Աստղիկ Օհանյան | «ՆԵՐԻՐ ԻՆՁ՝ ԻՆՁ ՉՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հատված Աստղիկ Օհանյանի  “Forgive me for not forgetting me” գրքից, Սեդա Մարությանի թարգմանությամբ:

… -Որտե՞ղ ես ուզում անցկացնել մեր մեղրամիսը,- նա փոխեց զրույցի թեման:
-Նշանակություն չունի` որտեղ: Կարևորն այն է, որ ես քեզ հետ կլինեմ, և ուրիշ ոչինչ:
-Կա՞ մի տեղ, ուր դու միշտ երազել ես այցելել:
-Շատ վայրեր կան, որոնք ես ցանկանում եմ տեսնել:
-Ու՞ր կուզեիր դու գնալ ամենից առաջ:
-Վենետիկ,- ասաց նա երազկոտ տոնով:
-Ինչու՞ հատկապես` Վենետիկ:
-Որովհետև այն ջրի վրա է, որովհետև այնտեղ արտակարգ եկեղեցիներ կան, փողոցները շատ նեղ են, և կամարներ կան, որոնց վրա ես հաճույքով կկանգնեմ ու կնայեմ ջրին` դիտելով իմ արտացոլումը ջրի մեջ: Վենետիկն այս ամենն է ինձ համար:
— Փաստորեն, դու սիրու՞մ ես այն:
-Այն իմ երազանքների երկիրն է:
-Ուրեմն մենք մեր մեղրամիսը կանցկացնենք այնտեղ:
-Ալեքս, դու կատակու՞մ ես:
-Ոչ, սիրելիս, ես խոսում եմ միանգամայն լրջորեն:
-Բայց մենք այդքան փող չենք ունենա:
-Ո՞վ ասաց:
-Ինչպե՞ս,- աղջիկն անակնկալի եկավ:
-Ես վաճառել եմ իմ նկարների մի մասը: Եվ ես բավական գումար ունեմ մեր հարսանիքի և մեղրամսի համար, Վենետիկում:
-Ես չեմ հավատում: Դու վաճառել ես նկարներդ, որ փող կուտակես ինձ համա՞ր: Ինչու՞ ես այդ արել:
— Պատասխանը պարզ է. ես քեզ համար խելագարվում եմ ավելի, քան իմ նկարների համար և կանեմ ամեն ինչ, որ երջանկացնեմ քեզ:
-Սիրում եմ քեզ մինչև լուսին և հետ: Հիշիր սա ընդմիշտ: — աղջիկը բռնել էր Ալեքսի ձեռքը, մինչդեռ նրա սիրտը ծուլ էր լինում երջանկությունից:
-Իհարկե, կհիշեմ: Մենք պետք է տուն ճարենք` ապրելու համար: Մենք պետք է մեծ տուն ճարենք:
-Քոնը շատ մեծ է:
-Ոչ, սիրելիս: Մենք նոր էջ ենք բացում մեր կյանքում. նոր էջ` նոր տեղում:
-Ինչպես կուզես:
-Ես կփորձեմ գտնել տարբեր տներ, ապա մենք միասին կգնանք տեսնելու դրանք: Հավանաբար մենք կկարողանանք հարմարավետ տուն ընտրել:
-Լավ գաղափար է:
-Գիտե՞ս ինչ եմ ուզում հիմա մենք անենք. Թղթին հանձնենք մեր զգացմունքները:
-Ինչպե՞ս,- աղջիկը սպասողական հայացքն ուղղեց տղային:
-Նամակներ գրելով,- ասաց նա հանգիստ:
-Նամակնե՞ր: Հիմա՞:
-Նամակներ, և հիմա:
-Բայց ինչու՞:
-Ուզում եմ` նամակներ գրենք և դրանք կարդանք հինգ տարի անց:
-Հետաքրքիր է:
-Այո, շատ: Զվարճալի կլինի` դրանք կարդալ հինգ տարի անց: Ես արդեն նախապատրաստվել եմ. թուղթ ու գրիչներ եմ բերել հետս: Գնա մի քիչ հեռու, որ չտեսնես` ինչ եմ ես գրում, ես էլ չեմ տեսնի քո գրածը:
-Այստեղ լա՞վ է-հարցրեց Լիզզին` վերցնելով թուղթն ու գրիչը և մի քանի քայլ հեռանալով:
-Մի քիչ էլ:
-Ես հասա ծովափին,-բացականչեց նա:
-Լավ է: Չթրջվես: Նստիր այնպես, որ ես տեսնեմ դեմքդ:
-Լավ: Դեմ-դիմաց:
-Այո: Ես ուզում եմ մտապահել քո դեմքը:
Լիզզին նստեց գետնին` Ալեքսի դիմաց: Նա պայուսակը դրեց ծնկներին, թղթերը դրեց պայուսակի վրա, գրչի ծայրը հպեց շրթունքին և մի պահ կշռադատելով ասելիքը` սկսեց գրել: Նա գրեց վերնագիրը` “Նամակ իմ սիրելիին” և շարունակեց նամակը: Ժամանակ առ ժամանակ նա նայում էր Ալեքսին, որը սոսկ նայում էր աղջկան: Ապա Լիզզին շարունակեց գրել, միաժամանակ Ալեքսը շարունակում էր նայել նրան` զղջալով իր արածի համար: Նա այնքա~ն գեղեցիկ էր, այնքա~ն հրաշալի և այնքա~ն հմայիչ: Ծովը մեղմ զեփյուռով հանգիստ խաղում էր ալիքների հետ: Նրա աչքերն այնքա~ն հմայիչ էին, նրա մազերն այնքա~ն կախարդիչ, և մարմինն այնպե~ս նուրբ: Մի իսկական աչք շոյող տեսարան… Ալեքսը նստել էր` խորացած իր մտքերի մեջ: Նրա շրթունքները դողում էին, արցունքները մշուշում էին նրա աչքերը: Նա այլևս չկարողացավ զսպել իրեն, և արցունքները մեկը մյուսի ետևից հոսեցին այտերի վրայով: Աղջիկը, որ բավական հեռու էր նստած նրանից և խորացած էր իր գործի մեջ, չնկատեց իր սիրելիի դեմքի արտահայտության փոփոխությունը: Թղթերը, որոնք դրված էին նրա ծնկներին, շուտով բոլորովին խոնավացան և ծռմռվեցին: Վերցնելով գրիչը` տղան արցունքների միջով գրեց մի կարճ նամակ, ծրարեց այն և շատ արագ փակեց: Աղջիկը դեռ զբաղված էր իր նամակը գրելով: Երբ նա վերջացրեց, նայեց Ալեքսին, որն արդեն հասցրել էր սրբել աչքերը և հանգստանալ:
-Ես ավարտեցի,- կանչեց աղջիկն այնպես, որ տղան լսի:
-Ես էլ: Դիր նամակդ ծրարի մեջ և փակիր:
-Ահա,-ասաց աղջիկը` կատարելով Ալեքսի հրահանգները:
-Հիմա արի ինձ մոտ:
Լիզզին մոտեցավ և նստեց Ալեքսի կողքին:
-Եվ ի՞նչ պետք է անենք սրանից հետո,- հարցրեց աղջիկը` նայելով նամակներին:
Ես կպահեմ դրանք իմ տանը` ապահով տեղում, իմ ննջասենյակի կտավի ետևում:
-Ոչ, պարոն, դա արդար չէ, դու կկարդաս իմ նամակը:
-Ես խոստանում եմ, որ չեմ կարդա:
-Հիմա դու այդպես ես ասում, բայց մի տարի հետո դու չես պահի քո խոստումը և կկարդաս:
-Դու ինձ չե՞ս հավատում:
-Ես հավատում եմ քեզ:, Բայց ես չեմ վստահում ժամանակին:
-Դու վստահում ես ինձ, սա է կարևորը:
-Լավ, պահիր դրանք: Հիմա եկ խոսենք մեր հարսանիքի մասին:
-Ինչպիսի՞ն ես ուզում, որ լինի մեր հարսանիքը` մե՞ծ, թե՞ ընդամենը մի քանի ընկերների ներկայությամբ:
-Ես ուզում եմ փոքր հանդես` միայն մի քանի շատ մոտ ընկերների և հարազատների հետ: Քո ծնողները ներկա կլինե՞ն:
-Կարծում եմ` այո: Ես կհրավիրեմ նրանց և կհայտնեմ ամսաթիվը:
— Ես ուրախ կլինեմ ծանոթանալ քո ծնողների հետ:
-Նրանք էլ: Որտե՞ղ ես ցանկանում, որ լինի արարողությունը, գազանանոցու՞մ:
-Հերիք է կատակես: Ես տատանվում են այգու և նավահանգստի միջև:
-Եկեղեցիները քեզ հարմար չեն,- ծիծաղեց տղան:
-Հարմար են, բայց ես ցանկանում եմ սովորականից տարբեր և նոր բան: Բացի այդ, ես ուզում եմ, որ մենք ոտաբոբիկ լինենք:
-Լավ: Ես դեմ չեմ: Իսկ ի՞նչ կասես հանդեսի մասին:
-Ես ուզում եմ, որ այն լինի բաց օդում, ոչ ռեստորանում, ոչ էլ` որևէ շինության ներսում կամ տանը:
-Իսկ եթե անձրև գա՞:
-Չի գա:
-Ինչպե՞ս կարող ես դու վստահ լինել դրանում: Գուցե դու հանդիպել ես Արարչին և արևոտ օր խնդրե՞լ նրանից:
-Այո, հանդիպել եմ: Մի անհանգստանա:
-Օօօ~, վատ չէ:
-Գիտեմ:
-Իսկ զգե՞ստդ: Այն ճերմա՞կ է լինելու:
-Ոչ, ավելի շուտ` կաթնագույն: Իսկ քո՞նը:
-Հաստատ` ոչ ճերմակ զգեստ,- ծիծաղեց տղան:
-Օ~, տեր աստված, ես նկատի չունեի զգեստը: Ես ուզում էի հարցնել` ի՞նչ ես դու հագնելու:
-Կարծում եմ` կոստյումը հարմար կլինի առիթին, չէ՞:
-Դու ներկայանալի տեսք կունենաս կոստյումով:
-Կարծում եմ` այո:
-Դու շա՞տ հարազատներ ունես:
-Ոչ այնքան: Նրանք մեծամասամբ ապրում են ԱՄՆ-ում: Եվ ես համոզված չեմ, որ նրանք բոլորը կկարողանան գալ: Բայց ես շատ ընկերներ ունեմ, որոնք կցանկանային ներկա լինել մեր հարսանիքին:
-Ես էլ շատ հարազատներ չունեմ` մորաքույր Աննան, հորեղբայր Ջոնն ու իր կինը, իհարկե` մայրիկս, Ջեյնը և մի քանի ընկերներ, ում ես կցանկանայի տեսնել մեզ համար կարևոր այդ օրը: Ես ուզում եմ, որ այդ օրն առանձնահատուկ լինի, այն նշելու է մեր համատեղ կյանքի սկիզբը մի տանիքի տակ:
-Ինչպես ցանկացած աղջիկ, դու նույնպես պլանավորել ես մեր հարսանիքը դեռևս վաղ մանկությունից:
-Դու ինձ մի անգամ ասել ես` կանայք սիրում են պլանավորել իրենց կյանքը:
-Այո, այդպես է:
-Լավ, դու ճիշտ ես,-ասաց աղջիկը` ոտքի կանգնելով:
Ետդարձի ճանապարհին նրանք խոսում էին իրենց հետագա կյանքի մասին, քննարկում մանրուքները: Կյանքը ժպտում էր նրանց, և երջանկությունը անսահման էր: Թվում էր, որ նախախնամությունը նրանց համար նախապատրաստել է մի հարթ ճանապարհ, և անհնար է, որ պատահի մի դեպք, որը կփոխի նրանց բոլոր պլանները:
Երբ նրանք հասան Լիզզիի տան մոտ, ուր նրանք պետք է բաժանվեին, աղջիկն ամուր գրկեց Ալեքսին և շշնջաց նրա ականջին, որ սիրելու է նրան իր ամբողջ կյանքում:
Երիտասարդը մտազբաղ նայում էր հեռացող աղջկան: Բայց նա հեռանում էր ընդամենը կարճ ժամանակով. շուտով նրանք նորից կհանդիպեն, և կյանքը նորից կգունազարդվի: Մինչև ե՞րբ…
Մի քանի րոպե անշարժ կանգնելուց հետո նա շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի