Սիրանույշ Օհանյան | ԻՆՔԸ, ԵՍ, ԻՆՔԸ

Գնում ես տուն: Գործից: Հոգնած, ջարդված, կոմպից բողոքող աչքերով: Նստում ես երթուղային տաքսիբուս: «Տուկ-տուկ,- բախում են ներսիցդ,- էսօր Օպերա իջնենք, էլի՛»: «Չէ, հավես չկա, համ էլ սոված եմ»: «Ամեն օր էլ սոված ես. տե՛ս ինչ լավ եղանակ ա, համարյա լիալուսին, մաքուր երկինք, տա՜ք: Ուզում եմ մի քիչ քայլեմ»: Հանձնվում ես: Կարոտել ես քաղաքի փողոցներին, աշխատանք-տուն ճանապարհը ոտքով կարճացնելուն, կարոտել ես ծանոթ ծառերին ու խաչմերուկներին: «Տուկ-տուկ, ալո, մարդ կա՞: Իջանք»: «Կանգառում կանգնեք»,- ձայնում ես: Իջանք: Քայլեցինք:

«Հասնում ենք փակ շուկա: Տաքսիո՞վ»: «Եսիիիմ: Բայց կա՞»: «Դե փորձենք, որ չլինի, նոր կգնանք ավտոկայան»: «Լավ, ոնց կասես 🙂 »:
Տաքսիստ.
— Էջմիածի՞ն եք գնում:
Դու.
— Հա:
Տաքսիստ.
— Նստեք, հեսա իրեք հոգի էլ վեկալեմ, կշարժվենք:
Դու.
— Քանիսո՞վ եք տանում;
Տաքսիստ.
— 500:
Դու.
-Ո՞նց: Մինչև ութը երեք հարյուր չի՞:
Տաքսիստ.
— Քուր ջան, դատարկ եմ եկել:
«Ջհանդամը, թե դատարկ չես եկել»: Շրջվում ես, հեռանում: Քաղաքում պարզապես քայլելը թանկ հաճույք է դարձել մարզի բնակչի համար: Նույնիսկ եթե բնակիչը ապրում է Էջմիածնում: Էջմիածինն ո՞ւր է. քաղաքի քթի տակ: «Քաղաքի ոտքերի,- ճշտում ես ինքդ քեզ,- թաղեմ քաղաքապետին»: «Սկսվե՞ց էլի: Հազար եմ ասել, մտքում` ոչ մի կռիվ: Տղա ես` գնա երեսներին ասա»: «Ախր էս անելու բան էր, որ արեցին,- չես հանգստանում դու,- դե հիմա արի, մի 15 րոպե կորցրու ավտոկայան հասնելու համար, մի 100 դրամ էլ` հավելյալ տրանսպորտ նստելու համար»: «Հավան չես, գնա տաքսիով,- հեգնում է կեսդ`զրուցակիցդ»: «Լավ ես ասում, փողը դո՞ւ ես տալու»: «Ափսոսո՞ւմ ես մի օրը մի-երկու հարյուր դրամ ավել ծախսել, մարդավարի տուն հասնել»: «Նախ` մի օր չի, ամեն օր ա, երկրորդ` ամեն օր անգամ երկու հարյուր տալիս ա շաբաթը հազար, ամիսը` 4000. 4000-ով մի հատ կարգին գիրք կառնես կամ արշավի կգնաս: Հա, ու երրորդ`ի՞նչ ա, ե՞ս եմ ասել` 300, իրանց դրած գինն ա, ինչի՞ են փոխում, ի՞նչ են կատաղել»: Կեսդ պարտվում է, հանձնվում: Դու կրկին մտովի հարձակվում ես պատմության գիրկն անցած քաղաքապետի վրա: «Բա սա անելու բա՞ն էր, որ դուք արեցիք, բա որ էջմիածնեցու համար ա հայոց պատմություն դառել գործից տուն հասնելը, բա Նոր Հաճնում կամ Աշտարակում ապրողն ի՞նչ ասի կամ անի»: Արդեն նախկին քաղաքապետը լռում է, համառորեն լռում քո ներքին հայացքի առջև, ու դու` կատաղած, բռնում ես ավտոկայանի ճամփան:
