Խորեն Արամունի | «ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ» ՈՐԹ Է ԸՆԿԵԼ

KHA34

Տիկին Հայուհին աշխատանքից նոր էր տուն եկել, ըստ սովորության, սուրճը դրել, հեռուստացույցը միացրել, նստել բազմոցին, ուսին դրած հեռախոսը կզակով պահել, մի ձեռքին գավաթ, մյուսին՝ հեռուստացույցի վահանակ, խոսում, սուրճ էր խմում ու միաժամանակ հեռուստացույցի կայաններն էր վերիվար անում:
— Աղջի, Շուշ, էս մեր տելևիզըրներից, բացի սերիալ ուրիշ բան չես տենում, մի ժամ ա փոխում եմ, հա փողում եմ, նայելու բան չկա:
— Խի չկա, աղջի, էս ա, նստած նայում եմ, դիր Հ1-ը, լավ էլ հաղորդում ա, էրեխեն հո տանը չի՞,- լսվեց լսափողից:
— Ինչի՞, էլի իրար միս են ուտո՞ւմ:
— Չէ, ցավդ տանեմ, ուշադիր նայիր, աղջկա տեր ես, վաղը մյուս օրը քեզ պետք ա գալու:
— Հա՜…, լավ, լավ, ապրես, գործիդ նայիր, եղավ, եղավ:

Կիսակլոր հարթակի վրա համակրելի երիտասարդը, մի ձեռքին խոսափող, մյուսին՝ նշումների վահանակ, հարցադրումներով դիմում էր աջ ու ձախ կողմում կանգնած տարբեր մասնագիտությունների տեր իգական ու արական սեռի ներկայացուցիչներին, այդ թվում նաև մի հոգևորականի: Բոլորն էլ համարյա ներկայանալի հագուկապով, անկաշկանդ, երբեմն հարձակողական, երբեմն մեղմ ու հանգիստ իրենց տեսակետներն էին արտահայտում հաղորդավարին հուզող հարցերի, կամ առաջ քաշած խնդիրների շուրջ:
Հայուհու սարսափած հայացքը պահի տակ, այնպես սևեռվեց հեռուստացույցին, որ կողքից նայողին կթվար թե՝ թուրքն է հարձակվել.
— «Վայ, գրողը տանի», բարձրաձայն ասաց Հայուհին ու ինքն իրեն լսելի ձայնով շարունակեց,- «ինչի մասին ասես խոսում են, չե՞ն մտածում էրեխեք են նայում»: Ապա սուրճի բաժակը շրջեց ապսեի վրա, դրեց սեղանին, աչքի ծայրով նայեց դստեր սենյակի դռանը, փակ էր, տեղը բազմոցի վրա ամրապնդեց ու հեռուստացույցի ձայնը մի քիչ բարձրացրեց:
Հաղորդման մասնակիցներից, համարյա ամենատարեցը, գրոհեց խոսքը չավարտած երիտասարդ մասնակցի վրա.
— «Վաթսունհինգ տարեկան կին եմ, հարս եմ բերել, հարգելով մեր հայկական հին ավանդույթները, երկու օր հետո «կարմի խնձորը» քավորով, սազ ու զուռնայով տարել ու համայն աշխարհին ապացուցել ենք, որ հարսս մաքուր, ազնիվ ու բարեպաշտ ընտանիքի աղջիկ է եղել, ի՞նչ է, վա՞տ է, վերջապես հայ ենք, դա հայկական ադաթ ա, հարևաններիս, բարեկամներիս ու հարազատներիս մոտ, համ ի՛մ երեսն եմ պարզ արել, հա՛մ հարսինս, թե կուզե՞ք, համ էլ՝ տղայինս, սրա մեջ ի՞նչ վատ բան կա, որ…»:
— «Բարի, թույլ տվեք դիմենք մասնագետ գինեկոլոգին, տեսնենք դրա լավն ու վատը ո՞րն է»,- ասաց հաղորդավարն ու գլխի շարժումով խոսքը տվեց բժիշկին:
— «Տիկին դուք տեղյա՞կ եք, որ միայն այս տարի Չինաստանից Հայաստան է ներկրվել շուրջ չորս հարյուր կիլոգրամ կուսաթաղանթ, տեղյա՞կ եք, որ օրը քանի արհեստական կուսաթաղանթ է տեղադրվում ամուսնացող աղջիկների օրգանիզմում, քավ լիցի, չեմ ուզում վիրավորել, բայց ի՞նչ երաշխիք ունեք, որ ձեր հարսի «կարմիր խնձորը» որթնած չի եղել»:
— Այ քեզ բան, ամեն ինչ լսել էինք, էս մեկը՝չէ՛,- տիկին Հայուհին նորից ինքն իրեն մասնակից դարձրեց հաղորդմանն ու զանգահարեց ընկերուհուն.
— Աղջի, Շուշ, որթնած կարմիր խնձորս ո՞րն ա:
— Հայուհի ջան, հերիք եղավ քեզ շաշի, ապուշի տեղ դնես: Ի՞նչ ա, դու կույս չե՞ս եղել, թե…
Հա, լավ, հասկացանք, բայց ախր էս տելևիզորի բան չի: Էս ինչ օրի հասանք, Շուշ ջան:
— Լավ, քեզ դեբիլի տեղ մի դիր, շարունակությունը լսիր, կրկնություն է, ես արդեն մի անգամ նայել եմ:
«Հլա մի սրան նայիր, երկրորդ անգամն ա նայում»,- նախանձի տպավորություն թողնելով, փնթփնթաց Հայուհին, լսափողը շպրտեց բազմոցին ու կլանվեց հաղորդումով:

— Մա, Չինաստանից լիքը թաղանթ են բերել, ինձ կառնե՞ս,- իր սենյակից դուրս եկավ տասներկուսը չբոլորած աղջնակն ու դիմեց մորը:
— Գնա՛, էդ քո խելքի բանը չի, գնա՛ դասերդ արա:
— Ինչի՞, թաղանթն ի՞նչ ա որ, մա:
— Ասացի էդ քո խելքի բանը չի, վարագույր ա, զանավեսկա, փարդա, դե հիմա գնա՝ դասերդ արա,- աղջնակին սաստեց մայրն ու հետևեց հաղորդման շարունակությանը:

— «Բժիշկ ջան, ես իմ հարսին լավ գիտեմ, նրան հավատում եմ, թե ով ինչպես է մտածում, դա ինձ չի հետաքրքրում»,- քիչ թե շատ զգատացած, վրդովվեց տարեց կինն ու հպարտության կեցվածք ընդունելով, մեջքը ուղղած հայացքով շրջեց ամբողջ դահլիճի:
— «Լավ, եկեք խոսքը տանք, Հայոց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչին: Հայր Սուրբ, դուք, այսինք մեր առաքելական եկեղեցին, ինչպե՞ս է վերաբերում այս հարցին»:
— «Սիրելի ժողովուրդ, հարգարժան հավատացյալներ, այնքան նուրբ ու զգայուն հարց եք բարձրացրել, որի մասին խոսելն անգամ անհարիր է ընկալվում ու մինչև այսօր էլ քննադատությունների տեղիք է տալիս: Լավ իմացեք և հիշեք, որ մենք հայ ենք, քրիստոնյա ժողովուրդ, ավանդույթները հենց այնպես, պատահական չեն դառնում որևէ ժողովրդի սեփականությունն ու դարեր շարունակ գոյատևում: «Կարմիր խնձորը» մեր ժողովրդի մեջ դիտվել է, որպես պատվի, մաքրության ու սրբության խորհրդանիշ: Աստված մարդ ստեղծելիս ոչ մի ավելորդ բան նրա մարմնի մեջ չի դրել, եթե մի բան դրել է, ուրեմն դա անհրաժեշտ է՝ պետք է: Նորից եմ կրկնում, կուսաթաղանթը քրիստոնեթյան մեջ դիտվում է որպես սրբության, մաքրության ու պարկեշտության խորհրդանիշ, դա է պատճառ դարձել, որ դարեր շարունակ մենք մեծ ծիսակատարությամբ ենք այն ներկայացրել մերձավորներին, և ժամանակի ընթացքում դա այնքան ենք արժևորել, որ դարձել է պաշտամունքի առարկա»:
— «Ի՞նչը, հայր Սուրբ, կուսաթաղա՞նթը,- հոգևորականին ընդհատեց երիտասարդ մասնակիցը»:
— «Այո, բայց ինչո՞ւ եք զարմանում»:
— «Հայր սուրբ, եթե կուսաթաղանթը Սրբացվել է, մեր եղեկեցին ինչո՞ւ է ձեզ զրկել առնչվել նրա հետ: Նաև մի ուրիշ հարց, Հայր սուրբ, Մարիամ Մագդաղինացին ամուսնացծ չէր, ոչ էլ կույս էր, ինչո՞ւ սրբացրին»:

