Մարքիզ դը Սադ | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Marquis de Sade, 1740-1814

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Շագանակենու ծաղիկը

Կարծիք կա, (ես դա չեմ պնդում, բայց մի քանի գիտնականներ մեզ հավաստիացնում են), թե շագանակենու ծաղիկը իսկապես նույն հոտն ունի, ինչ այն առատ սերմնահյութը, որ բնությանը հաճո է եղել դնելու տղամարդու ամորձիների մեջ`իր նմանների վերարտադրության համար:
Մոտ տասնիհինգ տարեկան մի պարմանուհի, ով երբեք դուրս չէր եկել հայրական տնից, մի օր զբոսնում էր իր մոր ու մի պճնամոլ աբբահոր հետ, շագանակենիների մի ծառուղում, որոնց ծաղիկների բուրմունքը (որի մասին վերևում ասացինք) տարածվել էր օդում :
-Օ՜ Աստված իմ, մայրիկ, այս ի՜նչ զգլխիչ բուրմունք է,- ասաց պարմանուհին իր մորը, չհասկանալով, թե որտեղից էր այդ գալիս…բայց մայրիկ…այս հոտն ինձ ծանոթ է :
— Հապա լռի՛ր, անպիտա՛ն աղջիկ, ու նման բաներ մի՛ ասա այլևս :
-Բայց ինչու՞ մայրիկ, չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա, երբ ասում եմ ձեզ, որ այդ հոտն ինձ բնավ օտար չէ:
-Ա՛յ աղջիկ, քեզ ասում եմ…
-Բայց, մայրիկ, դա ինձ իսկապես ծանոթ է. պարո՛ն աբբահայր, ասացե ՛ք խնդրեմ, ի՞նչ վատ բան եմ անում, երբ մայրիկին վստահեցնում եմ, որ այդ հոտն ինձ ծանոթ է :
-Օրիորդ,-ասաց աբբահայրը` ծոր տալով ու կսմթելով իր փորը, անշուշտ ոչ մի վատ բան չկա դրանում. բայց բանն այն է, որ մենք այստեղ ենք` շագանակենիների տակ, և որ, մենք` բնագետներս, ասում ենք, որ շագանակենու ծաղիկը…
-Շագանակենու ծաղիկն ի՞նչ…
-Որ այն սիրահյութի հոտն ունի, օրիորդ:

Oձը
Բոլորն էին ճանաչում տիկին Ս-ին` Դիժոնի ամենաբարեհամբույր ու ամենագեղեցիկ կնոջը, ու բոլորն էին տեսել, թե ինչպես էր նա փաղաքշում ու ի տես ամենքի` իր մահճակալի վրա պահում սպիտակ մի օձ, որի մասին պատմելու ենք այստեղ:
-Այս կենդանին ամենալավ ընկերս է, որ ունեմ աշխարհում, ասում էր նա մի օր, մի օտարերկրացի կնոջ, ով եկել էր նրան տեսնելու և հետաքրքրված էր այն հոգածության դրդապատճառներով, որ այդ գեղեցիկ կինը տածում էր իր օձի հանդեպ :
-Մի անգամ, -շարունակեց նա, -ես կրքոտորեն սիրեցի մի սիրունատես երիտասարդի, որը ստիպված էր հեռանալ ինձնից ու գնալ դափնիներ քաղելու: Մեր կանոնավոր շփումներից անկախ, նա պահանջել էր, որ իր օրինակով, մի քանի պայմանավորված ժամերի, մենք երկուսս էլ առանձնանայինք մեկուսի վայրերում` մեր սիրազեղումներին տրվելու համար: Մի օր, երեկոյան ժամը հինգին, գալով փակվելու իմ պարտեզի ծայրին գտնվող ծաղկանոցում՝ նրա խոսքը պահելու համար, միանգամայն վստահ, որ այս տեսակ կենդանիները չէին կարող սողոսկել իմ պարտեզը, հանկարծ ոտքերիս տակ նկատեցի այս գեղեցիկ էակին, որին ինչպես տեսնում եք, շատ եմ կապված:
Ես ուզեցի փախչել, սակայն օձը մեկնվեց իմ առջև, կարծես ինձնից շնորհ էր խնդրում, ասես երդվում էր, որ ինքը շատ հեռու էր ինձ վնաս պատճառելու ցանկությունից :
Ես կանգ առա, նայեցի այդ կենդանուն. տեսնելով, որ հանգիստ եմ, նա մոտեցավ ու սկսեց գալարվել ոտքերիս տակ. ես չդիմացա ու ձեռքս պարզեցի նրան, ու նա գլուխը գեղանիորեն դրեց ձեռքիս վրա. ես վերցրի նրան, համարձակվեցի դնել ծնկներիս. նա կծկվեց ու թվաց, թե քնեց: Մի անհանգիստ խռովք ինձ պատեց…անկախ ինձնից` արցուքներ հոսեցին աչքերիցս` ողողելով նազենի կենդանուն…Ցավս զգալով`նա զարթնեց և սկսեց ուշադիր ինձ նայել…հետո տնքոց արձակեց…համարձակվեց բարձրանալ կրծքիս վրա…քսվեց կրծքիս…հետո, անշնչացած` վերստին ընկավ ցած…
-Օ՜, բարեգո՜ւթ Աստված,- բացականչեցի,- վե՛րջ, մեռա՛վ սիրեցյալս:
Ես լքեցի այդ սոսկալի վայրը`ինձ հետ տանելով օձին, որին ասես մի թաքուն զգացմունք էր ինձ կապում` անկախ ինձնից…անծանոթ մի ձայնի ճակատագրական զգուշացումները, որ դուք կմեկնաբանեք ինչպես կուզենաք, տիկին, բայց ութ օր անց, հանկարծ իմանում եմ, որ իմ սիրեցյալը սպանվել է, հենց այն նույն ժամին, երբ օձը հայտնվել էր ինձ: Ես այլևս չցանկացա բաժանվել այդ կենդանուց, ու նա ինձ կլքի միայն մահվանս ժամին:
Դրանից հետո, ես ամուսնացա, սակայն անվերապահ մի պայմանով, որ իմ օձից ինձ երբևէ չբաժանեն:
Եվ ավարտելով այդ խոսքերը` բարեհամբույր տիկինը վերցրեց օձն ու դրեց իր կրծքին, ուր նա սկսեց գեղեցիկ խաղիկներ անել, որպես մի սպանիել, այն կնոջ առաջ, ով լսում էր նրան:
Օ՜ Նախախնամություն, որք՜ան անբացատրելի են քո վճիռները, եթե իհարկե այս պատմությունը ճշմարիտ է, ինչպես որ ողջ բուրգունդյան գավառն է պնդում այդ մասին:

Գասկոնյան սրամտություն
Մի գասկոնցի սպա Լյուդովիկոս 14-րդից ստացել էր հարյուր հիսուն պիստոլ դրամական պարգև, և հրամանը ձեռքին, առանց իր մասին հայտնելու, մտնում է Պ.Կոլբերի մոտ, ո նստած էր սեղանի մոտ մի քանի սենյորների հոտ :
-Պարոնայք, խնդրեմ ասացեք, ձեզանից ո՞վ է պարոն Կոլբերը,- հարցրեց նա իր ծննդավայրի ակցենտով:
-Ես եմ պարոն, -պատասխանում է նախարարը,- ի՞նչ կա որ:
-Պարոն, ես հարյուր հիսուն պիստոլ դրամական պարգևի եմ արժանացել, և կուզենայի այս պահին ստանալ:
Կոլբերը նրան խնդրում է թույլ տալ իրեն ավարտելու ընթրիքը, և որպեսզի նա քիչ անհամբերությւոն դրսևորի, նրան խնդրում է իր հետ նստել սեղանի մոտ :
-Հաճույքով, -պատասխանում է գասկոնցին,- ես երբեք այսպես փառահեղորեն չեմ ճաշել :
Երբ ընթրիքն ավարտվեց, նախարարը, ով արդեն նախազգուշացրել էր ավագ կառավարչին, գասկոնցուն ասում է, որ նա բարձրանա գրասենյակ, և որ դրամական պարգևը նրան է սպասում: Երբ գասկոնցին մտնում է գրասենյակ, նրան միայն հարյուր պիստոլ են ուզում տալ…
-Կատակու՞մ եք, պարոն,- ասում է նա կառավարչին, թե՞ չեք տեսնում, որ հրամանի մեջ գրված է հարյուր հիսուն պիստոլ…
-Պարոն , -պատասխանում է գրասենյակային առնետը,- ձեր հրամանը ես լավ եմ տեսնում, բայց ես հիսուն պիստոլը ետ եմ պահում ընթրիքի դիմաց:
-Հիսուն պիստոլ ընթրիքի դիմա՞ց, գրող՛ը տանի, պանդոկում, ուր ես ընթրում եմ, միշտ վճարում են ընդամենը քսան սու:
-Չեմ վիճում, պարոն, բայց այնտեղ դուք նախարարի հետ ընթրելու առավելությունը չունեք, այնպես չէ՞:
— Դե լավ, այդ դեպքում, պարոն, ձե՛զ պահեք բոլորը, վաղը ես ինձ հետ կբերեմ ընկերոջս, ու մենք քվիտ կլինենք :
Այդ պատասխանն ու ծիծաղը, որ այն հարուցեց, զվարճացրեց արքունիքի մարդկանց: Գասկոնցու դրամական պարգևին ավելացրին ևս հիսուն պիստոլ, և նա հաղթականորեն վերադարձավ իր գավառը, գովաբանեց Կոլբերի ճաշերը, Վերսալը, և այն եղանակը, որով պարգևատրվում են այնտեղ գասկոնցու սրամտությունները :

Թողնել պատասխան

Your email address will not be published.