ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Ռուսերենից թարգմանեց Գիսանե Հովսեփյանը

* * * * * * *
Ողջ լե՛ր, ազատդ վերին,
Դու եկար հանց ընտրյալ սրբոց՝
Որպես յոդ կենդանի վերքերին
Հեղելով քո մազերը բոց:
Դու ասես թղթերի տրցակի
Խաչ-տիկին՝ մտացիր ու մունջ,
Սպասումը կրճտաց հանց գետնին
Կրունկով ճզմած խխունջ:

* * * * * * *
Խմում է գեղեցիկ կինը՝
Անվերծան ու փակ Նոր տարուն,
Կարապի թևերով կինը
Խաղում է լճի մով հայելուն:
Մամուխի մացառներն անցել,
Ձյան մեջ կանգնել է տրտում,
Վերջին սիրեկանը գուցե
Լողում է ձմեռվա գետում:

ՏԱՂՏԿԱԼԻ ՍՈՆԵՏ

Ես չսխալվեցի՝ կանխազգալով
Առաջարկը տիկնոջ դերի համար,
Հարգանքներս, օրիորդ, մեկտեղ պահենք
Մարդկային մեր ցեղի կերոնն անմար:
Բախտի հորձանուտում կա ծանծաղուտ,
Ուր ջուրը նվազ է, հոսանքն՝ հանդարտ,
Հարգանքներս, օրիորդ, մեկտեղ պահենք
Մարդկային մեր ցեղի կերոնն անմար:
Մեզ սիրով կայցելեն հյուրեր բազում
Խենթ հոսքի մեջ խենթ ժամանակի դարում
Նվագի տակ քամու՝ մեղմ, համընթաց:
Խնայատուփերում մեր սրտերի
Կզնգան դրամներ վայելքների,
Ու մեզնով կյանք կառնի ընդերքն հուզված:

* * * * * * *

Փռվում է հովհարը գիշերվա մութի՝
Թռչնի նկարով թևաթափ, տկար,
Մեֆիստոֆելի հետ լքեց Ֆաուստին
Հանգիստը: Անհագ է կիրքը խելագար.
Գիտության կաճառում մատներն այրունոտվել,
Ճակատն ակոսվել է, բայց միտքը՝ սթափ
Աշխարհը վերծանել ու խոնարհվել է
Սեր-հանելուկի դեմ անտակ ու անափ:
* * * * * * *
Նախանձը Պարիսի, ցավը Մենելայի
Կամ մահիճ տերև ու գեղմերից…
Ես զեխ վայելքներն անվարան կզիջեի
Հանուն երկնային հանգի:
Բայց փորձը բնազդի արյուն է պղտորում.
Սերն ինքը կորիզն է կյանքի,
Ցավը Մենելայի և սերը Պարիսի
Զորեղ են երկնային հանգից:

1 comment

  1. hrashali targmanutyn e…..

Թողնել պատասխան Alexandr-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.