Սամվել Մարտիրոսյան | ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿԸ ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ՏԱԿ

Իմ խեղճ, իմ խեղճ շնիկ,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:
Իմ խեղճ, իմ խեղճ անձրև,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:
Իմ խեղճ, իմ խեղճ լուսաբաց,
Որ գալիս ես դոփելով, կաղկանձելով ու թրջելով,
ՈՒ խանգարում իմ գիշերային լռությունը:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեր, դու եղար փողոցում և դու եղար խաչի մոտ,
Տեր, դու ամեն ինչ տեսար ու ամեն ինչ լսեցիր,
Երբ դու սիրել էիր փորձում, ես էլ սիրել էի փորձում,
Բայց ինչու՞ էր սերը մեզ անգթորեն հալածում:
Երբ քեզ տեսա փողոցում ու տեսա քեզ խաչի մոտ,
Ես հմուտ էի, փորձառու, ես չէի կարող շփոթել,
Ինչու՞ էինք մենք երկուսով, թե սխալներ էինք գործում,
Երբ դու սիրել էիր փորձում, երբ ես սիրել էի փորձում:

ԿԵՆԱՑ
Երբ 12-ը իր մուրճը խփի,
ՈՒ մենք պատիվ տանք գինուն ու հացին,
Ցանկանում եմ, որ նա մեզ չխաբի,
ՈՒ մի քիչ ավել տա մեր ուզածից:
Եղածը բան չի, բայց այսօրվանից,
Թող նա տեր կանգնի իր ստեղծածին,
ԵՎ ինչ բերել է, թող հետ չտանի,
ՈՒ մի քիչ ավել տա մեր ուզածից:
Երբ 12-ը իր մուրճը խփի,
ՈՒ մենք պատիվ տանք գինուն ու հացին,
Թող էլ նա մեզ հետ պայման չկապի,
ՈՒ մի քիչ ավել տա մեր ուզածից:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե ասես՝ քեզ կյանք կտամ,
Որ աստծուց է, ոչ թե գինուց,
Այդպես էլ է կյանքում լինում,
Եթե խոսքին քո հավատամ:
Եթե ասես՝ քեզ վարդ կտամ,
ՈՒ սեր կտամ, եթե ասես,
Միայն թե, տես՝ չվնասես,
Եթե խոսքին քո հավատամ:
Իսկ թե խոսքին քո հավատամ,
ՈՒ վարդին էլ քո հավատամ,
ՈՒ թառամի թերթիկը քո,
Եթե ասես՝ էլի կտամ:
ԽՌՈՎՔՆԵՐ
…ՈՒ թե ես քեզ օգնեմ պիտի,
Սեր, խնդրում եմ, ինձ մի դատիր,
Խոստումներից ինձ ազատիր,
Եթե ես քեզ օգնեմ պիտի:
Եթե մեկին սիրեմ պիտի,
ՈՒ սրտին իր տիրեմ պիտի,
Սեր, խնդրում եմ, ինձ մի դատիր,
Թե իմ սրտին տիրեն պիտի:
Եթե ես քեզ օգնեմ պիտի,
ՈՒ եթե դու դատես պիտի,
Թող որ սիրուց իմ այսօրվա,
Վաղվա սերը ինձ ազատի:

Չա՞րը,
Չարն այնքան շատ է աշխարհում:
Բարի՞ն,
Բարին այնքան շատ է աշխարհում:
Խելագարություն է, որ նրանք երբեք չեն հանդիպում:
Խելագարությու՞նը,
Նա այնքան շատ է աշխարհում:
ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴՈՒ ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՃԵՊԱՆԿԱՐ
Եթե մի քայլ առաջ գնամ,
Գուցե մութը տեղի տա ինձ,
Գուցե մեկին փրկեմ մահից,
Եթե մի քայլ մոտիկ գնամ:
Տանիքների տակ հավաքված,
Ճնճղուկները բախտ են բացում,
Հավատում են ու կասկածում,
Հավատում են ու կասկածում:
Եթե մի քայլ մոտիկ գնամ,
Գուցե մութը տեղի տա ինձ,
Ճնճղուկները գուցե մնան,
Գուցե մեկին փրկեն մահից:
ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ
Կույր է սերը,
Ատելությունը՝ մերկ,
Ցուրտը հազար անուն ունի,
Իսկ ջերմությունը՝ մեկ…
ԱՆԱՆՈՒՆ ԼԵՌԸ ԵՎ ՆՐԱ ՍԻՐԱԾ ՀԵՔԻԱԹԸ
-Եթե սարը փուլ գա,
ապա ուղիղ մեր տան վրա կընկնի,-
ամեն օր կրկնում էր փոքրիկ տղան,
ու բոլորովին չէր վախենում, որ սարը փուլ կգա:
ԱՆԱՆՈՒՆ ԼԵՌԸ ԵՎ ՑԱԾՈՒՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Աղջիկը մի քայլ էլ արեց ու կանգ առավ:
Հիմա նրա հավատարիմ թիկնապահներն էին՝
Երկնքի արևը,
Մարգագետնի խոտերը,
Քամու բույրը,
Մեղուների երգը:
Հիմա նա այլևս չէր վախենում տղային հանդիպելուց…
ԱՆԱՆՈՒՆ ԼԵՌԸ ԵՎ ՆՐԱ ԱՆԱՆՈՒՆ ԳՈՐԾԵՐԸ
Գայլի աչքերի մեջ տագնապ կար,
Շան աչքերի մեջ էլ տագնապ կար,
Մարդու աչքերի մեջ՝ ահաշտություն…
ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆ
Փլատակների մեջ,
Առավոտից անտեր շներ են վազվզում:
Մարդիկ չկան,
Քաղաքն էլ չկա,
Աշխարհում ոչինչ չկա այլևս,
Իսկ շներն առաջվա պես, կամ սոված են, կամ՝ կուշտ…
ՍԱՌՑԱԿՈՏՈՐ
Գետի սառույցը ներս քաշեց օդն ու ծառս եղավ:
Աղմուկի ու դղրդոցի մեջ հրաժեշտի ոչ մի խոսք չի լսվում արդեն:
Եթե մի պահ լռություն տիրեր,
Անշուշտ, այդ լռությունը կլիներ ամենահզորը…

Թողնել պատասխան

Your email address will not be published.