Սիրանույշ Օհանյան | ՎԻՔԻՆ, ՀԱՅԵՐԵՆԸ, ԱՊԱԳԱՆ

Wikipedia-logo-v2.svg_

Ես պատկերացնում եմ հեռո՜ւ-հեռավոր Հայաստան՝ այնքան հեռու, որ նրա Արևի լույսը ինձ է հասնում երկուսուկես միլիոն տարվա ընթացքում: Ինչ-որ տեղ տիեզերական ջունգլիներում՝ Անդրոմեդայի միգամածության թավուտներում, մեր Գալակտիկայից անդին ապրում են բանական արարածներ, որոնք մտածում ու հաղորդակցվում են հայերեն: Նրանք իմ հայրենակիցներն են: Երբ նրանցից վերջինը կդադարի մտածել, կդադարի հաղորդակցվել աշխարհի ու իր հետ, կփոխակերպվի սկզբում՝ մոլեկուլների, ապա՝ ատոմների, ապա՝ ատոմային միջուկների և էլեկտրոնների լուսաճառագ քվանտային համախմբի, այդ մասին լույսը կպատմի ինձ միլիոնավոր տարիներ անց: Վերջին հայախոսի կորստի լուրը՝ մոտ երկուսուկես միլիոն տարի անց1:

Ես ապրում եմ այստեղ՝ Գալակտիկայի ծայրամասում, աստղային փոշու մեջ մոլորված Երկիր մոլորակում, որի մի աննշան մակերեսը հայերի լեզվով կոչվում է Հայկական լեռնաշխարհ, իսկ է՛լ ավելի աննշան մակերեսը՝ Հայաստանի Հանրապետություն: Անդրոմեդայի միգամածությունում ապրող իմ հայրենակիցներն ու ես հարազատներ ենք: Հարազատ՝ միասին ծնված, մեկ հոր զավակ, եղբայր կամ քույր2: Մեր ծնողը, մեր ընդհանուր արյունը մեր լեզուն է: Իմ լեզուն:

Ես ապրում եմ հիմա՝ տեղեկատվական դարաշրջանում, երբ երկրային սահմանները թափանցում են վիրտուալ աշխարհ և նոր սահմաններ ձևավորում: Վիրտուալ իրականությունում, որը չունի պետություններ ու քաղաքացիություններ, որը, հետևաբար, պիտի որ չունենար սահմաններ, սահմանը լեզուն է: Սահմանը՝ հասկացություններն ու երևույթներն իրարից տարբերակելու եզրը, որի պռնկին գտնվել՝ նշանակում է լինել անվերջանալի անդունդների վրա մեկնված մազե կամրջին: Խախտի՛ր այդ սահմանը, թե կարող ես: Չեմ կարող: Սահմանը իմ գոյության վկայությունն է. հենց հրաժարվեցի նրանից, գահավիժելու եմ և կորցնեմ ինձ: Վերանամ:

Ուրեմն՝ ես իմ սահմանն եմ, իսկ իմ սահմանն իմ լեզուն է: Ձևով միանգամայն նոր՝ մեր այս ժամանակաշրջանի իրականության մեջ, որում ներթափանցած վիրտուալ իրականությունը թելադրում է ապագային հասնելու նոր կանոններ, ինքնապահպանման խնդիրը վերածվում է ինքնության սահմանները ճշգրիտ որոշելու խնդրի: Երկիրն ընդգրկող պետությունները մոլորակի համաշխարհային ցանցում կունենային միակ՝ ընդհանուր բնակչություն, եթե չլինեին այդ բնակչությունը տրոհող լեզուները: Հայությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, համացանցում կենսունակ է այնքանով, որքանով կենսունակ է հայերենը: Համացանցում՝ նույն ինքը ապագայում: Արդեն՝ ներկայում:

Ուրեմն՝ ի՞նչ անել: Լայնացնել մազե կամուրջն այնքան, որ տարածվի բոլոր անդունդների վրայով: Ընդլայնել հայերենի ճամփաները համաշխարհային սարդոստայնում: Հայերենացնել ամեն ինչ, որ պետք է ժամանակակից մարդուն՝ իմացությունների օվկիանոսից իրեն անհրաժեշտ տեղեկությունը քաղելու համար: Տեղեկատվական անընդգրկելի տիրույթներում ունենալ սեփականը՝ բովանդակությամբ նույնը՝ մարդու համար և առանձնահատուկ՝ հայի համար:

