Սամվել Մարտիրոսյան | ՀԱՆԳՉԵԼ

Նվիրում եմ կնոջս՝ Սիրանուշին

Հանգչե՞լ:
Քո շշունջներից ես այսօր իմացա, որ դա նշանակում է նաև քնել, հանգիստ առնել:
Առաջ ես այդ բառը ոչ ոքից չէի լսել: Մինչև օրս, ինձ համար կար մեկ ուրիշ, ավելի վսեմ, ավելի անձնվեր ու տագնապալի մի բառ՝ այրվել: Չգիտեմ ինչու, ես շատ հեշտությամբ հաշտվեցի այս նորության հետ: Նույնիսկ ուզեցի, որ լույսը պսակի ձև ունենա: Ես այրվեմ, իսկ նա քեզ հետ լինի:
Հանգչել…
Քո լռությունից ես իմացա նաև, որ դա նշանակում է՝ շարունակվել:
Իմացա, որ անչափ կարևոր է շարունակվելը: Երբեմն ավելի կարևոր, քան լուսավորելը: Իսկ լինում են դեպքեր, որ նրանք երկուսն էլ նույն իմաստն են ձեռք բերում: ԵՎ այդ ժամանակ հարազատ մայրն անգամ չի տարբերի մեզ իրարից:
Հանգչել, հանգչել ու վերջանալ անպաշտպան մոմի պես: Սա ես քո աղոթքից իմացա: Ես գիտեմ, կա մի ժամանակ, երբ նա կորուստ է նշանակում, նշանակում է՝ չունենալ: Մեկի, երկուսի, բոլորի համար էլ դա նույն իմաստն է ամփոփում:
Գիտեմ նաև, որ մարդկանց համար չէ այդ ժամանակը: Որովհետև դա հոգնեցնում է մարդկանց, չարացնում: Վեր է ածում նրանց՝ մարդասպանների: Բայց ես խոստանում եմ, որ այլևս երբեք չեմ հիշեցնի քեզ այդ մասին:
Կայրվեմ ու չեմ հիշեցնի:
Լույս կտամ ու չեմ հիշեցնի:
Իսկ երբ ոչ ինձանից, ու ոչ էլ իմ կրակից, բան չմնա, կհանգչեմ, ինքս էլ, անշուշտ, կհանգչեմ: ԵՎ դա, ընդամենը կնշանակի՝ դադարել բոլորի համար ապրելուց և ապրել միմիայն մեկի համար:


SAMAR88.jpg

Թողնել պատասխան

Your email address will not be published.