Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Luis Fernando Verissimo

Պորտուգալերենից թարգ.՝ Անի Վարդազարյանը

Դոնա Լեոնորը

Դա սկսվեց ճաշի սեղանի շուրջ: Հանկարծ մայրը շրջվեց մի կողմ, ժպտաց ու ասաց.
— Ես իմ ընտանիքի համար լավագույնն եմ ուզում: Դրա համար, մեր սեղանին, մենք միայն Robinzon անաղարտ բրինձ ենք օգտագործում:
Հայրն անմիջապես շրջվեց` տեսնելու, թե նա այդ ում հետ է խոսում այդքան տարօրինակ տոնով ու ոչ ոքի չտեսավ: Տղան ու աղջիկը հայացքներ փոխանակեցին:
— Ի՞նչ պատահեց, Լեոնոր,- հարցրեց ամուսինը:
— Քեզ վա՞տ ես զգում, մայրիկ:
Բայց դոնա Լեոնորը չպատասխանեց. երևում էր՝ ընկած է մտքերի մեջ: Ավելի ուշ հայրը մտավ խոհանոց ու դոնա Լեոնորին գտավ, մի շիշ ձեթ դեմքի առջև պահած ու դեպի պատը նայելով, խոսելիս.
— Առողջությունն առաջին հերթին. ժամանակակից խոհանոցում` Paladar ձեթ:
— Լեոնո՛ր…
Դոնա Լեոնորը, առանց հայացքը կտրելու պատի նույն կետից և առանց ժպիտը դադարեցնելու, գլխի շարժումով ամուսնուն ցույց տվեց դիմացն ու ասաց.
— Նրանց դուրը կգա:
Ամուսինը հարմար գտավ բան չասել: Երբեք դոնա Լեոնորին այդ վիճակում չէր տեսել: Թերևս ավելի լավ կլիներ բժիշկ կանչել: Սառնարանը բացեց` գարեջուր վերցնելու: Դոնա Լեոնորը հարմար դիրք ընդունեց սառնարանի մոտ ու դուռն ավելի լայն բացեց: Թվում էր, թե նա մի անտեսանելի աներևույթ ունկնդրի է ուղղում խոսքը:
— Իմ ընտանիքն անդադար այստեղ է գալիս: Սա մեր տան հանդիպման կետն է: Եվ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են նոր Supergel Espacial-ում, օժտված` super-տարողությամբ հարկերով ու ապակե-glass դարակներով: Supergel Espacial` ամենատարողունակը:
Հայրն ու զավակները հավաքվեցին գաղտնի խորհրդակցության: Ի՞նչ էր կատարվում դոնա Լեոնորի հետ:
Որոշեցին ոչինչ չանել` ընդամենը նյարդայնացած է: Բայց նյարդայնացածի նման էլ չէր: Ընդհակառակը` երբեք այդքան ժպտերես չէր եղել և առանց մի կողմ շրջվելով՝ որևէ ուրախ ու քաղցր բան ասելու համար, նա չէր անցնում երեխաների ու ամուսնու կողքով.
— Նրանք իրենց շատ ավելի երջանիկ են զգում, ինչ սկսել եմ միջատների դեմ Limpol օգտագործել:
Կամ.
— Նա հիմա օգտագործում է Silvester օծանելիքը: Եվ այժմ մեր տանը բոլորը թեթևացած են շնչում:
Տղան ատամներն էր մաքրում ու վախեցավ, երբ դոնա Լեոնորը հանկարծ մտավ լոգարան, վերցրեց ատամի մածուկը և սկսեց խոսել հայելուն նայելով:
— Ժորժինյուն սարսափում էր ատամներ մաքրելուց: Ես չգիտեի՝ ինչ անել, մինչև բժիշկն ինձ չասաց կախարդական անունը` Zaz: Եվ կախարդանքը գործեց: Այնպես չէ՞, Ժորժինյու:
— Մամա, ես…
— Դուք էլ ասեք կախարդական անունը՝ Zaz! H30 — ով:
Անկողնում պառկած` ամուսինը որոշակի անհանգստություն էր զգում, մինչդեռ դոնա Լեոնորը, հայելու դիմաց նստած, դեմքին քսուք էր քսում ու զրուցում իր երևակայական ունկնդրի հետ.
— Forever-ը պարզապես մի խոնավացնող քսուք չէ: Forever-ը վերադարձնում է ձեր մաշկին այն թարմությունը, որ տարել է ժամանակը և որն ընդմիշտ կորած է թվում: Վերադարձրեք կորած ժամանակը Forever-ի հետ:
Դոնա Լեոնորը շարժվեց դեպի անկողինը` հագի խալաթը գետնին թողնելով: Սողաց սավանների միջով ու համբուրեց ամուսնուն՝ շրթունքներից: Հետո, հենվելով մի թևի վրա` դիմեց անտեսանելի տեսախցիկին.
— Ամուսինս չգիտի, բայց սավանները Santex-ի Pasional նոր հավաքածուից են: Լավ սավաններ՝ վատ միտումների համար… Santex-ի Pasional: Հիմա ամեն ինչ կարող է պատահել…
Դոնա Լեոնորը գրկեց ամուսնուն: Ամուսինը կնոջ քնքշանքներին վախով ու զարմանով պատասխանեց: Հաջորդ օրն անպատճառ նրան կտանի բժշկի: Բայց, մինչ այդ, որոշեց օգտվել պատեհությունից. այնքան երկար ժամանակ էր… Ինքը նույնպես գրկեց կնոջը` նախօրոք անհանգիստ նայելով ենթադրյալ տեսախցիկին և գուշորեն անջատելով լույսը:

 

Քիթը

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
— Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
— Սա՞, ի՞նչը:
— Այդ քիթը:
— Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
— Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
— Հենց հիմա դա հանի:
— Ինչո՞ւ:
— Կատակն էլ իր ժամանակն ունի:
— Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
— Ո՞ւր ես գնում:
— Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
— Բայց այդ քթո՞վ:
— Ես քեզ չեմ հասկանում, — ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
— Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
— Գժվե՞լ է:
— Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
— Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
— Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
— Բայց ինչո՞ւ:
— Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
— Հայրի՛կ…
— Այո, աղջիկս:
— Կարո՞ղ ենք զրուցել:
— Իհարկե կարող ենք:
— Այդ քո քթի մասին…
— Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
— Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞:
— Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
— Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
— Չունի, որովհետև չի ուզում:
— Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
— Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
— Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
— Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
— Բայց, բայց…
— Աղջիկս…
— Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
— Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
— Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
— Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

2 comments

    • Սամվել Մարտիրոսյան on 31 Հոկտեմբերի, 2011 at 2:14 ա.
    • Reply

    Գեղեցիկ է, թեթև է ու մտերմիկ: Մի տեսակ ծանոթ ազատություն է ուղեկցում քեզ՝ սկզբից մինչև վերջ:Բոլորովին չի զգացվում թարգմանչի կատարած աշխատանքը: Իմ կարծիքով դա բարձր վարպետության նշան է: Շնորհակալություն:

    • Ani on 1 Նոյեմբերի, 2011 at 9:39 ե.
    • Reply

    մերսի)) Այո, գրող, թարգմանիչ, լրագրող, ջազի սիրահար և սաքսոֆոնիստ Վերիսիմուն այդպիսին է` թեթև ու մտերմիկ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.