Հայուհին կրկին համար հավաքեց.
— Այ քեզ բան, խելագարվել կարելի ա, Շուշ ջան:
— Հա, ինչ ես կրակ բռնել:
— Աղջի, Շուշ, առնանդամի պաշտամունք լսել էինք, հասկացանք, հա, իսկականից էլ պաշտելու բան ա, բա էս կուսաթաղանթի պաշտամունքը ով մոգոնեց:
— Դե վարդապետ ա էլի, ինչ գիտի կինը ինչ ա, կույսն ինչ ա: Դեռ դու շարունակությունը նայիր, շարունակությունը:
— Մի րոպե, Շուշ ջան, ինչքան գիտեմ հեթանոսական Հայաստանում չբեր կանայք գնում իրենց հեշտոցը քսում էին առնանդամի քանդակներին, ֆալլուս են ասում, միայն մեր քաղաքի՝ Էջմիածնի, ազգագրական թանգարանի առաջ տաս-քսան հատ հենց էնպես՝ անտեր, անտիրական գցած ա, Երևանի կենտրոնում էլ կա, գիտե՞ս:
— Հայուհի ջան, էդ գյոզալ ապրանքին ով ա բանի տեղ դնում որ, ով ա գնահատում որ: էդ աննման ֆալուսները գցին փողոցները, տաբու դարձած կուսաթաղանթը բերին մեյդան ու սրբացրին:
— Շուշ ջան, մեկը լինի ասի՝ այ վարդապետ, այ հայր Սուրբ, ուրիշ ասելիք չունե՞ս: Սիրուն տղա ես, գնա ամուսնացիր, ընտանիք կազմիր, քեզ ով չի առնի որ, համ էլ կիմանաս կուսաթաղանթը ինչ բան ա, պաշտամունքի արժանի՞ ա, թե՞ չի… էդ անտերդ էլ պահում ես, որ պաշտամունք դարձնե՞ս, էսպես որ գնա, մի օր խաչի տեղ դրան դեմ կտաք… ասենք էրնեկ չէր: Մեղա քեզ Աստված, մեղա, մեղա: Լավ Շուշ ջան կզանգեմ, տենամ ինչ ա կատարվում, ուր են հասնում:

— «Կներեք, Հայր Սուրբ, եթե Աստված մարդուն ստեղծելիս ավելորդ ոչինչ չի դրել, ուրեմն թլպատումն էլ է սխալ»,- միջամտեց մինչ այդ լուռ ու ամոթխած նստած երիտասարդ մի աղջիկ:
— «Դա հրեաների մոտ է ընդունված»:
— «Այո, բայց Աստվածաշնչի մեջ դրա մասին խոսվում է»,- Հայր Սուրբին ընդհատեց հարց տվողը:

— Փոխանակ մի բան էլ ավելացնեն, կրճատում են, նպա՞ստ ա, աշխատավա՞րձ ա, ի՞նչ ա,- ինքն իրեն տրտնջաց Հայուհին ու ավելացրեց,- Աստծու տված բարիք ա, ձեր ի՞նչ գործն ա, կուզենք կկտրենք, կուզենք կերկարացնենք, դա ձեզ տված չի:

— «Լավ, խնդրում եմ ուշադիր, այսօր տաղավար ենք հրավիրել մի կնոջ, որն ունի մի զավակ, ամուսնալուծվել է, ամիսներ է ինչ իր մինուճարի հետ գիշերում է փողոցում: Ծափահարություններով դիմավորենք նրան»,- ասաց հաղորդավարն ու ընդառաջ գնաց դիմակավորված հյուրին, որը երկար ծափահարությունների ներքո տաղավար է մտնում ու առաջնորդվում է դեպի իր բազմոցը:
— «Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ եք հայտնվել փողոցում»,- հաղորդավարը միանգամից հարցը ուղղեց դեռ բազմոցին տեղ չգրաված նոր հյուրին ու շարունակեց,- «գուցե կույս չե՞ք եղել, կամ… լավ, դուք ասեք, ինչո՞ւ, ինչու՞ եք հատնվել փողոցում»,- հարցը ավարտեց նա ու կարեկցաբար մոտեցավ դիմակավոր «զոհին»:
— «Ամուսնության երկրորդ իսկ օրը իմացա, որ սխալ եմ գործել, զգացի որ ես ամուսնուս կողքին ոչ թե կին, այլ գործիք եմ»,- գլուխը կախ պատասխանեց դիմակավորը:
— «Շատ կներեք»,- ընդհատեց հաղորդավարը,- «երբ ամուսնացաք, դուք կո՞ւյս էիք»:
— «Այո»:
— «Իսկ կարմիր խնձոր տարե՞լ էին»:
— «Այո»:
— «Լավ, բա ի՞նչն էր պատճառը, որ դուք հայտնվեցիք փողոցում»:
— «Սիրուհի էր պահում, ինձ ծեծում էր, չէր աշխատում…»:
— «Կարո՞ղ ես դրանց հիմնական պատճառը ասել, ինչո՞ւ էր սիրուհի պահում»:
— «Ասում էր դու չես կարողանում, այնպես որ ես եմ ուզում, ինձ բավարարես, հետո իրա ուզած ձեվով ինչ ուզում անում էր ու վերջում էլ ծեծում էր»:

