Անուշ Ասլիբեկյան | ՏԵՂԵՐ

Անուշ Ասլիբեկյան

Անուշ Ասլիբեկյան

Կանաչ քարերով, մանուշակագույն ամպերով անցնող ճանապարհը Տեղեր էր տանում: Մեքենան վանքից ներքև կանգնեցրինք, պետք էր ոտքերը ցողով օծել մինչև եկեղեցի մտնելը: Եկեղեցին հաստատ տիեզերքի հևքն էր` երկնքի պռնկին էր, քարափի շուրթին: Փերիի հոգում էր բազմած, նրա սրտի տերն էր, Փերին նրա պահապանն էր: Արևի պես կլոր, պայծառ դեմք ուներ, իբրև տեր ու ընկեր` մի ամուսին: Փերին չսպասեց, որ բարևենք: Չէր ճանաչում, բայց հեռվից ձեռքով արեց` թե եկեք: Իր հյուրերին տեր էր ու ծառա: Գործի անցավ, ծառերի ստվերում սեղան գցեց` իր սրտի պես լայն, իր սրտի պես անսահման. էլ աղ, էլ հաց ու ջուր ինչքան ասես որ չտարավ այդ սեղանը: Բարիքներով բեռնվեց:

Բնիկներ էին, Դղեր գյուղից: Պատմում էին, որ Աստված ինքն էր նրանց ընտրել Դղրա Սուրբ Մարիամին տեր ու ծառա: Արքայավայել ծառայում էին ու արժանանում դրախտի պտուղներին: Ապրում էին բաց երկնքի տակ` անձրևին, թե արևին: Աստծո աջն էր նրանց ամպհովանի:
Ասացի` կպատմե՞ք ինչպես սուրբը խոսեց: Գուրգենը կտրուկ, ասես վախենալով, որ մերժել չի կարողանա, ասաց` չեմ պատմի, չի կարելի: Փերին կողքին չէր, բայց մտովի նրա խրախուսող հայացքը ենթադրեց, գոհացավ: Կինը մեզ վանք ուղեկցեց, երկյուղած ձայնը ցածրացրեց, ասաց` ճիշտ է, տեսել ենք, բայց ասում են` սրբերը չեն սիրում, երբ իրենց մասին պատմում են: Բայց թե Գուրգենը տղամարդ է էլի, որքան էլ խնդրել, բացատրել է, միևնույն է, եկվորներին պատմում է: Ասացի` մեզ չպատմեց: Իմ ու Փերիի լռություններն իրար դիպան, ասացին` կպատմի:

Փերիի սեղանն ու սիրտն այնքան լի էին, որ մինչև ուշ երեկո ոչինչ չպակասեց: Պատմությունները թթխմորով հացի պես ուռչեցին, շատացան, ապրեցրին ներկաներին: Գուրգենի պարտեզի անանուխի հոտը թևեր տվեց, հասանք մանուշակագույն ամպերին: Գուրգենն իր պատմություններն արեց անանուխաբույր եթերում, խենթացանք: Ինքը տխրեց: Հիշեց իր խեղճ հավիկին, որ մեռավ:
-Սատկեց,-ուղղեց Փերին:
-Մեռավ,- պնդեցինք:
— Խեղճ էր ծնվել, կախ թևերով ու գունատ, Աստծո կողմից օրհնյալ այս վայրում ո՞վ էր նեղացրել նրան, թևերը չէին բացվում: Երբ կուտը լցնում էի, բոլորը վրա էին տալիս, այս խեղճս չէր հասցնում: Չէր էլ պայքարում, հաշտվում էր, մի կողմ էր քաշվում: Տատն էր մեղավոր, բակում նստած Աստվածաշունչը բարձրաձայն էր կարդում, հավիկս լսել էր, դուրը շատ էր եկել: Օրերով գալիս, նստում էր տատի կողքին, լսում էր ու որոշել էր քրիստոնեաբար ապրել:
— Բայց ինչու՞ հենց դու որոշեցիր լսել, դու, որ առանց այդ էլ ասես դրախտի հավքերից մեկն էիր, երկնքից պոկվել, մոտս էիր եկել,- դառնացած ասում էր Գուրգենը: -Դրա համար էլ մահացար-գնացիր, լավ եղա՞վ:
— Սատկեց,- զգույշ միջամտեց Փերին, ախր կենդանիները չեն մահանում, Գուրգեն:
— Հետևիցս շան պես պտտվում էր, երևի մտածում էր` ես եմ Աստված, ինձ համար էլ հենց ճիշտ էր ապրում,- շարունակեց Գուրգենը: Ես էլ սկսեցի բոլոր կենդանիներիցս մեկուսի կերակրել նրան: Ամեն օր վանքի բակում կուտը շաղ էի տալիս, առանց պայքարի հանգիստ վայելում էր ու, ասես, ժպտում ինձ: Բայց այդպես էլ թևերը չբարձրացան: Պետք չէր տատի կողքին նստել, խեղճ իմ` հուզվեց: Մի օր էլ մտա հավանոց, կուտը լցրի` չերևաց, բակում փնտրեցի` չկար: գնացի վանքի բակ, այնտեղ էր, նախապես թողած կուտը կողքին էր, պառկած էր: Մտածեցի` խելոքս լրիվ մոլեռանդ է դարձել, որոշել է իր կուտն աղավնիներին տալ, ինքն էլ ասեղի անցքով անցնել գնալ դրախտ: Արդեն անցել էր, հաստատ դրախտում էր, ուշացա:
Գուրգենն այնպես պատմեց, Փերին էլ հուզվեց, ու համաձայնեց.
— Մահացավ-մահացավ, Աստված հոգին լուսավորի,- տագնապել էր ամուսնու տխրությունից: Ծիծաղեցինք, չհասկացավ ինչու, ինքն էլ ծիծաղեց:

Պատմությունները բակից տուն տեղափոխվեցին` տունն էլ բացօթյա էր, միայն տանիք կար` Աստծո աջն էր: Միամտաբար հարցրինք` չե՞ն վախենում այս ամայության մեջ: Նույնքան անկեղծ զարմացան` ինչի՞ց: Մինչև որոնում էինք տարբեր պատճառներ, ամուսինները հովտով մեկ մտովի պտույտ եկան, ծառերից խնձորի հետ նոր պատմություններ հավաքեցին` եկան: Հասկացան ում համար էին վախենում` միայն գառների:
— Այս կողմերում հսկա գամփռների նման աղետալի գայլեր են ապրում, իսկական օձահմաների պես թմրեցնող: Վայն էն է թե երևացին, ոչ մի գառնուկ չի դիմանա դրանց պարին:
— Ի՞նչ պար,- ծիծաղեցինք: -Գուրգենդ իսկական պոետ է` ասացինք Փերուն:
— Հա, ջահել ժամանակ գրում էր,-շառագունելով ժպտաց,- հիմա էլ աղջիկս է գրում, բայց նա իսկական պոետ է,- միամիտ անկեղծությամբ պտասխանեց:
— Հա, ինչ էի պատմում, գայլերի պարը,- ոգևորությամբ շարունակեց Գուրգենը,- կարծում եք կատա՞կ եմ անում, իսկական պարում են: Այնքան խորամանկ, այնքան հնարամիտ` մարդը կհմայվի: Ասում են` այդ պարից խենթացած գառները գնում են մոտ, սա պարելով հետ է գնում, մարմինը սրինգ դարձրած հմայում-կանչում անտառի խորքերը, տանում ուղիղ արնախում ընկերների երախը: Մի անգամ էլ մեր կողմերում էր երևացել էդ անիծյալը, գառներիս խելքահան էր արել, Չալոս տեսել էր: Չալոն մեր դռան աշխույժ շունն էր, սրընթաց` ինչպես վիթ: Փոքր էր, բայց` համարձակ, քաջ ցեղից էր: Երբ աղետը տեսել էր, վազել եկել էր մոտս: Հետո փոշմանել էր, բան չէր ասել ինձ, հետ էր գնացել ու հարձակվել գայլերի վրա: Գառները շփոթահար խռնվել էին` էս ի՞նչ եղավ, Չալոն շահած վայրկյաններին թեքվել էր, հիմար գառների վրա հաչել, իբր` տուն գնացե’ք, անմիտնե’ր: Գառները ցիրուցան էին եղել: Չալոն կռվել էր հերոսաբար: Ամբողջ երեկո սպասեցի, փնտրեցի, Չալոս չերևաց: Ուշ գիշերին մի կերպ նշմարեցի` հպարտ, դանդաղ քայլվածքով եկավ, եկավ, դռանը հասավ: Նայեցի` շշմեցի, չճանաչեցի, էս Չալո՞ս էր: Գլուխը մեծացել էր, մարմնի համեմատ երեք անգամ խոշոր էր թվում, ասես հազիվ էր կրում գլխի ծանրությունը, աչքերն արնակալած էին: Ուռած գլուխն առյուծի բաշ էր հիշեցնում, փոքրիկ մարմնում առյուծի քաջություն կար: Հասավ ոտքերիս մոտ, նայեց աչքերիս, պառկեց, չարթնացավ: Արքայավայել մահացավ Չալոս:

Բնությունն իր անսեթևեթ պարզությամբ հենց այս մարդիկ էին, ապրում էին իրար համար, Սուրբ Դղրա Մարիամի, բնության աղետները սգում, հրճվում բնության հրաշքներից: Սնվում էի տեղանքի հարուստ պատում-առասպելներով, գիտեին պատմական համալիրի ամեն գաղտնի պատում, ամեն կածան ու քարայր: Կինն ամուսնու միամտության վրա էր ներողամիտ ժպտում, ամուսինը` կնոջ: Պատմում էին իրար շարունակելով, կամ իրար փոխարեն պատմելով` երբ այլևս բառերը չէին հերիքում, հիշողությունն էր մի փոքր դավաճանում կամ անխոս իրար նայելով հասկանում էին, որ ժամանակն է մեկ անգամ էլ եկեղեցին աչքի անցկացնել:

Հյուրերին անտես` պատմության կծիկը կողակցի ձեռքն էր տալիս մեկնումեկը, ինքն աննկատ հեռանում էր, նույնքան աննկատ հայտնվում, կծիկն իր ձեռքն էր առնում, մյուսին ազատություն տալիս` վանքի շուրջ հաջորդ պտույտի համար: Արդեն կեսգիշերն անց էր, երբ Գուրգենը դարձյալ գնաց բակում շրջելու, բացատրեցին, որ եկեղեցու դռները չեն փակվում ամբողջ օրը.
— Դա էլ Աստծո տունն է, ոնց որ տանդ դուռը հյուրի առաջ փակես, ասաց Գուրգենը: Քանի քանի անգամ եմ ուշգիշերին թաքուն հետևել եկեղեցի մտնող հուսահատ մարդկանց, քանի անգամ եմ ներսից լսել նրանց հեծկլտոցը, երբեմն թաքուն լուսավորել եմ գավիթը, իբրև նշան, որ շուտով լույս կբացվի: Ու քանի հուսադրված մարդ եմ հայացքով անխոս ճանապարհել վաղ լուսաբացին, երբ դեռ բոլորը քնած են:

Գուրգենն ասես ձեռքից եկած բարությամբ ուզում էր խլացնել տանջող խղճի խայթը, որ աղետների դեմն առնել չէր կարողացել: Դեպի գյուղ գնացող էլեկտրական հոսանքի բարձր լարման լարերն էին եկեղեցու վրայով անցնում ու ամեն օր մահվան պատճառ դառնում: Թռչունները սիրում են այս վայրերում ազատ ճախրել, եկեղեցու գմբեթներին թառած` Աստծուն հասնել: Եկեղեցու բակը նրանց դրախտն էր, որ ամեն օր կանչում-քաշում էր իր կապույտով, բայց որոգայթ դառնում մահվան:
— Սիրտս մղկտում է,- ասում է Գուրգենը,- աղոթում եմ, որ էդ լարերին չնստեն բայց նրանք, ինչպես ինքնասպաններ, մի լավ պտտվելուց հետո շարքով նստում են այնտեղ: Տեսնել չեմ կարող, ամեն օր լարերի տակ, եկեղեցու բակում, նրանք կողք կողքի անօգնական, երկնքից ընկնող կարկտի հատիկների պես ցած են թափվում, սա է:

Ամեն պատմություն պոեզիա էր, մենք էլ ամեն պատմությունից հետո մեր պոեզիայով էինք ցողում օրը` Գուրգենի պատմությունների պես ցավոտ, դրանց պես հոգեհմա, դրանց պես ազատ: Այդ պահին բոլորս սիրում էինք իրար բնության չափ, պոեզիայի չափ, սիրում էինք, որովհետև բոլորս էլ տխրել էինք, բոլորս էլ հրճվանք էինք ապրել, բոլորս էլ արտասվել էինք, բոլորս էլ գժվել էինք: Ինչ-որ մի ժամանակ, վաղ մանկության օրերին, մեզանից ոմանք թռչուններ էին սատկացրել պարսատիկով, ոմանք` արցունքն աչքերին, փորձել էին փրկել նրանց, հետո պոետ էին դարձել: Մյուսները լրջորեն բացել էին թռչնի որովայնը, հերձել էին, բժիշկ էին դարձել, մյուսները չարաճճի` խորովել էին ու կերել… Ոմանք, ինչպես որ սպանել, այնպես էլ թաղում էին կազմակերպել` անչափ տխուր ձևանալով, երեսպաշտներ, իսկ այն մյուսները, որ կազմակերպել էին արարողությունը, հետո հոգևորականներ դարձան, որ հաշտեցնեն սպանողներին Աստծո հետ: Սիրում էինք, որովհետև գիտեինք` դա է միայն հաշտեցնում:

Այդպես ամեն օր մահվան հետ կռիվ տալով` ամուսինները հաղթում էին մահվանը, կյանքն էին հաստատում: Ապրում էին անմահության հունով:
Երեկոն չէր ավարտվում, պատմությունները չէին ավարտվում: Քամին ուժգնանում էր, մենք դողում էինք, նրանք շառագունած էին: Բնությունն իրենք էին, բնության հետ հաշտ էին: Ձմռանը ձյունամրրիկներով էին տաքանում, ամռանը` կիզիչ արևով, անձրևով հիշողություններն էին մաքրում մշուշից, ձյունով ծածկում անցյալի ցավերը:

Փերին հիշեց, որ մի ուշ գիշեր լուսամուտի կողմից ձայներ լսեց, վեր կացավ, ամուսնուն չարթնացրեց, անհասկանալի շարժում տեսավ ապակու վրա: Հետո հազիվ պատկերացրեց ձիու մեծ դունչը, լեզուն, որ լպստում էր ապակիները, որից տաք գոլորշիներով էին պատվել ապակիները: Փերին չկարողացավ զսպել ծիծաղը, հիացմունքը, ծիծաղը զրնգաց Գուրգեի ականջներում, ժպիտ կորզեց քնած դեմքից: Գուրգենն ուզեց կնոջը գրկել, չգտավ, վեր թռավ` տեսավ նրան գիշերանոցով կանգնած ապակու մոտ: Ոչինչ չհասկացավ: Հետո միտք արեցին, որոշեցին, որ կենդանին մրսած է, քաղցած, գործի անցան: Գրպանում մի բուռ աղ ունեին, բարձի տակ մի բոքոն հաց: Լուսամուտները բացեցին, ամուսիններով ձեռքերը պարզեցին, ձին սկզբում մեկի ձեռքից լիացավ, ապա` մյուսի, հետո իբրև երախտագիտություն` երկուսի ձեռքերն էլ համբուրեց-անհետացավ. ամուսինների ձեռքերը շուշաններով պատվեցին: Դուրս եկան եկեղեցու շրջակայքը աչքի անցկացնելու: Առավոտյան վանքի շրջակայքում մատղաշ շուշաններ էին աճել:

Կիսալուսինը բարեկամիս մուշտուկից կախ` շարունակ մեղեդիներ էր երկնում: Լուսադեմին կիսալուսինը քաշվեց մուշտուկի ուռուցիկ շուրթից ներս, այնտեղից ծխի քուլաներով մշուշոտ արև բաց թողեց երկինք: Դուրս եկանք վանքի բակ` լեռան ծերպին օդի պղպջակներ որսալու:
Խոր ձորը հաղթահարելու, դիմացի անհաս ծերպին հասնելու ցանկություն ունեցա: Գուրգենն ասաց` տաճարից գաղտնի գետնուղի կար, հիմա փակվել է: Սիրտս անհանգիստ փախուստ որոճաց, պոկվեց-գնաց ուղին փնտրելու` հետ չեկավ: Ես մնացի ծերպին, արևը թեժացրի, տեսա մեղուների պարսը: Գուրգենի հայացքն ասաց` իրենք ազատ են, կարող են այդպես պարսով կիրճը անցնել, գնալ ճգնավորաց այրը: Այն է հարցնելու էի, պատմեց, որ դիմացի ժայռի ծերպից կախ` խոր քարայրում, ճգնավորներ են ապրել: Մեղուների պես, մեղուների հետ լեռան մեջ թառած` նեկտարով են սնվել` ասաց: Գուրգենն ու փերին ճգնավորների պես լեռան պռնկին մեղուների կյանքով ապրում` մեղուների նեկտարով էին սնվում` մտմտացի:
Ասես ատամի տակ երկար պահելուց հետո` Գուրգենը վերջապես չդիմացավ, պատմեց` մեկն էլ կա, որ այս անդունդը հեշտ կտրում է: Ամուսինները սարսռացին: Առաջին անգամ վախ նշմարվեց նրանց ձայնում: Նրանք բնությունից չէին վախենում, նրանց վախեցրել էր անբնականը` սմբակավոր արարածը, որ երկու ոտնահետք է թողնում ամեն թռիչքի հետ, որոնք խոշոր սմբակների հետքեր են հիշեցնում: Ասես ոստնում է երեքից չորս մետր հեռավորությամբ: Հետքը վերջին ձմռանն են հայտնաբերել աչալուրջ ամուսինները, միտք են արել, իրենց տեսած ու լսած ոչ մի կենդանու նման չէր: եկեղեցու շուրջ պտույտ է գործել, հետո, երբ նրա հետքով գնացել են, քիչ է մնացել անդունդն ընկնեին` ձորն էր իջել, հասել ճգնավորաց այրը:

Մտապատկերում ահռելի կենգուրույի կամ դրա պես մի կենդանու պատկեր էին կազմել, բայց վախենում էին խոսել, քանի որ չէին հասկանում: Անտիկ հելլենական պոետների մրցում հայտարարեցինք մտովի, բորլորիս մի միտք շամփրեց` Պանն է: Եկել էր սրբատեղի` հոգիներ գայթակղելու, սրբությունների վրա էր աչքը տնկել, անմեղներ էին հարկավոր առաջիկա բաքոսյան խրախճանքին զոհաբերելու համար: Ձորի աջ պռնկից ձախ` կամուրջ էր նետել, բայց դիմացից մեղուների պարսերն էին հալածել, ամպեր դարձած փակել քարայրի բերանը, մյուս կողմից շանթահարված թռչունների հոգիներն էին քամի դարձել, շարան շարան օղակներ գծել վանքի շուրջ, էլէկտրական խայթոցներով այրել. չարքը փախել էր: Այս առեղծվածն էլ մի օր կպարզվի, ձորից ներքև կգլորվի, փշուր-փշուր գետի շաչյուն կդառնա` կմոռացվի: Ասում են` մի լիալուսնի քաղաքային գերեզմանոցի պահակն է նույն հետքերը տեսել, ինչ-որ ահռելի ստվեր էլ, կարկամել էր, ոչինչ չէր կարողացել պատմել այլևս:

Ճանապարհից առաջ` ամուսինները ձեռքիցս բռնեցին, տարան վանք` որ կույս Մարիամը օրհնի: Դղրա եկեղեցին մեկն էր այն յոթից, որ Մարիամ իշխանուհին էր կառուցել: Այս մեկը թագն էր, ամուսնու հիշատակին էր նվիրել, նրա մահը վերապրելու համար` իբրև սիրո տաճար: Բարեկամուհուս ու իմ հոգոցները բախվեցին` արձագանքվեց` այ դա սեր է: Տեղն Աստծո օրհնությամբ հատուկ էր ընտրվել, եկել ասել էին` տեղերը գտանք, վանքի անունը մնացել էր Տեղեր: Ինչ ասես, որ չկար այս անվան մեջ` Աստծո տեղեր, հավատի տեղեր, սիրո, փառաբանության, պատմության, հիշողությունների: Դրախտային տեղ էր:
Ինչպես ձմեռվա պաշարի համար թելերին օղակաձև անցկացված պտուղներ, Գուրգենն ու Փերին մնացած պատմությունները պարանոցս գցեցին: Ճանապարհեցին:

Բնությամբ արբած լուռ հետ էինք գալիս, տագնապով զգում էինք քաղաքի մոտալուտ աղմուկը: Ճանապարհը առաջ էր տանում, մտքերը` հետ: Եկեղեցին բազմել էր մեր հոգիներում: Բոլորս նույն բանի մասին էինք լռում:
Մեքենայի ապակիներին պատած գոլորշիները քուլա քուլա կուլ էի տալիս, պատմությունները կողպեցի գրպաններումս, միայն մի պատկեր այդպես էլ ինձ չլքեց` վանքի մեջտեղում տապանաքարերից այն ամենափոքրիկը, որ հակառակ էր պառկած բոլորին, դեմքով դեպի արևմուտք: Խռոված էր աշխարհից, բայց ապահով տեղում էր` ապուպապերի տանը, ուխտավորների ոտքերի տակ: Ասում են` երեխան հավանաբար չծնված մահացել էր, բայց հարազատները մենակ չէին թողել իրենց մանկանը, ում անգամ չէին ճանաչում ու չպիտի ճանաչեին, մայրաբար իրենց գիրկն էին առել, աճյունին հանգիստ տվել իրենց նախնիների գրկում, եկեղեցու շեմին, որ չտխրի: Թարս էին պառկեցրել, որ դեռ գար: Ու նա դեռ ոտքերը դեպի արևելք, սպասում է մի նոր արևի, որի հետ իր ժամանակն էլ կգա, որի հետ կծանվեն դարավոր գաղտնիքներ:

Սիրտս գաղտնի գետնուղին գտել էր, մաքրել էր խցանող քարերից, իր պես ջերմ սրտեր էր գտել այնտեղ, հասել էր ճգնավորաց այրը, այնտեղից աղոթք էր բերել: Չէի հասկանում` եկել է, թե այդպես էլ քարայրում մնաց:

 

__________

Տպագրվել է «Անդին» ամսագրում, 7, 2013

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.