս կողքի վրա, փորձելով դուրս գալ թմբիրից, որ կանգնած է երազի և իրականության շեմին:
Մայրս ինչպես աննկատ մտել էր, նույն կերպ էլ դուրս եկավ սենյակից: Ես ևս 5 րոպե դաժան պայքար մղելով քնի դեմ՝ վեր կացա: Նայեցի անկյունում դրված ուսապարկիս, որ դեռ երեկ էի դասավորել, ու փորձեցի հիշել. հո բան չե՞մ մոռացել:
-Ե՛ր, տաք գուլպաներ վերցրու, որ ճանապարհին ոտքերդ թրջվեն՝ փոխես,-մի աչքը բացելով քնաթաթախ խորհուրդ տվեց քույրս ու անմիջապես էլ խորասուզվեց վերմակի տակ:
Մի կերպ գնացի լոգարան. «Վայ, մամա ջան, ոնց եմ ուզում քնեմ, թե ասա քեզ պե՜տք էր»,- մտածեցի, սրբիչը ջանասիրաբար քսելով դեմքիս, հետո հայելու մեջ աչքով անելով ինձ. «Պետք է, գնա՛»:
Երբ արդեն ամբողջովին սպառազինված դուրս էի գալիս տանից, լսեցի տատիկիս ձայնը.
-Թե ասա աղջիկ երեխա ես, էս ցրտին ի՜նչ գործ ունես: Էս դարի ջահելներից մարդ գլուխ չի հանում:
-Լիքը գործեր ունեմ, տատ ջան,-ասացի ու դռնից դուրս եկա: Մայրս ծածկեց դուռը. «Զգույշ կլինես, ցավդ տանեմ»:
Աստիճաններով իջնելիս նայեցի ժամացույցին՝ 720: Չէ, չեմ ուշանա, կհասցնեմ:
Փողոցում կատարյալ ցուրտ էր: Շատ մանր փաթիլներով ձյուն էր մաղում, որ հավանաբար դեռ կեսգիշերին էր սկսվել: Շուրջս բացի ծառերից ոչ մի կենդանի շունչ չկար: Մի տեսակ մենակության և անպաշտպանվածության զգացում ունեցա:
Խորը շնչեցի առավոտյան սառը օդը, որից նույնիսկ թոքերս արթնացան (մինչև հոգուս խորքը թարմացա…): Մաքուր ձյան վրա առաջինն իմ ոտնահետքերը դրոշմվեցին: Պատկերացնու՞մ եք, մի ամբող փողոցի, միգուցե և քաղաքի կտրվածքով ես առաջինն էի ոտք դնում այդ օրվա ձյան վրա: Համարյա նույն զգացողությունն ապրեցի, ինչ հավանաբար ունեցել էր Նիլ Արմսթրոնգը, 1969 թվականի հուլիսի 20-ին, Լուսնի վրա առաջին անգամ ոտք դնելիս: Այնքան կարևոր մարդ զգացի ինձ այդ պահին. «Եր ջան, այսօր դու առաջինն ես ճանապարհ բացում հարևանների և անծանոթների համար: Միգուցե ձյան վրա քո բացած արահետով դու փրկեցիր ինչ-որ մի մոլորված անցորդի, ում սպասում են տանը, անհանգստանում»,- մտածեցի ու ծիծաղս եկավ, ախր ձյունը տետրի թերթի հաստության էր, հազիվ ծածկել էր գետինը, ոնց որ տունը վերանորոգելիս հատակին մի շերտ սպիտակ ներկ քսես:
Այսպես ինքս ինձ հետ ասել-խոսել-ծիծաղելով հասա փողոցի անկյունին, որտեղ դրված էին մի քանի մեծ աղբամաններ, իսկ դրանց շուրջ թափթփված տոպրակների մեջ մի շուն ցրտից դողդողալով նախաճաշ էր փնտրում: Դանդաղեցրեցի քայլերս: Երբ մեր հայացքները հանդիպեցին, ես ինձ մեղավոր զգացի նրա այդ վիճակի համար: Համայն մարդկության անտարբերությունը ծանրացավ ուսերիս: Գլուխս կախեցի ու արագ-արագ հեռացա, մոռանալով նույնիսկ, որ ես վախենում եմ շներից:
Հասա կանգառ: Սպասեցի մի քանի րոպե, բայց ոչ մի հասարակական տրանսպորտ չեկավ:
-Թո՜ւհ, ես ձեր…: Ե՞րբ պիտի կարգավորվի էս հարցը, ե՞րբ պիտի էս երկիրը երկիր դառնա, ե՞րբ պիտի կշտանան գծատերերը,- փնթփնթացի ու քայլերս ուղղեցի դեպի փողոցի անկյունում կանգնած տաքսին, որի ապակու ետևից երևում էր վարորդի գլանակի կրակը:
-Մինչև Պրոսպեկտ քանիսո՞վ կտանեք,- հարցրեցի վարորդին, քաջ գիտենալով, որ 2000 դրամ է, պարզապես իմ փորձը ցույց է տվել, որ պետք է նախօրոք հարցնել, պայմանավորվել, այլապես շատ թանկ ավարտ կունենա:
-2500,- նետեց վարորդը ծխախոտի արանքից:
-Երբ ինքներդ տաքսի նստեք, իմացեք, որ մինչև Պրոսպեկտ 2000 է, հանկարծ չխաբեն ձեզ,- ասացի ու փակեցի դուռը:
-Արի՛, արի՛, քուր ջան, 2000-ով կտանեմ:
Նստեցի դիմացի աթոռին ու մեխանիկորեն անվագոտին ամրացրեցի:
-Մի գցի՛, էս ժամին փողոցներում մարդ չկա:
-Ես սա իմ անվտանգության համար եմ ամրացնում: Բացի այդ օրե՛նք է,-պատասխանեցի:
-Տուրիստ ե՞ս քուր ջան:
-Ո՛չ: Հա՛յ եմ. Ֆիզիկապես, հոգեպես և գիտակցաբար:
Գործի գցեց շարժիչը: Քունս անտանելի տանում էր: «Երանի հարցեր չտա»,-մտածեցի:
Վարորդը լուռ դիմացավ 10 րոպե ու հարցրեց.
-Դուրսը ցո՞ւրտ էր:
-Դրսում սովորական ձմեռ էր, բան չի փոխվել:
Զգալով, որ հարմար զրուցակից չեմ, մնացած ճանապարհը լուռ անցանք: Հասանք: Վճարեցի գումարն ու իջա: Երևանում սկսվել էր երթևեկությունը, կանգառներում հատ ու կենտ մարդիք էին երևում: Նայեցի ժամացույցին, դեռ 10 րոպե ունեմ: Ավելի լավ է քայլեմ և վայելեմ արթնացող Երևանը: Երբ հասա Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի մոտ, մի խումբ ագռավներ թռան գլխավերևովս և թառեցին ծառերին: Ագռավներից մեկը ինձանից 5 սանտիմետր ձախ հոգաց իր բնական կարիքը:
-Տնաշենն էս ինչքան էլ շատ էր կերել: Ինչ լավ է ինձ վրա չընկավ, թե չէ էս ցրտին ով պիտի անձեռոցիկ հաներ ու մաքրեր: Բայց ըստ ժողովրդական հավատալիքների, եթե ծիտը ծրտում է վրադ՝ բախտավորության նշան է, իսկ ագռավը ամենախելացի թռչունն է, ուրեմն կրկնակի հաջողություն է: Թո՜ւհ, 5 սանտիմետր ձախ լինեի, հիմա Մաշտոցի պողոտայում ամենաբախտավորը ես կլինեի,- ու նորից ծիծաղեցի:
Չգիտես որտեղից ուղեղիս մեջ սողոսկեց և փչացած ձայնապնակի պես սկսեց պտտվել.
Սարե՜րի հովին մեռնե՜մ, հովին մեռն՜մ, հովին մեռնե՜մ:
Իմ յա՜րի բոյին մեռնե՜մ, բոյին մեռնե՜մ, բոյին մեռնե՜մ…

