Արա Ալոյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Արա Ալոյան

Արա Ալոյան

***

Ջուրը, ասում են՝

Երբեք չի կորչում,

Ինչպես՝ մարդկային հիշողությունը,

Որ նույնպես թա՜ց է,

Ջուրը, ասում են՝

Հիշողության պես խորքում չի պահվում,

Եվ հոսում է նա,

Անվերադա՜րձ է…

…Ես ամբողջ գիշեր քեզ եմ վերհիշել,

Բայց դու չես կաթել կոպերից իմ բաց,

Անկարելի է քեզ անգամ…լացե՛լ,

զի ներհոսում ես սրտիս մեջ, կամա՜ց,

Իմ չանհետացող, հու՜շ-արյունաջուր,

Իմ չլուսացող, քարարցունք գիշե՜ր…

 

***

Գետի ափին երջանկության տուն կշինեմ,

Կապրես այնտեղ երանավետ ինը ամիս,

Բայց թե գետից այդ նույն հանկարծ մի ումպ անես,

Կճանաչես…արցունքներս…ծանոթ համից:

 

Կանաչ արտում տոն կլինի օծյալ ծաղկի,

Ձյունածաղիկ ու մանուշակ, վարդե՜ր, վարդե՜ր,

Բայց թե հանկարծ քո մատները փուշը ծակի,

Կճանաչես…քո խոսքերը, որ էլ բառ չեն, բառ չեն արդեն:

 

Հույսի վերջին, անմայրամուտ սեր-ցամաքում

Կերգեմ օրոր, հոգեհույզ երգ ու անթախիծ.

Բայց չգիտեմ՝ ի՞նչ կլինի, թե այդ անգամ

Մահն ու ցավը ձայնիս վրա…ճանաչեն ինձ…

….

Ես ի՜նչ հանեմ բազում արտասանված խոսքից,

Բառարանից սիրո և սիրաբառ խորքից,

Որ չլինի եղած, հոմանիշվի որ Քեզ,

Որ չլինի արծաթ ու չլինի ոսկի,

 

Որ քո ճերմակ Գոյին Ձեռագրվի մաքուր,

Ասեղգործվի ծաղիկ ու անցավել հոգում,

Ես քեզ ինչպե՜ս, ինչպե՜ս սիրեմ այսօր,

Որ բացակաս չզգաս՝ ներկա ժամանակում։

 

Ես ի՜նչ շերտեմ ներսից և ինչ բերեմ՝ Ընծա,

Որ չլինի միայն նկար, բառեր ու Ձայն,

Ես քեզ սիրեմ այսօր՝ չօրալրվող սիրով,

Միայն թե ինձ սիրես, թեկուզ մեկ օր ցնծա՛մ։

 

***

Դու ե՛տ արի,

թեև սուրճ դնել չգիտեմ,

Եվ վաղուց չեմ կարող…գինի խմել ու ծխել նաև

Պոետավայել,

ինչպես պատկերված է նկարներում և որոնց մասին

գրվել է երեկ, այսօր, վաղն էլ

կշարադրվի ստահանճար

ինձ սիրողների ու ատողների առասպելներում կնոջական…

Թե ես, իբր, Արան չեմ այն նուարդասեր կամ էլ շամիրամի,

Թե ես, իբր, Արան չեմ այն, որ գեղեցիկ են կոչել,

Թե ես, իբր, Արան չեմ այն և…որին դուք սիրեցիք՝

միայն իբրև մա՛ր-մի՛ն,

Թեև հոգի էր նաև, թեև խոցված էր նա ու անբողոք էր…

…Դու ե՛տ արի,

Արի՛ միայն ու ապացուցիր քո վերադառնալու շնորհքը…

 

***

Այսօր ուրիշ է գիշերն, ու կարոտը սաստիկ է,
Լույսերն ավելորդ են, և պայծառ են անգամ աստղերը,
Ես օրհնում եմ գիշերանձավում, որ դու այստեղ ես,
եվ հրե լեզվից բոցկլտում է քո ստինքը:

Եվ տնքում են հոգուդ ու մարմնիդ մասերը մոռացված,
Իսկ այսօր դու նորից վերհիշվում ես՝ մանրամասն,
Ես սերտել եմ դրախտի վերջին դասը,
Որ պատմում եմ բերանացի, շուրթերով թաց,

Այն, որ չես պատմի և ոչ մի գրչով —
Կարոտն է ծնվում արգանդից գիշերվա,
Այսօր ուրիշ է գիշերը. և մենք, և աստղերը՝ կշռված,
Եվ այնպես ուրիշ է այս ուրիշը ճոխ…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.