Գնում ես գործի: Քնահարամ, սրթսրթալով, քնի կարոտից բողոքող աչքերով: Տաքսի չկա: Տաքսիների կանգառում հերթ է` հայկական հերթ: «Հերթ» ասելիս ամեն անգամ հիշում ես ծրագրավորման հայտնի ֆունկցիաները` «վերջինը մտնել, վերջինը ելնել» և հակառակը` «վերջինը մտնել, առաջինը ելնել»: Եվրոպակիրթ երկրներում հերթը այդպես է սահմանվում` եթե վերջում ես եկել, վերջում էլ կգնաս: Հակառակը «ստեք» է կոչվում ծրագրավորման մեջ. վերջում ես եկել` սկզբից գնա: Հայաստանի հանրապետությունում այսպես սահմանվում է հերթը: Մասնավորապես Էջմիածնում և մասնավորապես տաքսիների կանգառում, որտեղ ամեն նոր եկող կանգնում է իրենից առաջ եկածի առջև: Աստիճանաբար փողոցի կեսը գրավում է բազմաոտք ու բազմագլուխ մի զանգված, որը անձնազոհ խիզախությամբ, հոտառությամբ զգալով մեքենայի տաքսի լինելը, կտրում է վերջինիս ճանապարհը, ու վերջինը եկած առաջին չորս հոգին հայտնվում են տաքսու ամենափրկիչ գրկում: Դու մի հայացք ես գցում, մտովի գնահատում ոտքերի ու գլուխների քանակը. «Չէ, շատ են, իմ խելքի բանը չի, գնանք գազելների կանգառ»: «Տեղից ուշանում ենք,- բողոքում է կեսդ,- գազելով էսօր տեղ չենք հասնի ախր»: «Բա ի՞նչ ես առաջարկում», — հարցնում ես դու: «Բա սա անելու բա՞ն էր, որ դրանք արեցին»,- պայթում է կեսդ: Բայց դու շուտով կհասնես գազելների կանգառ:
Գազելների կանգառում հերթ է: «Ստեք»,- մտովի ուղղում է կեսդ: «Մի՛ ստեք»,- հակադարձում ես: «Լավ էլ շեշտը դրեցիր,- հեգնում է կեսդ,- միստեք: Երկուստեք»: Միանում ես ամբոխի պոչին ու փորձում գործի գցել համբերությանդ մեքենան: Աչքի պոչով հաշվում ես ոտքերն ու գլուխները. «Չէ, ոչինչ, ավելի լավ ա ըստեղ»: Մի քսան հոգի կլինեն: Առաջին գազելի համար չես պայքարի, երկրորդի մեջ օրինական կնստես` մաքուր խղճով: Բայց նստում ես բռնի և ոչ այնքան օրինավոր. առաջինը եկած գազելի վարորդը, երևում է, գիտի հերթի տրամաբանությունը. գալիս-կանգնում է հենց քո դիմաց: Ուզես-չուզես` հայտնվում ես մեքենայի մեջ, հետևիցդ ճնշում է երեսունգլխանի դարձած հերթը, ու պարզապես պարտավոր ես արագ շարժվել, եթե չես ուզում կոտրվածքներ ստանալ: 13 ընտրյալներ բախտավորվում են` նստելով, սակայն նստարանների ամեն շարքին մի ուղևոր է գումարվում (կենտ նստարանն էլ է շարք): 18: Կարող էր ավելի վատ լինել: «Տեղ չկա, — բացականչում է վարորդը 19-րդի երեսին, — իջի, հետևիցս գազել ա գալիս»: Տեղ կա, դեռ մի հինգ-յոթ հոգի էլ «կնստի», բայց այդ տեղերը հետո, մաքսակետը անցնելուց հետո, «փափախների» համար են: Տաքսիների կանգառի մոտով անցնելիս մտովի թաթիկով ես անում հավաքվածներին:
Հասանք: Ավտոկայան:
— Ձյաձ, պռասպեկդ չե՞ս գնում:
— Չէ:
Իջավ: Հետևից` մյուսները: Վերջին շարքում նստածները կանգնում են:
— Չե՞ք գնում պռասպեկտ,- հարցնում է կողքդ, ավելի ճիշտ` գրեթե գիրկդ նստած կինը:
— Շտռաֆ են գրում, չեմ կարա:
— Էս ի՞նչ օյին եք դնում էս ժողովրդի գլխին: Դիսպետչերն ասաց, որ գնում եք:
— Այ քուր ջան, 15 հազար շտռաֆ են գրում, դո՞ւ ես տալու, որ կանգնացնեն:
— Ես չգիտեմ: Էս ի՞նչ ա կատարվում: Էս ինչ ձև եք աշխատում, օր չկա, որ չուշանանք, գոնե ժամանակին գաք, էս ինչ ա կատարվում, դիսպետչերն ասաց, որ գնում եք մինչև պռասպեկտ, թե չէ ոչ էլ կնստեինք, ուշացել ենք արդեն աշխատանքից:
Դու ոտքդ առաջ ես գցել` իջնելու համար: Հապաղում ես: Մյուսները` 4 տղամարդ, չեն շարժվում:
— Այ քուր ջան, ախր 5000…
— Քշի, վարպետ, քշի, ես կտամ էդ 5000-ը, թե գրեն:
Վարպետը տեղի է տալիս` զգալով վեցհոգիանոց ընդդիմության չիջնելու վճռականությունը: «Հիմա հինգ ա՞, թե՞ տասնհինգ քաղաք մտնելու հաճույքը»,- տարակուսում ես:
— Տեսար, չէ՞, ու ոչ մեկը էշ-էշ ձեն չհանեց, ես որ չասեի, ըտենց էլ իջնելու էին,- չգիտես ում է դիմում կողքդ նստած կինը: Դու նախ ապշում ես, որ չորս տղամարդու միանգամից էշ են անվանում, ապա հասկանում, որ էշերի մեջ նաև դու ես, բայց ձայն չես հանում: Տղամարդիկ` նույնպես:
— Հլը սպասի, էդ քոռ Լևոնը ձեռս ընկնի, տես դրա՛ն ինչ եմ անելու, քո՛ռ Լևոն, բա էս ի՞նչ ես անում ես ժողովրդի գլխին, մարդ չի կարողանում ժամանակին աշխատանքի հասնի…
— Քոռ Լևոնը ի՞նչ մեղավոր ա,- ընդհատում-սրտնեղում է վարորդը,- գնա իշխանություններիդ ասա, իրա՛նք են ճամփա փակողը…
«Ըհը՛: Քոռ-քոռ կրակեց ու կպավ վարորդի թույլ տեղին, հիմա ո՞նց է տակից դուրս գալու: Վարորդն էլ հո էշ-էշ չլռե՞ց»:
— Տո դրանք էլ պակասը չեն, դրանց հարցն էլ առանձին, ես բան չասի, ով որ փակում ա, ինքն էլ պիտի պատասխան տա ամեն ինչի համար…
«Մինչև վերջ գնայիր, էլի, ա՛յ կնիկ, հիմա ավելի մեծ հաճույքով Լևոնի՞ն կբզկտեիր թե՞ իշխանություններին»… Բայց զրույցը, որ կարող էր նոր լեզվակռիվ դառնալ, ավարտվում է միանգամից. հասանք:
— Շնորհակալություն:- Հատ-հատ ասում ենք իջնողներս:
«Բռռռ: Ցուրտ ա, ցուրտ ա»: Գոնե 41-ը գա: Չեկավ: Տեղից ուշացել ես: Նստի 4-ը: Դե գնա մի կես ժամ-քառասուն րոպե, ըստ վարորդի տրամադրության: Իսկ դու տասը րոպեից պետք է աշխատանքի վայրում լինես: «Լավ,- հանգստացնում ես ինքդ քեզ,- կոմպի, հետևաբար` սերվերի ժամը հինգ րոպե հետ ա»: Բայց անհաճո զգացողությունդ չի անցնում:
«Իջանք: Սպասի: Կանաչ: Անցանք: Բռռռռռռռռ: Ավելի ցուրտ ա: Արագ: Արագ: Հասնում ենք: 10:20»: «Դե լավ, ոչինչ: Մեկ ա` մի էդքան էլ ուշ ես դուրս գալիս»: «Ո՞նց թե` ոչինչ: Դու հասկանում ես, որ ինձ դուր չի գալիս, որ ես ուշանում եմ: Թեկուզ` ոչ ոք չիմանա»: «Լավ, հանգստացի: Աշխարհի վերջը չի, մի օր էլ ուշացի»: «Մի օր չի, վաղն էլ հաստատ նույն պատմությունն ա լինելու: Գումարած խցանումները, ես գիտեմ: Էսօր չկար, ուրեմն վաղը հաստատ կլինի»: «Լավ, հասկացանք»: Հասանք: Բարև ձեզ: Հսկիչը սիրալիր ժպտում է, պարզում անցագիրը: Սովորույթի ուժով քայլ ես անում վերելակի կողմը, ու գրեթե անմիջապես ներքին հսկորդդ արթնանում է. «Հե՛տ: Աստիճաններո՛վ: Մինչև ամառ գաս նախկին ամառվա քաշիդ»: «Լավ, հասկացանք»,- խեղճանում է կեսդ: Բարձրացանք: Հասանք:
Էլի աշխատասենյակիդ դուռը բաց է, էլի հավաքարարը չի ավլել սենյակը, էլի չի վերցրել փոշիները: Էլի հենել է աղբի զամբյուղը դռանը, էլի ստիպված ես այն ոտքով տշել-հասցնել իր տեղը: «Զգույշ, էլի կափարիչը ծուռ ա դրել, հեսա կընկնի… աաաաաա: Չէ, լավ, հասանք»:
Հանիր վերարկուդ: Միացրու համակարգիչդ: Սրբիր սեղանդ: Վերցրու բաժակդ: «Ձեռքերս լվամ, գամ»,- ասում ես անցաբառի մուտքագրմանը անհամբեր սպասող «Պատուհաններ 7»-ին: Հրում-գլորում ես աթոռդ, ինչպես միշտ` չես կարողանում չնկատելու տալ շուրջբոլորը սփռված փշրանքները: «Խո՛զ»: «Խոզը ինքն ա- հակադարձում է կեսդ,- ես ի՞նչ անեմ: Հո սովա՞ծ չեմ մնալու: Որ գոնե շաբաթը մեկ ավլի, հո ըսենց չի լինի»: «Արա, դե նախկին հավաքարարը լավն էր, էլի՛: Ուսանող տղա էր պահում, հիվանդ մայր, չորս թե հինգ տեղ աշխատում էր, բայց երբ տեսնեիր` ավելն ու փոշու շորը ձեռքն էր: Սա ինչո՞ւ է հավաքարար աշխատում (թե դարձել)` չես հասկանում: Քեզնից էլ ջահել կլինի երևի: Մարդ չի իմանում` մեջը պահի՞, թե՞ ինչ կա-չկա` ասի երեսին: Սենյակի դուռը ինչու է ամեն առավոտ բաց թողնում` աղբի զամբյուղը հենելով վրան` հե՛չ չես հասկանում…»: «Զգո՜ւյշ, թափեցիր վրաս»: «Լավ, բան չկա, շուտ կչորանա»: Վերադառնում ես աշխատասենյակ, փարվում համակարգչի էկրանին: Մի ամբողջ օր:
Գնում ես տուն: Գործից: Հոգնած, սոված, մտքի մեջ երգելով: Էսօր լավ ես աշխատել, համ էլ նոր բան ես սովորել: «Քայլենք, էլի՛»,- խնդրում է կեսդ: «Քո բախտից, նայած որ համարը առաջինը կգա»: Եկավ: Կքայլենք:
Իջնում ես Օպերա: Չտեսնող հայացքով նայում ես անցորդներին, խանութների ցուցափեղկերին: Տեսնող հայացքով նայում ես վերև` ծառերին, ավելի վերև` երկնքին: Ժպտում ես ինքդ քեզ, սթափվում անցորդների` ժպիտդ խեթող նայվածքներից: Հասանք: Տաքսի կա՞: Կա՛: «Բարև ձեզ»: «Նստի, քուր ջան, էն հետևի մերսեդեսը»: «Քանիսո՞վ եք տանում»: «Հինգ հարյուր»: Սուսուփուս փակում ես դուռը, հետ դառնում: «Ինչքա՞ն ա, ախպեր»: «Հինգ հարյուր»: «Այ ախպեր, փողոցից որը կանգնացնենք, 1500-ով կտանի»: «Դե գնա կանգնացրա որն ուզում ես»,- ու շուրջը նայելով` տաքսիստը տեսնում է, որ արդեն չորս հոգի են` չորս պոտենցիալ հինգհարյուրներ: «Լավ, էն աղջկան ասեք, թող գա, 1500-ով կտանեմ»: «Քուր ջան, արի, գնում ենք»: «Չէ՛»: «Դե ոչինչ հիմա, քուր ջան…»: Բայց դու գնում ես, չես կանգնում, որովհետև եթե կանգնես` կռիվ ես անելու, կռիվ անել չես սիրում, չես էլ կարող: Եթե կանգնես` երկար ճառ ես դուրս տալու, ինչպես հաճախ մտքումդ ես ներս գցել. «Չհասկացանք, էս ի՞նչ ա կատարվում: Դո՞ւք չէիք, որ ասում էիք` մինչև ութ անց կես երեք հարյուր: Էդ դո՞ւք չէիք, որ ասում էիք` եթե մինչև ութ անց կես 500 ուզող լինի, մեքենայի համարը կգրեք, կտաք մեզ: Ութ անց կեսը կամաց-կամաց դառավ ութ, հերիք չի, հիմա էլ յոթից էն կողմ յա չեք քշում, յա էլ 500 եք ասում: Էս ի՞նչ ձև ա: Ինչո՞վ եք տարբերվում Երևանի քաղաքապետից, ես չեմ հասկանում: Հլը քաղաքապետը, ենթադրենք, չի հասկանում, թե օրական երկու հարյուր դրամը ինչ ա նշանակում իմ ու ձեր խավի մարդկանց համար: Լավ, քաղաքապետը չի հասկանում, դրա համար էլ մետրոն դարձրեց հարյուր, մարզերից եկող տրանսպորտին էլ արգելեց քաղաք մտնել: Բա դո՞ւք: Ինչի՞ եք նմանվում քաղաքապետերին, ինչի՞ ձեր խոսքը չեք պահում: Գլխից ասեիք` գինը էս ա, ի՞նչ եք շաբաթը մեկ մի բան մոգոնում: Մինչև գազելներին ավտոկայանը քշելը խնդրում էիք, որ 300 ով գանք… »: «Ախչի, քիչ ոգևորվի: Հասանք: Իջի»:
— Կանգառում կպահեք:
Գնում ես տուն: Գործից: Հոգնած, սոված, մրսած: Մտքում թռչելով: Թե ոնց ես հաջողացնում աշխատանքային օրից հետո թոիչքի զգացողություն ունենալ, ինքդ էլ դեռ չես հասկանում: Հասանք: Իջի: Ավտոկայան: Ամայություն:
«Ախր մա՞րդ էլ էսքան հիմար կլինի, որ դու ես, չեմ հասկանում: Ինչի՞ եկար ավտոկայան, չգիտեիր, որ գազել չի լինելու»: «Հիմարը դու ես, ի՞նչ ա, մոռացել ես, վերջին երկու միտինգներին ճամփան բաց էր, գազելները շարված էին, դու էլ հլը զարմացար, մտածեցիր` էս ի՞նչ հաշիվ է, որովհետև ինտերնետում շուխուռ էին հանել, որ մարզերի ճամփեքը փակ են, ու դու էլ քիչ մնաց գրեիր, որ ձեր ճամփեն բաց էր, բայց ո՞նց գրեիր, հո չե՞ս գրի ու թռնես, իսկ գործի տեղն էլ չես կարա գրես ու սպասես պատասխանի. ամբողջ աշխատանքդ ջուրն ա ընկնում»: «Լավ, լավ, ի՞նչ մի ոգևորվեցիր, հասկացանք, բայց մեկ ա` որ քթի ծակ ունենայիր, կգնայիր փակ շուկայի կանգառ»: «Հա, բայց առաջինը 90-եկավ, հո բաց չէ՞ի թողնի»: «Ո՜ւֆ, չգիտեմ: Որոշի, թե ինչ անենք»: Բայց դեռ կանգնում ես, կանգնում ու սպասում, որովհետև առավոտյան աչքովդ ես տեսել` գազելները շարված էին, ճանապարհին էլ կային. մի քանիսին տաքսին տվեց-անցավ: Էդ ի՞նչ տրամաբանություն է, ի՞նչ է նշանակում` սիրելի, հարգելի մեր հայ ժողովուրդ, գնացեք միտինգի, բայց հետ մի եկե՞ք: «Ի՞նչ իմանամ, տրամաբանությունը խիստ անհատական բան ա»: «Հա, նամավանդ քոնը»: Մթնում է կամաց-կամաց, խոնավ է. ավտոկայանի մշտական տաքսիներից մի-երկուսին առաջարկում եք տանել Էջմիածին, չեն համաձայնվում` «Ձեռ չի տալիս»: «Այ մարդ, ոնց ձեռ չի տալիս, սերվիսի ավտոն 2000-ով պարելով տանում ա, ձեզ ձեռ չի տալի՞ս»: Հարցիդ կապակցված պատասխան չես ստանում, ու վերջին տարվա մեջ ձևավորված վախդ գլուխ է բարձրացնում` կանխակալ վատ կարծիք ու վերաբերմունք ես ձեռք բերում տաքսիստների հանդեպ, իսկ դա սրտովդ չէ, միշտ դեմ ես եղել մարդուն կաղապարի մեջ խցկելուն, լինի ապարանցի, հնդիկ թե իրավաբանականի ուսանող, բայց արի ու տես, որ չի ստացվում, մարդիկ գալիս-խցկվում են կաղապարների մեջ, դու զայրանում ես, նյարդայնանում. վերսկսում կռիվդ. «Բայց ինչ հր-էշ ես դու, Լևոն, ի՞նչ ա արածդ, ի՞նչ ա ուզածդ, հերի՞ք չի ինքնահաստատվես ես ժողովրդի հարիֆության հաշվին…»: Մյուսները դեռ գազելի են սպասում կամ համբերատար համոզում, խնդրում տաքսիստներին` «տարեք մեզ Էջմիածին», ու առաջին համառները արդեն հաջողության են հասնում, սառույցը ճաք է տալիս, բայց դու էլ չես հետաքրքվում. բնածին կոտոշությունդ գլուխ է բարձրացնում. «Գնացինք պռասպեկտ, համ կքայլես, կատաղությունդ կանցնի, համ էլ հանգիստ, փափուկ տուն կգաս»: «Ո՞նց, ոտքո՞վ, էս ժամի՞ն»: «Հա, բա ինչո՞վ, կաղ մոծակդ հեռու ա, հո մի հատ էլ էդ գետնանցումը չե՞ս խորասուզվելու, որ փողոցը անցնես, երթուղային նստես»: «Լավ, համոզեցիր: Բա որ տաքսի չլինի՞»: «Հո դու հիվանդ չես, այ ախչի, ժամը քանի՞սն ա, որ չլինի»: «Հիվանդը դու ես, լավ, գնացինք»:
Քայլում ես: Սքանչելի եղանակ է` քո սիրածը. կիսացուրտ, կիսախոնավ, մթնշաղի ու գիշերի միջև օծված կապտամանուշակագույն օդով. սիրում ես այդ անըմբռնելի գույնն ու թռուցիկ ժամանակը, որ րոպեների ընթացքում կախարդում է հոգիդ ու անհետանում-վերածվում գիշերի: Զգում ես անցնող մեքենաներից քեզ շամփրող լարված հայացքները. եթե մի քիչ թիթիզավարի հագնված լինեիր, գուցե կանգնեին կամ ձեռի հետ «պիի-պիիիիբ » անեին: «Այ ըսնեց ոչխար ես եղել ու ոչխար էլ կմնաս…»: «Ոչխարը դո՛ւ ես…»: «Հլա մի րոպե,- գոռում է Երրորդը` համր ունկնդիրն ու մշտակա դատավորը,- ձեններդ կտրեք, բան եք որոշել` մարդավարի արեք, ի՞նչ եք նվնվում»: Ու լռում են, լռում են ներսիդ անանուն բնակիչները, հանգստանում, շուրջը նայում` վա՜յ, հլը նայի, երկինքը ինչ սիրուն ա. բա լույսերը, բա քաղաքը, բա Լեռը, որի աննշմարելի ուրվագիծը հայացքիցդ չի վրիպում նույնիսկ մառախլապատ օրերին կամ խոր գիշերը: Վիզդ ծռած, աջ` Լեռանը նայելով գնում ես ու զգում, զգում անցնող մեքենաների վարորդների բազմազան հայացքները: «Ըհը, էս մասին համարյա մոռացել էինք. բա ո՞նց ենք մայթը անցնելու»: «Մի կերպ»: Մի կերպ անցնում ես, և անցնելու պահից սկսած տեսնում, որ փոխվել են անցորդ-մեքենանաների հայացքները, դարձել մի տեսակ զգուշավոր-կասկածամիտ, ոնց որ անցնելուց ոտքը կախ գցեն` աչքի տակով ավելի լավ զննելու համար: Այստեղ հասկանում ես, որ քեզ պոտենցիալ ինքնասպանի, ավելի ճիշտ` քցվողի տեղ են դրել: «Հաաաաաա, բա որ էդքան մտածում եք, ինչի՞ մեկդ չի կանգնում, ասում` բալիկ ջան, ո՞ւր ես գնում, զգույշ եղի էդ կամուրջից, հա՜»: «Հույս չունենաս, քանի չես քցվել` թույլ չեն տա նման անտակտ միջամտություն»: Ճիշտ որ, մոռացել էիր, որ մինչև մարդ ինքնասպանություն չի գործում, նրան խանգարելու իրավունք չկա: Ժպտում ես քթիդ տակ` պատկերացնելով, թե ինչպես ես բարձրանում կամուրջի բազրիքին, տարածում թևերդ ու հոպ… «Ի՞նչ հոպ»: «Դե, ենթադրենք, հո՜պ, նորից էս կողմ` փողոց»: «Հաա, դե քո նմաններին դռնից հանում են` լուսամուտից ներս են մտնում»: Սիրում ես բարձրություններ. խելքդ գնում է սարի գագաթից վերև կամ ցած նայելու համար, դրա համար էլ վստահ ես, որ երբեք քցվելու միջոցով ինքնասպան չես լինի: Ուրիշ բան, որ դեպի վեր քցվելով` հնարավոր լիներ մեռնել: «Շատ երազեցիր, էդ հաստատ հնարավոր չի»: «Հնարավոր կլիներ, եթե Արևը էնքան մոտենար Երկրին, որ իր ձգողության ուժը հաղթահարեր Երկրի ձգողությանը, ու ամեն ինչ ընկներ դեպի վերև»: «Չափն անցար, եթե նույնիսկ տեսականորեն նման բան թույլատրվեր, մինչև էդ սահմանը հասնելը Երկիրը կմոխրանար չափազանցված Արեգակից»: «Ճիշտ որ, ափսո՜ս»: «Ափսոս»:
Հասար: Սուրբ Սարգսի անցումին: «Սուրբ Սարգիս ես չեմ գնաաաաաա, որովհետեեեեվ անցում կաաաա»: «Բռռռ»: Ոտքդ դնում ես առաջին աստիճանին` ինչպես բրդոտ հագուստով կմտնեիր ցեխաջուրը: Զգո՜ւյշ: Աչքերդ չորս արա: Լավ, շատ ամայի չի: Հասանք: Բարձրացանք: Անցանք: Ուֆֆ:
Քաղաքը նույնն է: Սա նույն քաղաքն է:
Հասար: Տաքսիները գրկաբաց քեզ են սպասում: «Ո՞րն ա գնում»: «Հես ա, նստի, քուր ջան»: Նստում ես, սպասում: Եկան: Երեք հոգի: Չորրորդը եկավ` վարորդը: Նստեց: Ընթացքի մեջ գցեց մեքենան ու երաժշտությունը: Փակում ես աչքերդ: Բացում ես` տեսնեմ, թե ոնց էի նայվում մեքենայի միջից: Տեսնում ես ինքդ քեզ Հաղթանակի կամուրջը հաղթահարելիս: Փակում ես աչքերդ: Ինչ-որ բան խանգարում է, որ աչքերդ փակ մնան: «Էէէս ի՞նչ երգ էր, ըստեղ են ասել` հորըըըս արև»: Միտքդ պապանձվում է` ամեն օր նման բան չես լսի, չնայած պակասն էլ չես լսի: Ով է քո աչքերը արարել, ով է քո սրտում իմ սերը վարարել: «Չէ, ես սրան չեմ դիմանա»:
— Կլինի՞ մի քիչ ցածրացնեք:
— Ի՞նչա:
— Կարո՞ղ եք մի քիչ ձայնը ցածրացնել:
Ցածրացրեց: Մի քիչ: Փակում ես աչքերդ: Փակում ես աչքերդ: Հանդարտվում: Մեքենայի փափուկ ընթացքն օգնում է: Ու աչքերիդ առջև ակամա զարմանալի՜ պատկեր է նկարվում. քայլում է ճամփորդը հոգնած, տանջահար: Անապատը խեղդում է, իսկ նա գնում է ու փնտրում: Հարցնում ես` ինչ: Հասկանում ես` ջուր, ջուր է փնտրում. ասել են, որ ջուր կա, անպայման կգտնի, բայց պիտի քայլի: Հանկարծ ապշանքով լսում ես ջրի ձայնը. գալիս է հեռո՜ւ-հեռվից, խորքից` քո ու Երկրի ընդերքից: Կարկամում ես, ներքին լույս է բռնկվում ու տեսնում ես, թե Անցորդն ու Ջուրը որտեղ են հանդիպելու միմյանց` անսահմանությունում, որովհետև ջուրն էլ հոսում է, անդադար հոսում անցորդի ճամփին զուգահեռ. իսկ դու գիտես, որ զուգահեռ ուղիները հատվում են անսահմանությունում` Սկզբում: Ուզում ես գոռալ. «Կանգնի՛ր, կանգնի՛ր, ոչ մի տեղ մի գնա, հենց ոտքերիդ տակ է, փորի՛ր, փորի՛ր, որ հասնես…»: Ափսո՜ս, պատկերը կորավ: Բայց դեռ երկա՜ր լսում ես արձագանքը:
Հասանք: Տուն:
— Բա էսօ՞ր ինչով եկար,- հարցնում է մայրդ:
— Կաղ մոծակով 🙂

2 comments

    • Հրայր on 24 Դեկտեմբերի, 2011 at 7:10 ե.
    • Reply

    Սքանչելի է, բայց հատկապես սիրեցի կաղ մոծակին եւ կուշտ ժպտացի:

    • Սիրանույշ on 27 Դեկտեմբերի, 2011 at 10:40 ա.
    • Reply

    Շնորհակալություն 🙂
    Կաղ մոծակը մանկությունից է գալիս`


    — Եկել եմ:
    — Որտեղի՞ց ես եկել:
    — Ծովի էն ափից:
    — Ինչո՞վ ես եկել:
    — Կող մոծակը թամբել եմ, նստել եմ վրան, եկել եմ:
    — Ուրեմն ծովը շատ է փոքր:

Թողնել պատասխան Հրայր-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.