-Բայց մի րոպե, ես յար չունեմ: Է՜հ, ափսոս ագռավը չծրտեց ուսիս,- ի սրտե ափսոսացի: Ինքս ինձ հետ զրուցելով ու երգելով հասա Սարյանի պուրակ, որտեղից և պետք է շարժվեինք: Արձանի մոտ արդեն հավաքված մարդիկ կային:
-Բարև ձեզ, ես Երանուհին եմ:
Սպասեցինք ևս 10-15 րոպե, մինչ խումբը հավաքվեց:
-Դե, բարձրացե՛ք, շարժվենք,- ասաց Տիգրանը, մեր արշավախմբի կազմակերպիչն ու ուղեկցորդը:
Բարձրացանք միկրոավտոբուս: Մի քանի րոպե տաքանալուց հետո, նորից սկսվեց դաժան մենամարտը գիտակցությանս և թմբիրի միջև: Հիշեցի մեծերից մեկի խոսքը. «ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել»… ու ես «մեռա» նստած: Գրկեցի ծնկներիս վրա դրված ուսապարկս, գլուխս դրեցի վրան ու փակեցի աչքերս: Մերթ ընդ մերթ խոսակցության պատառիկներ էի լսում, բայց չէի ընկալում դրանց բովանդակությունը.
-Երեխեք հիշում ե՞ք, որ Թեղենիս էինք բարձրանում, մինչև գոտկատեղ ձյուն էր…
-Բա որ գնացել էինք Լաստիվեր, գետնախորշում արջի ձեն հանեցինք ու վախեցրեցինք…
-Բա մի անգամ էլ Կարմիր ծովում դայվինգի ժամանակ մարզիչը հարցրեց ոնց ե՞ս, ես էլ բութ մատս պարզեցի վեր, իբր լավ եմ, ու հիշեցի, որ էդ ժեստը նշանակում էր «ուզում եմ վեր բարձրանալ» ու արագ-արագ ցուցամատս ու բթամատս միացրեցի իրար՝ OK եմ …
Կեսքուն-կեսարթուն ժպտում էի ու երազում, որ մի օր ես կբարձրանամ բոլոր գագաթները:
Մոտ 1 ժամ հետո հասանք նշանակետին: Իջանք մեքենայից ու սկսեցինք պատրաստվել վերելքին: Տիգրանը սկսեց խորհուրդներ տալ.
-Բարձրանալուց շոգելու եք ու քրտնեք, այնպես որ, եթե շատ տաք եք հագնվել՝ թեթևացեք, որ վերևում փոխվեք:
Քանի որ ես մրսում էի, ոչինչ էլ չթեթևացրեցի, բայց այն մտքից, որ ուսապարկումս տաք հագուստներ ունեմ, ինձ շատ ապահով էի զգում:
Սկսեցինք քայլել: Աշխատում էի հետ չմնալ խմբից: Առաջին անգամ էի մասնակցում ձմեռային քայլարշավի և առաջին անգամ եմ բարձրանում Հատիս լեռը՝ 2531 մետր, չնչին է պրոֆեսիոնալների համար, բայց ինձ համար հսկա է:
Կանգնեցի շունչ քաշելու.
-Հը, ո՞նց ես,- մոտեցավ Անանիասը:
-Լավ եմ,- ժպտացի,- տեսարանն եմ վայելում,- ու շարունակեցի քայլել:
-Եթե դժվարանում ես, սրանք վերցրու, սրանցով հեշտ է բարձրանալը,- ասաց ու մեկնեց դահուկների ձողերը, որոնց գլխներին կողմնացույց և լապտեր կար:
-Իսկ դու՞
-Դու արխային, ես կքայլեմ,- պատասխանեց ու ցույց տվեց ճիշտ բռնելու ձևը:
Որքան բարձրանում էինք, այնքան ավելի էի շոգում: Ուսապարկիս ծանրությունը ճնշում էր: Պայուսակից հանեցի շշով ջուրը, մի կում արեցի, ու մնացածը դատարկեցի ձյան վրա: Հետո հասկացա, որ դա ամենամեծ հիմարություններից մեկն է, որ պետք չէ անել լեռնագնացության ժամանակ. մի քանի մետր հետո ծարավը սկսեց տանջել:
Գրեթե 200 մետր էր մնացել մինչ գագաթ, երբ աջ կողմից սառը քամի սկսեց փչել: Ինձ թվաց, թե հիմա աջ աչքս կցրտահարվի: Հանեցի արևային ակնոցներս և շփեցի աչքերս: Նստեցինք հանգստանալու: Տեսարանը կախարդական էր:
-Երանի միշտ այստեղ մնայի,- միանգամից անցավ մտքովս:
Մեծ ու փոքր Մասիսները հաշտ ու համերաշխ կանգնած էին կողք-կողքի, աջ կողմում Արագածն էր՝ պարզ, խաղաղ, իսկ նրա դիմաց Արայի լեռը՝ գեղեցիկ Արան: Հիշեցի ավանդապատումը, որ նախորդ երեկոյան կարդացել էի վիքիպեդիայում: Ասում են, որ Ասորեստանի թագուհի` Շամիրամը, Արա Գեղեցիկի հետ պատերազմելիս` դասավորել էր իր զորքը Հատիսի լանջին: Իսկ Արա արքան դիրքավորվել էր Արա լեռան լանջին:
Թշնամական բանակն այնքան մեծաթիվ էր, որ թագուհին ստիպված էր կանգնել բարձրադիր վայրում, որպիսի հնարավոր լիներ հետևել ճակատամարտի ընթացքին: Այստեղից էլ առաջացել է լեռան երկրորդ՝ «Շամիրամ» անվանումը:
Ներքևում Արարատյան դաշտավայրն էր՝ ամբողջովին կորած մշուշի մեջ: Թվում է, թե ծով պետք է լիներ, ու չկա: Աչքերս չէին կշտանում տեսարանից:
-Հյուրասիրվեք,- ասաց Աիդան, ինձ պարզելով շոկոլադե կոնֆետներով ու մրգերով տոպրակը:
-Շնորհակալություն,- վերցրեցի մանդարինն ու սկսեցի կեղևը մաքրել: Մատներս սառեցին:
-Ժողովուրդ ջան, բարձրանում ենք,-հնչեց հրահանգը:
Ամիսներ առաջ, երբ կրկին մասնակցում էի արշավի, նույն հրահանգի ժամանակ մեկը կատակեց. «Տո ժողովուրդ ա մնացել, սաղ փախան Ռուսաստան»: Դաժան կատակ էր: Իրականության հասնող դաժանություն:
Մատներս սառել էին, չէի կարողանում բռնել ձողերը:
-Վերցրեք սրանք, ուզում եմ ձեռքերս դնեմ գրպանս, սառել են,- ասացի ես Անանիասին մեկնելով ձողերը:
-Ես ավելի լավ տարբերակ ունեմ,- ասաց, հանեց իր ձեռնոցներն ու մեկնեց ինձ,- սրանք հագի:
«Հա՛յ, դու ծայրահեղական ազգ ես»,- մտածեցի հիշելով տաքսու վարորդին,- ծայրաստիճան հոգատար և միևնույն ժամանակ անտարբեր:
Հասանք գագաթ: Շունչս կտրվում էր տեսարանից: Կարծես անտեսանելի մեկը ներարկիչով ազատություն ներարկեց, այնքան իրական, որ երակներումս զգացի դրա հոսքը: Իսկ միգուցե ագռավը այնուամենայնիվ ծրտե՞լ էր վրաս: Ժպտացի, պարզեցի ձեռքերս: Ուզում էի գրկել սարերը:
Սիրում եմ քեզ Հայաստան:
Չե՛մ արտագաղթելու:
-Սարե՜րի հովին մեռնե՜մ…

