Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 6

Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

 

ֆրանսերենից թարգմ. Գառնիկ Մելքոնյանը

Մայր բազմաչարչար

Գյուղերի հայ մայրերն ունեն այն կանանց անուրախ ժպիտ, ովքեր իրենց ուսերին են կրում իրենց ազգի թերությունները: Նրանք չուեն մայրաքաղաքում ապրող իրենց քույրերի եվրոպական թեթևությունը: Իրենց մարմնի համար վատնելու ժամանակ չունեն: Նրանց մարմինը մաշվում է ամենօրյա աշխատանքների քերիչով: Նրանք մոռանում են այն որպես ես-ի զարդարանք ու ճկում այն գյուղի չարքաշ իրականությանն ի խնդիր, որ երկիրը կառավարող ոչ մի արական սեռի ղեկավար չի ձգտում մեղմացնել:

Այդուհանդերձ, գեղջկուհի լինի, թե քաղաքաբնակ, հայ կինը կրում է հնավանդ մնացած հասարակության նույն զսպաշապիկը: Ամենուր գործող կանոնների ցանց, որոնք կապանքի մեջ են դնում հեշտորեն համակերպվող հոգիները: Անգամ պատահում, է, որ կանայք իրենց ամուսնու հարվածները համարեն  բնական : «Երբ բռնություն կա, ամեն ինչ պարզ է, -ասում է Մորիս Բլանշոն՝ Միշել Ֆուկոյին նվիրված մի տեքստում, -բայց երբ կա համակերպում, դա երևի ներքին բռնության հետևանք է, որը թաքնվում է ճշմարիտ համաձայնության ներսում»: Արդարև, այդ բռնությունը, որ դրսևորվում է խիստ ինտիմ բաների մեջ, արտացոլանքն է այն չարի, որը ծպտված է ամենուր`հասարակության ծակուծուկերի մեջ: Ինչքան էլ բարձր լինի կամ ասեն, թե բարձր է  այս երկրի  մշակույթը, այսօր այն մեծ դժվարություն ունի դուրս պրծնելու անտաշ, եթե ոչ բարբարոս մարդկային հարաբերությունների կաղապարից:

Արյան պաշտամունք, «ախպերության» մշակույթ, անցյալի ֆետիշացում, բայց այսօր դրանք կանոնավորվում են արտոնության ու մեծամտության ֆեոդալական պրակտիկայով, զուգակցվելով  այլասիրության, կարեկցանքի, համերաշխության  արգահատելի բացակայությանը: Քանզի մեր օրերում, երբ ամենուր դրամատենչությունն է իշխում, քաղաքացու իրավունքն արհամարված է: Երեկ Երևանի կենտրոնի ավերումը, այսօր՝ կրպակների, առանց համաձայնեցման կամ փոխհատուցման: Սրանք են ավտորիտար ժողովրդավարության օրինակները: Կլաններն ընդեմ կլանների, ախպերությունն ընդդեմ ախպերության, շահերն ընդդեմ շահերի ժողովրդավարություն…

Ընդհանուր առմամբ, ոչ երաժշտությունն է կարողացել քաղաքակրթել հայի հոգին, ոչ կրոնը` վերջնականորեն նրան պոկել հեթանոսությունից, ոչ էլ գրականություն է նրան ձերբազատել ազգայանամոլությունից: Բացառիկ մտավոր կարողությունները, որ դրսևորում են հայերը, օրինակ`ճատրակի մեջ, նրանց չեն օգնում իրենց կարեկցական միտքն ուղղել երկրի պայմանները բարելավելուն: Արդարև, երկրի համբավի մասին մտասևեռումն ու հրավառությունը դառնում են մարդուց կարևոր: Խելագար փողեր են ծախսվում Հայաստան անունը հրավառելու համար ի հեճուկս ողջամտության և հասարակության հատակում հայտնված հայրենակիցների: Հպարտանում են իրենց Ոսկե Ծիրան փառատոնով, բայց մի կարգին ֆիլմ արտադրելու ունակ չեն: Կազմակերպում են համահայկական խաղեր, որ եղբայրության շղարշի տակ` տոհմատիրական ժամանակների զանգվածային տոնախմբություններն են հիշեցնում:

