Խորեն Արամունի | ՑՆՑՈՒՄ

Խորեն Արամունի

Խորեն Արամունի

Ոտքս ոլորվեց: Հավասարակշռությունս չկարողացա պահել: Ընկա: Ընդամենը առաջին աստիճանից ընկա ու գլուխս դիպավ, արդեն սուտ կլինի ասեմ ինչի, կամ որտեղ դիպավ, որովհետև այդ պահին ինձ ոչ թե դա էր հետաքրքրում, այլ այն, որ գնամ պառկեմ:

Այդ օրը, կինս ավելի քան քառասուն հյուր ուներ, ընկնելուց առաջ նրանց դիմավորում ու առաջնորդում էի տուն, հարկ եղած ժամանակ էլ մեքենաներն էի տեղաշարժ անում…

Հյուրերին ու մերձավորներիս չանհանգստացնելու համար, գլուխս երկու ափերիս մեջ առած, սուուփուս գնացի, տանից կտրված, ավտոտնակիս մեջ, որը վերածել եմ աշխատասենյակի, պառկեցի:

Ահավոր գլխացավ էր սկսել:

 

Հյուրերը գնացին, ամեն ինչ ընկավ իր բնականոն հունի մեջ, իսկ գլացավս դեռ չէր ուզում ինձ հանգիստ թողնել:

Երրորդ օրը, առավոտյան, լույսը դեռ չբացված, բնական պահանջները ինձ ստիպեցին դուրս գալ մահճակալից, մեծ ցանկություն էր, բայց զգացի, որ այդ պահին միայն ցանությունը քիչ է, ինչ-որ բան ինձ թույլ չի տալիս անգամ նստել, գլուխս էր աշխարհի շուրջ պտտվում, թե՞ աշխարհը՝ գլխիս, չէի կարողանում կողմնորոշվել, միայն հասկանում էի, որ ինչ-որ բան, ինչ-որ տեղ, իրոք ճիշտ չէ:

Առանձին սենյակում էի պառկում, փորձեցի ինձ հասցնել կնոջս ննջասենյակ, կամք ցուցաբերեցի, դժվարությամբ հասա, բռնեցի նրա մահճակալի ձողին, փորձեցի նրան արթնացնել, չէր արթնանում, ոչ խուլ էր, ոչ էլ խորը քնած, պարզապես ձայնս դուրս չէր գալիս, հետո գլխի ընկա, մոտեցա նրան, հասկացա, որ լաց եմ լինում, նստեցի մահճակալի եզրին ու կնոջս շարժեցի: Վեր կացավ, ինչ-որ հարցեր տվեց, չեմ հիշում ընդհանրապես պատասխանե՞լ եմ, թե ոչ:

Իրարանցում:

Շտապ օգնության կանչ:

Հիվանդանոց:

Ախտորոշում՝ ուղեղի ցնցում:

Անցյալը, ներկան ու ապագան էի խառնում, խոսելիս բառերը դժվար էի արտաբերում, կակազում էի, երբեմն զգում էի թե ինչ է կատարվում ինձ հետ, շատ էի լաց լինում, լացը փրկում էր ինձ: Գալիս-գնում էին, հավանորեն շատ, երբեմն հիշողությունս իսպառ կորցնում էի, ընդհուպ՝ կնոջս չէի ճանաչում: Ապաքինվելուց հետո կատակում էի, թե «դրանք երանելի օրեր էին՝ կնոջս չէի ճանաչում»:

Երեք օր հիվանդանոցային կյանքից հետո, մի պարկ դեղորայքի հետ ինձ տուն տարան: Մեկ շաբաթ ժամանակ էին տվել, եթե դեղորայքը չօգնի վիրահատական միջամտություն էր լինելու:

Դեղորայքի օգնությամբ ժամանակը բուժեց ինձ ու երեք-չորս ամիս անց զգացի, որ լիարժեք ապաքինված եմ: Ինձ թույլ տվեցի մեքենա վարել ու երբեմն-երբեմն հանդիպել ընկերներիս: Թվում էր, այդ ամիսներին, որ ինձ տարիներ էր թվացել, շատ բան է փոխվել, հետաքրքիր անակնկալների կհանդիպեմ…

Այդպես էլ եղավ…

* * *

— Է՜, Խորե՞ն, էդ դո՞ւ ես, ինչպե՞ս ես, լա՞վ ես,- առևտրի կենտրոնում հանդիպեց հին ընկերներիցս մեկն ու զարմացած շարունակեց,- տարիներ ա չենք հանդիպել, լուրջ ինչպե՞ս ես, լա՞վ ես:

— Լավ եմ, նորմալ, ինչպես տեսնում ես, շնորհակալ եմ:

— Ճիշտն ասած ինչ-որ բաներ եմ լսել, ես կարծում էի…

— Հա, ճիշտ ես լսել, բայց հիմա լավ եմ, ամեն ինչ կարգին է, դու ո՞նց ես:

— Ճիշտն ասաց, չնեղանաս, ասում էին ինչ-որ գլխի, այսինքն ուղեղի խնդիր ես ունեցել, գժանոց են տարել ու…

— Այ ցավդ տանեմ, ուղեղի պրոբլեմ բոլորն էլ ունեն, մեկը քիչ, մյուսը ավելի քիչ, ոմանք էլ մի քիչ շատ, ուզում եմ ասել բոլորն էլ գժանոցի կարիք ունեն, ես էլ ունեի, գնացի բուժվեցի, եկա:

— Լավ, կատակը մի կողմ,- մի քիչ իրեն վատ զգալով շարունակեց վաղեմի ընկերս,- լուրջ բան կա՞ր:

— Ինչ որ էր, մնաց անցյալում, ո՞նց ես:

— Լավ եմ Խորեն ջան, կներես, շտապում եմ, երեխաները մեքենայի մեջ են,- ասաց նա ու շտապեց դեպի մեքենան:

«Գժանոց»: Խորհելու տեղիք տվող վայր…

* * *

Բրենդ-Բրոդվեյ փողոցների անկյան բացօթյա սրճարանում նստած էինք, համատարիք մի ազգական-բարեկամ մոտեցավ, անծանոթի պես, կածկածամտորեն բարևեց և ուղիղ աչքերիս մեջ նայելով, խղճահարությամբ հարցրեց.

— Խորեն ջան, ես Վարդգեսն եմ, ինձ հիշո՞ւմ ես:

Հասկացա բանն ինչումն է, աչքերս լայն բացեցի, սևեռվեցի նրա աչքերի մեջ ու անծանոթի պես, չգիտեմ ինչու, բացասական գլուխս շարժեցի:

— Հե՜յ, աշխարհ,- մեջքս շոյելով հոգոց հանեց բարեկամս ու այս անգամ նայեց իր հետ քայլող ընկերոջը,- հանգուցյալ հերը՝ Արամն էլ էսպես եղավ, հեծանիվից ընկավ ու ոտի չկանգնեց, տասը տարի քաշեց, ջահել էր, էդպես էլ չբուժվեց,-նորից նայեց ինձ ու շարունակեց,- ափսոս, շա՜տ ափսոս… ես Վարդգեսն եմ, Խորեն ջան, հիմա չես հիշում, բայց հույս ունեմ որ կլավանաս, կհիշես, Աստված քեզ հետ, ի՞նչ ասեմ ախպերս, քեզ առողջություն: Գոնե խոսայիր, հանգուցյալ հերդ էլ…

Հետո դիմեց ընկերոջս

— Ախպեր ջան, քեզ էլ շնորհակալ եմ, չեմ ճանաչում, բայց ապրես, մեր Խորենին լավ նայիր, ապրես,- ասաց և հուզված հեռացավ:

Հազիվ կարողացա ապուշ, թե՞ հիմար հայացքս մինչև վերջ պահել ու ծիծաղս զսպել, միանգամից երկուսով փռթկացինք, ծիծաղը շարունակվեց մինչև սրճարանի հաշիվը փակելը:

* * *

Հարսանիք էր: Խնջույքի սեղանին նստած ուտում խմում էինք: Կողքիս նստած բարեկամս նկատելով, որ քիչ եմ ուտում, չափավոր խմում ու քիչ եմ խոսում, սկսել էր կարեկցանքով մոտենալ ու մի քիչ էլ ուշադիր լինել իմ նկատմամբ: Ինչքան բանջարեղենային ուտեստներ կար մոտեցնում էր ինձ, ձկնեղեն ու թարմ կանաչիներ, այնպես որ ինձ զգացի խոտակերի կարգավիճակում, իսկ երբ հարցական նայեցի կարեկից բարեկամիս, ժպիտը դեմքին շտապեց արդարանալ.

— Էս գազառը հիշողության համար լավ ա, կեր: Բայց, լուրջ, դու ինձ հիշո՞ւմ ես:

— Շնորհակալ եմ, հիշում եմ, բա ոնց:

— Լավ է, ուրախ եմ, կեր, խավիարն էլ վատը չէ, ինչքան կարող ես կանաչի կեր, շատ օգտավետ է:

— Հա, գիտեմ, շնորհակալ եմ:

Կանայք գինի ցանկացան, ոմանք օղի իսկ ես վիսկի խնդրեցի:

— Խորեն ջան, խորհուրդ կտամ կոնյակ խմես, և ընդհանրապես օղուց հեռու մնաս, ուղեղի վրա, հատկապես հիշողության համար շատ վատ ա: Հիշո՞ւմ ես անցած տարի Հակոբի տղայի հարսանիքին…

— Հիշում եմ:

— Լավ էլ հիշողություն ունես, բա ասում էին եսիմ…

— Հա, ճիշտ են ասում:

— Ճի՞շտ են ասում, որ լրիվ ցնդել ես:

— Հա, ճիշտ են ասում, ցնդել եմ, բա ինչ եմ արել, բոլորն են ցնդում, մեկը մի քիչ շուտ, մյուսը մի քիչ ուշ, Աստված բոլորին էլ երկար կյանք պարգևի, որ արժանանան այդ բախտին, դե, ես մի քիչ շուտ ցնդեցի, քո կենացը, լավ մնաս:

— Այ մարդ, ի՞նչ գործ ունես,- ամուսնու ականջին շշնջաց կինն ու շարունակեց,- չե՞ս տեսնում կինը ոնց ա նայում, մեղք ա, ուրիշ բանի մասին խոսա:

Ոգելից խմիչքի հերթական ամեն կումից հետո, աչքիս առաջ մի ձեռք էր ցցվում ձեռքի երկու մատերի արանքում գազառ էր՝ հիշողությունը վերականգնելու լավագույն բանջարեղենը:

* * *

Կնոջս բարեկամուհին հրավիրել էր սուրճի, թէ՞ թեյի, միևնույն է, կարևորը դա չէ: Երեկո էր, ես քիչ թե շատ անտրամադիր, կնոջս հետ շարժվեցինք: Թե ես, թե կինս, գիտեինք ինչու ենք հյուրընկալվում այնպիսի մարդկանց տուն, որ երբևէ մտքներովս չէր անցնելու: Ապաքինվել էի, այդ հեռու -մոտիկ ազգակիցներս ցանկացել էին իրենց ուրախությունը կիսել մեզ հետ:

Դուռը բացվելուն պես հյուրընկալ բարեկամուհին փաթաթվեց ինձ ու սկսեց լաց լինել: Կինս, ավելի քան ես, զարմացած նրան ետ քաշեց, ո՛չ, չէր խանդում, պարզապես զարմացած էր, ինչի՞ համար էր այդպես հեկեկում.

«Խորեն ջան, ցավդ տանեմ, դու մեր պարծանքն ես, ինչո՞ւ պիտի քեզ էդպիսի բան պատահեր, մեր գրող ախպեր ջան, մեր փառքն ու պատիվը, մեր պարծանքը, իմ ախպերս, իմ լավ բարեկամս, բա առանց քեզ, խորեն ջան…»:

Ես անել վիճակում էի, ոչ ծիծաղս էր գալիս, ոչ էլ կարողանում էի «վշտակցել»:

Կինս հանգստացրեց նրան, վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է: Ներս մտանք, տեղավորվեցինք: Փափուկ ու հարմարավետ կահույք էր, կիսով չափ փռվեցի:

— Սիրուն նստի, ի՞նչ ես փռվել,- նկատողություն արեց կինես:

— Վայ, Նվարդ ջան, թող ոնց որ հանգիստ ա, էդպես էլ նստի, օտարի տուն չի, համարեք ձեր տունը… Նվարդին մի լսիր, Խորեն ջան, ոնց որ հարմար ես գտնում: Կուզե՞ս պառկել, բարձ բերե՞մ:

— Չէ, չէ, շնորհակալ եմ, լավ է:

— Խորեն ջան, ես Զվարթն եմ, ինձ հիշում ես, չէ՞,- ականջիս տակ համարյա բղավեց Զվարդը:

Պատասխանի փոխարեն նայեցի կնոջս, նա իմացավ որ Զվարդի հոգու հետ եմ խաղալու, ինքը պատասխանեց.

— Հա, Զվարդ ջան, ո՞նց չի հիշում, թեթև բան էր, անցավ, ամեն ինչ կարգին ա: Լսիր, Զվարդ, արագ մի բաժակ թեյ տուր, ուրիշ ոչինչ չենք ուզում: Իսկապես, Լևոնն ո՞ւր ա:

— Գնաց խանութ, ուր որ է կերևա, գնաց Խորենի համար պտուղի ջուր առնի, ասում էր հավիճի /գազարի/ ջուրը հիշողության համար լավ ա:

Օ՜ Աստված իմ, նորից գազարի հյութ, ուր գնում եմ գազարի հյութ, այնքան էին խմացրել, որ դեղնել, հիվանդի տեսք էի ստացել, բախտս բերել էր փորկապություն չունեի, թե ոչ, գազարով կլիզմա կանեին:

— Լավ, մինչև Լևոնը գա, ես չայ դնեմ:

Զվարդը գնաց խոհանոց ու հեռվից դիմեց կնոջս.

— Նվարդ ջան, դու աշխատում էիր, երեխեքը աշխատում էին, բա Խորենի մոտ ո՞վ էր մնում:

— Փառք Աստծո էնքան մեծ շրջապատ ունենք, այնպես որ պակաս չենք բերում:

— Ճիշտն ասաց, գնացել էի մորքուրիս տեսնելու, տեղեկատուից հարցրեցի, Խորենի հիվանդասենյակի համարը, գնացի մոտը, մենակ էր, չճանաչեց, սիրտս կտոր-կտոր եղավ, Աստված հեռու տանի, հիշո՞ւմ ես, Խորեն ջան, վայ թե չհիշես: Էդ անտեր հիվանդանոցներն էլ որ մտնում ես, կյանքիցդ կշտանում ես, մանավանդ՝ Մեմորյալը:

— Հա, հիշում եմ, ո՞նց չեմ հիշում,- ցանկանալով ապացուցել հիշողությանս վերականգնումը՝ ստեցի: Բացի դա, ես ոչ թե եղել էի Մեմորյալ հիվանդանոցում, այլ՝ Ադվենթիստում, ընդամենը երեք օր եմ բուժումներ ընդունել ու համարյա բոլոր այցելուներիս հիշում էի:

Գազարի հյութն էլ վայելեցինք, թեյն էլ, սուրճն ու անգամ ոգելից խմիչքը: Այդ պահին մտքովս մի բան անցավ. «Բախտս բերել է, Հալոյինյան տոնական օրերին չեմ ապաքինվել, թե ոչ գազարից դեղնած դեմքս, փոխան դդմի, կդնեին սեղանին»:

 

1 comment

  1. I love your sense of humor. Great story.

Թողնել պատասխան Armine Zohrabian-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.