Ալի Մուսավի Գյարմառուդի | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

AMG11

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

ԽՈՏԻ ԼՈՒՌ ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ

Տեսել եմ շքեղությունը գետի,
Որ հոսում է ծանրորեն,
Եվ չարաճճիությունը սյուքի`
Խնձորենու ճյուղերին ճոճվող,
Լսել եմ շառաչը ալիքի.
Ափի հետ ամուսնական առագաստի`
Երկչոտ քաշքշուկի մեջ…

Ճանաչում եմ ծառը`
Երկվորյակը քո հասակի ու ձեռքերի,
Եվ հողը,
Որ անկողինն է ննջեցյալների…

Իմ սիրահար հոգին
Մի օրացույց է, որ միայն գարուն ունի,
Արդյոք մեկը իմ ողջույնը կհասցնի՞ բարդիներին…

Խոտի լուռ ցնծությունը
Գետահովտի հարեւանությամբ`
Խռովում է իմ քունը:
Մարմինս մզկիթ է հինավուրց,
Մի նայիր ավերվածությանս,
Քանզի սրտիս քաղցրահունչ աղոթաձայնը`
Տաք,
Ամեն երակից
Արձագանքում է բարձրագոչ:

Ինձ բավական է հողը` մի քնելու ընդարձակությամբ,
Խոտի կանաչ գորգով,
Եվ նույնքան երկինք`
Ճյուղերի արանքից ուռենու,
Որ իմ բաժին արեւից ու աստղից
Մաղի
Իմ աչքերի սփռոցին:

Դեմքս ու մազերս կլվանամ առվակում`
Ծառի հարեւանությամբ,
Իմ բուսական տենդը
Հագենում է գետի լվացատեղում:

Գարնանը, երբ կայծակը
Գոռգոռում է իմ քաղցածությունը
Հրավիրիր լեռնային սունկերի ուտեստին…

 
ԾԱՌԻ ԷՊՈՍԸ

Սեթարե մայրիկիցս բացի
Ուրիշ դաս, չեմ սովորել,
Որ նստեց հեռուներում
Եվ իր մեծությունը չպարտադրեց ոչ մեկին`
Լինելով միևնույն ժամանակ ավելի մեծ քան արևները
Եվ իմ տեսանելիության սահմանով լույս սփռեց
Եվ աշխարհ
Հեռուներից անընդհատ
Դիտարկեց.
Եվ շարունակաբար շարքում էր աստղակույտերի:

Պետք չէ ողջունել գետի էպոսին,
Որ հարկադրված է շառաչելու:
Ես ջանքն այն ջրի,
Որ նվաստ մի բույսի
Ավշահյութով վեր է բարձրանում
Գերադասում եմ
Այն գետից
Որ բարձրագոչ ընթանում է
Անխուսափելի գետահունով:
Օհ, գետ, ով գետ.
Այդպես գոռոզաբար մի փրփրա,
Մարմնեղությունդ ուռուցք է,
Եվ ոչ գիրություն…
Քո էպոսին
Ես չունեմ ողջույն:

Գեղեցկագույն ձայնը` ձայնն է ծառի,
Որ ամբողջ կյանքում
Չի տրտնջում ոչնչից.
Ոչ շանթի սղոցից,
Ոչ ամպրոպի գոռոցից,
Ոչ մտրակից քամու,
Եվ ոչ սառնամանիքից աշնան:

Գեղեցկագույն խոսքը`
խոսքն է ծառի,
Որ իր ողջ կյանքում ոչինչ չի ասում
Եվ կանգնած է ոտքի
Եվ ձեռքերը մրգառատ են:
Ծառը իր պտուղը մատուցում է Աստծուն`
Երկինք ընձյուղված մատնածայրերով,
Սակայն,
Երեխաները քարով ստանում են հասանելիքը իրենց,
Իսկ ծերերը ելարանով,
Եվ երիտասարդները ճյուղակոտոր անելով…
Ողջույն ծառին,
Որ չունի իշխելու մոլուցք,
Եվ այն ինչ ունի
Շարունակաբար ընծայաբերում է մատնճյուղերով
Եվ նույնիսկ ներողամիտ է,
Եթե անգամ քարկոծում են…

Երբ զինվորը տուն դարձավ
Մայրը ասաց.
«Փոխիր հագուստդ,
Եղբայրդ խոցված է գնդակից,
Եկ նրան թաղենք այգում »:
Զինվորն ասաց.
«Գիտեմ մայրիկ
Ինքս եմ խփել նրան»:

Նույնիսկ Չենգիզը ավելի արնախում չէր պահերից,
Ժամանակը անհանգուրտ է,
Դաժանության և նահատակության միջև
Տարածությունը
Երկայնքով է մի հրացանի.
Նայած թե որ կողմում ես կանգնած
Եվ դարձյալ ողջույն ծառին,
Որ քանի դեռ ողջ է
Նրանից հրացանի խզակոթ
Չես կարող սարքել…

Էջը եթե սև է
Գրչին չկա ասպարեզ…
Ու՞ր ենք կանգնել:
Աստված իմ, մարդիկ ինչու՞ են մոռացել հողը…
Ես տեսնում եմ ծղրիդի արագ անցումը`
Տերևից` ճյուղին,
Եվ նվաստ արևալույսը
Չոր ջրիմուռին`
Առվակի եզրի կանաչ սիզախոտերում:
Եվ լսում եմ ամպրոպի բարձր գոչյունը,
Երբ արթնացնում է լեռնային սունկին`
Քնից գարնանային:
Երանի այնքան փոքր լինեի,
Որ կարողանայի ինչպես զատիկ
Ինձ հանեի կախաղան
Մի ծաղկաթերթի հրապարակում…

Աստված իմ, ինձ վերադարձրու գազաբուjսերին,
Ինձ որպես փոքրագույն անհայտ մի թռչուն
Ամենաանհայտ անտառին նվիրիր,
Ինձ վերադարձրու իմ բնույթին…
Իսկապես
Ու՞ր ենք գնում…
խղճում եմ բառերին,
Մենք մեզ բառերի պարանով
Կախաղան ենք հանել գրքերի մեջ:

Գեղեցկագույն բառը պետք է փնտրել առվակում
Եվ հավամրգում
Եվ այն բլուրի կողքին,
Որ գարնանային մաղող անձրևից
Խոնավ է կանաչ ծաղկավարսը
Եվ ծիածանը զույգ ուռուցիկ այտերից
Համբույր է քաղում:
Ազնվագույն բառերը
Փերիները թաքցրել են`
Սպիտակ քարակույտերի տակ,
Եվ հրեշտակները
Դրել են ծառաշերտերում
Եվ տերև ձեռքերում,
«Այդ դեպքում ու՞ր ենք գնում»*

Ամպից չեն կարող քանդակ սարքել
Բացի երկնքի այգում:
Երբ բույսը անգամ գլխիկոր է
ինչու՞ մարդը չլինի…
Արդյոք բուսի և թռչունի միջև ինձ տեղ կա՞,
Փոթորիկը մտքի որ անցուղուց է անցնում,
Ի՞նչն է ինձ խարիսխ գցել`
Ցավի ծոցում:
Օհ, ով ամենաանհայտ ձուկ
Ժամանակն է որ ապրես Հովնանի գրկում,
Մի հապաղիր…

Ես այն ձուկն եմ, կենդանի
Որի պոչամասից հոշոտում են շնաձկները:
Սիրտը ազատագրիր կրծքավանդակից
Շներին ճամփա չկա կրծքի այն կողմը

Գոռոզությունը նետ էր
Եվ գլխիվայր միթեն
Աղեղին էի դրել,
Որ երբ արձակվեց
Իմ կրծքին էլ դիպավ

Սիրտս խրճիթ է
Եվ տրտմությունը` գետ,
Նրա կողքով անցնով
Եվ քույրերի ծիսալվացումը ժամանցային` քնած արյունովս
Ինձ զրկում են լսել
Նրա մշտատրտում մեղեդին

Ահ,
Արդյոք այն պեգասը կգա ճամփից
Որպեսզի նրանով
Դեպի գագաթները սուրանք:

 

 * Ղուրանի Ալթաքվիր սուրահի 26-րդ պատգամը

 

1 comment

    • Hasmik Sargsyan on 4 Հունվարի, 2015 at 9:07 ե.
    • Reply

    Բնությանը ներդաշնակվելու, նրան համահունչ, նրա հետ համաչափ շնչելու կատարյալ զգացողություն… Նույն զգացողությամբ, խնամքով արվել է նաև թարգմանությունը: Խաղաղ, գեղեցիկ, երիցս բանաստեղծական: Hasmik Sargsyan

Թողնել պատասխան Hasmik Sargsyan-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.