Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. 4200 մ

Zemanta Related Posts Thumbnail

 

Սկիզբը՝ այստեղ

Լուսադեմին Հասմիկը զգույշ դուրս է գալիս վրանից: Կիսարթուն մտքով երանի եմ տալիս նրան. կուզեի արևը դիմավորել: «Վաղը, վերելքի ժամանակ կտեսնես արևածագը»,- համոզում եմ ինձ ու նորից քնում: Երազ եմ տեսնում. ընկերուհիս անգլերենով հարցուփորձ է անում: «Ինչ կլինի, գոնե դու անգլերեն մի խոսա, երկու ժամով եկել եմ, հեսա հետ եմ գնում, էսօր պիտի գագաթ բարձրանանք, սպասում են երեխեքը»,- խնդրում եմ նրան:
Ձայները աստիճանաբար շատանում են, բարձրանում: «Վեր կաց»,- անհանգիստ երազի մեջ, շնչահատ՝ համոզում եմ ինձ: «Լավ էլի՛, մի քիչ էլ քնեմ»:
— Հասմի՜կ, Սիրանուշը քնա՞ծ ա: Ձեն տուր:
— Սի՜ր:
— Հա: Հեսա:
Քնից աչքս կուշտ է, բայց դեռ անհանգիստ երազի տպավորության տակ եմ: Մերոնք գրեթե բոլորը վեր են կացել: Պայծառ, ամպամած-արևոտ օր է՝ հստակ գծերով ու գունեղ ստվերներով: Գնում եմ լվացվելու. ջուրը դեռ սառն է:

Նախաճաշում ենք:
Վերցնում ենք ճանապարհի նախաճաշի փաթեթները:
Ճանապարհի համար կոֆե վերցնե՞լ,- օ, ոչ, այդ ծանրությանը չեմ դիմանա, ավելի լավ է՝ կոֆեի բացակայությանը դիմանամ
Մոտ 9:20 շարժվում ենք: Մի գծով: Նուրսիմը կամ Սաֆեթը միշտ առջևից, զգոն Գևորգը՝ միշտ վերջապահ: Ճար չկա. պետք է համաչափ քայլել ու մոռանալ արշավների ժամանակ շուտ-շուտ կանգնելու և հետ նայելու սովորությունը: «Բա էլ ե՞րբ տեսնեմ ճանապարհը»: «Համբերի, կհասնես տեղ, կտեսնես, կամ էլ դադարի ժամանակ»: «Էդ հաշիվ չի»:
Դիքությունը գնալով մեծանում է. նկատելի է երեկվա համեմատ: Զիգզագներով ենք գնում, երևի թե երկար տարիների ընթացքում համբերատար ձևավորված արահետով, բայց էլի դժվար է քայլելն ու շնչելը: Փոշին մեզ հետ հավասար բարձրանում է:
Քիչ անց մի կողմ ենք քաշվում ճանապարհից՝ ձիերին թողնելով, որ առաջ անցնեն: Ճամբարը և մեր ուղեբեռը, հավաքված, ձիերի մեջքին բազմած, բարձրանում են: Ձիերը էլի տխուր են, նույնքան տխուր:
Ձիերը անցնում են: Սպասելու ընթացքում նրանց ենք լուսանկարում:
Ճամփի կեսերից դժվարությամբ եմ բարձրանում, ուժերի լարումով: Ամեն քայլից առաջ մտածում եմ, որ սա կարող է վերջինը լինել կամ հերթականը.- ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից.— այսպես ինձ հույս տալով՝ վերջապես սկսում եմ զարմանալ, թե ինչի շնորհիվ եմ այդքան թեթև քայլում:
Մոտ 70 ր-ից դադար ենք անում: Մոտ 600 մ բարձրացել ենք: Մնաց մոտ 200 մ: Հասել ենք Արարատի լանջին տեղակայված սուպերմարկետին: Բա սա խանո՞ւթ ա, բա որ մերը լիներ՝ ըստեղ սաս կլիներ: Կոլա են վաճառում, գարեջուր, հյութեր: Թիթեղյա բանկաների վրա՝ ձյունի գլխարկներ:
— Էս ինչ քայլել ենք քայլում,- ասում է Գևորգը,- անցած տարվա խումբը 15 րոպեն մեկ կանգնում էր հանգստանալու:

Մեզանից առաջ ճամփա ընկած խումբը հանգստանում է:
Իջեցնում եմ ուսապարկս, նստում: Դժվար թե երկրորդ դադարն ունենանք. մոտ 200 մ է մնացել մինչև ճամբար: Կարելի է նախաճաշել, չնայած քաղց չեմ զգում: Տանձ եմ ուտում՝ համով, հյութալի ու նայում առջևս՝ խորքում փռված հարթությանը: «Հետաքրքիր ա, Այրարատյան դաշտ ասելով՝ ինչ տարածք են պատկերացրել: Դպրոցում, օրինակ, միշտ Մասիսից էս կողմ երևացողն էի պատկերացնում: Հիմա՝ չգիտեմ:»
Խոտերը վաղուց մնացել են ներքևում՝ առաջին ճամբարի մատույցներում: Քարերի միջև ծվարած հատուկենտ ծաղկափնջերը զարմացնում են ու գրավում:
Մոտ մի ժամ էլ ենք քայլում: Սիսը երևաց: Կանգնում ենք, նայում, նայում: Լուսնկարում, լուսանկարվում:
— Գնանք,- ասում է Գևորգը,- քիչ ա մնացել, մի հարյուր մետր:
Բայց մենք, չտեսի նման, չենք ուզում շարժվել:
— Գնանք, մի կանգնեք, կմրսեք ախր, համարյա հասել ենք:
Նա ցույց է տալիս վերևում թառած երկրորդ ճամբարը:

— Գնացի՛նք: Սիրանո՜ւշ:
Գևորգը լավ գիտի իր ասելիքն ու անելիքը, արդեն քամի դարձած հովիկն էլ հաստատում է նրա մտահոգությունը, բայց դժվար է կտրվել տեսարանից ու նորից շարք մտնել, մոռանալ աջուձախ նայելու, շեղվելու կամ երազելու մասին, միայն ուշադիր առաջ-ներքև նայել՝ հեռավորություն պահպանելով դիմացդ քայլողի ձեռնափայտերից, չմոռանալով, որ հետևիցդ էլ բարձրացող կա և պետք է զգույշ բարձրացնել ձեռնափայտերը, միայն երբեմն նայելով վերև՝ ամպերի տակից կանչող գագաթին:
Մի քիչ էլ, մի քիչ էլ, մի քիչ էլ: Դիմացի, քիչ մնաց, քայլի, քիչ մնաց, ոչինչ, քիչ մնաց, հասնում ենք, քիչ մնաց, տես, Նուրսիմը արդեն հասավ, Սաֆեթը հասավ, Մարտին Թաթոսիչը հասավ, Հասմիկը հասավ…
Գևորգը սպասում է վերջին՝ դանդաղ քայլողներին:
— Եթե վատ եք զգում կամ ուզում եք մի քիչ հանգստանաք, ասեք, ժողովուրդ, վռազ չենք:
Հասանք:
— Երկու ժամ, քառասուն րոպե,- ասում է Մարտին Թաթոսիչը:
— Բա նորմալը ո՞րն ա:
— Նորմալ չկա:
— Նորմալը վեց-յոթ ժամն ա,- ասում է Գևորգը:
Երկրորդ ճամբարը նեղլիկ է, քարերի միջև խցկված: Մեզանից առաջ եկած խմբերն արդեն հաստատվել են: Եթե առաջին ճամբարում տարբեր ուղեկցորդների խմբերը իրարից որոշակի հեռավորության վրա էին վրաններ խփել, ապա այստեղ բոլորը մոտիկ հարևաններ են:

Խոհանոցն արդեն պատրաստ է: Թեյ՝ մրգերով ու քաղցրեղենով: Ընթրիքը կլինի ավելի ուշ:
Սաֆեթն ու Ագան վրաններն են բացում: Այստեղ տեղավորվելը դժվար է. առաջին ճամբարի խոտածածկ, հարթ տարածք չկա, միայն մանր ու մեծ քարեր են փռված, աջից սառցադաշտն է սահմանափակում, ձախից՝ Սիսի կողմից, անհանգիստ ձորակը, որտեղ շարունակ փլուզումներ են:
— Սաֆեթ, իսկ ջուր կա՞:
— Հա, բա ոնց,- Սաֆեթը ցույց է տալիս շշերի բազմությունը:
— Չէ, լվացվելու: Առաջին ճամբարի նման:
— Չէ
—   Իսկ սառցադաշտի մո՞տ:

Բայց մտածում եմ, որ անպայման կիջնեմ սառցադաշտի մոտ:
Ուզում էի լավ լվացվել, ազատել դեմքս փոշուց, նոր բլուզ կամ սվիտեր հագնել, ապա կրեմ քսել:Ինչ արած, պիտի բավարարվեմ մի-երկու լիտր ջրով:
— Չե՞ս մրսում, շոր հագի,- ասում է Մարտին Թաթոսիչը:
— Չեմ ուզում հիմիկվանից շատ հագնեմ, ավելի լավ ա ընտելանամ:
— Հագի, որ քամին մտավ ջանդ, էլ դուրս չի գա, հիմիկվանից հագի:
— Հայե՞ր եք,- հարցնում են դիմացի վրաններից,- մեզ կնկարե՞ք, հետո կպատմենք, թե ինչ ա եղել:
— Կնկարեմ,- ասում է Հասմիկը:
ՀՀ դրոշը պարզած՝ նկարվում են Սիսի ֆոնին, հետո պատմում, որ նախորդ գիշերը, մեկ ուղեկցորդի հետ, սկսել են բարձրանալ գագաթ, ճանապարհին խմբից մեկը վատ է զգացել, ուղեկցորդը նրան ներքև է իջեցրել, իսկ մյուսները առանց նրա շարունակել են ճանապարհը, մոլորվել, ընկել մշուշի մեջ, երկար դեգերել…
— Ոչ մի դեպքում գիշերը չբարձրանաք, շատ վտանգավոր ա, քրդերն իրանց օգուտի համար են գիշերը տանում, որ մի օր շուտ վրանները ազատվեն…
Նրանց վրաններից երաժշտություն է լսվում՝ «Ախ, երազ էր իմ յարը, աման, մուրազ էր իմ յարը»…
Քամին, անհասկացող ու լկստված շան լակոտի պես, հանգիստ չի տալիս: Ի՞նչ անեմ. տաք հագնեմ ու համբերեմ:
Երկրորդ ճամբարում կա մեկ բիոզուգարան: Ճամբարից քիչ հեռու, բայց հիմա, երբ դեռ ուժերս չեմ վերականգնել, այդ քիչն էլ շատ է թվում: Վիճակը՝ սարսափելի: «ԱԳԼՃԿ-ների զուգարաններից լավ ա»,- մխիթարում եմ ինձ: Զուգարանը՝ զուգարան, բայց ուղեղս է կեղեքում: Շրջակայքն աղտոտված է, ամենուր թղթեր ու դատարկ պլաստիկ շշեր են սփռված: «Լավ էլի, էս ինչքա՞ն ժամանակում ա էս տեսքին եկել»: Գևորգն ասում էր, որ տարին մոտ 4000 հոգի բարձրանում է Մասիսի գագաթը: Եթե մոտ 2000 հոգի մինչև օգոստոսի սկիզբը բարձրանա, կհասցնեն այսքան աղբ ստեղծել: Հաշվարկը չի հանգստացնում: Հաշվարկները չեն հանգստացնում: «Հա, բայց ճամփին էլ շշեր կային թափված, մանր-մունր բաները չհաշված, էդ էլ չի կարելի, չէ՞: Դրանք էլ հո քրդե՞րը չեն թափում, եվրոպացիներ են հիմնականում»: «Ի՞նչ ես ուզում, էդ մարդիկ զուգարան չգնա՞ն»: «Թող գնան, բայց ոչ էս աստիճանի թափելով: Համ էլ մենակ էս տարվա աղբը չի, հաստատ հինն էլ վրան ա կուտակվել: Գոնե տեղումները շատ լինեն, սրբեն-տանեն»: «Լավ, հանգստացի, մեկ ա՝ ինչ էլ ասես, հարցի լուծում չի»:

Թեյը դանդաղ խմելով՝ նայում ենք Սիսին: Դիմացը՝ Մասիսի լանջի փոքր ձորակում, սառցադաշտից քիչ ներքև, փոշի է բարձրանում, քարեր են գլորվում ու խլացնում վերևից՝ սառցադաշտից թափվող ջրվեժիկի երգը:
— Սառույցը հալվում ա, տակը դատարկվում ա ու փլուզումներ են լինում: Տես, ինչ է, է՜,- ասում է Թաթոսիչը:
Գևորգը պատմում է անզգույշ արշավորդներից մեկի մասին, ով չգիտես ինչու որոշել է զբոսնել սառցադաշտի վրա, սայթաքել ու գլորվել, վնասվել, մի կերպ հասցրել են Բայազետ, հետո՝ Վան, վիրահատել:
Քամին չի հանդարտվում: Գնում եմ վրան, բայց չեմ կարողանում հանգիստ նստել ու պառկել: Հասմիկը փորձում է քնել. երկու գիշեր չի քնել:
— Հաս, ես գնում եմ սառցադաշտի մոտ, եթե ուշանամ, ուրեմն ամեն ինչ լավ ա, մոտակայքում եմ:
Դժվարությամբ ու զգուշությամբ իջնում եմ սառցադաշտի մոտ: Ջուրը սառն է ու ծանծաղ հունով է հոսում. ձեռքերով մի կողմ եմ տանում մանր քարերը, փոքր գուռ սարքում, մտածում եմ հավեսով լվացվել ու ոտքերս լվանալ, բայց մատներս անմիջապես սառում են: Դեմքս լվանում եմ, արագ հանում կուրտկաս, ջրով շփում թևերս: Մի քանի րոպե նստում եմ՝ լսելով ջրի ձայնը, կռվելով քամում հետ. «դե լավ, հասկացանք, սսկվի, բայց ինչն ես, վա՜յ, ուզում եմ մի քիչ կարճաթևով նստեմ»: Քամին չի կտրվում. եթե կտրվի, նույնիսկ շոգ կլինի: Հոգնում եմ փոքր քարին անհարմար դիրքով նստելուց, քնել եմ ուզում, խոշոր, տաք, մաքուր քար եմ փնտրում, որ պառկեմ. չկա: Ափսոսանքով հեռանում եմ ջրից:

Նստել եմ զուգարանի ճիշտ կենտրոնում: Ամբողջ ճամբարի տարածքը մի մեծ զուգարան է: Գոնե թափված շշերն ու թղթերը չլինեին: Ճիշտ դիմացս՝ ներքև, լեռան ստորոտից քիչ հեռու, ինչ-որ փոքր բնակավայր է, աջում՝ հարավ-արևմուտքում, ավելի հեռու, Բայազետը: Անհարմար տեղ եմ նստել. պայմանական բիոզուգարանի ճամփից քիչ ներքև, ու թե հայացքս մի քիչ աջ թեքեմ՝ կտեսնեմ ով ինչ է անում: Բայց ավելի հարմար խոշոր քար չկար, փոքրերն էլ հաստատ գոնե մի անգամ ունիտազ ծառայած կլինեն:

Երկար մնում եմ այդպես նստած, անկապ մտքերս գրի առնելով: Անհարմար դիրքից մեջս սկսում է ցավալ: Գրիչը մի կողմ եմ դնում, նայում առջևս փռված լեռանը: Մասիսն իրականում հսկայական քարակույտ է: Այս խիստ, չոր լեռը ինչպե՞ս է արքունական որսատեղ եղել. չեմ հասկանում: Թե՞ միայն մեր կողմի մասին է խոսքը:
Արարատ-քարակույտ: Արարատ- քարալեռ: Արարատ-լեռնաքար: Փոքր ժամանակ սովորաբար Մասիս էի ասում, ե՞րբ դարձավ Արարատ:
Մինչև գալս, մտովի կրկնելով, թե քանի հոգու համար քար պիտի բերեմ, և տարբեր արշավներից տուն բերած քարերի՝ սենյակումս տխուր փոշոտվող  շարքի դառը փորձը հաշվի առնելով, ափսոսանք ու անհարմարություն էի զգում, որ սարը պիտի մասնատեմ, սարը կազմող քարերը կտրեմ իրենց միջավայրից ու վերածեմ պարզապես քարերի: Մտածում էի, որ ամեն եկող քար տանի հետը, Մասիսից բան չի մնա, ու մտածում էի՝ տեսնես եթե Մասիսի քարերը բաժանենք ամբողջ հայության միջև, մարդագլուխ քանի՞ քար կհասնի: Հիմա, նայելով այս վիթխարի տարածքներին,  պատմվածքս եմ հիշում ու վախով մտածում, որ լեռան չափերն ու ՀՀ շնորհալի կառավարությունը հաշվի առնելով, այնքան էլ ֆանտաստիկ բան չեմ գրել:
Տեսնես վերադառնալուց հետո էլի կտեսնե՞մ լեռ բարձրանալու կրկնվող երազս:

Մեջքս ցավին համակերպվել չեմ կարողանում: Գնամ: Երևի արդեն ընթրիքի ժամանակն է:
Հավաքվում ենք վրանում: Մուտքի մոտ հանդիպում եմ նորվեգացիներին: Այս անգամ չեմ դիմանում. երեկ ու այսօր ամբողջ օրը լեզուս քոր է եկել. ամաչկոտությունս մի կողմ դնելով՝ դիմում եմ նրանցից մեկին.
— Յոստայն Գորդերին ճանաչո՞ւմ եք: Նման եք:
Իրականում այնքան էլ նման չի, մանավանդ որ իմ տեսած միակ լուսանկարում Գորդերը բեղ-մորուքով է: Սակայն մի բան կա այս մարդու մեջ, որ ձգում էի ինձ, թվում հարազատ, ինչպես Յոստայն Գորդերի գրքերը:
Ուրախ զարմանքի մի կայծ է երևում-անհետանում կապույտ աչքերում:
— Հա՞:
— Ըհը: Մի քիչ:
— Բա դու ի՞նչ գիտես իրեն:
— Մի քանի գիրք կարդացել եմ, շատ եմ հավանել:
— ՕԿ, ես կփոխանցեմ իրեն:
Մտածում եմ, որ սովորականմարդ չի, եթե անձամբ ճանաչում է Գորդերին, բայց ամաչում եմ հարցուփորձ անել:
Վրան ենք մտնում: Թթու է դրված սեղանին:
-Թթո՜ւ:
Երկար-բարակ միտքս ձևակերպելով՝ մի կերպ Սաֆեթին հարցնում եմ, թե թթվին ինչ են ասում:
— Թթուշ,- մոտավորապես այսպիսի պատասխան եմ լսում:
Խոհարարը սուպ է եփել, խմում ենք, հետո պոմիդորով ձվածեղ է առաջարկում:
— Ավանդական թուրքական ուտելիք է,- ասում է Ագան:
— Ոչ, հայկական:
— Իրո՞ք: Բա հայերեն ի՞նչ եք ասում:
— Պոմիդորով ձվածեղ,- միաժամանակ երգեցիկ ասում ենք ես ու Հասմիկը, և նորվեգացիները ծիծաղում են:

— Հայերե՞ն ես կարդացել Յոստայն Գորդերի գրքերը: Ո՞ր գրքերն ես կարդացել:
— Չէ, մի գիրք անգլերեն, երկուսը՝ իտալերեն…ըըը…
Ուղեղս միանգամից կախվում է, չեմ կարողանում վերնագրերը հիշել:
— Սոֆյայի աշխարհը,- հուշում է Քոգեն:
— Ըհը, ներողություն, վերնագրերը չեմ հիշում:
Հիշում եմ հետո՝ Հեյ, ով կա (իտալ. C’e nessuno) և Ինչ կա աստղերից անդին (իտալ. Cosa c’è dietro le stelle):
— Հայերեն չկա՞:
— Չէ   Ես շատ կուզեի թարգմանել, բայց նորվեգերեն չգիտեմ: Բայց որոշել եմ բոլոր գրքերը կարդամ:
Ուտելուց հետո բարի գիշեր եմ մաղթում:
— Ժամը մեկին, պատրաստ, նախաճաշի, երկուսին շարժվում ենք,- զգուշացնում է Գևորգը:
— Հեռախոսների, ապարատների բատարեները հանեք, շորերի մեջ փաթաթեք, որ դիմանան, շուտ չնստեն:
Քնելու աղոտ հույսով գնում վրան: Դժվար թե քնեմ, բայց հանգստանալ պետք է. վեց-յոթ ժամից սկսելու ենք վերելքը: Պառկում եմ վրանում ու երազում, որ պատերը թափանցիկ լինեն, շրջակայքն ու երկինքը երևան: Քամու աղմուկն անտանելի է: Քնել չեմ կարողանում: Խոսում ենք դեսից-դենից:
— Ի՞նչ ա Արարատը քո համար:
— Հիմա՞: Չգիտեմ: Մեծ զուգարան, երևի:
Ծիծաղում ենք: Վայ չծիծաղողին:
Վրանում աստիճանաբար մթնում է: Դա էլ չի օգնում քնելուն: Մի պահ բացում եմ «դուռը», դուրս նայում.
— Աշխարհում մայրամուտ ա եղել, չենք իմացել:
Աղեղնավորը ծագել է:
Քամին ներս է մտնում: Ուզում եմ դուրս գալ. ալարում եմ կոշիկներս հագնել: Սառում եմ: Փակում եմ դուռը:
Մութի մեջ մի-երկու տող խզբզում եմ, փակում տետրը:
Հասմիկը պատմում է, որ Ֆիլիպը կմնա երկրորդ ճամբարում, էլ չի բարձրանա, արդեն վատ է զգում բարձրությունից: Ընկերոջ գիրքը՝ ցեղասպանությունների մասին, բերել է, որ հանձնի գագաթի ձյուներին, բայց չի կարող: Հասմիկին խնդրել է, որ իր փոխարեն տանի:
Տխրում եմ Ֆիլիպի համար:
Խառը մտքերս անհանգիստ ցատկոտում են: Գիշեր է:

 

Շարունակելի

 

1 հղում

  1. […] Սկիզբը՝ այստեղ […]

Թողնել պատասխան Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳԱԳԱԹԸ » Գրական Կամուրջ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի