Սարգիս Վանյան | ԹԱՆԿԱՆԵՐ ԵՎ ՀՈՔՈՒՆԵՐ

ԹԱՆԿԱՆԵՐ

<<<>>>
Բաժանվեցինք:
Քամին դեռ ինձ է բերում
Հեռացումիդ առագաստի
Ծվենները՝ վրան թելեր՝
Առանց ասեղի:
<<<>>>
Երբ ամպերն ինձ
Իրենց թևերին առած տանեն,
Այնժամ կարտասվես,
Հիմա
Ամպերն են արտասվում:
<<<>>>
Ամպը կիտեց հոնքերը:
Տնքաց:
Մի կաթիլ մաքրություն
Ընկավ հողի պապակ շուրթերին:
Մի ժպիտ հորիզոններ շարժեց:
<<<>>>
Ճնճղուկը դրսում
Սառույց էր
Կտցահարում…
Թվաց:
Ողջ աշխարհն է ծարավ…
<<<>>>
Դու հեռանում էիր:
Ես հեռանում էի:
Ու…
Մեր բաժանման տեղում
Հառաչանք էր լճանում…
<<<>>>
Մի գերան էր
Գետը տանում…
Ծառերի ստվերները
Ջուրն ընկել,
Ծերուկին փրկել էին ջանում:
<<<>>>
-Արև՛, ինչո՞ւ չես
Ծիածան կապում
Իմ գլխավերևում,
Չէ՞ որ ձեռքերս
Վեր պարզած եմ ապրում:
<<<>>>
Մի օր ամպով կծածկվի
Քեզ հեռու տարած թևերիդ երկինքը:
Ես կրկին…
Մարմինս կդարձնեմ
Կայծակների շիրիմ:
ՀՈՔՈՒՆԵՐ
<<<>>>
Լուսատտիկի
Մեծության մասին
Հարցրեք խավարից:
<<<>>>
Թե դժվարանում ես
Բուռդ բացել,
Հայացքդ լուսնին հառիր…
<<<>>>
Աշունը փակեց վարագույրները:
…Ոմանց՝ փաթիլներ,
Ոմանց՝ կաթիլներ:
<<<>>>
Մատղաշ ճյուղը կոտրվել-կախվել,
Անխոս նայում էր
Լռության փակ աչքերին:
<<<>>>
Լուսինը հայացքը փռեց…
Ծառի ստվերը ստվեր գրկեց,
Ձեռքերս՝ մենակությունս:
<<<>>>
Ծիածանը կամարվեց:
Սևազգեստ մի կին
Միայն սև տեսավ:
<<<>>>
Մորենին չի հպվում հորիզոններին,
Սակայն գույներ ունի
Արևի…
<<<>>>
Օձը ջանում է
Արևը մոտեցնել…
Մի բուռ ավազին:
<<<>>>
Միշտ սիրում եմ:
Ու սիրելիս՝
Հիշում մահը:
<<<>>>
Մենակ էի:
Մենակությունս
Մի ամբողջ դատարկ աշխարհով լցրիր:
<<<>>>
Անզգույշ քամուց
Ծաղկած բալենու թերթիկներն են թափվում:
Ի՜նչ տաք էր ձյունը ձմռանը:
<<<>>>
Սիրտս այնպե՜ս է հրճվում,
Որ դու կաս,
Կարծես թե ինքը… չի՜ մերժվել:
<<<>>>
Ա՜խ, թաշկինակս…
Չէ՛, էլ չի օգնում,
Մա՜յր իմ, քո փեշով սրբեմ աչքերս:
<<<>>>
Թիթեռնիկը խղճա՜ց, խղճաց
Դարեր ապրած
Այս աշխարհին:
<<<>>>
Բաժանվում էինք…
Ստվերդ քաշեց
Ստվերիս փեշից:
<<<>>>
Մահը ինքն էլ
Մահ ունի.
Անմահներն են:
<<<>>>
Օրն արթնացավ:
Մանուկ էր օրը:
Ու փարվեց մորս կրծքին:
<<<>>>
Երազիս մեջ
Շուրջս ծաղիկներ էին թափված,
Հավաքում, շիրմիս էի դնում:

 

3 comments

    • Anonymous on 15 Հոկտեմբերի, 2011 at 10:53 ա.
    • Reply

    իսկական պոեզիայի հետ հանդիպման երջանիկ աստղապահ… հրաշալի է…

    • shakeh on 23 Հոկտեմբերի, 2011 at 11:56 ա.
    • Reply

    Լաւն են, շատ լաւ, ափսոս ինքը չկայ. Քիչ ասած եւ շատ զգացած եւ զգացնել տւող տողեր են.

  1. Վերապրված պոեզիա է… իսկական հուշարձան: Այո, ճապոնական ոճի ժլատության մեջ տեղավորած է հայեցի պատկերավոր մտածողության սեղմ ու գերեվարող, անպախուրց շռայլություններից մեկը:

Թողնել պատասխան Garush Haryants-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.