Սիրանույշ Օհանյան | ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

— Այստեղ աղմուկը շատ է,- անվերջ բողոքում էր ընկերս:

Հոգնել էի բողոքներից: «Ա՞յս էր մեր ընկերությունը»,- մտածում էի նորից ու նորից, երբ վերսկսում էր նույնը: Վերջին անգամ չդիմացա.
— Ոչ մի աղմուկ էլ չկա,- մի պահ նայելով աչքերին, ապա` ինձ` նրա թիկունքից նայող հայելուն, առարկեցի,- քեզ թվում է:
Լռեց` խոսքը բերանում: Շրջվեց, նայեց հայելուն: Հետո` ինձ: Շրջվեց:
— Իսկապե՞ս:
— Իսկապես: Զարմանում եմ: Ախր, աղմուկը ո՞րն է:
— Աղմո՞ւկը,- մտածեց,- աղմուկը սա է: Վե՛րջ: Հրաժարական եմ տալիս:
Նույն օրն էլ ուղարկել էր դիմումը: Անմիջապես, ակնթարթորեն ընդունել էին` ինչպես կարողացա գուշակել: Կարծես սպասում էին: Աշխարհում եղած պատերից մեկը քանդվեց: Ընկերներիս թիվը մեկով պակասեց: Լավագույն մտերմությունս լուծվեց այստեղ` նրա բնորոշած աղմուկի հորձանքում: Անհասկանալի մարդ է, այնուամենայնիվ: Ախր, պատերը համր են: Ինքը կասեր` անասուն: Լավ է` միայն իմ ներկայությամբ (ի դժբախտություն և ի բարեբախտություն ինձ):
Պատերը մենք ենք: Նախկինում կարծում էին, որ պատերը մեր ներկայացուցիչներն են: Աստիճանաբար համոզմունք հաստատվեց, որ պատերը մեր խորհրդանիշերն են: Հիմա պատերը մեր ինքնությունն են:
Ընկերս անհետ կորավ: Մի-երկու շաբաթ չանհանգստացա` ազատությունս էի վայելում: Հետո սովորույթը գլուխ բարձրացրեց (ընտելացել էի նրան այնպես, ինչպես թունդ սուրճին): Փնտրեցի, չգտա: Մենակ էր ապրում: Հարևանն ասաց` կեսգիշերին տուն է եկել, դրանից հետո էլ չի տեսել:
— Հո չի՞ անհետացել,- կատակեցի: Խայծը կուլ տվեց:
— Չէէէէ, ի՞նչ եք ասում,- ոգևորված առարկեց,- հաստատ դուրս չի եկել: Ամեն քայլը լսվում է: Շատ բարակ պատեր են: Վիրավորական է, գիտե՞ք, ասում են` «Պատերն ականջ ունեն» սերիալը մեր շենքից է սկիզբ առել:- «Միանգամից խոստովանեիր, որ ամեն քայլը լրտեսում ես»,- լիաթոք ծիծաղս մատուցելով` մտմտացի ես: Մտքերս չկարդաց` բարեբախտաբար: Ասում են` վարպետ է, նաև հույժ գաղտնի ու ժամանակակից սարքեր ունի` մտքեր կարդալու:
Դուռը թակեցի: Բախեցի: Քացով խփեցի: Կոտրելն իմաստ չուներ, եթե պայմանավորվածությունը չաշխատեց: Հավանաբար, ինչ-որ հրաշքով ծլկել է այս եռադեմ շան (ասում էին, որ երեք պատ ունի արտոնագրված` երեքն էլ տարբեր անուններով) քթերի տակից ու մեկնել իր սիրելի լեռներին տեսության: Լավ: Նորից կգամ: Մի քանի օրից: Բայց ո՞նց է հաջողացրել:
Պատերը մեր կյանքն են: Մեր երաժշտությունը, մեր պատմությունը, մեր քաղաքականությունը, մեր արվեստը, մեր տաճարաշինությունը, մեր բարեգործությունը, մեր աշխատանքը, մեր բանավեճերը, մեր քունը, մեր պատերազմը, մեր գարունը, մեր լեռնաշխարհը, մեր պայքարը, մեր կրոնը, մեր… Մեր ամեն ինչը փորագրվում է պատերին: Պատերը կախարդական են: Սխալվեցի: Պատերը հրաշալի են (նոր ընդունված օրենքն արգելում է պատերը կախարդական անվանել, քանզի մեր կյանքն իրական է, իրատեսական և շոշափելի: Պատերը` նույնպես, քանզի պատերը մեր կյանքն են): Պատերը հրաշալի են, որովհետև ամեն ինչ տեղավորում են: Նրանց մակերեսը սահմանափակ է, սակայն հնարավոր է անվերջ օգտագործել: Մի՞թե հրաշալի չէ:
