Սիրանույշ Օհանյան | ՀԱՏՎԱԾ

Լիլիթին

Անկառավարելի դիպվածների ինքնազարգացող շղթաներով կաշկանդված երկինքները սպասում են իրենց ազատագրմանը։ Ես նայում եմ ժամանակի խաբուսիկ, մերթ ծերության, մերթ նորածնի կնճիռներով պատված դեմքին և որոնում նրա հայացքը՝ ուղղված ապագայից անցյալ։ Ժամանակը թռչուն է. նրա աչքերը հակադիր կողմեր են նայում, և մարդկային ուղղագնա հայացքն անզոր է բռնելու թռչնային զույգ աչքերի տարամետ հայացքները։ Ժամանակի հայացքը տարբեր կողմեր է միտված. ժամանակն ունի հայացքներ։ Աջ աչքի հայացք և ձախ աչքի հայացք։ Հավանաբար, թռչուններին է տրված հասկանալու ժամանակի երկծայր էությունը։ Երանի՜ երկնքի թռչուններին՝ մտածում եմ ես ու հեռացնում հայացքս ալեհավաքի երկար թևերից մեկին թառած ճնճղուկից։ Մի՛ փորձեք նայել ճնճղուկի աչքերի մեջ, եթե չեք ուզում տարակուսել մարդկային հայացքի տարօրինակությունից։

Ջահել թթենու՝ դեպի արևը միտված դալար ճյուղերին ամուր թառել են դեղին տերևները։ Ճյուղերի ծայրերին հաստատագրված տերևները պայծառ կանաչ են, և թթենու երկփեղկված-երկգույն էությունը բզկտվում է հեռացող ամռան ու մոտեցող աշնան պայքարի գոլացած հնոցում։ Ըստ էության՝ երկփեղկված է հենց ինքը՝ թռչունի հայացքով ժամանակը, որովհետև գրեթե նույն էություններն են մոտեցող աշունն ու հեռացող ամառը։ Ժամանակը հորինել է նրանց, որպեսզի թաքցնի իր հուսահատ պայքարն իր դեմ։ Տեսա ժամանակի մի աչքի հայացքը. այն նման էր կռնատ մարդու միակ թևին։ Համաչափություններ կան, որոնց տարամիտությունը լրացնում է երկատված էությունը։ Կեսը թերի ամբողջություն չէ, այլ՝ անավարտ ողբերգություն։ Աշխարհում միակ թիվը, որն ինձ հիացմունք է պատճառում, մեկն է. մնացյալը ստեղծվել են լոկ մեկի անընդգրկելի էությունն արտահայտելու համար։ Ժամանակը թիվ է՝ հար և նման մեկին, կատարյալ և մասնատելի, անընդհատության մեջ անընդմիջելի և միակության մեջ կոտորակելի։

Թթենու տակ պառկած սպիտակ շունը գլուխը դրել է զույգ թաթերին։ Շունն անուն չունի, փողոցային շուն է, և նրան դիմելիս քարեր ու քացիներ են օգտագործվում։ Աշխարհում ամեն ինչ պետք է ունենա իր անկրկնելի անունը, այլապես սպիտակ մազը կվերածվի մոխրացեխավուն տխրության՝ մաշկի պես պարուրած շնային հոգնատանջ մարմինը։ Շունը համոզված է, որ անձրև է գալու, միայն թե  ժամանակ է անհրաժեշտ անձրևին՝ հեռավոր ամպերը քայքայելով երկիր հասնելու համար, սակայն շունն ալարում է թթենու ճյուղերից առավել հուսալի ծածկ փնտրել։ Նա գիտի, որ մարդիկ գրավել են բոլոր ծածկերն ու ծակերը, նույնիսկ այնպիսիները, որոնցում հազիվ է խցկվում նրանց տափակավուն գլուխը։ Թթենին շանն է նվիրում իր առաջին դեղին տերևներից մեկը,  և տերևի աշունականչ հոտը ռունգերում ճաշակած շունը ետևի ձախ ոտքով եռանդագին քորում է ներս ընկած կողը։ Անտեր ու թշվառ, ոչինչ չունեցող մի նախկինում սպիտակ շուն օթևան է տվել կառչուն տիզերին, որոնք հավանել են պառավ շան ծեր արյունը։ Բարությունը տիզերին օթևան տալու համար չէ անշուշտ, և տիզերին օթևանելը  չի նշանակում բարության արարում։ Չնայած դրան՝ ես համոզվածություն զգացի, որ անանուն շունն անսահմանորեն բարի է։

Խոնավության անտեսանելի լարն այնպես պիրկ է ձգվել սպասումնատենչ օդում, որ շունը չի դիմանում լարվածությանը։ Նա գլխիկոր հեռանում է ու անհետանում իմ տեսադաշտը փակող անճոռնի շինության հետևում։ Ես դեռ սպասում եմ՝ հուսալով, որ էլի կկատարվեն առօրյա տաղտկալի հրաշքները, ու երազում, որ հարևան պառավն ու հարևանների երեխաները վիճեն այնպես, ինչպես ամառային թեժ երեկոներին՝ ֆուտբոլի համահարևանային առաջնության ժամանակ։ Սակայն ուշագրավ ոչինչ չի կատարվում, և անդադրում ու պրպտուն միտքս, որ հազիվ խաբվել էր դեղին տերևների ու սպիտակ շան երևույթներից, կրկին հիշում է ժամանակի ու շղթայված երկինքների մասին։ Անհամբեր մի ցանկություն ունեմ, որը գերլարված աշխատանքի պես սպառում է հոգնատանջ ուժերս. ժամանակից շուտ տեսնել շղթայված երկինքների ազատագրումը։ Երկինքները ես չեմ շղթայել, սակայն առաջին օղակը փակվել է իմ մեղքով և իր հետևից ձգել ժամանակի մեջ աճող ու տարածվող մի շղթա։ Երկրորդ օղակից սկսած՝ ողջ մեղքը առաջին օղակինն է, սակայն առաջին օղակի մեղքն իմն է։ Այսպես որ շարունակվի, ես այդ օղակներն իմ վզին կպատկերացնեմ՝ մտածում եմ ես ու հասկանում, որ արդեն իսկ պատկերացրեցի։ Ի՜նչ արագ է կատարվում ամեն ինչ։ Ավելի արագ, քան նախկինում էր՝ սկզբում։ Ես ազդել եմ ժամանակի արագության վրա։ Իմ բոլոր արարքներն ազդում են ժամանակի արագության վրա։ Ժամանակը յուրահատուկ զգացողություն ունի. նա իմ բոլոր արարքները չափում է իր արագության անհասկանալի կշեռքով։ Խանութի կշեռքը կրկին խափանվել էր, և ես ստիպված եղա կշտանալ խաշած ձվով։ Ինչ որ կցանկանայի ուտել, չվաճառեցին՝ խախուտ կշեռքի պատճառով։ Լավ է՝ հացն ու ձուն հատով են վաճառում։ Կշեռքը հավանաբար դեռ չեն նորոգել, ես նորից քաղցած եմ, սակայն ավելի հեռու խանութ գնալու ցանկություն ունենալու չափ քաղցած չեմ։ Սպիտակ շունը հաստատ այդչափ քաղցած կլիներ, բայց նա ոչ դրամ ունի, ոչ լեզու՝ ուտելիք գնելու համար։ Ամբողջ հոգիս մի պահ տեղավորվեց անուն չունեցող շան կեղտակուր մարմնում, ապա դուրս պրծավ՝ կիսամեռ  վշտից ու անտեսվածությունից։ Տեսադաշտս փակած անճոռնի պատի հետևից թթենու կողմը վազեց ֆուտբոլի երեք թիմերի միակ դարպասապահը և անհետացավ խանութի դռան հետևում։ Լարվեցի՝ պատրաստվելով տղայի դուրս գալիս գուշակել, որ կշեռքը նորոգել են. հույս ունեի, որ տղան միրգ է գնելու։ Երբ տղան դուրս եկավ, հապշտապ բացեցի պատուհանի մի փեղկը՝ փորձելով կռահել ձեռքի տոպրակի պարունակությունը։ Վեց մետր բարձրությունից և տասը մետր հեռավորությունից կարողացա տեսնել, որ թափանցիկ տոպրակում օրորվում են սուրճի ու սիգարետի փաթեթները։ Ափսոս։ Տղան արդեն անհետացել էր անճոռնի պատի հետևում. հավանաբար, խիստ ու բամբ, կամ խիստ ու մեղմ մի ձայն նրան պատվիրել էր շտապել։  Սենյակը գրաված սառը օդն ինձ հիշեցրեց, որ իզուր բացեցի պատուհանը. չեմ սիրում բացված պատուհաններ։ Փակեցի և գնացի խոհանոց՝ մի բան ուտելու, սակայն հիմա էլ խոհանոցի պատուհանը կանչեց իր մոտ։ Այստեղ էլ ոչինչ չկար հետաքրքիր, որ ինձ մոռացնել տար ուղեղս քրքրող կապակցված օղերի մտապատկերը։ Հասկացա, որ հիշելով մոռանալու ցանկության մասին՝ արդեն իսկ վանել եմ կարճատև մոռացությունը, և անկարող շեղվելու՝ քառորդ ժամի չափ կանգնած մնացի խոհանոցի պատուհանի առջև։ Մտքերով չձևակերպվող խայտաբղետ ապրումներս գորշ գույնի բոլոր երանգներով առկայծում էին, իսկ ես անգիտակցորեն հետևում էի հիշողությանս քմահաճույքին։ Ժամանակի տարբեր հատվածներում գործած ու չգործած արարքներս հիշողության ուժով հանդիպել էին և լցրել տաս-քսան  աննկատելի րոպեներից հյուսված դատարկությունը։ Սթափվեցի դռան այն կողմից հնչող բախոցների սպառնալի հնչողությունից և դեպի դուռն ընկած մի քանի քայլն անելիս հասկացա, որ սովորականից ուշ եմ սթափվել։ Մեխանիկորեն բացեցի բանալիով ու շղթայիկով կրկնակի փակ դուռն ու երջանկության թեթևություն ապրեցի, քանի որ դռան առջև սիրալիրորեն ժպտացող երկու կանայք միանգամայն անծանոթ դեմքեր ունեին։ Հաջորդ պահերին մի քիչ ուշացումով հասկացա, որ ինձ առաջարկում են լուսաբանել որոշ տարբերություններ՝ կապված դրախտի ու դժոխքի, ինչպես նաև՝ երկրի ու անդրշիրիմյան կյանքի հետ։ Ամենաբարյացակամ ու հիմար ժպիտով լուռ հրեցի դուռը  և ամուր փակեցի բանալիով ու շղթայիկով։ Շղթայիկի տեսքն ինձ հիշեցրեց ուղեղս հալածող սևեռուն մտապատկերի համառության մասին, և ես ափսոսեցի, որ անբառ մերժեցի անշուշտ հետաքրքիր թեմաներով զրուցելու վտանգավոր առաջարկը։ Որոշեցի թունդ թեյ խմել. ևս մի քանի դատարկ րոպեների ընթացքում պատրաստեցի իմ սիրած թեյն ու դժկամորեն խմեցի՝ ուղեղս ու շուրթերս զբաղեցնելու համար. արդյունքում վերհիշեցի, որ երկինքները շղթայած օղերի հաջորդականությունը նման է կյանքս բանտարկած օրերի հաջորդականությանը, չնայած օրերով բանտված կյանքիս ազատագրումը օրերիս ու կյանքիս վերջն է, կարծես։ Չէ, չեղավ, նման համեմատությունները կբերեն այն եզրակացության, որ շղթաների կործանման հետ կկործանվեն նաև ազատագրված երկինքները։ Հասկացա, որ ավելի ու ավելի եմ խճճվում մտքերի անճիշտ

1 comment

    • Lilit on 30 Հուլիսի, 2008 at 12:53 ե.
    • Reply

    ints anchap gravum e harust zgayakan @mbrnoxakanutyund,inchpes naxord grvatsqd sa nuynpes hrashali e.

Թողնել պատասխան Lilit-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.