Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԿԱՂԱՆԴԻ ՆՎԵՐԸ

Ձմեռ պապին մտահոգ էր: Նվերների ընտրությունը տարեցտարի դժվարանում էր: Աշխարհի տարբեր կողմերից քամիները բերում էին անհամար տրտունջներ ու դժգոհություններ: Մարդիկ շատ էին փոխվել, երեխաները` նույնպես: Նախկինում նրանք գոհանում էին տիկնիկներով, արջուկներով, փուչիկներով ու քաղցրավենիներով: Իսկ հիմա պահանջում էին էլէկտրոնային խաղեր, համակարգիչներ, պայթուցիկներ, մարդանման հրեշների տեսքով անճոռնի արարածներ ու ճիվաղներ: «Ժամանակից չպիտի ետ մնալ,-սպիտակ մորուքը տմբտմբացնելով խորհում էր նա,- մեկ էլ տեսար ինձ էլ մոռացան…»

Ու որոշեց ծպտված շրջել աշխարհով մեկ, խոսել մանուկների հետ, ընկալել նորօրյա ճաշակները, նոթագրել նախասիրություններն ու ցանկությունները: Այդպես էլ արավ: Հագավ սովորական մարդու զգեստներ ու ճամփա ընկավ:
Բայց նա շատ շուտ զղջած կատարած իր անմիտ քայլի համար: Ամենուրեք հանդիպում էր անկանխատեսելի արգելքների, բռնության ու անարգանքի: Մոտ էր մի տեղ բերնից թռցներ, որ ինքը Ձմեռ պապին է: Ախր նրան դրել էին տեռորիստի տեղ, խուզարկում էին հագուստները, գրպանները, թերթում էին նոթագրությունները, նույնիսկ հանել տվեցին կոշիկները… Վերջն էլ տարան ու վերցրին մատնահետքերը…
Ձմեռ պապին հայտնաբերեց երկու մեծ ճշմարտություն, որոնցից առաջինը՝ մի քիչ մաշված… Այն, որ մարդկանց խելքը ոչ թե նրանց գլխի մեջ է, այլ՝ աչքերի: Բավական է փոխել հագուստները՝ դառնալ Ձմեռ պապի ու էլ ոչ ոք չի պահանջի անցագիր, վիզա ու հազար ու մի ուրիշ չոռ ու ցավեր… Իսկ երկրորդ ճշմարտությունը իրոք վրդովեցուցիչ էր. կենդանիներն ու միջատները ավելի շատ ազատություն են վայելում քան մարդիկ… Նա սարսափեց այն մտքից, որ եթե էսպես գնա, մարդը մի օր անձնագիր կտա թռչուններին, ձկներին ու մեղուներին… Ինքն էլ, հարկավ, պետք է մի բան մտածի եղջերուների մասին…
Ձմեռ պապին նվերների ցուցակը համալրելով, գնա՜ց, գնա՜ց ու հասավ Ալի Բա-բայի ու քառասուն ավազակների քաղաքը: Այստեղ նա ստիպված էր ամեն քայլափոխին ներկայացնել փաստաթղթեր: Հոգնած նստեց մի ավերված տան փլատակների վրա: Հիշում էր, անցյալ տարի եղել էր այս տանը, ուր ապրում էր բազմանդամ մի ընտանիք… Ներս էր մտել ծխնելույզից ու նվերները թաքուն դնելով մուշ-մուշ քնած երեխաների բարձերի տակ, անձայն հեռացել էր… Հիմա ոչ ոք չկար: Շուրջը չարագուշակ լռություն էր տիրում: Հանկարծ փլատակների միջից դուրս եկավ մի փոքրիկ աղջիկ՝ քրքրված տիկնիկը ձեռքին ու մոտեցավ նրան: Չորացած արցունքների հետքեր կային նրա մանկական քնքուշ այտերի վրա: Նա ուշադիր նայեց ծպտված Ձմեռ պապիին ու ասաց.
-Բարև, Ձմեռ պապի ջան…
-Բարև, աղջիկս,- շշմած ու հուզված պատասխանեց Ձմեռ պապին,- դու միակն ես ողջ աշխարհում, որ ճանաչեցիր ինձ, բայց ախր ո՞նց ճանաչեցիր…
-Ձեր աչքերից,-հանգիստ նշեց նա,- էստեղ ոչ ոք ձեզ նման բարի աչքեր չունի, էստեղ բոլորի աչքերը չար են, նրանք սպանում են, նրանք չեն մտածում մեր մասին…
-Իսկ ո՞ւր են քո քույրերն ու եղբայրները…
-Չկան,- հազիվ արտաբերեց փոքրիկ աղջիկն ու հեկեկաց…
Ձմեռ պապին տիկնիկի հետ միասին գրկեց նրան, շոյեց նրա անխնամ, կեղտոտ մազերը, մաքրեց արցունքներն ու տվեց բազմիցս կրկնված հարցը.
-Իսկ ի՞նչ կուզես բերեմ քեզ համար Կաղանդի գիշերը:
Աղջիկը տխուր նայեց հեռուն, մտածեց, մտածեց ու ասաց.
-Խաղաղություն…
-Շատ լավ, աղջիկս,- խոստացավ նա, բայց հետո կարկամեց: Նա չգիտեր ամուր խաղաղություն պատրաստելու տեխնոլոգիան, իր մոտ եղած բոլոր խաղաղությունները բյուրեղապակուց էին ու շուտ էին փշրվում…

1 comment

    • Hrair Gharapetian on 20 Հունվարի, 2008 at 5:45 ե.
    • Reply

    Dear Kolia,
    I hope you remember me from Tavriz/Tehran. Over the years I have read your writings with pleasure. Give my regards to Roubik(Jemil)and please write to me.
    Barevnerov,
    Hrair

Թողնել պատասխան

Your email address will not be published.