Ռազմիկ Գրիգորյան | ՔԵԶ ՏԵՍնԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ռազմիկ Գրիգորյան

Ռազմիկ Գրիգորյան

Քեզ տեսնելու համար,

սրտիս հետ քրքրում եմ մաշված թղթերս նաև,

լռության մեջ անհնար է սակայն տեսնել թափանցիկը,

երբ վաղուց քոնը չէ այն,

հեռո՜ւ, հեռվում է,

անհայտ է նրա հեռուներն անգամ…

Բոլոր ուշացածների պես մնում է ծխել,

խորհել, իզուր, հենց անյպես,

թե հաջողվի մետքերը խծկել

ծխախոտի թանձր ծխի մեջ

ու երկինք նետել

անցյալի կապանքներից ազատվելու

կամ գոնե չխելագարվելու համար…

Մնում է թողնե՛լ, լռե՛լ, ընդունե՛լ,

որ ուշացած սերը սրտի համար նույնն է,

ինչ կարկուտից հետո, ցորենի դաշտում

ծակող արևը,

մեռած հասկերը ոչինչ չեն զգա…

 

****

Լինել քո կողքին

Նույնն է թե արևին նայել հակառակ կողմից,

Կամ քայլելիս գերազանցել լույսի արագությունը,

Գալիս եմ քեզ մոտ…

Գիշերներս երազները են տնօրինում,

ուառավոտյան հեռանալիս թողնում՝

մի կտոր մոխրացած կարոտ,

քեզ գտնելու հույսով դուրս եմ գալիս,

քայլում՝ անտարբեր, սառը փողոցով,

ուր մարդիկ են անցնում,

ժպտում, հաբուրվում, վիճում երբեմն,

բոլորի մեջ հորինում եմ քեզ,

այն տղայի միամտությամբ,

ով ամռան տապին դուրս է գալիս տանից

ու ձյուն գտնելու հույսով վազում դաշտերում…

Հենց փողոցում էլ ծերացող ցերեկը գիշեր է դառնում,

աստղերից արձակված լույսեր են կաթում երկնքից,

իրիկնային խավարը տարալուծվում է երկնքում…

Վերադառնում եմ,

ամեն օրվա պես տուն բերելով բացակայությունդ,

մնում է սպասել երազներին,

անտառում քեզ հետ ոտաբոբիկ վազելու համար,

քանի դեռ կայիր,

ու գարունն այդքան կանաչ էր…

 

***

Փողոցը, որտեղ ապրել ես դու,

դարձել է լայն պողոտա,

ուր մանուկները չեն խաղում այլևս,

այգին՝ ուր զբոսնում էինք հաճախ,

մեռել է վաղուց,

սրճարանները թաղել են նրան,

մեզանից այտեղ ոչինչ չի մնացել…

Որքա՞ն հեշտ է բաժանումը,

երբ ամեն իրիկուն հորինում եմ քեզ

մենակ ման չգալու համար…

Գիշերը բացվում են բոլոր պատուհանները,

դու նվագում ես դաշնամուրը քո,

մեղմանուշ հնչյունները քամին

բաժանում է փողոց առ փողոց, տուն առ տուն…

Բոլո՜ր պատուհանները բաց են,

բոլո՜ր հնչյունները քոնն են…

Որքա՞ն հեշտ է երազներում թափառելիս,

քեզ հորինել և սիրել երկնքում ամեն երեկո,

որքա՞ն դժվար է սակայն

ամեն առավոտ զգալ

այդ ամենի հորինված լինելու ցավը…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.