Սամվել Մարտիրոսյան | ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ

 

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

ԱՅԲ-ԱՄԵՆԱՏԵՍ

Այբ-անուն եմ, հայի անուն,

Հայի արև, հայի տուն,

Ձեռքդ բռնել, քայլ եմ անում,

Թոթովանքիդ՝ հավատում:

 

ԲԵՆ-ԲԱԶԵԻ

Բ-ն ասաց,-Բե՛ն,

Ինձ չի լինի շղթաներով ժայռին կապել,

Ինձ չի լինի քարին կապել,

Ես էլ ժայռ եմ,

Ես էլ քար եմ,

Ես թռիչք եմ ու պայքար եմ:

 

Բ-ն ասաց,-Բե՛ն,

Արևին է, կրակին է թևս կպել:

 

ԳԻՄ-ԳԱԼՍՏՅԱՆ

Գիմ-փոքրիկն է,

Գիմ-բալիկն է,

Գ-ի թշները միշտ լիքն են,

Գ-ն չի ասի ու՞ր գնաց,

Գ-ն միշտ գաղտնիք կմնա:

 

ԴԱ-ԴԻՄԱՀԱՅԱՑ

Դա-սարն եմ ես դիմացի,

Դու իմ ջրին դիմացիր,

Դու իմ քարին դիմացիր,

Դա-սարն եմ ես դիմացի:

 

Դա-երկու կյանք ունեմ ես,

Դա-մեկը՝ ինձ, մեկը՝քեզ,

Փակ աչքերով դու ինձ տես,

Դա-երկու կյանք ունեմ ես:

 

ԵՉ-ԵՐԵՎԵԼԻ

Թե աշխարհը մեկը լինի,

Եչ-երանի,

Ջուրը բերի, ջուրը տանի,

Եչ-երանի,

Քե՛զ երանի,

Զանգուն ելավ իր ափերից,

Հրաշք պատմեց Երևանից:

 

Թե իմ կյանքն էլ իմը լինի,

Եչ-երանի,

Խոսքս, տեսնես, ու՞մ կտանի ազատանին:

 

ԶԱ-ՎԱՂՆՋԱԿԱՆ

Զա-զանազան, զարմանազան,

Նորից թռչուն, նորից գազան,

Ինչքան գերի, այնքան ազատ,

Ո՞վ զարկվեց,

Ո՞վ զրնգազ,

Ո՞վ զանգի հետ անուշ տնքաց:

 

Զա-զորավար,

Զա-զորավոր,

Զա-միշտ բազում՝ հայի՛ բազուկ,

Զա-իմ մեկը՝ էլի հազար:

 

Է-ԼՈՒՍՆԿԱ

Էլի գիշեր, էլի, էլի,

Շունչս քաշեց,-Ելի՛, ելի՛,-

Ճերմակ ուսեր,

Փեշերի մեջ ծագող լույսեր,

Ձեռքերիս հետ պտտվում է, խտտվում է սևաշորը,

Հեռվից եկավ, եկավ ինչպես անցած օրը,

Ձիու գլուխը դարձրեց ու մոտ քաշեց,

Շատ մոտեցավ,

Շերեփն առավ, նստեց, խառնեց հինն ու նորը,

Նստեց, հիշեց,

Կարմիր արյուն, երկար գիշեր,

Տեսնես ի՞նչ են խաղաթղթերը որոշել…

Էլի գիշեր, էլի, էլի,

Շունչս քաշեց,-ելի՛, ելի՛:

 

ԸԹ-Ի ՍԿԶԲԱՆԵ

Ը-ն ծնվել է քո հոգում,

Ը-ն քո հոգսերն է հոգում,

Ը-ն ընկեր է նա, հիշիր,

Եվ չի նայի ուրիշին:

Ը-ն չգիտի, ի՞նչ անի,

Թե հեռանա քեզանից,

Քանի դու կաս, Ը-ն էլ կա,

Ը-ն ասում է,-Թխի՝գա:

 

ԹՈ-ԱՐՔԱՅԱԿԱՆ

Թո-թողություն մեղքերիդ,

Թանկ արցունքներ ունեմ ես,

Թանկ ժպիտներ ունեմ ես,

Թո-թողություն մեղքերիդ:

 

Թե լռության համար իմ

Թագով եմ ես վճարել,

Գահով եմ ես վճարել,

Թո-թողություն մեղքերիդ,

Մեկը՝ շատ մի համարիր:

 

Մեղքս շատ մի՛ համարիր,

Կա՞ր նա արդյոք, թե՝ չկար,

Եթե չկար թողություն,

Եթե ոչինչ էլ չունեմ,

Բայց նետել եմ ես մի քար,

Որով ինձ էին քարկոծում:

 

ԺԵ-ՌԱԶՄԱԿԱՆ

Ժե-երկաթից,

Ժե-քարակոփ,

Ժե-վահանով՝ սրի դիմաց,

Հերոսների սիրտը փակեց,

Ու թույլերին թիկունք մնաց:

 

Ժե-ձեռքիս տակ,

Ժե-ամպի տակ,

Կայծակի սև ու սպիտակ,

Ժե-երկաթից,

Ժե-քո կամքով,

Ժե- պատասխան կտամ կյանքով:

 

ԻՆԻ-ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

Ինի-ինի, ինի-ինի,

Քանի անգամ սրտին տանի,

Քանի-քանի,

Կեսգիշերը՝ կեսգիշերին քնից հանի,

Հոգին հանի,

Ու ծիծաղի ու լաց լինի,

Ինի-ինի, ինի-ինի:

 

Թող արևը օրորոցի կողքին լինի,

Արևի տակ՝ մի արտասուք, մի երգ լինի,

Երազ լինի,

Ու լուսավոր ու մերկ լինի:

Ձեռքը մեկնի,

Աչքը բացի ու քեզ կանչի,

Մերկությունից իր չամաչի, արածներից իր չամաչի,

Ինի-ինի, քե՛զ ճանաչի,

Անվերջ տանջի, քաղցր տանջի,

 

Ողջ աշխարհին քնից հանի, ինքը՝ քնի,

Ինի-ինի, ինի-ինի…

 

ԼՅՈՒՆ-ԿՌՈՒՆԿՆԵՐ

Լյուն-սպասել եմ քո գալուն,

Մի բարի լուր, մի բարի լուր,

Քեզնից բացի ո՞վ է իմ տեղն իմանալու,

Մի բարի լուր, մի բարի լուր:

 

Ճերմակ արի,

Արի նստիր իմ կանաչին,

Լյուն-սպասել եմ քո կանչին, մեն մի կանչին,

Լյուն-կարմրով ու կապույտով ինձ ճանաչիր,

Թևիս իջիր, սրտիս իջիր…

 

Լյուն-սպասել եմ քո գալուն,

Մի բարի լուր, մի բարի լուր,

Քեզնից բացի,ո՞վ է իմ տեղն իմանալու,

Մի բարի լուր, մի բարի լուր:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.