Ընկերս չհայտնվեց: Կարոտե՞լ էի: Ի՞նչ է կարոտը: Պետք է հարցնել պատերին: Նրանք ամեն ինչ գիտեն, եթե չգիտեն` իմանում են:
Կրկին ինձ տարա «Պատերը ականջ ունեն» շենք: Եռադեմը (եռապատը) տեղում չէր: Ազդագիր էր թողել: «Բազմապատը հրավիրվել է մայրաքաղաք` նոր ծածկանվան անձնագիրն ու պատվոգիրը ստանալու: Այստեղ փորագրեք ձեր շնորհավորանքները»: Նոր պատի հասցե: Հը՛մ: Բազմապատ: Հըըըմ:
Գողունի հեռացա: Ճանապարհին հիշեցի, որ եկել էի ընկերոջս դուռը բախելու: Վախվորած հետ դարձա. բազմապատը չէր նշել` երբ է վերադառնալու: Ոչ մի բամ: Բա՛մ: Բա՛մ: Բա՛մ-բա՛մ: Բա՛մ-բա՛մ-բա՛մ: Բա՛մ-բա՛մ-բա՛մ-բա՛մ-բա՛մ: 0 բամ, 1 բամ, 1 բամ, 2 բամ, 3 բամ, 5 բամ: 8-ը ավելորդ է: Լավ, փորձեմ: Բա՛մ-բա՛մ-բա՛մ-բա՛մ-բա՛մ-բա՛մ-բա՛մ-…-բա՛մ: Քիչ մնաց հաշիվը կորցնեի: Չէ, չի բացում: Ի՞նչ է եղել:
«Լեռներում գարուն է»,- հանկարծ հիշեցի նրա սիրած երգը: Միշտ հարցնում էի` «Ե՞րբ, հիմա՞»: Զայրանում էր: «Հիմա չկա,- բղավում էր,- մի՛շտ»: Լեռներում հիմա իսկապես գարուն է: Գուցե ա՞յդ պատճառով է ուշանում: Ե՞րբ է ավարտվում գարունը: Կգամ ամռանը:
Պատը մեր կյանքն է (նոր ընդունված օրենքն արգելում է ասել` «Պատը իմ կյանքն է»): Մեր կյանքը շատ հետաքրքիր է, բազմազբաղ: Մեր կյանքը հրաշալի է: Արագաթռիչ: Երջանիկ: Մենք սիրում ենք մեր կյանքը` փորագրել էր ընկերներիցս մեկը իր պատին: Բոլորս հավանեցինք:
«Այսօր ամռան նախաառաջին օրն է»,- փորագրել էր նույն ընկերս իր պատին (օրենքի համաձայն` կարելի է ասել` «նրա պատը», սակայն չի կարելի ասել «իմ պատը», քանի որ այն, ինչ պատկանում է ընկերոջս, չի պատկանում ինձ, սակայն այն, ինչ պատկանում է ինձ` պատկանում է ընկերոջս): Այսօ՞ր: Ամռա՞ն: Գարնան վերջի՜ն օրն է:
Փողոցում վազքս վերածվեց դանդաղ-զարմացած քայլքի: Ի՞նչ պատահեց ինձ: Կարոտե՞լ եմ: Դժվար թե: Անհանգստանո՞ւմ եմ: Մի քիչ: Ընկերոջս համար: Ի՞նչ էր անունը: Ծածկանունը լավ եմ հիշում: Անո՞ւնը: Հիշեցի: Անուն չուներ, այսինքն, ոչ թե անուն չուներ, այլ որպես ծածկանուն ընտրել էր իր անունը: Այդպես են կորցնում սեփական անունը: Լավ է` ժամանակին հրաժարական տվեց: Նոր ընդունված օրենքն արգելում է որպես պատի անուն (ծածկանուն) գործածել սեփական անունը: Շատ համառ էր. հաստատ խնդիրներ կունենար: (Ինչո՞ւ եմ անցյալի մեջ մտածում):
Բազմապատը մուտքի մոտ ինձ էր սպասում:
— Գիտեի, որ գալու եք,- ձեռքը հեռվից թափահարելով` ձայնեց: «Շան պոչ,- մտածեցի,- ոնց որ շունը պոչը շարժի»: Զգացի, որ ժպիտս չի ենթարկվում:
— Դուք ամեն ինչ գիտեք,- փորձեցի ավելի լայն ժպտալ:
