Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՌՈՒՍԵՐԵՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԻՋՆՈՐԴ ԼԵԶՈՒ

Հայաստանցիների հետ խոսելիս, անմիջապես զգացվում է ռուսերենի առկայությունը թե բառային, թե ոճային և թե առոգանության առումով: Դա ավելի ակնհայտ է կրթված խավի կամ «ինտելիգենցիայի» մոտ: Թվում է ոմանք նույնիսկ հպարտանում են, երբ խոսում են ռուսերեն, ասես ռուսերեն իմանալը զարգացած լինելու նշան է: Երբեմն ստացվում է այնպես, որ բարբառային կամ ժարգոնային հայերենը ավելի ազգային է քան գրականը:

Երկաթե վարագույրից ներս ռուսերենի իմացությունը ծառայել է «եղբայրական» (ներկայում իրար ծվատող) ժողովուրդների ազգամիջյան հաղորդակցությանը, որի շնորհիւ ժամանակին մեկուսացվել են բազմալեզու կայսրության տարբեր ազգությունների փոխըմբռմանն ու միավորմանը սպառնացռղ ներքին ու արտաքին բազմաթիւ «վտանգներ»: Որպես միջնորդ լեզու՝ ռուսերենը հուսալի միջոց է համարվել նաև շփվելու միջազգային մշակույթի, մասնավորաբար «դրսի» գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների հետ: Այլ խոսքով անչափ քիչ է եղել, կամ պարզապես չի եղել ուղղակի շփում համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու այլ բնագավառների հետ: Իսկ «Հայպետհրատ»-ի թարգմանական հրատարակությունների մեծագույն մասը կատարվել է ռուսերենից, ընդ որում ոչ միայն ռուս հեղինակներից: Եթե նկատի ունենանք այն իրողոթյունը, որ թարգմանական արվեստը ինքնին բծախնդիր, քմաճաշակ ու խրթին է, ապա դժվար չէ կռահել, թե ինչ որակ է ստացվել ռուսերենի միջնորդությամբ արված, երբեմն աղավաղված ու գրաքննության ենթակա թարգմանություններից: Իսկ, չէ՞ որ մենք պատմության մեջ հռչակվել ենք որպես թարգմանական արվեստի ռահվիրաներ…
Այսպիսով սովետական գերիշխանության օրոք ընդլայնվել է ռուսերենի գործառական ոլորտը՝ ներթափանցելով ժողովուրդների ու ազգությունների, դրանց թվում հայերի թե խոսակցական և թե գրական բառապաշարի մեջ:
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ակնկալվում էր, որ աստիճանաբար կվերանա ռուսերենի գործածությունը կամ միջնորդ լեզվի դերը հայերենում: Սակայն ընդհանուր պատկերն այնքան էլ չի փոխվել: Իրոք չկան կամ շոշափելի չեն հայերեն լեզվի՝ անկախության ձգտող տվյալները:
Վերջերս, այս թեմայով խոսակցություն ունեցա միջին սերնդին պատկանող Երևանի ճարտարապետներից մեկի հետ: Նա նշեց, որ բարձրագույնը սովորելիս իրենք օգտագործել են միայն ռուսերեն ձեռնարկներ, որով ներկայում կիրառվող ճարտարապետական գրեթե բոլոր՝ բացառաբար լատինական արմատ ունեցող տերմինները ռուսերեն են:
Ռուսերեն են գրվում բոլոր դեղատոմսերը, դեղերի բացատրությունները, կենցաղային ու մթերային ապրանքների պիտակների մեծ մասը (լավ է, որ հայերեն,թեկուզ մանրատառ, պիտակ են փակցնում ներմուծված ապրանքներին) : Բացի Հ1-ից, Երևանի տարբեր հեռուստաալիքների հաղորդումների համարյա կեսը ռուսերենով է:
Տվյալ դեպքում, տրամաբանական չէ մեղադրել հին սերնդի ներկայացուցիչներին: Խոսքը ավելի շատ գնում է այն մասին, որ նույնիսկ մեր օրերում, երբ վերացել է խորհրդային բռնատիրությունը, երբ մեծ ցնծությամբ տոնում ենք տառերի գիւտի 1600-ամյակը, Հայաստանում դեռևս առկա է ոչ միայն ռուսերենի չնվազող ներկայությունը այլև անկախության պայմաններում երբևէ կարիք չզգացվող՝ միջնորդ լեզվի շարունակվող դերակատարությունը: Այս տխուր երևույթն ևս բացորոշ կերպով արտացոլված է առօրյա խոսակցությունների, ռադիո-հեռուստատեսային հաղորդումների, գովազդների ու մինչև անգամ հետսովետական գիտատեխնիկական ու գեղարվեստական գրականության մեջ:
Ինչո՞ւ միջնորդ լեզու, երբ այլևս ոչ մի խոչնդոտ չկա անմիջականորեն շփվելու օտար լեզուների ու մշակույթների հետ, երբ հնարավոր է անկաշկանդ կերպով թարգմանել ուղղակի բնագրից (քիչ չեն մեր լեզվագետները), երբ կարելի է օտար բառերը գրել հենց իրենց արտասանությամբ օգտվելով մեր սքանչելի այբուբենից՝ եթե ոչ լրիվ, գոնե շատ մոտիկ՝ ռչ հիմնովին աղճատված:
Նույնիսկ եթե համակերպվենք հայերենում ռուսերեն բառերի գոյության կամ հայկական առոգանության մեջ ներխուժած ռուսական շեշտադրության հետ, ապա բացարձակապես անընդունելի է ռուսերենի միջնորդությամբ հայերեն տառերով գրվող օտար, մասնավորաբար անգլերեն բառերն ու անունները, որոնք երբեմն հնչում են ծիծաղելիության չափ զավեշտական: Երևանի սրճարաններում բազմիցս հանդիպել եմ ամերիկահայ տուրիստների (ինչու չգրել «թուրիստներ»), որոնք հեգնանքով էին վերաբերվում ճաշացուցակում տեղ գտած հայերեն տառերով ռուսերեն գրված ամերիկյան ճաշատեսակների անուններին («կետչուպ»՝ քեչափի փոխարեն)…
Հայոց այբուբենը հնչյունային առումով շատ ավելի հարուստ և ճկուն է քան՝ ռուսականը: Ինչո՞ւ Տ և ոչ Թ անգլերեն T-ի փոխարեն, ինչո՞ւ Պ և ոչ Փ՝ P-ի փոխարեն, ինչո՞ւ Կ և ոչ Ք՝ C-ի կամ K-ի փոխարեն, ինչո՞ւ Ռ և ոչ Ր՝ R-ի փոխարեն, ինչո՞ւ Մուլտի Գռուպ կամ Մուլտի Ռեստ՝ Մալթի Գրուփ կամ Մալթի Րեսթ-ի փոխարեն, ինթերնեթ՝ ինտերնետի փոխարեն, ինչո՞ւ Օգանես՝ Հովհաննեսի փոխարեն և այլն: Եթե հարկ է օգտագործել որոշ օտար բառեր կամ անուններ, ապա ինչո՞ւ չօգտվել դրանց ոչ թե ռուսերեն, այլ ուղղակի տվյալ լեզվի տարբերակից:
Հայկական Դրամը հաջողությամբ դուրս մղեց ռուսական ռուբլիին ու արիաբար դիմակայեց ամերիկյան դոլարի ներխուժմանը: Հապա բազմադարյան հայերենը մինչև ե՞րբ պիտի գրկախառնված մնա ռուսերենի հետ…
Արդյո՞ք ժամանակը չէ, որ պատմության բազում արհավիրքների ու փորձությունների բովից անցած ու վերածնված Հայաստանը՝ քսանամյա այս հրաշք պատանին, իր վրայից դեն նետի օտար լուծի վերջին շղթաներն ու իր պանծալի ոսկեղենիկով, մշակույթային հարուստ ժառանգությամբ ու ավանդույթներով հաստատուն ու ինքնիշխան քայլի անկախության ուղիով:

2 comments

    • Հրայր Կարապետյան on 8 Սեպտեմբերի, 2011 at 4:59 ա.
    • Reply

    Պետք է այս կարևոր գրությունը վերատպել լայն շրջանառություն ունեցող Հայստանյան մամուլում:

    • Grish Davtian on 15 Հոկտեմբերի, 2011 at 6:08 ա.
    • Reply

    Ռուսերենի ազդեցության մասին գրված կարծիքների մասին կարելի է համաձայն լինել ընդհանրապես: Բայց օտար բառերի տառադարձությունը հայերենում այլ բնագավառ է, որ պիտի նկատի առնել հայերենի ունեցած օրենքներով:
    Այս պարագայում եթե խոսվում է որևէ լեզվից ուղղակի փոխառվող բառի մասին, պիտի տեսնել թե ի՞նչ լեզվից է. լայնորեն ճանաչված լեզվից, թե՞ համեմատաբար հազիվ ծանոթ լեզվից: Ինչքան էլ հպարտ ենք մեր թարգմանական ավանդություններով, սկսած ե դարից, այնուամենայնիվ հայերենի շփումը քիչ ճանաչված բազմաթիվ լեզուների հետ լայն չէ. ուստի ի վաղուց անտի, միջազգայնորեն ավելի տարածված լեզվի միջնորդությունը եղել է գործնական տեսակետից օգտակար: Անգլերենի T տառը հայերենում արտացոլվել ու տառադարձվել է լատիներենի ու հունարենի միջոցով ե դարում, երբ անգլերենը անծանոթ է եղել հայերենին:
    Օրինակ տուրիստ բառը հայերենում ո՞ր լեզվից է փոխառվել… լատիներենի՞ց, Ֆրանսերենի՞ց, անգլերենի՞ց… Այնուամենայնիվ, այդ անգլերենի T տառը լատիներենից տառադարձվել է հայերենում Տ,տ: Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել բիբլիական անուններից: Այդտեղից սկսած T տառը անգլերենից մեր դասական տառադարձությամբ պահել Տ,տ տրամաբանական է: Իսկ Թ ենք տառադարձում TH հնչույթը:
    Համանման բացատրություններ կարելի է տալ K C P տառերի տառադարձման մասին, որ տառադարձվում են K՝ Կ,կ, C՝ Կ,կ կամ Ց,ց, P՝ Պ,պ: Իսկ Փ,փ է տառադարձվում PH:
    R տառը մեր դասական օրենքով տառադարձվում է. բառասկզբում՝ Ռ,ռ. իսկ բառամիջում, կամ բառավերջում Ր,ր: Օրինակ՝ ռանչպար, որ պարսկերենից է փոխառված. բառասկզբում Ռ,ռ, իսկ բառավերջում՝ Ր,ր: Radio` ռադիո:
    Տրամաբանական է, և ճիշտ կլինի, որ հայերենում տառադարձային ուղղագրական դասական կանոնայնությունը պահպանենք:

Թողնել պատասխան

Your email address will not be published.