Գործնականում ամեն գիտության և ամեն արվեստի, ամեն մասնագետի և ամեն արվեստագետի համար անհրաժեշտ իմացության աղբյուրը տարբեր է: Սակայն կա մի աղբյուր, որն ընդհանուր է բոլորի համար՝ անկախ զբաղմունքից, աղբյուր, որն այս կամ այն չափով գործածում են բոլորը, քանի որ հանրամատչելի է թե՛ բնույթով, թե՛ բովանդակությամբ: Դա Վիքիպեդիան է՝ հանրագիտարան, որը բաց է և՛ կարդացողի, և՛ գրողի առաջ: Հանրագիտարան, որտեղից հնարավոր է գտնել ժամանակակից մարդուն անհրաժեշտ նվազագույն տեղեկությունը և որտեղ հնարավոր է ազատ գրել այդ տեղեկությունը:

Սպառողական հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ուղեղների լվացքի հեշտ ու արագ մեր աշխարհը մարդու ինքնադրսևորման ու կայացման ճամփին դառնում է բաց դռների լաբիրինթոս, որտեղ հաճախ են մոլորեցնում ուղղորդող նշանները և ուղղորդում՝ մոլորեցնողները: Կողմնորոշման միակ հուսալի հենարանը մնում է սեփական փորձով յուրացրած գիտելիքը: Գիտելիք ստանալու և գիտելիք փոխանցելու կապուղին լեզուն է: Մեր հաղորդակցության հենքը և մեր գիտելիքների հիմքը մեր լեզուն է: Առանց լեզվի չկա աշխարհ, իսկ առանց մայրենի լեզվի չկա իմ աշխարհը: Մենք ապրում ենք ապագայում, ուր գիտելիքները ստեղծվում և տարածվում են վիրտուալ իրականության մեջ: Հայերեն Վիքիպեդիայի դերն ու նշանակությունը այս ապագայում կա և լինելու է մեր ինքնության սահման-տիրույթներից մեկը: Ամենակարևորներից մեկը, քանի որ Վիքիպեդիան բաց և մատչելի է բոլորի համար, բոլորինն է ու ոչ մեկինը՝ միաժամանակ:

Զարմանալի է, բայց պետք է նշել, որ հայերենի այբուբենը հայերենի այբուբենն է, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ օտար մշակույթներին ձուլվելու սպառնալիքին դիմագրավելու համար: Այս այբուբենով է, որ ավելի քան հազար վեց հարյուր տարի է՝ գրվում է հայերենը և իրականացվում են թարգմանությունները, այսինքն՝ այլ գրականությունների և գիտելիքների հայերենացումը: Ինչպես հայտնի է՝ նաև օտարալեզու նվաճողների տիրապետության պայմաններում, նաև՝ հայ գրքի փրկությունը անձի փրկությունից վեր դասելու գնով:

Հայերենի այբուբենը հայերենի անկապտելի մասն է: Հայերեն գրականությունը ներկայացնել օտար այբուբենի տառերով՝ նշանակում է նոր ժամանակների համար մեր այբուբենը համարել անպիտան, իսկ հայերենը՝ անմրցունակ, և ճանապարհ բացել լեզվի ստերջացման համար, ներքինիացնել մեր լեզուն, այսինքն՝ ինքնությունը: Հետևաբար, դա կամավոր եզացում է, որովհետև եզը ներքինու մի տեսակ է: Ան-ասուն՝ այսինքն անլեզու տեսակ:

Եթե մենք այսօր հրաժարվենք հայերեն տառերից ու հայերենից համացանցային կյանքում, վաղը կհրաժարվենք նաև թղթե գրքերում ու դպրոցներում: Եթե, իհարկե, դեռ լինեն թղթե գրքեր ու դասագրքեր: Անդրոմեդայի միգամածությունում ապրող իմ հայրենակիցներին այս մասին լույսը կպատմեր երկուսուկես միլիոն տարի հետո: Իսկ քանի՞ տարի հետո դեռ կլինի հայերենը Երկիր մոլորակում:

 

Ծանոթագրություններ

[1] Հեռավորությունը Երկրից մինչև Անդրոմեդայի միգամածություն մոտ 2.5 մլն. լուսատարի է: Տես համապատասխան հոդվածները հայերեն վիքիպեդիայում:

[2] «Հարազատ» բառի ստուգաբանությունը Աճառյանի արմատական բառարանում

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.