 

12.01.2014
Էջմիածին

 

9 comments

Skip to comment form

    • Armineh Zohrabian on 16 Հունվարի, 2014 at 8:06 ե.
    • Reply

    I loved it. Thank you.

      • Երանուհի on 17 Հունվարի, 2014 at 10:07 ա.
      • Reply

      Dear Armineh Zohrabian
      Thanks for your kind words. I am happy that you like it.
      Take care,
      Yeranuhi

    • Արտաշ on 17 Հունվարի, 2014 at 4:32 ե.
    • Reply

    Ապրես Երանուհի ջան , այսքան գրելը երևի թե ավելի մեծ հերոսություն է քան Հատիս բարձրանալը , այս ամնեը սեփական զգացածը նման ձևով ներկայացնել իսկապես մեծ սխրանք է: Հաճախ մենք վախենում ենք արտահայտել այն ինչ զգացել ենք ..

      • Երանուհի on 18 Հունվարի, 2014 at 8:20 ա.
      • Reply

      Հարգելի Արտաշ
      Շնորհակալ եմ ձեր դրական կարծիքի համար: Ամեն մարդ յուրովի է արտահայտում այն, ինչ զգում է :-))
      Լավագույն մաղթանքներով՝ Երանուհի

    • Samvel on 18 Հունվարի, 2014 at 1:54 ա.
    • Reply

    ես էլ հավանեցի, միասին ուրեմն Հատիս՝ չե՛նք արտագաղտելու…

    • Samvel on 18 Հունվարի, 2014 at 1:56 ա.
    • Reply

    ես էլ հավանեցի, ուրեմն դեպի Հատիս՝ չե՛նք արտագաղտելու

    ես էլ հավանեցի, միասին ուրեմն Հատիս՝ չե՛նք արտագաղտելու…

    • Nelly on 18 Հունվարի, 2014 at 3:12 ա.
    • Reply

    ..Մեր լեռները չեմ փոխի նույնիսկ Ալպերի հետ..

    • mariana on 16 Փետրվարի, 2014 at 10:57 ե.
    • Reply

    shaat lavner.shat havaneci..

    • Yeranuhi on 28 Մարտի, 2014 at 5:29 ա.
    • Reply

    Շնորհակալ եմ 🙂

Թողնել պատասխան Երանուհի-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.