Սիրանույշ Օհանյան | ՄԵԿ ԼԵԶՎԻ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

Մեկ լեզվի անհնարինություն, Երկիր մոլորակի բնակչության՝ միակ լեզվով հաղորդակցվելու անհնարինությունը: XXIV դարում տեսականորեն ձևակերպված և XXXI դարում վերջնականապես հաստատված հոգե-լեզվաբանական իրողություն: Մարդկության զարգացման պատմության ամենաանկանխատեսելի անկյունաքարերից մեկը[1]:

 

Բովանդակություն

1. Պատմություն

1.1  XXI դար

1.1.1  Ներածություն

1.1.2  Վիքիպեդիայի ստեղծումը

1.1.3  Խնդիրները

1.2  XXIV դար

1.2.1  Վիքիպեդիան XXIV դարում

1.3  XXV-XXX դարեր

2.  Վիքիպեդիան XXIX-XXX դարերում. մեկ լեզվի ընդունման գաղափարի սկիզբը

2.1  Քննարկումը

2.2  Հետազոտությունները

2.3  Եզրակացությունը

3.  Տե՛ս նաև

4.  Հետաքրքիր փաստեր անցյալից

5.  Ծանոթագրություններ

6.  Արտաքին հղումներ

7. Գրականություն

 

1.   Պատմություն

1.1 XXI դար

1.1.1    Ներածություն

Մարդկության միավորման[2]  առաջնային փուլի սկիզբ կարելի է համարել համակարգչի և համամոլորակային ցանցի (համացանց) ստեղծումը, ինչը նպաստեց տարբեր պետությունների բնակիչների մերձեցման և պետական հողային սահմանների անհրաժեշտության վերացման գաղափարի ձևավորմանը: Արտաքին-ֆիզիկական տարբեր պատճառներով բաժանված մարդիկ կարողանում էին պարզ գործիքի միջոցով հաղթահարել արգելքներն ու հաղորդակցվել երես առ երես, տարածության, հետևաբար՝ նաև դրա հաղթահարման համար պահանջվող անհրաժեշտ ժամանակային խոչընդոտները ի չիք դաձնելով:  Հաղորդակցման սկզբնական միջավայրերի ձևավորումը խիստ պարզունակ էր: Կարճ ժամանակ անց ստեղծվեցին այսպես կոչված սոցիալական ցանցերը, որոնք մի քանի դար շարունակ մեծ ժողովրդականություն ունեին: Տեղեկության կուտակման, պահպանման, տարածման և կիրարկման մեջ մեծ նշանակություն ունեին էլեկտրոնային լրատվական միջոցները, հանրաճանաչ անձանց բլոգները, տարբեր մասնագիտացված կայքեր և այլն: Դրանք հարմար էին առօրյա կենցաղային խնդիրների քննարկման դեպքում, իսկ գիտելիքների տեսական բաժինները համախմբելու համար սկզբունքորեն այլ բնույթի միջավայր էր անհրաժեշտ:

 

 1.1.2 Վիքիպեդիայի ստեղծումը

           Հիմնական հոդված: Վիքիպեդիայի ստեղծումը

 

XXI դարասկզբին մարդը ստեղծեց  Վիքիպեդիան: Ներկայիս Վիքիպեդիայի համեմատ աննշան էր ընթերցողների և խմբագիրների թիվը, հոդվածների ծավալը, այլ էր  որակը  և  հանրության կյանքում ունեցած դերակատարությունը: Այնուամենայնիվ,  ազատ կարդալու և ազատ գրելու հիմքը դրված էր, և  հենց ազատության սկզբունքը առաջնային ընդունելն էլ հնարավորություն տվեց այն վերածվելու ժամանակակից Վիքիպեդիային:

Մոտ հազար տարի առաջ ստեղծված առաջին Վիքիպեդիայի  լեզուն անգլերենն էր, հնարավորություն կար այլ լեզուներով գործարկելու, ինչը չհապաղեցին իրականացնել տարբեր ազգերի ու լեզուների ներկայացուցիչներ: Պրոցեսն անկասելի էր և անդարձելի, ստեղծումից մոտ տասը տարի անց Վիքիպեդիան գրվում և խմբագրվում էր մոտ երեք հարյուր լեզուներով[3]՝  մոտ 30 միլիոն հոդվածներով և ամենաայցելվող համացանցային միջավայրերից էր:

1.1.3    Խնդիրները

XXI դարասկզբին մոլորակը պատված էր հիմնականում թշնամի պետությունների ցանցով  և գոյատևում էր պատերազմների մշտական սպառնալիքի տակ: Տարբերությունները ոչ թե փոխադարձ հարգանքի և փոխօգնության, այլ՝ փոխադարձ անհանդուրժողականության սրացման հիմք էին: Ազգերի ու լեզուների բազմազանությունը նպաստում էր մարդկության պառակտմանն ու ինքնաոչնչացման ցանկությանը: Այդ ցանկությունն այնքան ուժեղ էր ու բնազդային, որ տարածվում էր հանրագիտարանների վրա: Այսպես կոչված «տեղեկատվական պատերազմները» ներթափանցում էին կյանքի բոլոր ոլորտները: Վիքիպեդիան, իր մատչելիության ու ազատության շնորհիվ, հակամարտող կողմերի մշտական կիզակետում էր: Բազմաթիվ էին միևնույն թեմային վերաբերող բազմալեզու հոդվածները, որոնցից յուրաքանչյուրը գրված էր լեզուն ներկայացնող պետության տեսանկյունից[4]ու գիտելիքի աղավաղման նմուշ էր: Մարդկութան պառակտման ջատագովները բոլոր ջանքերն օգտագործում էին տարբեր լեզուներով վիքիպեդիանների տարբերությունները խորացնելու համար: Ընդհանուր գնահատականներով այդ երևույթը տևեց մոտ երեք դար:

 

1.2   XXIV դար

Երրորդ համաշխարհային (առաջին համամոլորակային) պատերազմից հետո մարդկության, ավելի ճիշտ՝ ողջ մնացած ազգերի բեկորները ստորագրեցին մոլորակում մեկ ընդհանրական պետություն հաստատելու փաստաթուղթը: Տնտեսական համակարգը, սոցիալական հարաբերությունները, իրավական կարգը առաջին անգամ մարդկության պատմության մեջ նույնը դարձան  ամբողջ մոլորակի համար: Մարդկությունը միավորվելու կարևոր քայլ արեց: Դրա հետևանքները տարածվեցին համամարդկային գործունեության բոլոր ոլորտներում: Այն մարդուն հնարավորություն տվեց համախմբելու աշխարհի ռեսուրսները, ստեղծել աշխատանքի և վարձատրության նոր՝ առանց դրամական արժեքի համակարգ, մասնագիտություն ստանալը թողնել բացառապես անձնական նախընտրությանը,  կյանքի ընթացքում սովորել և աշխատել միաժամանակ մի քանի մասնագիտություններով, տարբեր բնագավառներում և Երկրագնդի տարբեր անկյուններում: Մարդկությունը մուտք գործեց  Նոր լուսավորության դարաշրջան:

 

1.2.1 Վիքիպեդիան XXIV դարում

Ընդհանուր պետության հաստատմանը և կայացմանը զուգընթաց ինքնաբերաբար սկսվեց տարբեր լեզուներով վիքիպեդիաների բովանդակային միասնականացումը:  Դա պետք է հասկանալ այնպես, ինչպիսին ներկայիս արդյունքն է՝ այլալեզու վիքիպեդիաների միևնույն հոդվածի բովանդակությունները մոտենում էին միմյանց: Նախկինում պատմական գիտություններին առնչվող գրեթե բոլոր հոդվածները գրվում էին այս կամ այն պետության, ազգի, սոցիալական խմբի և այլն շահի առաջնայնության գիտակցումով: XXIV դարում գերիշխող դարձավ այդ պատրանքներից գիտելիքի ազատագրման և անաչառացման մտայնությունը: Հասարակական մեծ հնչողություն արտացոլող հոդվածներում հաստատվում էր միասնականացման, ծայրահեղ դեպքում՝ բոլոր հնարավոր տեսակետները արտացոլելու ձգտումը: Տարբեր լեզուներով վիքիպեդիաների հոդվածների որակը մոտենում էր ներկայիս վիճակին, չնայած Երկրագնդի բնակչությունը շարունակում էր իրեն անվանել «բազմազգ» և լինել բազմալեզու: Մարդկության համախմբումը և  Վիքիպեդիայի միասնականացումը ընթանում էր  հակադարձ կապով:

 

1.3   XXV-XXX դարեր

Արդեն XXV դարում էթնիկ պատկանելությունը երկրորդական դեր էր խաղում անհատի ինքնագիտակցման և դրսևորման համար: XXVI դարում ակնհայտ փոքրամասնություն էին միևնույն էթնիկ խմբին պատկանող ծնողներ ունեցողները:  Ըստ XXVII դարի անտրոպոլոգ Կա Կիի[5]՝  XXV դարի մարդկանց  համար էթնիկ պատկանելության թեմայով զրույցը նման էր XXI դարում  աստղագուշակությամբ[6] և Կենդանակերպի նշաններով հետաքրքրվող մարդկանց զրույցին: Այդ դարից սկսած անշեղորեն աճում էր մարդկանց թիվը, որոնք այսպես կոչված «մայրենի լեզվից» բացի սովորում էին մեկ կամ մի քանի այլ լեզուներ և կարող էին գրավոր ու բանավոր հաղորդակցվել դրանցով:  XXIX դարի սկզբին մոլորակում չկար միայն մեկ լեզու իմացող ոչ մի անհատ: Մարդկանց մեծ մասը տիրապետում էր ամեն լեզվաընտանիքից առնվազն մեկ լեզվի, իսկ 90%-ից ավելին կարող էին գիտական զեկուցում գրել անգլերենով:

 

2.   Վիքիպեդիան XXIX -XXX դարերում. մեկ լեզվի ընդունման գաղափարի սկիզբը

XXIX դարում տարբեր լեզուներով վիքիպեդիաների գրեթե բոլոր հոդվածների բովանդակությունը նույնն էր՝ չնչին, լեզվի առանձնահատկությամբ պայմանավորված տարբերություններով: Ցանկացած բնագավառից տեղեկություն ստանալու համար բավական էր կարդալ հարյուրին մոտ լեզուներից որևէ մեկով գրված հոդվածը և կատարյալ պատկերացում ունենալ թեմայի մասին:  Հենց դա հիմք հանդիսացավ «Մոլորակ» կազմակերպության անդամների համար՝ առաջարկելու Երկրագնդի վրա մեկ լեզվի ընդունման և դրանով մարդկության վերջնական միավորման, տարբեր լեզուներով միևնույն երևույթը նկարագրելու համար պահանջվող վիթխարի աշխատանքների նվազեցման, դրա շնորհիվ ազատված միջոցները ստեղծագործական  կյանքի զարգացնելուն ուղղված թեզը, որը քննարկման դրվեց Համամոլորակային խորհրդում 2984թ.:

 

2.1 Քննարկումը

Նախագիծը քննարկման դրվեց 2984թ. ապրիլի 11-ին:  Գլխավոր առաջարկն[7]  էր՝ հանրային օգտագործման բոլոր ոլորտներից հանել բոլոր լեզուները, թողնելով միայն մեկը՝ ընտրվածը: Մյուս լեզուների մշտական ուսումնասիրման համար համալսարաններում բացել հատուկ լեզվաբանության ամբիոններ՝ հատուկ  մասնագետների համար: Նախագծի գլխավոր հարցադրումը՝ ո՞ր լեզուն պահել հետագա մշտական գործածության համար:

Նախագիծը սկզբում մեծ ոգևորությամբ ընդունվեց: Անհատ մարդիկ արագ գնահատեցին հսկայական հնարավորությունները, որ կունենային՝ պարտադրված չլինելով միմյանց հասկանալու համար սովորել մեկից ավելի լեզուներ: Ինչպես երևաց վիճակագրական հարցումներից, մարդկանց համար ամենագրավիչը ազատ ժամանակը մեծացնելու հեռանկարն էր: Մարդկության ակնհայտ մեծամասնությունը ընդունել  էր գլխավոր առաջարկը: Միայն Պոեզիային ամբողջ կյանքը նվիրած անհատներին էր վշտացնում այն: Ինքնին հասկանալի է, որ նրանք իրենց ցանկացած միջոցներով և լեզուներով կարդալու և ստեղծագործելու սահմանափակում չէին ունենալու, իսկ Վիքիգրքերում  նախկինի պես լինելու էին նոր հրապարակվող բոլոր գրքերը բոլոր լեզուներով, սակայն պնդում էին, որ նախագիծը երեխայի իրավունքների սահմանափակում է: Բացի այդ, նախագծի ընդունման դեպքում այլ լեզուներով վիքիպեդիաները անկում կապրեին, քանի որ մասնագետներից բացի գրեթե ոչ ոք հնարավորություն չէր ունենա նոր հոդվածներ ստեղծելու կամ խմբագրելու: Դրա հետևանքով գերիշխող կդառնար Մեռած լեզուների վիքիպեդիան: Գլխավոր առաջարկին ուղղված հիմնական ընդդիմախոսությունները այս երկուսն էին[8]:

Այլ էր գլխավոր հարցադրման քննարկումը,  որը մի այլ դարաշրջանում, հավանաբար, կդառնար պատերազմի պատճառ: Հարցումներին մասնակցած չափահաս մարդկանց 12%-ից ավելին չունեին նախընտրած լեզու, որը կցանկանային գործածել  ամբողջ կյանքի ընթացքում՝ զոհաբերելով մյուսները: Ուստի ծագեց առաջարկը խորապես ուսումնասիրելու և տարբեր լեզուների հանդեպ մարդկանց վերաբերմունքը հետազոտելու անհրաժեշտությունը:

 

2.2 Հետազոտությունները

Հոգեբանները, փիլիսոփաները, մանկավարժները, անտրոպոլոգները, սոցիոլոգները, արվեստագետները, գրողները, արվեստաբանները, ընթերցողները, թարգմանիչները  գրեթե կես դար համակողմանիորեն քննեցին խնդիրը: Պարզվեց, որ բազմալեզվությունը կենսական նշանակություն ունի մարդկանց համար: Լեզուն՝ այն լեզուն, որով մտածում էր անհատը, հիմնական որոշիչ դեր էր խաղում մարդկանց տարբերություններն ընդգծելու, դրա հիման վրա փոխադարձ հետաքրքրություն ձևավորելու,  ըստ նմանությունների համախմբվելու համար: Մարդկանց բավականություն էր  պատճառում մի քանի տարին մեկ աշխատանքային լեզուն փոխելու, այլ լեզվով աշխատելու ու մտածելու հնարավորությունը:  Դա ինքնաբերաբար նպաստում էր ազատության, հավասարության, եղբայրության սկզբունքների կիրառմանը: Վիքիպեդիան, որը մոլորակում  ամեն ինչի մասին արագ և մատչելի պատկերացումներ տվող, նոր հասկացություններ նկարագրող և տարածող ամենաընդգրկուն հանրագիտարանն է, լեզվական նախապատվությունների  ուսումնասիրման  մեջ  ունեցավ  որոշիչ դերակատարում[9]: Միևնույն երևույթի տարբեր լեզուներով նկարագրությունները չնայած նույնն են բովանդակային տեսակետից, սակայն էապես տարբերվում են պատկերային-երևակայական-ստեղծագործական ապրումները, որոնք ընկալում է անհատը տվյալ լեզվից: Լեզվի հոգեբանություն ուսումնասիրողները հաճախ են մեջբերում հայտնի խոսքը՝ «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում»[10]: XX դարում արտահայտված այս միտքը[11] կիրառելի է հետագա դարերի համար, չնայած «մայրենի լեզու» ասելով այժմ հասկանում ենք  ոչ թե էթնիկ խմբի լեզուն, այլ՝ լեզուն, որով սկզբնական կրթությունն է ստանում անհատը:   Ըստ հրապարակված վերջին արդյունքների՝  տարբեր լեզուներով մտածելը մարդկանց տալիս է ստեղծագործելու նոր հնարավորություններ ու ձևեր: Այս հայտնագործությունը հետազոտությունների նոր հորիզոններ բացեց  էվրիստիկայով զբաղվողների համար: Անհատի երևակայությունը հիմնականում զարգանում է ըստ այն լեզվի հոգեբանության թելադրած պատկերային ազդակների, որով մտածում է: Վիքիպեդիայի միևնույն հոդվածի՝ տասնյակ լեզուներով գրությունները ինքնաճանաչման և ոգեշնչման աղբյուր են մեկից ավելի լեզուներ իմացող ամեն երկրացու համար:

 

2.3 Եզրակացություն

 Ամփոփելով ուսումնասիրությունները, փորձերը, հետազոտությունները, մենագրությունները, հազարավոր զեկույցները, քննարկումները, առաջարկներն ու մտահոգությունները՝ մարդկային և համակարգչային բոլոր վերլուծությունները ցույց տվեցին, որ  մարդկությունը դեռ պատրաստ չէ հաղորդակցվել միայն մեկ լեզվով և հավանաբար երբեք էլ պատրաստ չի լինի: Լեզուները ժամանակակից մարդու կյանքում ունեն նույն նշանակությունը, ինչ  արվեստը՝ ինչպես հնարավոր չէ արվեստի որևէ ճյուղ զոհաբերել մյուսներին, կամ ընտրել միայն մեկը և մերժել մնացածը, այնպես էլ հնարավոր չէ ընտրել միայն մեկ լեզու և հրաժարվել մյուսներից: Բազմալեզվությունը նպաստում է թե՛ հիշողության, թե՛ տրամաբանության, թե՛ համեմատելու կարողության, թե՛ երևակայության զարգացմանը: Միաժամանակ այն ոգեշնչման աղբյուր է: Պարզվեց, որ մայրենի լեզուն անհատի ինքնության կարևորագույն տարրերից է, իսկ մայրենի լեզուն այլ լեզուների հետ համեմատելը՝ հոգեկան առաջընթացի կարևոր պայման: Երեխային ամբողջ կյանքում միայն մեկ լեզվի իմացության դատապարտելը[12]  նրան զրկում է ֆանտազիան զարգացնելու, տրամաբանելու և ստեղծագործելու որոշակի ունակություններից: Ժամանակի կորուստը, որ անհրաժեշտ է մարդկանց՝ տարբեր լեզուներ սովորելու և դրանցով հաղորդակցվելու համար, փոխհատուցվում է մտավոր-հոգեբանական մի շարք ունակությունների կատարելագործումով:  Միակ  լեզուն մարդկանց կվերածեր միանման արարածների խմբի՝ մարդկությանը զրկելով անհատականություններից[13]:

Հիմք ընդունելով այս ամենը՝ մարդկությունը 3048թ. մարտի երեքին ամփոփեց  Մեկ լեզվի ընդունման առաջարկի նպատակահարմարությունը՝ մերժելով այն:

 

3.   Տե՛ս նաև

  • Վիքիպեդիան մարդկության կյանքում
  • Մեկ լեզվի ընդունման առաջարկ
  • Լեզվի հոգեբանություն
  • Լեզու և ինքնաճանաչում

 

4.   Հետաքրքիր փաստեր անցյալից

  • XX դարի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները լեզուների ազդեցությունների մասին նշում է. «Որպես օրինակ վերցնենք հետևյալը. գերմաներենում գլուխն անվանում են Kopf, ֆրանսերենում՝ tête, իտալերենում՝ testa և այլն: Սակայն ի՞նչ է վկայում այդ փաստը: Թե՛ մարդու և թե՛ կենդանու գլուխը մենք անվանում ենք այն նույն հիմունքով, ինչ կաղամբի գլուխը՝ ելնելով առարկայի կլոր, գնդաձև լինելու հանգամանքից: Այսպիսով, այն, ինչը գերմաներենում նշանակում է «գլուխ», ոճավորված է ձևի հարաբերությամբ: Tête, testa բառերը կազմված են «վկայություն տալու» (մի բան վկայելում հաստատելու) հարաբերությամբ: Այստեղ մարդկային օրգանիզմի նույն անդամը մատնանշելու համար ընդունված է բոլորովին այլ հայեցակետ: Գերմաներենում ոտքը կոչվում է Fuss, ինչը հարաբերակցվում է «հուն», «ակոս» գաղափարների՝ հողի վրա ոտքի թողած հետքի հետ. սա է այն տեսանկյունը, որով մենք՝ գերմանացիներս, ներայացնում ենք մարդկային օրգանիզմի այս անդամը: Այնինչ ֆրանսերեն pied բառը կապված է կանգնեցնելու՝ գետնի վրա կանգուն վիճակով պահվելու մատնանշման հետ, ինչը բոլորովին այլ բան է: Ուստի բառի հետ ունեցած տարբեր արժեքները բխում են տարբեր հայեցակետերից: Միևնույն իրերը, միանգամայն որոշակի ենթահիմքերից ելնելով, նշանակելու այսձտգման շնորհիվ ժողովրդի բնավորության մե տպավորվում է այն ենթագիտակցականը, որը սովորաբար գրեթե չի գրավում մարդու ուշադրությունը: … Դա հենց այն է, ինչը հոգու համար հանդես է գալիս որպես հարաբերակցություն լեզվի հետ՝ շատ ավելի ներքնային մի բան, քան մարդու՝ լեզվի հետ ունեցած առօրեական, սովորական, ընդհանուր հարաբերությունը: Հոգին ներքնորեն շատ լավ է զգում այդ տարբերությունը, երբ ոտքը մի դեպքում մատնանշվում է ինչ-որ բանի վրա կանգնելու, իսկ մի այլ դեպքում՝ հողին հետք թողնելու հիմունքով: Հոգին զգում է այդ ամենը արտաքնապես՝ վերացականորեն, մինչդեռ մարդն ընկալում է միայն բառի հարաբերությունը մարմնի որոշակի անդամի հետ: Իր լեզվազգացողությամբ հոգին ներքնորեն շատ է մերձենում այն գոյաձևին, որը նրան հատուկ է ապամարմնավորված վիճակում:[14]»
  • XX դարում արձանագրված  «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում» մտքի գրավոր առաջին հիշատակումը հայերեն է՝  մեռած լեզվով: Հայտնի է, որ համացանցի ստեղծումից կարճ ժամանակ անց  «մեռան» սեփական այբուբեն կամ սեփական լեզվով համակարգչային ծրագրեր չունեցող մի շարք լեզուներ: Այս լեզվի՝ հայերենի մեռնելու պատճառը յուրօրինակ էր: Հայերենը գործածությունից դուրս եկավ, որովհետև լեզվակիրները  սոցիալական ցանցերում, հետագայում՝ նաև  ժամանցային, ուսումնական և գիտական ցանցերում գրում էին այլ այբուբենների տառերով: Այս փաստը մինչև հիմա հետազոտությունների աղբյուր  է լեզվի հոգեբանություն  ուսումնասիրողների համար:

 

5.   Ծանոթագրություններ

 

[1] Համամոլորակային արխիվի տարեկան ամփոփում, ΔΓΕ 125

[2] Հնացած տերմինը՝ «գլոբալացում», անգլ. «globalize» բառից

[3] Մարդկության լեզուների մեծ մասի  վերացման պատճառը  դարձավ համացանցը, մի մասն էլ վերացավ Առաջին համամոլորակային պատերազմի ընթացքում

[4] Այսպես կոչված քաղաքական շահ

[5] Կա Կի, «Ինքնության ընկալում, էթնոս, լեզու»,   ΣΑΓΤ 01-587

[6] Աստղերի շարժման միջոցով ապագան կանխատեսելու արվեստ

[7] Փաթեթը ամբողջությամբ տես itp://onelanguage.com/project

[8] Նույն տեղում

[9] Տե՛ս Վիքիպեդիան XXX դարի լեզվական հետազոտություններում

[10] Ավետիք Իսահակյան, XIX-XX, մեռած լեզվի ներկայացուցիչ

[11] Գրավոր առաջին հիշատակումը հայերեն է՝  մեռած լեզվով:

[12] Բնականաբար, միայն լեզվաբանությունը որպես մասնագիտություն ընտրողները ազատ կլինեին դրանից

[13] Լեզուներ և խմբեր, ΡΖΛΣ արխիվ,  ΦΝ  781

6.   Արտաքին հղումներ

 

7.   Գրականություն

 

Սա  մարդկության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի