Հայկազ Գրիգորյան | ԿՈՒՐԱՑԱԾ ԱՆԴՐԱԴԱՐՁ

.

HG12

ԿՈՒՐԱՑԱԾ ԱՆԴՐԱԴԱՐՁ
………………….
Պատառոտված
Շուրթերիդ է գամված վերջին համբույրը
Դառնության…
Ոչինչ չասող լռության մեջ
Միայն նա գիտի սրտիդ ավելորդ
Եղանակը,
Նա, ով ստեղծեց քեզ
Երկրի վաղանցիկ ժամանակի մեջ`
Կոչելով կատարելության մասնիկ,
Իսկ դու ստության անոթն ես լցնում
Խորամանկության արդարացված մղումով:
Քո սեփական սարդոստայնում
Անմեղությունդ է բորբոսնած…
Նա, ով ստեղծեց քեզ,
Կողբա կորուստդ մահիցդ առաջ,
Բզկտված շուրթերիցդ
Պոկված բառերը մահաբեր են,
Երբ խոսքեր են դառնում…
…………………
Ժամանա՛կ,
Շնչառությանդ մեջ հնչող սուլոցը
Ամենամերձավորիդ կորուստը չէ,
Այլ սրտիցդ կաթող արյան մրմունջ,
Ասում են, այն կարմիր է անմեղության,
Ու անգույն՝ մեղքի ժամանակ:
Անթարգմանելի է ափերումդ
Կծկված ճակատագիրը,
Դա մարմնավոր լռությունն է,
Իսկ դու չես տեսնում անգույնը:
Սխալները մտորումների ավելցուկներն են,
Մեղքերը՝ կաղապարված ցանկությունները,
Իսկ այսօր ամեն ինչ կատարյալ է.
Թափվող անձրևը կարմիր գույն ունի:
…………………….
Երբ մոռանալու տարբերակ չունես,
Կտրիր բաժանող տարածությունը մասերի
Ու կուլ տուր ժամանակը լռության մեջ:
Դու չես շարժվում, գամված ես սլաքի
Անսարքությանը…
Դեմքիդ թախիծը ծամում է բաժանման
Վայրկյանները, ու հետքերն այլևս չկան:
Կան արահետներ, որ լի են մենությամբ,
Գետեր, որ հորդում են ձանձրույթից:
Ես չեմ շտապում, իրականությունն
Անխախտ է…
Ես պարզապես գիտեմ.
Երբ մոռանալու տարբերակ չունես,
Խորովիր ինքնությունդ սպասումի մեջ…
Բոլոր սպասումները մի օր մեռնելու են:
………………………..
Զգացմունքներ…
Պաստառված սրտի անզսպությամբ
Բաբախները ճիչերի են վերածվում,
Երբ լինելը դառնում է հակասական,
Ցանկությունը մշուշված է…
Կարոտից հոսող տխրության մեջ
Բառերը վաղուց խեղդվել են,
Բայց հույսը…
Հույսը երբեք չի մեռնում
Անորոշությունում:
Մենք երջանկություն ենք փնտրում,
Երբ սիրտն արդեն թալանված է,
Ու հայելու արտացոլանքում
Արցունքներ են սոսկ:
Թիկունքից հեռացող անցյալը գիտի`
Մոտեցող ապագան կպատռի դիմակը,
Ինչպես միշտ դատը կխափանվի,
Անցյալը հետ չի գա…
Լոկ բանտախցում ծվարած սերը
Կխոստովանի,
Որ երջանկությունը
Հավերժությունը կորցրած ակնթարթն է:
…………………….
Մոտեցիր,
Ես քանդել եմ բաժանող պատը,
Բոլոր քարերը մեկ առ մեկ թաղել
Հիշողության գրկում:
Ժայռից պոկված հայացքդ
Սպասումներին հակառակ կորել է,
Գիտեմ` չտաշած քարը հողի դառնությունն է,
Բայց ես չեմ հիշում աչքերիդ
Դասավորությունը…
Անկարող եմ ձևափոխել մարմինդ
Գիշեր հագած լուսաբացի աչքերում,
Իսկ շուրթերիցդ պոկված
Միակ հնչյունը մեռավ`
Ցավի համաչափ տնքոցներով:
Ես գիտեի, որ ժամանակի մեջ
Սպասումը վիժվում է,
Թախիծը՝ երկվորյակ ծնում.
Ես ընդամենը չգիտեի,
Որ սերը հոգեկան սինդրոմ է,
Ու բոլոր հաբերը խելագարվել են:
Քանդեցի բաժանող պատը,
Բոլոր քարերի մեջ սիրտդ
Ամենախորդն էր…
…………………….
Երբ ներկած աշխարհս գունազրկվի,
Կփակեմ աչքերս պատկերներիդ
Մտապահումով…
Ու այնտեղ, քո սենյակում, կծկված վարագույրիցդ
Կախված հույսը կպոկվի, կանէանա…
Կփնտրեմ այն հատակի կնճիռներում,
Բայց մոմը կհալվի, կծածկի ճեղքերն իր
Մարմնի մերկությամբ.
Ես կկորցնեմ միակ գունավոր հույսը:
Ու պատուհանից այնկողմ
Միագույն ձմեռը կողբա՝
Սեղմելով հանգչող արևը կրծքին,
Ընկնող անձրևի վերջին կաթիլը
Կտանի ամպերի թախիծն ու
Կցնդի օդում` որպես ավելորդություն…
Երկինքը կգրկի օվկիանը,
Հողը կտնքա աճող ծանրությունից
Ու կաղերսի.
-Ապրել եմ ուզում…
Գունավոր հույսն արդեն մեռել է:
……………….
Անձրևը միակն է` կորուստ ողբացող,
Ամենուր թափառող ստվերը խենթացել է`
Հիշողության դառնահամը տողադարձելով,
Մահը անթարգմանելի լռությունն է,
Երբ թափառումների մեջ մարում է
Մենությունը,
Ու ցավն այլևս չի մարմնավորվում,
Անցյալն սպասվող ապագան է`
Անիմաստության դիմակով:
Որքան էլ տխուր է բաժանումը,
Հեռացող ներկայությունը գիտի.
Մեռնելը ցանկություն չէ,
Այլ անհրաժեշտություն:
…………………
Ճիչեր՝ երկինք համբարձվող,
Գիշերը կորցրել է քունը,
Ամենուր խուճապահար փախչող
Մտքեր են,
Դեմքեր մոլորված ծաղրածուների:
Երկրային կյանքի իմաստը
Կորել է անմարդկության մեջ,
Ինքնասպան եղած խղճի
Անմարմին թախիծն ավարտվեց,
Ջգացմունքը մոռացված անցյալն է:
Երբ ամեն ինչ դատարկության
Մեջ է ծավալվում,
«Լինել», «Չլինել»-ը կորցնում է
Ինքնությունը…
Խելագար քաոսի մեջ ննջել է
Բանականությունը կորցրած
Խաղաղությունը:
…………………
Պատառոտված ոտնահետքեր,
Ասֆալտը դողում է արյան
Սրբությունից…
Անձրևի մեռնող կաթիլը վերածնվեց`
Փարվելով վերքերի մաքրությանը:
Այլակերպվող սուտը վազում է,
Մաքրում հետքերն արցունքների`
Թերիությամբ,
Ոռնում քաղցած գայլի պես:
Նա ուզում է կլանել ամենը,
Անբիծը անմատչելի է…
Հավատքի կեղծավոր քողի տակ,
Երբ շատերը սուտն են երկրպագում,
Ցավից տնքացող ճանապարհը գիտի՝
Ինչքան էլ ճշմարտությունը կաղի,
Առաջինն է հատելու վերջնագիծը:
………………….

Ապագան անխոս հայելի է աչքերիս առաջ,
Ես գտել եմ Վան Գոգի վրձինը,
Գունագեղ աշխարհը ձեռքերումս է…
Լռությունն է  ամենաճիշտ խոսքը,
Անհրաժեշտ է որսալ այն մտքի
Ճկունությամբ,
Ես արդեն պատկերել եմ երազանքս՝
Լռության խոսքով, մտքի հասունությամբ:
Ժամանակի մեջ թափառող
Ամենավայրագ ակնթարթը
Երջանկությունը տողադարձեց
Դառնության արցունքով,
Փշրեց պատկերած ապագաս հազարավոր
Մասերի, ու հեռացավ՝ կոչվելով խորամանկություն…
Կպցրի հայելու կտորները արյանս
Հեզությամբ.
Այնտեղ գունազուրկ անցյալիս
Կուրացած անդրադարձն է…

 

4 comments

Skip to comment form

    • Լիաննա on 15 Օգոստոսի, 2014 at 5:18 ե.
    • Reply

    Անչափ հաճելի բացահայտում…
    կարդում եմ ու ցանկանում նորից կարդալ, ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում…
    Այնքան շատ ասելիք կա, այնքան խորհն ու ճշմարիտ:
    Շնրհակալություն Հայկազ, հաճույքով կկարդայի ձեր գրած այլ ստեղծագործություններ.
    …Որ երջանկությունը
    Հավերժությունը կորցրած ակնթարթն է:

    …Սխալները մտորումների ավելցուկներն են,
    Մեղքերը՝ կաղապարված ցանկությունները…

    Հրաշալի է:

    • Zorayr on 16 Օգոստոսի, 2014 at 8:28 ե.
    • Reply

    Shat lav, Haykaz. Uxxaki hiacac em. Du unes qo yuratip grakan vochy u dzeragiry, da uraxacnum e. SHarunakir katarelagorcvel, mer azgin petq e ayn, inch du hima anum es.

    • ԱՆՆԱ on 20 Հոկտեմբերի, 2014 at 1:53 ե.
    • Reply

    Ցավից տնքացող ճանապարհը գիտի՝
    Ինչքան էլ ճշմարտությունը կաղի,
    Առաջինն է հատելու վերջնագիծը:…..

    Իսկ վերջին բանաստեղծությունն ըմբռնելուց հետո ուղղակի փշաքաղվեցի.
    Շատ ապրես.
    Շատ կուզեի կարդալ ձեր այլ գործեր.! այսպիսի մտքեր շատ քչերն ունեն..

    Այնտեղ գունազուրկ անցյալիս
    Կուրացած անդրադարձն է…

    • Karen on 18 Փետրվարի, 2015 at 2:41 ե.
    • Reply

    Անչափ շատ ու խորհն է ասելիքդ, ու խելացի բարդություն կա. Մի տեսակ ձգողական ուժ ունի, որ ստիպում է մի քանի անգամ կարդալ ու էլի կարդալ:
    Շնորհավորում եմ

    ..Խելագար քաոսի մեջ ննջել է
    Բանականությունը կորցրած
    Խաղաղությունը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.