— Մենք ամեն ինչ գիտենք,- ձեռքերը ծալեց մեջքին:- Եկել եք ձեր ընկերոջը փրկելո՞ւ:
— Ինչի՞ց պիտի փրկեմ:- «Սրիկայի մեկը»:
— Ուրեմն` ձեզ էլ է փրկություն պետք: Նոր օրենքը դեռ չե՞ք հավանել:
Գլուխս տարուբերեցի, ինչպես մեղավոր շունը` պոչը:
— Ե՛ս կփրկեմ ձեզ: Նոր օրենքի համաձայն` յուրաքանչյուր անձ պարտավոր է պատ ձեռք բերել` ցմահ օգտագործման համար:
Լռում եմ: Սպասում եմ: Նա` նույնպես:
— Մենք ունենք պատ,- վերջապես, ձևացնելով, թե մտածում էի` ինչ կապ ունի այդ ամենն ինձ հետ, ասացի:
— Մենք գիտենք:- Գլխով արեց նա:- Իսկ ձեր ընկե՞րը: Ո՞րն է նրա պատը: Ո՞ւր է նա:
— Մի՞թե տանը չի:
— Տանը չի:
— Ե՞րբ կվերադառնա, չգիտե՞ք:
— Խորհուրդ կտամ պարզել,- ասաց,- ցտեսություն: Գնաց: Բարձրացավ իր բնակարանը:
Ի՞նչ անեմ: Ընկերոջս տեսնելու ցանկությունը սեղմեց կոկորդս, գլորվեց վար ու նստեց սրտիս (Հուզիչ է: Կարելի է փորագրել պատիս… մեր պատին: Ոչ: Չեմ փորագրի: Ի՞նչ ընկեր: Ի՞նչ ցանկություն: Ի՞նչ սիրտ): Գնամ:
Նոր օրենք: Յուրաքանչյուր պատատեր պարտավոր է նվազագույնը մեկ անգամ պատից պատ ցատկոտելով շրջել ամբողջ Պատաստանում: Եթե հանդիպակաց պատը անհաղթահարելի է, ստանալ անցնելու հնարավորություն` ծանոթանալով (ընկերանալով) նրա տիրոջ հետ: Ոչ մի պատ չշրջանցել: Մենք սիրում ենք մեր Պատաստանը: Մենք պարտավոր ենք ճանաչել մեր Պատաստանը: (Կասկածելի օրենք է: Ինչպե՞ս են հայտնաբերելու զանցառուներին: Պատերին հետքեր չեն մնում: Ոչ մի տեսակի: Ճիշտ է, պատը ունի հիշողություն: Խիստ կարճ հիշողություն):
Զբոսնում եմ Պատաստանում: Ինչե՜ր ասես չկան: Մի զարմանահրաշ ու անընդգրկելի աշխարհ է: Իսկապես, ողջ կյանքս չի հերիքի ծանոթանալու համար: Մարդն այստեղ` ինչպես հայելիների թագավորությունում: Պես-պես հայելիներ` օժտված աննկարագրելի բազմազանությամբ, մարդուն բոլոր հնարավոր դիրքերից ու տեսանկյուններից զննելու և ի ցույց դնելու կարողությամբ: Սքանչելի է: Կան պատեր, որոնց բովանդակությունը տեսանելի է ի սկզբանե, կան պատեր, որոնք պահանջում են թույլտվություն` դիտելու կամ կարծիք թողնելու համար: Պատեր կան, որ փրկում են աշխարհը, պատեր կան, որ սովորեցնում են աղոթել կամ ատել, պատեր կան, որ քանդում են աշխարհը: Ընկերս կասեր` դրանից աշխարհում ոչինչ չի փոխվում: Ոչի՞նչ: Աշխա՞րհ: Մեր վեճերի մշտական թեմաները: «Աշխարհը դու ես»,- ասում էր նա, իսկ ես ուսերս էի թոթվում: «Անհեթեթ մտքեր ես հրապարակում,- պատասխան էի տալիս,- դրա համար էլ ոչ ոք չի հավանում»: «Սիրում եմ չմահավաններին»,- հեգնում էր նա: Կուզեի տեսնել: Մի քիչ էլ ինձ պատեպատ խփեմ (նրա սիրած խոսքերն են) ու գնամ այցի: Եթե, իհարկե, վերադարձած կլինի իր լեռներից:
Մոռացա ընկերոջս այցելել: Չէ, չմոռացա, ժամանակ չեղավ: Պատերը շատ պահանջկոտ են: Զգում եմ` ինչպես են առինքնում ինձ: Կապում անտեսանելի թելերով: Ինձ և բոլորին: Բոլորին` ում ճանաչում եմ, բոլորին` ում չեմ ճանաչում: Խոր գիշեր է: Բարի գիշեր:
Սառնարանս դափ-դատարկ է: Սոված եմ, սուրճ եմ ուզում: Ճար չկա` պետք է խանութ գնալ: Հագա ճմրթված շորերս և ներքև իջա: Շունչս կտրվեց: Աչքերս կկոցեցի և մի պահ կանգ առա: Սքանչելի պայծառ օր է: Ուշ սեպտեմբերը շռայլ ու հանգստաբեր արև է վառել: Չէ՞ որ արև շատ եմ սիրում: Պատերի հավաքածու ունեմ նույնիսկ` արևին այս կամ այն կերպ առնչվող:
Վաճառողուհին դժկամությամբ կտրվեց իր պատից` ինձ սպասարկելու համար: Մինչ կշեռքի վրա ծանրութեթև կաներ ու կփաթեթավորեր ընտրածս, աչքի տակով զննեցի նրա պատը: Հիշեցի: Երեկ գիշեր եմ այցելել: Ի՜նչ նեղ է աշխարհը: Հեչ էլ նեղ չի: Ե՛ս եմ ավելի ու ավելի խճճվում Պատաստանում: Հավանաբար, ողջ քաղաքին արդեն ճանաչում եմ: Քաղաքն էլ` ինձ: Հազարավոր անտեսանելի լարեր մեկընդմիշտ կապել են մեզ: Ինչո՞ւ մեկընդմիշտ: Որովհետև պատից ցմահ չի կարելի հրաժարվել: Պատը մերն է, մենք պատինը: Այս ի՞նչ մտքեր են: Հուսով եմ` ոչ ոք չի կարդում: Հապճեպ վճարեցի ու դուրս եկա: Որքա՞ն պատ եմ այցելել վերջերս: Հազարին մոտ: Որքա՞ն ժամանակում: Գրեթե երեք ամսում: Չէ, իզուր եմ չարչարվում: Մրցույթին մի կերպ կմասնակցեմ, սակայն հաղթելու համար միավորներս հաստատ չեն հերիքի: Չեմ հասկանում` դանդա՞ղ եմ շարժվում: Ուրիշներն ինչպե՞ս են այդքան կարճ ժամանակում առաջ գնում: Թե՞ խանդավառություն չունեմ: Գուցե աղմո՞ւկն է խանգարում: Աղմո՞ւկ: Աղմո՜ւկ: Ընկերս մի ամբողջական տրակտատ էր գրել աղմուկի մասին: Բայց որտե՞ղ եմ: Նրա դռան առաջ: Ա՛յ քեզ բան: Վիճակս լուրջ է: Դե լավ, երևի բարին այս է: Տոպրակները դրեցի գետնին և սկսեցի բախել դուռը: Ոչ մի բամ: Մեկ բամ: Մեկ բամ: Երկու բամ: Երեք բամ…
— Բամ-բամ-բամ-բամ-բամ,- հնչեց թիկունքիցս, երբ ձեռքս բարձրացավ հարվածների հնգյակի համար ու մնաց դռանը անշարժ հպված` առաջին բախոցից հետո: Լռությունը ծանր շնչում էր մեջքիս: Տճահությունից փշաքաղված` շրջվեցի: Նիհարել էր, իսկ դեմքը կարծես լղոզված լիներ: «Ոնց որ մի քանի դեմքեր իրար վրայից քսած լինեն»: Ձայնից ցնցվեցի, ինչը մեծապես ուրախացրեց նրան:
— Տանը չի,- ասաց, — քաղաքում էլ չի: Պատաստանի մի զգալի մասում էլ հետքը չի հայտնաբերվել: Մի քանի օրից որոնումները ավարտին կհասցնենք: Եթե չգտնվեց` ճարպիկ արարած է: Եթե գտնվեց… Ձե՞ր գործերն ինչպես են: Հետևում ենք ձեր հաջողություններին, կեցցե՛ք: Ձեր հետագիծն ինձ դուր է գալիս: Ափսոս, արգելվում է հանրային քննարկման ներկայացնել, թե չէ կհավանեի: Ճիշտ է, երբեմն ճնճղուկային ցատկեր է հիշեցնում: Այդպես հեռուն չեք գնա: Հիշեք` իդեալական ուղի ունենալու համար պետք է ձեր հետքերը արևի ճառագայթներ հիշեցնեն` միաժամանակ բոլոր ուղղություններով տարածվող: Այնուամենայնիվ…
— Որոնումնե՞րը… հետագի՞ծ… ճնճղուկնե՞ր… ճա-ճա-ճառագայթնե՞ր…
Կակազում էի: Նա կանգ առավ:
— Իհարկե,- ժպտաց ներողամտաբար,- անպատրաստ մարդու համար չեն իմ խոսքերը: Սիրելի՛ս, մի՞թե այդքան միամիտ եք: Չէ՞ որ ձեր ընկերներից շատերը բուռն քննարկումներ են ունենում` ծրագրելով քանդել Պատաստանը, և այս ձեր ընկերն էլ գլխավոր ծրագրավորողներից մեկն է: Ոչինչ, վաղ թե ուշ կբռնվի: Նրա նմանների վերջը մեկ է: Ձեր նմանները երբեք ինչպես հարկն է չեն հասկանում: Հավանաբար, բացատրական պատ ստեղծելու կարիք կա: Լուրջ բացթողում է մեր կողմից: Արժի առաջարկել ղեկավարությանը: Դե, դե, մի վախեցեք: Ձեզ հաստատ ձեռք չենք տա: Երաշխավորում եմ: Ջուր կխմե՞ք: Տուն գնացեք, փորձեք հանգստանալ: Այսօր կարող եք չաշխատել: Բազայում կնշեմ, որ հիվանդ եք և ի վիճակի չեք պատերի վրայով մագլցել:
Չգիտեմ` ինչպես եմ տուն հասել: Հիշում եմ միայն, որ շարունակ ուսի վրայով հետ էի նայում: Նրա լղոզված ժպիտն ասես սոսնձված լիներ իմ հայացքին:
Աշխարհը փոխվեց միանգամից: Պատաստանը` նույնպես: Հասկացա, որ այստեղ ոչինչ չի կորչում: Բոլոր քայլերը, բոլոր հետքերը, բոլոր ցատկերը պատից պատ մեկիկ-մեկիկ, մեզանից աննկատ պահվում են այնտեղ` Կենտրոնում: Ցանկացած պահի կարող են վերականգնել իմ բոլոր գործողությունները, իմ ողջ կյանքը: Սովորեցի կարդալ չգրվածը, սովորեցի հետևել իմ և ուրիշների հետագծերին: Սովորեցի: Աստիճանաբար պատկերացնում եմ Պատաստանի իսկական տեսքը: Երբեմն փշաքաղվում եմ: Բայց հիմա ինձ սառնասրտություն է պետք: Մի օր էլ իմ հետևից կգան: Ճիշտ է` ես ընդհատակյա պայքարի անդամ չեմ: Մտքովս էլ չի անցնի մասնակցել, ոչ ոք ինձ չի էլ վստահի կամ հավատա: Բայց գիտեմ` մի օր էլ իմ հետևից կգան: Շարունակում եմ հավատարմորեն շրջել Պատաստանում: Հսկորդները գոհ են ինձանից: Ես միլիոնավորներից մեկն եմ`հար և նման մյուսներին: Շարունակում եմ զարգացնել հետագիծս: Շարունակում եմ ամրապնդել և ճոխացնել կապերս: Ցանցը գնալով ընդլայնվում է, ընդլայնվում: Օրըստօրե, ժամ առ ժամ նոր օղակներ ենք ստեղծում` մեզ բոլորիս կապող: Մենք հպարտ ենք ու երջանիկ: Ծառայում ենք Պատաստանին, ճանաչում և հզորացնում այն: Բոլորս: Միայն թե մի օր էլ իմ հետևից կգան, որովհետև տեսել եմ այն, ինչ չեն տեսել մյուսները: Տեսել եմ Պատաստանը կողքից, ավելի ճիշտ` վերևից, ավելի ճիշտ` դրսից (չափումներն ավելին են, քան մեր եռաչափ տարածությունն ունի, ուստի չեմ կարող հստակ նկարագրել): Ընկերս է ցույց տվել, կորած ընկերս: Երազում: Երազը` երազ, սակայն մի օր կիմանան այդ մասին ու կգան հետևիցս: Վախենում եմ, բայց գիտեմ, թե ինչ եմ ասելու որպես արդարացում: Այո՛, ես գիտեմ: Գիտեմ, որ Պատաստանը իրականում (որքա՜ն բազմաշերտ է իրականությունը) անծայրածիր ոստայն է, որը պատում է ողջ աշխարհը: Գիտեմ, բայց ինձ չեն պատժի: Որովհետև ես էլ մեկն եմ սարդերից` այսպես եմ ասելու նրանց:

1 comment

    • Գայանե on 2 Օգոստոսի, 2011 at 5:16 ե.
    • Reply

    Հիանալի է Սիրանույշ ջան:

Թողնել պատասխան Գայանե-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.