Արմինե Պետրոսյան | ՃՄՌԹՎԱԾ ԺՊԻՏ՝ ԳԼՈՐՎՈՂ ՃԱՄՓԵՔԻՆ

ArmP11 

Եթե գուշակ Կալխասը գրադարանից դուրս գալուց առաջ ինձ հանդիպած լիներ, հաստատ կասեր, որ մինչև տուն հասնելս հանդիպելու եմ  անսովոր անցորդին, որը գալու է աչքերը ճպճպացնելով և ոտքերը քսքստացնելով, բացելու է անցյալի թաքնված մի տուփ, որը ես ամուր կողպել ու դրել եմ մտքերիս պահարանի ամենահեռու մի անկյունում: Նրա թմրած դեմքին նայելով՝ հիշելու եմ մանկապարտեզի մեր խաղընկեր Սաշային ու տրորված օրս: Չնայած Սաշայից ի՞նչ խաղընկեր: Տռզած փորով, ծույլ ժպիտով ու քթի մշտահոս վտակով այդ տղան ամեն անգամ կամ ծեծվում էր, կամ բոլորից հեռու մի անկյունում առանձնանում: Շատ էի խղճում նրան, մինչև…Հա-հա-հա՜:

Ու այսպես քանդվելու է հիշողությունների կծիկը…

Փողոցով մեկ գլուխկոնծի տվող տերևների նման մտքերս հետ-հետ գնացին, գլորվեցին տարիների ծուռումուռ աստիճանների վրայով: Սաշային հիշեցնող  տղան բացել էր ոչ սիրելի դարակներիցս մեկն ու չարաճճի կատվի պես քանդել հիշողություններիս կծիկը:

Մանկապարտեզը չէի սիրում: Որոշ երեխաների պես այնքան երես առած չէի, որ հաշվի չառնեի դաստիարակների ասածներն ու մյուսներին ծեծեի, ստորացնեի, բայց գոնե այնքան հպարտ էի, որ կարողանում էի հարգանքս չկորցնել:

Սաշան վաղուց կորցրել էր հարգանքը բոլորի աչքում: Ով ուզում էր  ինքնահաստատվել, Սաշային տեղը տեղին դնգստում էր: Անհնար էր գոնե մի քանի խոսք չշպրտեին կեղտոտ քթի ու ուռած փորի հասցեին: Սաշան միայն ծեծվելիս էր լացում. արցունքի հոսքը խառնվում էր քթից հոսող կանաչավուն մասսային ու բերանքսիվայր ցած թափվում:

Երբ վիրավորում էին, ծուռ հայացքով նայում էր ասողներին, գլուխը կախում և գնում անկյուն փնտրելու:

Երբեք մտքովս չէր անցնի նրան վիրավորել՝ չնայած այն հազվագյուտներից մեկն էր, ում հանգիստ կարելի էր հեգնել ու անպատասխան մնալ. անգամ դաստիարակներին չէր ասի: Մտածում էի, որ ներսն է գցում, տանջվում է, ու ինքս էլ վատ էի զգում իր փոխարեն, բայց այնքան համարձակություն չունեի, որ դեմ գնայի վիրավորողներին, որ խանգարեի ամենօրյա տրագիկոմեդիայի ցուցադրմանը:

Մտածում էի՝ կաթիլ-կաթիլ կուտակված վիրավորանքը լցվել է փոքրիկ երեխայի մտքի ծալքերը ու մի օր կպայթի, բայց այդ օրն  այդպես էլ չեկավ: Չէր էլ կարող գալ: Սաշայի մտքի ծալքերում ոչինչ էլ չէր կուտակվում. Դրանք մակերեսային հպումներ էին, որ փոթորկելու ուժ չունեին:

Ա՜, հիմա որ հիշում եմ, հասկանում եմ, որ դեռ փոքրուց եմ այս զզվելի բնավորությունն ունեցել. ամեն ինչ  ոչ միայն կուտակել եմ մտքիս ու հիշողությանս  վերմակների ամենաներսում, այլև փող պահած տատիկի պես ամեն գիշեր քնամքով հանել, շոշափել, դրել ու վերցրել:

Է՜հ, Սաշա՛, Սաշա՜…

Այդ օրը մայրիկն ասել էր, որ քեռիենց տուն կգնա: Կգա, մեզ կվերցնի, հետը կտանի, կամ էլ քեռիին կասի, որ ինքը գա, վերցնի:

Հետճաշիկի անհետացող հոտն հուշում էր, որ  շատերն արդեն գնացել են, որ իմ հետևից ոչ ոք չի եկել:

Առաջին անգամն էր, որ տուն գնալիս վերջինն էի: Փոքրիկ սիրտս կծկվել էր: Խոնավ ու ամպոտ օրվա նման, որ ամեն պահ խոստանում է անձրև տեղալ, ես էլ լացելու պատրաստ կանգնել էի:

Ահա և եկավ Սաշայի հայրիկը: Այդ պահին նկատեցի, որ բացի ինձնից Սաշան էլ կար, նա էլ դեռ տուն չէր գնացել: Սաշայի հայրիկը դաստիարակին մոտեցավ, փսփսացին, հետո ինձ մոտեցան.

-Անի՛ ջան, մայրիկդ քեռիիդ տանն է: Սաշայենք քեռուդ հարևանն են: Սաշայի հայրիկին խնդրել են, որ քեզ տանի քեռուդ տուն: Դե, գլխարկդ վերցրու և գնա,-ասաց դաստիարակը՝ երևի մտքում ուրախանալով, որ աշխատանքային օրը մոտենում է ավարտին:

Ես ավելի խեղճացա, ամպոտվեցի: Ինձ միշտ ծնողներս էին տուն տանում, իսկ հիմա…
Սաշայի հայրիկն ուրախ ժպտաց որդուն, շոյեց գլուխն ու ձեռքը բռնելով՝ առաջ ընկավ: Ես ասես չկայի: Ուրվականի պես հետևներից ընկա: Սաշան սկզբում թույլ ժպտում էր հորը, երբ մի փոքր հեռացանք մանկապարտեզից, սկսեց խոսել, ցածր ձայնով ինչ-որ բան էր պատմում: Մի փողոց անցնելուց հետո Սաշայի ձայնն ավելի բարձրացավ, խոսելիս անգամ հռհռում էր: Ինչքան մոտենում էինք իրենց տանը, այնքան ավելի էր ոգևորվում: Սկսեց ցատկոտել, երգել:

Ստվերս անորոշությունից ձուլվել էր ուրվական մարմնիս ու մի ամբողջություն դարձել:

Սաշայենց դարպասը, որն իր մեջ էր կլանել բոլոր կեղտագույները (հա՜-հա՜, կամ իմ նախատրամադրվածությունն էր պատճառը), բացվեց ու իր հսկա երախում կուլ տվեց Սաշայի չաղլիկ մարմինն ու ծույլ ժպիտը:

Մինչ նույնը կկատարվեր նրա հայրիկի լողլող կերպարի հետ, նա հասցրեց ասել.

-Աղջի՛կ ջան, դու այստեղ սպասիր, շուտով մենք կգանք:

Հավերժությունը երևի ամենահարաբերական հասկացություններից մեկն է: Ինչքան թիթեռի ու մարդու համար այն լիովին տարբեր կարող է լինել, այդպես էլ հենց տարբեր մարդկանց համար: Սպասումից է կախված:

Անհամբերությանս կառչուն թելիկները կախվել էին սպասումի երկար հյուսքերին ու ջղաձգված այսուայնկողմ էին քաշքշում: Ամեն մի պոկվող խոտի, տերևի հետ սիրտս ավելի էր կծկվում, իսկ կեղտագույն երախը համառորեն փակված էր:

Պպզել էի ձեռքերովս սարքած հողակույտի մոտ, երբ հետևիցս ատամների կափկափոցի ձայն լսեցի: Շուռ եկա. Սաշան էր: Մատնաքաշ հացի մի կողքը ձեռքն էր առել, հացի միջից երևում էին երշիկի փայլող շերտերը: Սաշան լայն կտորներով խժռում էր հացն ու ինչ-որ բան ասում:

-Ի՞նչ ես ասում, չեմ լսում,-հարցրի ես:

-Պապան ասում է, դու մի քիչ էլ սպասիր, ինքն հիմա կգա,-ծամվող կտորների միջից դուրս թռան բառերը:

Մինչև հիմա, ամենակուշտ պահիս անգամ, երբ հիշում եմ Սաշայի երշիկով մատնաքաշը, բերանիս ջրերը գնում են: Իսկ այդ ժամանակ շատ քաղցած էի՝ փիղ ուտելու չափ քաղցած, չսիրածս ճաշն անգամ ուտելու չափ քաղցած, Սաշայենց չարված հյուրասիրությունը շատ պնդելու դեպքում ընդունելու չափ քաղցած:

Երբ ես նայեցի, Սաշան ճմռթված ժպտաց, լիզեց յուղոտ շրթունքներն ու ցատկելով հեռացավ:

Այլևս չէի սպասում ոչնչի, ոչ մեկին. ժամանակը սպառել էր ակնկալիքներս, ու ես ուղղակի կանգնած էի՝ լուռ, ուղեղս անջատած:

Հետաքրքիր է, որ այս պատմության վերջը բնավ չեմ հիշում: Կծիծաղեք, չէ՞, որ հինգ տարեկան մանկապարտեզի սանը բոլոր մանրամասներով հիշում է դեպքը մինչև գլխավոր պահն ու մոռացել է կարևորը՝ ոնց հասավ տուն:

Իսկ գո՞ւցե այդ մասն իրականում կարևորը չէր, թե չէ ինչպես կմոռանայի: Գո՞ւցե շիկացած երկաթի դաջումները վերաբերում էին միայն այնքան մասին, մինչև ուղեղս չէի անջատել… Գո՞ւցե…

-Կարևոր չէ…

Երկու զուգահեռ տարբերակներ են պտտվում գլխումս: Ըստ առաջինի՝ լավ ընթրելուց հետո Սաշայի հայրիկը վերջապես դուրս էր եկել տնից ու ինձ տարել քեռուս տուն: Ըստ երկրորդի՝ մերոնք տեսնելով, որ շատ եմ ուշանում, քեռուս ուղարկել էին իմ հետևից, նա էլ ինձ գտել էր հարևանի դարպասի առջև քարացած կանգնած, ձեռքս բռնել ու տարել իրենց տուն:

Մի օր մայրիկին կարելի է հարցնել, թե ինչպիսի լուծում էր ունեցել այդ օրը: Հա՛, միտքս պահեմ, որ անպայման հարցնեմ:

Դե՛, Կալխա՛ս տղա, որ հանդիպեիր, ի՞նչ էիր գուշակելու: Կարող էիր ասել.

-Այդ ամենը կհուշի քեզ, որ գալու է անինքնասիրության ժամանակաշրջանը: Զգո՛ւյշ եղիր, պահպանի՛ր դեմքդ:

Կամ՝

— Միշտ հիշիր անցյալիդ դասերը, որ ապագադ ճիշտ կառուցես:

Լա՛վ, Կալխա՛ս, բայց ի՞նչ դաս, ի՞նչ անցյալ, ի՞նչ ապագա:

Տեսնես հիմա Սաշան ամուսնացե՞լ է: Գո՞ւցե մի տղա ունի, ում արդեն մանկապարտեզ է տանում, հետն էլ ճանապարհին պատմում իր մանկական հերոսություններից: Հա-հա-հա…

Մեր հեքիաթազուրկ իրականության մեջ դու դժվար հայտնվեիր, Կալխա՛ս, բայց թե միտքդ փոխես, հանգիստ կարող ես ինձ այցելել: Ես Հերակլը չեմ, որ մի աննշան սխալի համար թրով տամ-սպանեմ քեզ, չէ՜…

Փողոցով մեկ գլուխկոնծի տվող տերևների հետ մտքերս էլ խառնիխշտոր առաջ էին շարժվում: Ես վաղուց անցել էի մեր շենքի մուտքը, բայց ոտքերս միացել էին մտքերիս ու անկանոն թռիչքի ուղին բռնել:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.