Սամվել Մարտիրոսյան |ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ․ ԽԱ-ՆՈՒ

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

ԽԵ-ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ

Ո՛վ մեծատառ,

Ո՛վ խելագար,

Աչքիդ՝ ծիծաղ, սրտիդ մեջ՝ քար,

Ո՛վ խեղկատակ,

Ես խոսք ունեմ, որ պահպանել եմ քեզ համար,

Ես խոսք ունեմ,

Որ թաքցրել եմ թևիս տակ:

 

 

ԾԱ-ԱՆԱՀԻՏ

Ոսկեծամիկ,

Ոսկեծղի,

Ոսկետերև,

Ոսկեծաղիկ,

Ծա-ծիկրակեց, արև՛ ծագեց,

Ծովի ափին վրան զարկեց,

Ալիքները մոտիկ եկան, գեղեցկուհուն տեղ տվեցին,

Մոտիկ եկան, ձե՛ռք տվեցին,

Սարերն իջան, ջրերի մեջ խեղդվեցին:

 

ԿԵՆ-ՆԵՐԱՆՁՆԱԿԱՆ

ԿԵՆ-կիրակի,

ԿԵՆ-կրակի,

Ինչ քանդել էր, կապեց կրկին:

 

ԿԵՆ-խնկաբույր,

Ոսկեհամբույր,

ԿԵՆ-հաշտություն կնքեց հոգին:

 

ՀՈ-ՀՈԳԵԽՌՈՎ

ՀՈ-հորովել, հո-հով արա,

Հեռվից ինձ տես, ձեռքով արա,

Հրաչք ես դու,

Հրաշք ես դու,

Հովը բերեց, հովը տարավ:

 

ՁԱ-ԼԵՌՆԵՑԻՆԵՐ

Ձա, էլի՝ ձա,

Արծվի ճուտ ու գայլի ձագ,

Ձա, էլի ձա,

Քնեց սիրտս ու արթնացավ,

Ի՞նչ օրեցօր,

Ի՞նչ ժամեժամ,

Ե՞րբ մեծացավ:

 

Առավոտը ամպի վրա,

Ամպը՝ իջած ճամփի վրա,

Մի երկինք է՝ ոտքիս կպած,

Մի քարանձավ՝ բերանը բաց:

Ձա, էլի՝ ձա,

Տարին անցավ, մենք շատացանք,

Արծվի ճուտ ու գայլի ձագ,

Ու երկինքը երբ վերջացավ, մենք իջանք ցած,

Ձա, էլի՝ ձա,

Ոսկորներս մի քիչ կրծած,

Մի քիչ ճերմակ ու ցիրուցան,

Աղը՝ պրծած, ջուրը՝ պրծած,

Մի քայլ էլ ցած,

Մի ոտք էլ ցած,

Ձա, էլի՝ ձա,

Ձա, էլի՝ ձա:

 

ՂԱՏ-ԴԱՐՁԴԱՐՁԻԿ

Աղուն-աղատ, աղուն-աղատ,

Ձյունը քիչ է, աղավնին՝ շատ:

Աշնան վերջին արևն ի՞նչ է,

Աշնան վերջին աշունն ի՞նչ է,

Աղուն-աղատ, աղուն-աղատ,

Օրը քիչ է, երազը՝ շատ,

Աղուն-աղատ…

 

ՃԵ-ՕՐԻՈՐԴԱԿԱՆ

Ճեմասրահ մտավ Ճե-ն,

Նայեց շուրջը,հորանջեց,

Նայեց շուրջը, հառաչեց,

Մեն-մենակ է այսօր Ճե-ն:

 

Նետեց թիկնոցն ուսերից,

Հայելու մեջ նայեց Ճե-ն,

Աչքերի մեջ նայեց Ճե-ն,

Ու ինքն իրեն ճանաչեց:

 

Ո՞վ կա այստեղ,- նա ճչաց,

Երբ թիկնոցը ընկավ ցած,

Երբ ինքն իրեն ճանաչեց,

Ո՞վ կա այստեղ,-Ճե-ն կանչեց:

 

Դահլիճից դուրս վազեց Ճե-ն

Նայեց շուրջը, հառաչեց,

Նայեց շուրջը, հորանջեց,

Մեն-մենակ էր նորից Ճե-ն:

 

ՄԵՆ-ԱՂՈԹԱՐԱՆ

Մեն,-միակն ես դու, ամե՛ն,

Դու վերևում, ցածում մենք,

Մեն,-միակն ես դու,-ամե՛ն:

 

Դու վերևում, ցածում՝ մենք,

Լույսից խոսքեր ենք քամել,

Մթնից խոսքեր ենք քամել,

Աղոթքներ ենք խնամել:

 

Աղոթքները շատ են մեր,

Իսկ դու՝ միակն ես,-ամե՛ն:

 

ՀԻ-ՀԻՇՈՂՈւԹՅՈԻՆ

Հի-քեզ մաքրել են փոշուց,

Հի-քեզ հանել արևին,

Հի- հիշում են քեզ, հիշում,

Այդ ձեռքերը, երևի:

 

Հի-նման ես դու, անշուշտ,

Նրանց, ովքեր քեզ գտան,

Բայց նման ես և նրանց,

Ովքեր ոչինչ չեն հիշում:

 

Հի քեզ մաքրել են փոշուց,

Հի- քեզ նայում են ցավով,

Հի- փոշի՛ն է մեղավոր,

Հի-փոշի՛ն է մեղավոր…

 

ՆՈՒ-ՀՈԳԵԱՌ

Նու-նուշ ես դու, անուշ ես դու,

Նռան ծաղիկ, արևի դուռ,

Նու,-կարմիր ես, նու-նազանի,

Նու-նվագն ես հայ գուսանի:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.