Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

KDH33

Բարձրահարկ շենքի առջևի բաց տարածության երկու կողմերում դրված նստարաններին նստած էին ծերունիներ, ոմանք ուաքըրները դրած ոտքերի մոտ: Գլխավոր մուտքից ծերունական դանդաղ քայլվածքով ելումուտ էին անում դարձյալ տարեց կանայք ու տղամարդիկ: Կալիֆորնիայի սպիտակ արևը կրակ էր մաղում երկնքից: Մեկը ծանոթ դուրս եկավ. Մայքլը փորձեց շրջանցել բայց չհաջողեց:

-Վայ բարև, Միքայել ջան,- ասաց կնճիռներով, թանձր շպարված կինը, մոտեցավ ու պաչեց Մայքլի այտը, -վաղուց չես երևում էս կողմերում:

-Հա, զբաղված էի, տիկին Մարո:

-Լավ բան չեք անում, լավ բան չեք անում, անտեր եք թողնում մեզ՝ պառավներիս: Լսեցի՝ ուզում ես ամուսնանալ:

Մայքլը անորոշ գլխով արեց ու ակամա ազատ ձեռքի ափով մաքրեց թաց և կրեմոտ այտը, ինչը չվրիպեց կնոջ հայացքից.

-Բախտավոր լինեք, -ասաց նա և հեռացավ:

«Ամուսնացրեց, հոգին ազատեց», Մայքլը դառը ժպտաց:

Լաբիի պահակը փոխվել էր, մի գեր, հաստ վզով, տգեղ սևամորթ կին էր: Ինքը մտերիմ էր նախորդ պահակի հետ: Անուշադիր նրան՝ քայլեց դեպի վերելակը, բայց կինը կանչեց.

-Ներեցե՛ք, պարոն, խնդրում եմ մոտեցեք:

-Գնում եմ ծնողներիս մոտ, դուք նո՞ր եք այստեղ:

Կինը պատասխանի փոխարեն երկարեց գրիչն ու այցելուների ցուցակը            շրջեց Մայքլի կողմը:

«Այս կարգ ու կանո՜նը, զահլա են տանում իրենց security-ով», մտածեց՝ կռացած գրելիս:

Բախտը բերեց, պետական այս փոքրիկ բնակարանը, երկար տարիների սպասումից հետո, հատկացրին ծնողներին: Նախկին բնակարանի վարձի հազիվ մեկ չորրորդն էին վճարում: Ի՜նչ էին ուրախացել: Ասես մի առանձնատան տեր էին դարձել:

Վերելակի դռան մոտ մի համակրելի ծեր մարդ էր կանգնած: Միասին ներս մտան: Ծերունին սեղմեց 4-րդ, իսկ Մայքլը 7-րդ կոճակները: Ծերունու վրայից տհաճ հոտ էր գալիս:

Դուռը բացեց մայրը: Մայքլի սիրտը ճմլվեց. երկու ամսից ավել չէր այցելել ծնողներին, կապ էր պահպանել միայն հեռախոսով: Այդ ընթացքում մայրը շատ էր փոխվել, ավելի ճերմակել ու կռացել:

-Վա՜յ, Միքո ջան, բալես,- բացականչեց նա, գրկեց ու կարոտով համբուրեց որդուն,- էս ինչ լավ բան ես արել, եկել ես:

Մայքլը գնումների տոպրակը դրեց խոհանոցի մի անկյունում:

Հայրը շեղ նայեց որդուն.

-Եկար,-ասաց ոչ այն է հարցական, ոչ այն է սարկազմով:

Երկար, տառապալից միայնակ օրերը ձգվեցին Մայքլի աչքերի առջև: Պատմե՞ր հորը իր չգալու պատճառների մասին, ասե՞ր, որ կյանքում միշտ հաջողակը միանգամից երկու ուժգին հարված կրեց, որ գլուխը կորցրել էր, որ հազիվ է կարողացել վերագտնել իրեն:

-Հա, եկա, ուրախ չե՞ս:

-Ուրախ եմ, ուրախ եմ, ոնց ուրախ չեմ, նստի՛ր:

Հայրը ինչ-որ հաբեր էր երկու կես անում հատուկ կտրիչով՝ ճտճտոց հանելով:

-Գործերդ ինչպե՞ս են:

-Լավ են:

-Բա ասում էիր պարապ ես,- ասաց հայրը՝ շարունակելով իր գործը,- նոր աշխատա՞նք ես գտել:

-Չէ, էլի պարապ եմ, դիմումներ եմ ուղարկել, սպասում եմ պատասխանի:

-Չեմ հասկանում, քեզ պես բարձրագույն կրթությամբ, տիեզերական գիտությունների մասնագետ ինժեները ինչու պիտի անգործ մնա էս երկրում:

-Դե, պատահում է, ա՛յ հեր, մեր project-ը բեկանվեց փողի պատճառով, շատերին կրճատեցին:

-Էդպես հեշտ ու հասարա՜կ, արդեն երեք ամիս է:

-Ինձ նմաններին դժվար են վարձում, մի բան կանեմ:

— Տունդ ինչի՞ փոխեցիր բնակարանով:

-Շատ մեծ էր մի հոգու համար:

-Բա Եվան, վաղուց է լուր չկա,-մեջ մտավ մայրը,-գոնե երբեմն հեռախոսում էր. ի՞նչ կուտես:

-Սոված չեմ, նախաճաշել եմ:

-Հը՞, չլինի սև կատու է անցել ձեր միջև,- ասաց հայրը՝ շարունակելով ճտճտացնել:

-Հա, անցել է,- ասաց Մայքլը երկար դադարից հետո՝ մոր սպասողական հայացքից ազատվելու համար:

-Վայ, հողը գլխիս,- ասաց մայրը,- բա էդ ոնց կլինի, ուրեմն…

-Ես չուզեցի… ուրիշի հետ է:

Մայրը ասես ավելի կռացավ: Ինչ-որ թխվածքներ դրեց սեղանին:

-Սուրճ կխմե՞ս,-ասաց անտրամադիր:

-Հա, կխմեմ, դառը:

-Դե, ասա գործերդ լավ չեն,-ասաց հայրը:

-Էդ ի՞նչ հաբեր են, ինչի՞ ես կիսում:

-Բժիշկն ասաց, ասաց քչացրու, ճնշումի դեղ է:

Երեքն էլ  միանգամից լռեցին:  Լսվում էր միայն հաբերի կտրվելու ճտճտոցը, ինչը ներվայնացնում էր Մայքլին: Երբ աշխատում էր, ավելի շուտ-շուտ էր այցելում ծնողներին և ավելի շատ ասելիք կար:

-Դուք ո՞նց եք,- հարցրեց մի բան հիշելու պես:

-Դեռ հարցնում ես,-ասաց հայրը:

-Կանք էլի,-ասաց մայրը բարձր ձայնով, ասես փորձելով խլացնել հոր ձայնը,- լավից վատից ապրում ենք: Քույրդ երբեմն այցելում է:

Մայքլը խմեց սուրճը և վերցրեց կիսով չափ չորացած գաթայի մի կտոր:

— Գնումների առումվ հո՞ չեք նեղվում,-հարցրեց էլի մի բան հիշելու պես:

— Դեռ հարցնում ես,- ասաց հայրը՝ շարունակելով ճտճտացնել:

-Չէ, բալես,- արագ մեջ մտավ մայրը: Մարիան օգնում է: Էստեղ էլ մարդիկ կան, օգնում են: Դու գործիդ եղիր:

Նորից լռեցին: Մայքլը դժվարությամբ կուլ տվեց կիսաչոր գաթայի պատառն ու վեր կացավ: Փոքրիկ սենյակում շարժվելու քիչ տեղ կար: Անցավ փոքրիկ խոհանոցն ու ձեռքը դրեց մոր ուսին:

-Գնո՞ւմ ես,-հարցրեց մայրը:

-Չէ, հոգնեցի նստելուց: Տան մեջ ամեն բան կարգի՞ն է,- հարցրեց նա բաց դռնից նայելով միակ ննջարանի ներսը: Անկողիները խնամքով հավաքված էին, բայց սենյակում թափթփվածություն էր զգացվում:

-Հա բալես, դժգոհելու բան չունենք:

-Ո՞’նց չունենք,-քթի տակ մրթմրթաց հայրը,- շատ էլ ունենք, ասա, որ գիշերները ծնկների ցավից չես քնում, ասա, որ օրերով տնից դուրս չես գալիս, ասա որ…

Մայքլը չլսեց շարունակությունը: Հոր ձայնը նման էր հաբերի ճտճտոցին:

-Ա՛յ հեր, դրա ձենը վերջապես կկտրե՞ս, խոսում ենք ախր,- Մայքլը զգաց, որ ձայնը բարձրացրեց:

Հայրը չպատասխանեց ու շարունակեց կիսել հաբերը:

Միջանցքում, երբ մենակ մնացին, մայրն ասաց.

-Մի նեղացիր հորիցդ, պառավել է, միայն իր մասին է մտածում…

-Իրավունք ունի,- կարճ դադարից հետո ասաց Մայքլը:

Կալիֆորնիայի սպիտակ արևը այրում էր երկնքից և ինչ-որ բան, ավելի ուժգին, ներսից: Բերանում հնացած գաթայի համն էր, ականջներում հաբերի կիսվելու ճտճտոցը, քթի մեջ՝ վերելակում հանդիպած ծերունու տհաճ հոտը, որից առավ նաև ծնողների բնակարանում: Քայլերը ծանրացել էին, թվում էր, թե երբեք չի հասնելու հեռվում կառանած մեքենային:  «Տեսնես՝ կենդանիներն էլ որդիական պարտավորություններ ունե՞ն, սկի ճանաչո՞ւմ են իրենց ծնողներին,-անցավ մտքով,- ծնողները, հասկացանք, իրենց ծնողական բնազդով որոշ ժամանակ պահում, պահպանում են զավակներին, բայց…»:

Նա հանկարծ նշմարեց ոստիկանին, կանգնած իր մեքենայի մոտ՝ տուգանքի ակտը լրացնելիս…  «Կանգնելու տեղն էլ խառնել եմ»,-մտածեց վրդովված:

 

 

Մայիս, 2014

Լոս Անջելես

 

 

 

 

1 comment

    • Samvel on 16 Սեպտեմբերի, 2014 at 10:56 ե.
    • Reply

    հետաքրքիր էր

Թողնել պատասխան Samvel-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.