— Վայ գետինը մտնես կին, բա էդ ասելու բան ա, հայը կկանգնի տլևիզորի առաջ ու տենց բան կասի՞… էսքան տարի բա մենք ո՞նց ենք յոլա գնացել՝ ձախ, աջ, վեր, վար, նստիր, կանգնիր,- տրտնջաց Հայուհին ու աչքերը կկոծեց:

— «Այսինքը ի՞նչ, ձեր ամուսինը ձեզանից ի՞նչ էր ուզում, որ դուք չէիք համաձայնվում ու չէիք կարողանում նրան բավարարել, կարո՞ղ եք ասել»,- այս անգամ հաղորդավարը ավելի մոտեցավ նրան ու հայացքով շրջեց դահլիճով մեկ:
— «Չեմ կարող ասել, ամաչում եմ»:
— «Ինչքան ես իմացա, եթե չեմ սխալվում, խոսքը օրալ սեքսի մասին է, հա՞»,- հաղորդավարը շատ հանգիստ դիմեց զոհին, այնպես ինչպես մեկը ինչ-որ մեկից հասցե կհարցներ:
— «Այո, և ամբողջ օրը, սեքսից բացի նրան ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում»,- հեկեկաց «զոհը»:
— «Հայ սուրբ, դուք ի՞նչ պատասխան կտայիք այս հարցին»:

— Մա, մա, օրալը ի՞նչ ա,- իր սենյակից նորից դուրս պրծավ աղջնակն ու փարվեց մորը:
— Էդ ի՞նչ ես նայում, նորից միացրե՞լ ես- Հայուհին ետ շպրտեց աղջկան, բռնեց երեխայի թևից, քարշ տվեց դեպի սենյակ,- քեզ տված չի էսպեսի բաներ նայես, անջատիր, տելևիզըրը անջատիր քեզ ասում եմ, գնա պառկիր,- ինքը անջատեց երեխայի սենյակի հեռուստացույցն ու շտապեց հետևել հաղորդման շարունակությանը:
— Մա, ժամը յոթն ա, շուտ ա,- հեռվից լսվեց աղջնակի ձայնը:
— Ուրեմն նստիր դասերդ արա, տելևիզըրը չմիացնես, նստիր,- գոռաց Հայուհին ու նորից հայացքը սևեռեց հեռուստացույցին:
— «…ամուսինը տան թագավորը, իսկ կինը՝ թագուհին է»,- խոսքը շարունակեց հոգևոր հայրը,- կինը դեռ պսակադրության ժամանակ, սուրբ խորանի առաջ, Ավետարանի մոտ խոստովանում է, որ ինքը հնազանդ…»:
— «Այսինքն ստրո՞ւկ»,- Հայր Սուրբին ընդհատում է վրդովված մեկը:
— «Կներեք, քսանմեկերերդ դարում ենք ապրում»,- միջամտեց բժիշկը,- կնոջ և տղամարդու իրավունքները պետք է հարգվեն հավասարաչափ: Որևէ ակտ, գործողություն, որևէ մեկի կողմից, եթե փոխհամաձայնված չէ, դա բռնություն է, խոշտանգում: Լավ գիտեք, որ մեր հասարակության մեջ դա դեռ չի հարգվում ու կինը մեզ մոտ հաճախ խոշտանգվում, անգամ ամուսնացած կինը իր իսկ ամուսնու կողմից բռնաբարվում է: Իսկ այն ինչ վերաբերվում է նորմալ, կամ եթե կուզեք ասել «ոչ նորմալ» օրալ սեքսին, դա նորություն չէ, ավելի քան երեք հազար տարվա չինական մանրանկարներն են խոսում այդ մասին: Մեզ մոտ դա եղել է ամոթալի, իսկ օգտվողները երբեք չեն բարձրաձայնել: Նորից եմ ասում, դա պետք է լինի սիրո հիմքի վրա և երկու կողմի ցանկությամբ»:
— «Բժիշկ ջան, բա ո՞ւր մնաց հայի պատիվը, չէ որ մենք ունենք մեր ավանդույթներն ու ադաթները»:
— «Հարգարժան տիկին, չեմ ուզում վիրավորել, բայց ավանդական սեքսը ո՞րն է, որտե՞ղ են դասավանդում, մեր ավանդական սեքսի մասին, գուցե և ցուցադրում են հա՞: Համենայն դեպս, ես տեղյակ չեմ»:
— «Ի միջի այլոց, այո»,- բժիշկին ընդհատեց հաղորդավարն ու շարունակեց,- «այո, մեր դպրոցներում դասընթացներ կան սեքսի մասին, որտեղ ցավալիորեն դասավանդում են ոչ թե արհեստավարժ մասնագետներ, այլ ֆիզկուլտի դասատուները»:
— «Կներե՛ք,- ընդհատեց բժիշկը»,- որպես մասնագետ, գիտեմ, որ ոչ մի մարզաձևում տաս րոպեում այդքան էներգիա չի ծախսվում, ինչքան տաս րոպե սեքսում, երևի դա որպես մարզաձև է դասավանդվում ու մեր ֆիզկուլտի դասատուներն էլ մարզում են, հա՞»,- քմծիծաղ տվեց բժիշկը:
Դահլիճի բարձր ծիծաղը, որը ավելի շատ նման էր քրքիջի, մի կեպ զսպելուց հետո խոսքը շարունակեց հաղորդավարը.
— «Մեզ մոտ, դահլիճում ներկա են ուսանող-ուհիներ, գուցե նաև, երիտասարդներ, որոնց տասնութն անգամ չի բոլորվել, կցանկանայի հաշվի առնել այս երևույթն ու լինել կոռեկտ և մի քիչ էլ զուսպ: Իսկ դուք՝ տիկին, որպես մայր ու տատիկ, կցանկանայի՞ք դպրոցում դասավանդվեր այնպիսի առարկա, որտեղ աշակերտներին կծանոթացնեին սեքսի, կամ այսպես ասաց մարդու հասունացման շրջանում նրա մոտ առաջ եկող բնական այնպիսի պահանջների մասին որոնց շուրջ խոսելը, մինչ օրս, գոնե մեզ մոտ, տաբու է»:
— «Ոչ, իհարկե ոչ, նրանք կմեծանան ու ժամանակին ամեն ինչ կիմանան, ես որ դպրոցում չեմ սովորել, ի՞նչ ա, երեխա չե՞մ ունեցել, երեխա էլ ունեմ, թոռ էլ, դեռ ծոռ էլ կտեսնեմ, ֆիզկուլտի դասատուն ի՞նչ իրավունք ունի իմ աղջիկ թոռանս հետ էդպիսի բաների մասին խոսի, հալա մեկը լինի հարցնի՝ էդ մարդը ինչքանո՞վ է բարոյական»:

— Աղջի, Սոնա, Սոնա, հլա արի:
— Հա, մամ:
— Սոնա ջան, ֆիզկուլտի ժամերին ի՞նչ եք անում:
— ֆիզկուլտ, մամ:
— Էդ ժամերին ուրիշ էլ ինչ եք անում:
— Ոչինչ մամ:
— Ճիշտն ասա, ֆիզկուլտի դասատուն ուրիշ բաների մասին չի՞ խոսում:
— Չէ, մա, ինչի մասին պիտի խոսա:
— Բա չի՞ ասում, որ երեխան ոնց ա ծնվում:
— Չէ մա, չի ասում, բայց ես գիտեմ:
— Գնա կորի, քեզ հարցնող չկա, դեռ ի՞նչ ժամանակդ ա, գնա քեզ ասում եմ:
— Մա, տեսել եմ, կոմպում /համակարգիչ/ ամեն ինչ կա:
— Այ քեզ բան, էս ա, հայրդ որ գա…
— Չէ, մա, խնդրում եմ, մի ասա, չասես մա, խնդրում եմ, էլ չեմ նայի, խնդրում եմ, չասես:
— Դե որ խոստանում ես, գնա ու դասերդ լավ սովորիր:
Սոնան մինչև ուշ երեկո չքնեց, վախենում էր, չլինի թե մայրը պապային ասի ու…
Հայհուհին ևս մտահոգված երեխայի ճակատագրով, գիշերը աչք չփակեց: Հաջորդ օրը երեխայի հետ գնաց դպրոց, տեղեկանալու՝ իրոք դպրոցում սեքսի մասին առարկա կա՞, թե՞ ոչ, իսկ եթե կա, ո՞վ է դասավանդում և ինչե՞ր են սովորեցնում:

1 comment

  1. I loved this story and its very funny. I usually don’t watch TV not mainstream nor Armenian but I’m sure they talk about these subjects on some programs now days.

Թողնել պատասխան Armine Zohrabian-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.