Լիլիթ Հակոբյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Լիլիթ Հակոբյան

Լիլիթ Հակոբյան

Մեռնելուց հետո

Դա նրա վերջին առավոտն էր բանտում:

Ամեն օրվա պես նայեց շրջանակից դուրս՝ նույն տներն են, ծառերը, բլուրները, ոչ մի տեղաշարժ, ոչ մի փոփոխություն: Ոչ ոք չի բարձրանում բլրի գագաթը՝ այնտեղից ձեռքով անելու համար, ոչ ոք չգիտի, որ նա կա դարպասներից այն կողմ եղած պատերի ու ճաղերի մեջ, ոչ ոք շրջանակից երևացող ծառից տերև ու պտուղ չի պոկում, ու նրան այնպես է թվում, թե իր ունեցած շրջանակից դուրս այլևս չկան մարդիկ, տներ ու աշխարհներ, չկան ոչինչ ու ոչ ոք: Գուցե ծա՞ռն է անպտուղ, դրա համար էլ շուրջը դատարկ է, թե՞ անպտուղ ծառն ինքն է, ում շուրջն ամայի է: Նրան այնպես է թվում, թե ինքն այլևս չկա, գոյություն չունի, որ շրջապատող նյութական աշխարհը խաբկանք է, ինքը մի փոշեհատիկ է այդ աշխարհում՝ աննկատ, անէ: Երկիրն առաջվա պես շարունակում է պտտվել, բայց նա իր նեղ վանդակում չի զգում դրա պտույտը: Այդ անշարժ վանդակն արդեն հարազատ է իրեն. դրանից դուրս եղածն օտար է, վախենալու:

Մանրահատակը… փորձում է հաշվել՝ մեկ, երկու, երեք… վեց… Խցակիցների հերթական անկարևոր զրույցից հաշիվը նորից կիսատ է մնում, ջղաձիգ շարժում է գլուխը, փորձում նորից հաշվել: «Ի՞նչ օգուտ, որ իմացար, թե քանիսն են, 1000-րդ անգամն ես փորձում հաշվել, միշտ նույն տեղից հաշիվդ կորցնում ես: Մանրահատակն էլ է զզվելի. աթոռի հպումից զզվելի ձայն է արձակում»: Բանտում տարածքը շատ նեղ է մենակ մնալու, մանրահատակ հաշվելու ու մտածելու համար:

Մտածում է, փորձում է… Հասկանում է, որ էլ մտածել չի կարողանում. «Էլ ինչի՞ համար է գլուխդ». պատերին հարվածելու, չոր ներքնակին գցելու, ննջելու: Գլխիդ վրայի երկու ականջները միայն հեռախոսի լսափողի միջի ձայնը կամ ավելի հաճախ լռությունը լսելու համար են, մատներդ լսափողը պահելու ու չհոգնելու համար են, լեզուդ ու բերանդ լսափողի մեջ մեղմ ձայնով խոսելու համար են… Չնայած ձայնն էլ մեղմ չէ, ոչ էլ խոսքեր գտնելն է արդեն հեշտ: Ինչի՞ համար է գլուխդ. խոսքեր գտնելու, ո՞ւմ համար խոսքեր՝ լսողը չկա: Քո կողքին հարյուր զույգ ականջներ կան, բայց դրանք էլ քոնի նման լսափողի մյուս կողմի ձայնը լսելու համար են. նույն լսափողի, որով մեկ դու ես լսում, մեկ մյուսը, մյուսը, հաջորդը, 100-րդը: Ինչի՞ համար է լսափողը՝ չհոգնելու, դրսում եղած ականջները՝ ձեզ լսելու ու չձանձրանալու համար են: Աչքերդ վանդակից դուրս նայելու ու ոչինչ չտեսնելու համար են:

Սա է քո աշխարհը՝ պատեր, ճաղեր, լսափող, ականջներ, ու շրջանակից դուրս՝ տներ, բլուրներ, ծառեր. բոլորն անմարդ են, անշունչ: Քեզանից դուրս ու ճաղերի ներսում ոչինչ չի փոխվում, ավելանում կամ պակասում, իսկ ներսումդ մեռնում է մարդը, աճում` անտարբերությունը, ու քեզ նորից թվում է, թե դու վաղուց էլ չես ապրում:

Երբ եկար այստեղ, մտքովդ չէր անցնում, որ գալիս ես կենդանի դիակ դառնալու, իսկ հիմա չես համարձակվում մտածել, որ արդեն դարձել ես: Առհասարակ, չես համարձակվում գլուխդ բարձրացնել, կողքերդ նայել, իրականությունը տեսնել, զգալ, շոշափել. անզգայացնող նիրհը գերադասելի է այս գորշից: Բոլորն են այդպես անում, կախ գլուխդ նկատող ու քեզանից նեղացող, զայրացող էլ չկա: Ավա՜ղ, կշտամբող էլ չկա՝ քիչ ծխիր, որ չմեռնես: Տեսնես հիմա՞ էլ է քո կյանքի մասին էդպես մտածում, թե՞ վաղուց արդեն մեռել ես դրսում:

Հիշեց իր դատավճիռը՝ 30 տարի, հիշեց մեղքը՝ մարդասպանություն: «Ինչո՞ւ են մեռնողների համար ողջերին պատժում, մարդ մեռնելուց հետո չի ափսոսում մահվան համար, չի հիշում իր երբեմնի գոյության մասին, չի տխրում, որ էլ չկա, ինչո՞ւ են ողջերը հիշում, ինչո՞ւ են ինձ նման, բայց այլ հագուստով մարդիկ դատավճիռ կայացնում ու հսկում մեր անազատությունը…»: Կրծող հարցերի շարքն անվերջ էր:

… Մի օր որոշել էր հարբել, որ հաջորդ օրը գլխացավից մեռներ, որ հիշեր սխալների մասին, որ նոր սխալներ գործեր, որ հին սխալները մոռանար, նոր սխալներն ավելի շատ սիրեր… Որոշել էր հարբել, որ խոստովանի, որ թույլ է, որ ուժեղ լինելն ընդամենը դիմակ է: Որոշել էր հարբել հին սերերը մոռանալու ու նորից սիրահարվելու համար: Երբ 20 տարեկան ես, քաղաքի ամենասովորական բարում նստած` դատարկում ես մի շիշը մյուսի ետևից, չես կասկածում, որ օրդ սպանությամբ է ավարտվելու, որի մասին դու ոչինչ չես հիշելու, բայց որի համար քեզ փակելու են հավերժ: Եթե իմանար, որ դա ազատության մեջ իր վերջին օրն է լինելու, մեկ է՝ նորից կհարբեր: Իր ջահելությունից հենց սա էր սիրում՝ վաղվա վրա թքած ունենալը: Մի օր էլ այդ վաղը շատ տխուր ստացվեց: Դրանից հետո նա թքած ունի իր բոլոր անցած ու գալիք օրերի վրա…

Մի ժամանակ համառորեն պայքարում էր ազատության համար, փորձում էր ապացուցել անմեղությունը: Բայց տարիների ընթացքում դա էլ անցավ: Նա էդպես էլ չհասկացավ, թե ինչու է շնչում բանտի գաղջն ու սպանում կյանքի մնացած օրերը մի սպանության համար, որի մասին ոչինչ չէր հիշում ու չգիտեր: Չի ժխտում՝ երիտասարդ տարիքում տաքարյուն էր, բայց ոչ ոճրագործ:

Մի օր բանտարկյալներին քահանա էր այցելել՝ զրուցելու ու երևի «դարձի բերելու» համար: Նա չհամբերեց, սառը նայեց քահանայի դեմքին ու ասաց. «Կարո՞ղ եմ աթեիստ մնալով այստեղ փտել, մեկ է վերջում բոլորս փտելու ենք»: Աթեիստ բառի իմաստը չհասկանալով՝ բանտում նրան «աղանդավոր» պիտակեցին: Ինչպես չհասկանալով դարձել էր մարդասպան, նույնկերպ չնկատեց, թե ոնց աղանդավոր դարձավ: Սրանից նա մի դաս քաղեց՝ բանտում մարդիկ վախենում են տարբերվելուց, ալարում են ավելին լինել, ինչից տարբերվողների գործը բարդանում է: Հետո հասկացավ, որ մարդ երբեք էլ այն չէ, ինչ կա, այլ դառնում է այն, ինչ իրենից մարդիկ ստեղծում են: Իրենից մարդասպանի ու «աղանդավորի» ստեղծեցին: «Իսկ եթե մարդ ինքն իրեն ստեղծի՞»… Ազատություն է պետք: Հետո մի բան էլ հասկացավ, որ ինքը երբեք էլ ազատ չի եղել: Դրսում մարդիկ հնարած ազատության մեջ են: Հիմա, երբ գիտի, թե ինչ է «վանդակը», հասկանում է, որ երբեք էլ ազատ չի եղել: Միամիտ են մարդիկ, որովհետև իրենց ազատ են համարում` միմյանց երբեք ազատություն չտալով: Մարդիկ են իրար ազատազրկում. բոլորը, ոչ միայն դատավորները: Բոլորը բանտարկյալներ են ազատության մեջ:

Տարիներն անցան, տաքարյուն ու անհամբեր երիտասարդը մնացել էր գոյություն չունեցող, անիրական երազ թվացող անցյալում: Դեռ ծեր չէր, բայց բանտը նրան ծերացրել էր: Արդեն մոռացել էր վանդակից դուրս աշխարհի, մարդկանց, նույնիսկ լսափողի մասին: Առաջվա պես չգիտեր՝ ինքը գոյություն ունի՞, թե չէ:

Իմացավ, որ համաներում ստացածների մեջ է, ազատ է արձակվելու, ազատ… Բառն իրեն խորթ թվաց, իմաստը չհասկացավ՝ ազա՞տ: Բանտակիցները երանի տվեցին՝ «Գոնե ծերությունդ մարդավարի կապրես, բախտավոր ես»: Ուրեմն մինչև հիմա մարդ չէր, 20 տարի մարդ չլինելուց հետո ինչպե՞ս հիշի, թե մարդն ով է, ինչպե՞ս նորից մարդ դառնա: Լրիվ մոռացել էր, թե ով է եղել: 20 տարեկանից հետո կորավ մարդը, հիմա ասում են՝ գտիր, կյանք ես վերադառնալու: Ինչպես առանց իրեն հարցնելու փակեցին, նույնկերպ էլ ուզում են ազատ արձակել: Ազատվելու լուրը լսելուց հետո անազատության զգացումն ավելի սրվեց, թվաց, թե մշտական վանդակն ավելի է նեղացել: Լսափողը վաղուց լուռ էր, ազատներից ոչ ոք էլ իրեն չէր սպասում, ո՞ւր է գնալու, ո՞ւմ համար, ո՞ւմ հետ… Ոչ մի տեղ, ոչ ոքի համար ու հետ:

Եկավ վերջին առավոտը բանտում… Այստեղ օրվա ժամերն իրարից տարբեր չեն, ամեն հաջորդ պահը նախորդին է նման, ու մարդկանց համար միևնույն է, թե երբ օրը կլուսանա ու կմթնի: Այս առավոտը նրա ու ևս մի քանիսի վերջին առավոտն էր բանտում: Ավագ և կրտսեր բանտապահները հերթով մտնում էին խցերը, որպեսզի ազատվողներին ուղեկցեն ճաղերից ու դարպասներից դուրս, ետ ուղարկեն կյանք: Հասան նրա խցին: Կրտսեր բանտապահը գամվեց տեղում՝ տեսնելով նրա անշնչացած մարմինը: Նախկին դատապարտյալը հաջողել էր կտրել երակը, խցի հատակին, անկողնու մոտ արյան լճակ էր գոյացել… Ականջներում ահագնացող խշշոցի միջից երիտասարդ բանտապահը լսեց ավագի կշտամբանքը:

— Ի՞նչ ես շշմել, դիակ չե՞ս տեսել, մարդ կանչիր, թող գան, տանեն սրան, քանի հոտը չի տարածվել:

Այդ առավոտը նրա վերջին առավոտն էր… Ու մյուսների վերջին առավոտը բանտում:

 

Վարդագույն լուսնի ժամանակը

Ես սկսել եմ մոռանալ: Երբ մոռանում ես, քեզնից քեզ ես պոկում ու կորցնում: Ես ինձնից պոկված, հազար բեկոր դարձած հուշ եմ, էլ չեմ ամբողջանա:

Ես սկսել եմ կորցնել: Երբ կորցնում ես, սկսում ես գտնել վարդագույն լուսնի պես անհեթեթ բաներ, հասկանում ես, որ կորցրածդ իզուր էր, որովհետև լուսինը երբեք վարդագույն չի եղել: Հնարել ես:

Լայն բացված աչքերդ երկնքում նոր լուսիններ են փնտրում, գտնում են… Նոր մոլորակներ են գտնում: Գիշերվա երկնքի սևում լողացող բազմագույն մոլորակները քեզնից պոկված բեկորներին են նման, դրանց մեջ քեզ ես փնտրում: Գտնում ես… ուրիշներին ես գտնում, որովհետև քեզ կտոր-կտոր գողացել են ու չեն վերադարձրել: Դու ամեն մեկի գողոնն ես՝ երկնքներում ալիքաձև լող տվող մոլորկների նման, կամ էլ վարդագույն լուսնի, որից անհեթեթ չես կարող լինել:

Վերևներում հեռու է, բայց անվտանգ չի, ընկնելու ես ու էլի մի քանի միլիոն կտորի բաժանվես, նորից կորցնելու ես բեկորներդ, նորից վարդագույն լուսիններ ես գտնելու, որին մարդիկ չեն հավատում: Լուսնիդ հետ էլի մենակ ես մնալու, էլի մոլորակներ ես փնտրելու: Հատկապես կապույտ մոլորակն ես փնտրում, որը գոյություն չունի… Երկրորդ անգամ նույնը չես գտնի, որովհետև նույնը չես լինի, բայց մեկ է՝ կորցնելու ես:

Ընկնելուց հետո պառկած նայում ես երկնքում պարող մոլորակներին, որոնք ավելի են հեռանում: Շուրջդ բեկորներդ են, որոնք հետևում են մոլորակներին, հասնում են: Հայացքով միակ հավատարիմիդ ես փնտրում՝ վարդագույն լուսինը: Երկնքում չի… Երբ վարդագույն լուսնի պես անհեթեթ բաներն սկսում ես կորցնել, հասկանում ես, որ այն երբեք էլ անհեթեթ չի եղել: Սխալվել ես: Սկսում ես կարոտել վարդագույն լուսինը, որն ամեն գիշեր լիզում էր աչքերդ, համոզում, որ չքնես: Գիշերը դառնում էր լուսնոտ ու մտածելու գիշեր: Գիշերվա հետ դեռ խոսելիք ունես, բայց նա սևը մոխրագույնին հարելով, օդում նարնջագույն ցող շաղ տալով՝ կորում է հորիզոնում, ու գալիս են մարդիկ, մարդիկ, ովքեր գիշերվա մասին ոչինչ չգիտեն: Դու ափսոսում ես, որովհետև գիշերը բոլորի համար է, նաև նրանց, ովքեր իրենից գլուխ չեն հանում:

Կիսատ գրված երգի պես կախվում ես գիթառի լարերից, որ նոր հնչյուններ, հնչյունների մեջ՝ նոր գույներ գտնես, հատկապես վարդագույնն ես փնտրում, որից վարդի հոտ է գալիս, որը կլոր է՝ լուսնի պես: Դու կիսատ գրված երգ ես մնում, որ տարբեր է երգվում ուրիշների կողմից: Քեզ երբեք չեն երգում, ինչպես պետք է, որովհետև չեն հավատում վարդագույն լուսնի գոյությանը: Դու որոշում ես, որ էլ չես հնչելու, բայց հարցնողն ո՞վ է, մեկ է՝ երգում են էնպես, ինչպես չպետք է երգեն: Դու լսում ու քեզ չես ճանաչում. դա դու չես հնչում:

Դու նորից ես կորցնում: Ժամանակն ես կորցնում. ամեն բան մի ակնթարթում անցյալ է դառնում, որից ոչինչ չես հիշում, որովհետև սկսել ես մոռանալ ու կորցնել քեզ` կտոր-կտոր:

Կան տարբեր ժամանակներ, երբեմն՝ վարդագույն լուսնի պես անհեթեթ ժամանակներ, որին ոչ ոք չի հավատում, քեզնից բացի:

 

2 comments

  1. Սիրելի Լիլիթ, <> պատմվածքդ կարդացի հաճույքով եւ խորապես տպավորված եմ: Լավագույն մաղթանքներս:

      • Լիլիթ on 2 Հունիսի, 2015 at 9:16 ե.
      • Reply

      Շնորհակալ եմ:

Թողնել պատասխան Լիլիթ-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.