Այս ժողովրդի երկարակեցությունը, ինչին վատ են նպաստել նրա պատմությունն ու աշխարհագրական դիրքը, ժողովուրդ, որ նաև զառամել է հազարամյա ինքնատելությունից, իր ծերացման նշանները մատնում է այս վերջին քսան տարիներին (որոնք երիտասարդ հանրապետության առաջին քսան տարիներն են) վարվող քաղաքականության մեջ: Ինչին է ծառայեցրել այս երիտասարդ հանրապետությունը այդ ազատությունը, բացի իր քաղաքացիներին վնաս տալուց, որոնք ձգտում են լքել իրենց երկիրը: Այնպես որ, հայի լավագույն միջոցը իր ունակությունները լիովին գործադրելու համար, օտար մի կառավարության պաշտպանության տակ գտնվելն է: Այդժամ իրենք կարող են պարծենալ, որ իրենց տաղանդով հարստացնում են աշխարհի ազգերին`իրենց հեռու պահելով սեփական երկրից: Օտարերկրացին, ով վարժված է իր երկրի քաղաքակիրթ բարքերին, տեսնում է, որ այս երկրում կամ ինքդ  պիտի բռնանաս, կամ ինքդ բռնության ենթարկվես: Քանզի ամեն մի հայաստանցի փոխարինաբար զոհ է ու դահիճ: Ապրել Հայաստանում, նշանակում է մշտապես գտնվել անսահման ու բազմաձև ագրեսիվության հորձանուտում, ճչացող ու թաքուն, բռնակալական ու նրբին, մաշելով հոգիները, որոնք ենթարկվում են մեկ` զոհ,  մեկ էլ` գիշատիչ լինելու սպառնալիքին: Ազատ հայ քաղաքացի ձգտել ունենալու փոխարեն, նրա շուրջ տարածում են հպատակեցման շոշափուկները: Քաղաքական մակրոբռնությունից, որ զգայելի է ընտրությունների ժամանակ դնչակալված տեղեկատվությունից, մինչև միկրոբռնարարքներ, որոնք դրսևորվում են ժողովրդի նկատմամբ, հասարակական կյանքի բոլոր մակարդակներում, երբ իրավունքն են ոտնահարում, մարմինները թուլացնում, հոգիները դարձնում տկար, ցանկությունները ճնշում, զրկում աշխպատանքից, խեղդում ազատ խոսքը, որը ծղրտում է զուր ընդվզման մեջ, մերձավորին, ում դիտում են որպես միջոց կամ թշնամի` սեփական գոյատևման կամ հարմարավետության համար:

Հայաստանցի կինը այդ անհույս ստորացման տիպարն է : Այսպես, ինչքան կինը սահմանափակվում է տնային գործերով, այնքան ավելի  ծավալվում է իր ամուսնու իշխանությունը: Քանզի որքան շատ  է կինը հետևում ավանդույթներին, այնքան ընտանեկան օջախի բռնակալական դրվածքը կայունանում է: Այդ վանդակն արգելք է դնում սեփական սահմանններից դուրս գալու փորձերին ու չի թողնում նրան ազատ թռչել: Քանզի Հայաստանում կանայք հրեշտակներ են, որոնց թևերը կտրել են, այնպես որ այլևս չգիտակցելով իրենց ընտելացումը, նրանք իրենք են նպաստում սեփական հաշմվածության հարատևմանը` տարածելով արհամարհանք ծնող ազգային արժեքներ: Քանզի հայ տղամարդիկ, որ նրանց պահում են իրենց բռունցքի մեջ, կանանց մեղքով են այդպիսին դարձել: Կանայք են նրանց այդպիսին դարձրել: Եվ սակայն, այդ նևրոզների գնով է, որ հայ ազգը գոյատևում է: Անշուշտ, պիտի առարկեն, թե տղամարդը ևս իր բաժինն ունի այդ գոյատևման մեջ: Որ նա ևս չարչարվում է, նա ևս կրում է պատմության հուսախաբությունները:

Բայց տերն ունի իր քմահաճույքները, որ կինը պիտի բավարարի: Նա համաձայնում է անցնել ամուսնության լծի տակ` մտածելով, որ այդպիսով պատվում է իր` կանացի սեռը, իր ընտանիքին ու իր ժողովրդին: Հրաժարումը սեփական անձից ավելի լավ է, քան այն անեծքը, որը խարանում է չամուսնացած կնոջը: Հոժարակամ  ինքնօտարացման այս լավագույն դրսևորման մեջ  տղամարդու ու կնոջ պարտականությունները  համընկնում են, փոխլրացնում իրար, փոխհամաձայնեցվում: Բայց, ըստ էության, տղամարդը միշտ գերակա դիրք է գրավում, ու ամեն ինչ արվում է,  որ նա պահպանի իր այդ դիրքը:

ԵՎ Մարատը, և Լարիսան մասնակցում են ֆերմայի աշխատանքներին (ամռանը նրանք ապրում են այնտեղ իրենց երկու որդիների հետ, խոտհինձին պատրաստվելու համար: Մնացյալ ժամանակը Մարատի հայրն է մնում այդ  ընդարձակ կացարանում, մինչ իրենք բնակվում են Կապանում): Աշխատանքի բաժանումը կատարվել է բնականորեն`ըստ յուրաքանչյուրի հմտության, ու նաև ըստ մի մտայնության, որի մեջ մի սեռը սահմանափակում է մյուսին: Օրինակ, Մարատին վերապահված է  տրակտորի վերանորոգումը, իսկ Լարիսային`խոհանոցը: Դերերի մի տեսակ անթափանցելիություն, որի խախտումը անպատկերացնելի է նրանց երկուսի համար էլ: Այն երաշխավորում է տնային գործերի բարեհաջող ընթացքը: Մանավանդ որ, ամեն մեկը պատրաստվել է դրան իր պատանեկության տարիներին, այն է` կատարել հենց այն գործառույթները, որ վերապահված են միայն իր սեռին: Մնում է իմանալ, թե ում ուսերի վրա են դրվում ամենածանր գործերը:

Ինչ քաղաքական տրամախոսությանն է վերաբերում, թեկուզ գյուղական, Մարատն է այն ծավալելու: Որքան Մարատը խոսքառատ է, այնքան Լարիսան`լուռ: Ասել է, թե` հրապարակային խոսքը բաժին է ընկնում տղամարդուն, քանզի էն գլխից կինն այդ ոլորտում  բանիմաց չի համարվում:

Կարելի է ասել, որ այս մոդելը պատկերն է մի երկրի, ուր կանայք լռեցնում են և իրենց մարմինը, և իրենց միտքը, մինչ տղամարդիկ մեծամիտ ու դատարկ ճոռոմաբաններ են: Իրականում, որոշ կանացի կերպարներ սկսում են ապմոնտաժել այդ խիստ պարզունակ պատկերը, օրինակ Հրանուշ Խառատյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանն  ու ուրիշները: Պարբերաբար տեսնում ենք բանտարկյալների կամ ոչ մարտի դաշտում զոհված զինվորների մայրերի, որ ցույցեր են անում կառավարական շենքերի դիմաց` պահանջելով հատուցում կամ հետաքննություն: Բանն այն է, որ նրանք չեն հապաղում ուղղակի քաղաքական այրերին դիմել կամ բախվել ոստիկանության հետ այն որոշումների պատճառով, որ իրենք անարդար ու կամայական են համարում: Եթե ցույց են անում`լինելով ընդդիմության շարքերում, ապա ճակատագրայնությունը եղբայրության վերածելու մտադրությամբ:

Լարիսան չարչարվում է`առանց մի վայրկյան շունչ քաշելու: Կթում է կովերին, պանիր է սարքում, զբաղվում խոհանոցով, թեյ պատրաստում, լվացք անում, մեկ պարտեզում է, մեկ`գոմում, ավլում է, մաքրում, պատասխանում, եթե հարց են տալիս, բայց ժամանակ չունենալով մասնակցելու խոսակցությանը: Դրանից քիչ է մնում մոռացվեն հազար ու մի հոգսերը, որ խուլ մտատանջում են նրան, ինչպես օրինակ` իր որդու մեկնումը բանակ:

«Կանայք այս երկրում, -ասում է նա`կարծես խոստովանելով մեզանից մեկին, -միայն իրենք գիտեն, թե ինչեր են քաշում»:

(շարունակելի)

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.