Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՈԳԻՆ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Դրսից կռվի աղմուկ, բղավոցներ ու հայհոյանքներ լսվեցին: Միրիկը լարվեց, ձեռքերը բռունցքվեցին, վեր թռավ տեղից՝ պատրաստ դուրս նետվելու:

-Գործ չունես, վեր ընկի տեղդ,- սաստեց մայրը:

Տղան չպատասխանեց, բայց հազիվ էր զսպում իրեն: Այնտեղ ընկերները ծեծում ու ծեծ-վում էին:

-Ամոթ ա, այ մեր, ախր մարդիկ ի՞նչ կասեն, դու անհոգ կաց, ինձ բան չի պատահի:

-Խնդրում եմ, տղա՛ս, հերդ չկա, իմ հույսը դու ես,- թախանձագին մրմնջաց մայրը և գոգ-նոցի փեշով աչքերը սրբելով՝ անհանգիստ նստեց թախտի ծայրին, ուր միշտ բազմում էր հայրը՝ գործից հոգնած տուն վերադառնալուց և թեթև ընթրելուց հետո: Խոնջացած թիկն էր տալիս գորգապատ բարձին ու ծխում իր ձեռքով պատրաստած հերթական գլանակը: Փոքր տարիքում թախտի վրա հոր կողքին նստելն ու նրա պատմածներին ականջ դնելը իր ամենասիրած զբաղմունքն էր: Քանի անգամ նստած տեղը քնել էր ու առավոտյան աչքերը բացել անկողնում: Հոր պատկերավոր պատմությունները շարունակվում էին երազում և ամուր դաջվում իր հոգու ամենանվիրական անկյուններում:

Հայրը պատմում էր, թե ինչպես տարիներ առաջ, երբ դեռ ինքը պատանի էր, ոչ մի թուրք չէր համարձակվում անցնել իրենց թաղի գլխավոր հայանուն փողոցով: Մի անգամ հայտնի փորագրիչ, պստիկ-մստիկ կազմվածքով ըմբոստ Խնձոր Հրայրը, որը, հոր ասելով՝  հետագային Հայաստան էր ներգաղթել և հետո «ձենը Սիբիրից էր եկել», այնպես էր ծեծել քաղաքի նշանավոր ըմբիշ Աղբաշին, որ համբավը գնացել ու հասել էր մինչև հեռու թաղերը: «Աղբաշի վիզը,- նկարագրում էր հայրը՝ ձեռքերի օգնությամբ,- ասես իր թրաշված, սեխաձև գլխի շարունակությունը լիներ, ծոծրակին՝ բլրաչափ ծալքեր… Էդ յուրօրինակ աժդահայի հենց միայն խնամքով սղալած թավ բեղերն ու պլշտած աչքերի խիստ արտահայտությունը բավական էին, որ նայողի սիրտը ահ ընկներ: Վրան գցում էր կոշտ կտորից կարված երկար, սպիտակ աբա և քայլելիս, թևատակի փքված մկանների պատճառով, թևերը հեռու էին մնում կոճղանման իրանից»: Տրամադիր պահերին հայրը վեր էր կենում թախտից, ու նմանակելով Աղբաշին՝ քայլում իրենց փոքրիկ սենյակում: Ինքը թուլանում էր ծիծաղից, իսկ մայրը մատները չռած՝ չանչում հորը:

Հոր պատմելով՝ Աղբաշը գրազ էր բռնել ընկերների հետ երկու թումանի վրա, որ մենակ անարգել կմտնի «էրմանիների» թաղն ու անցնելով գլխավոր փողոցով՝ մեկ ժամ կկանգնի «մեյ-դանչայում*»… Սակայն նրա հաղթական երթը ընդհատվել էր փողոցի սկզբում գտնվող փորագրիչ Խնձոր Հրայրի խանութի առջև: Փոքրամարմին հայը ցցվել էր նրա դեմ ու պահանջել հեռանալ: Կատաղած Աղբաշը ուզել էր մեկ հարվածով տապալել հանդուգն էրմանուն, բայց նա ճարպկորեն խույս էր տվել ու բռունցքով հարվածել Աղբաշի քթին: Հարվածը եղել էր այնքան դիպուկ, որ քթից արյուն էր բացվել: Շարունակելով նույն մարտավարությունը՝ Խնձոր Հրայրը Աղբաշի դեմքը դարձրել էր «ծեծած քյուֆտա»: Ամեն անգամ հայրը Աղբաշի խայտառակ փախուստը նկարագրելիս լիաթոք ծիծաղում էր. «Ով տեսներ՝ աչքերին չէր հավատա, առջևից, օրորվելով ու հազիվ հավասարակշռությունը պահելով՝ փախչում էր հսկայամարմին, արունլվիկ դարձած ըմբիշը, իսկ ետևից, քացիների հարված տեղալով, թռչկոտելով նրան հետապնդում էր հետաքրքրասերների ամբոխով շրջապատված պստիկ-մստիկ Խնձոր Հրայրը»… Եվ ավելացնում էր, որ Հրայրը խոհեմ չէր գտնվել, որովհետև եթե Աղբաշը կարողանար «ճանկել» Հրայրին, սրա բանը բուրդ կլիներ… Հայրը պինդ գրկում էր իրեն, ցավեցնելու չափ սեղմում կրծքին և ասում. «Այ, էսպես»… Մայրը հաճախ նախատում էր հորը. «Էլ բան չճարար սովրեցնես լակոտին»: Հոր բազուկները պողպատե ամրություն ունեին: Միրիկը որոշել էր մեծանալուց հետո մարզվել, որպեսզի հոր նման զույգ բազուկները դեպի ներս ծալելիս՝ թևերի վրա  բլրաչափ գնդեր գոյանային…

Տարիներ անց, վերացավ արգելքը, թուրքերը ոտք դրին իրենց թաղը, շատացան, հաստատվեցին պապենական բույնը լքած հայերի տներում, գրավեցին հայերի խանութները: Սկսվեցին նույնիսկ բարիդրացիական հարաբերություններ, երկուստեք խուսափում էին հին դարմանը քամուն տալուց: Այնուամենայնիվ, խստորեն պահպանվում էին ազգային ավանդույթները. ոչ մի հայ տղա կնության չէր առնում թուրքի աղջկա, և՝ ընդհակառակը: Իսկ իրիկունները մեյդանչան մնում էր հայ տղամարդկանց հավաքատեղին: Ինչևէ, երբեմն չնչին պատրվակներով դեռևս շարունակվում էին արյունալի բախումները, նույնիսկ լինում էին վիրավորներ: Ճեղքված գլուխները դարմանում էին էշի ճարպ քսելով, վնասված հոդերն ու ոսկորները՝ ոչխարի դմակ դնելով: Ծնողները անհանգստանում էին, ոմանք՝ նախատում, ոմանք՝ քաջալերում…

Եվ ահա նորից վերսկսվել էին փողոցային տուրուդմփոցները, որի գլխավոր շարժառիթը Ռեզա Ռեշտին էր: Ոչ ոք չգիտեր, թե ով է այդ բարձրահասակ, նիհար, գանգուր մազերով, թուխ, բարետես երիտասարդը, որ օրերից մի օր հայտնվեց մեյդանչայում, հանկարծակի և  մեն-մենակ կանգնեց կաթնամթերք վաճառող հայախոս Դավուդի խանութի առջև, ճիշտ այնտեղ, ուր իրիկունները հավաքվում էին թաղի հայ տղերքը: Ոչ ոք չգիտեր նրա գալու բուն նպատակը: Պարզվեց, որ նա թրքերեն չգիտի, եկել է ծովափնյա մի քաղաքից՝ անունը Ռեզա Ռեշտի: Պարզ չէր՝ իր այդ հատկանիշնե՞րի, թե՞ բարեկիրթ  պահվածքի պատճառով, սկզբում ոչինչ տեղի չունեցավ: Սակայն հետզհետե նա դարձավ հայ տղաների աչքի փուշը, որովհետև Ռեզա Ռեշտին ոչ միայն անամոթաբար անտեսում էր նրանց գոյությունը, այլև լկտիաբար «խեթում էր» դպրոցից տուն վերադարձող հայ աղջիկներին: Շշուկներ տարածվեցին, որ «հարուստի լակոտ» է, մեծ «խումբ» ունի, որոնք զինված են դանակներով: Լուրերը գալիս էին Բելոչկայից: Բելոչկան թաղի տեղեկատվության կենտրոնն էր, որ առավոտից իրիկուն կանգնած էր լինում իր տան դռան առջև ու երբևէ չէր լռում: Հայտնի չէր, թե նրան ինչպես էր հաջողվում հանգամանորեն հավաքագրել օրվա ամենահրատապ նորությունները: Երբ «մինի-ժուպը» մոդա դարձավ, նա արդեն գիտեր ու «հաղորդեց» կարճ փեշ հագած և մինչևիսկ տնից դեռ ոտքը դուրս չդրած աղջիկների անունները՝ անխտիր:

Բելոչկայի տարածած սենսացիոն լուրը ռումբի նման պայթեց ու տակնուվրա արեց ողջ թաղը. Ռեզա Ռեշտին սիրահարվել է Նելլիին… Լուրը կայծակի արագությամբ մտավ տները, դուրս եկավ ճոխացած, ալիք տվեց, ներխուժեց  դպրոց, մարզադաշտ, ակումբ, աներևույթ շղարշի պես պարուրեց մարդկանց ուղեղներն ու նույնիսկ մի կողմ մղեց այդ օրերին Թեքզաս նահանգում ԱՄՆ-ի պրեզիտենդ Ջոն Էֆ Քենեդիի տեռորի լուրը: Իրարամերժ կարծիքները, դատողություններն ու ենթադրությունները չէին դադարում, որով Նելլիի և Ռեզա Ռեշտիի սիրո պատմու-թյունը երբեք չէր կորցնում իր թարմությունը:

Այնուամենայնիվ, ընդհանուր մոտեցումն այն էր, որ սերն ու սիրահարվածությունը դժվար թե միակողմանի լինի, և Նելլին ինչ-որ ձևով հրահրել ու շարունակում է հրահրել Ռեզա Ռեշտիին: Սահման չճանաչող մարդկային երևակայությունը չարամտորեն, առանց կշռադատելու հետևանքները, մոգոնում էր այնպիսի հրեշավոր ու անհեթեթ պատկերներ, որոնք գուցե ճակատագրական հետևանքներ թողնեին հեգ աղջկա կյանքում: Ասում էին, որ Ռեզա Ռեշտին առաջին անգամ Նելլիին տեսել է քաղաքից դուրս՝ մերձակա զբոսայգիներից մեկում կազմակերպված հայոց դպրոցի արշավներից մեկի ժամանակ, և «նետը կպել էր սրտին»…

-Մի հավատա չար լեզուներին,- հաճախ ասում էր բարի մայրը,- Նելլին, էդպիսի մեկը չի,  չի սիրի էդ տիպին. Վա՜յ,  էս մարդի՜կ, հողեմ գլուխները…

Այլ էր իր և թաղի «ղեյրաթով» տղաների մոտեցումը: Իրենք չէին խորանում զգացմունքային նրբությունների մեջ: Խնդիրը պարզ էր օրվա լույսի պես. միաժամանակ ոտնահարվել էր թաղի և հայ աղջիկների պատիվը… Ուստի Ռեզա Ռեշտին պիտի չքվի անհապաղ:

Անցավ մի քանի օր, բայց ոչինչ տեղի չունեցավ: Ռեզա Ռեշտին ամեն օր գալիս էր ճիշտ ժամին, շիկ հագնված ու անտարբեր շրջապատին՝ կանգնում նույն վայրում և սպասում հայոց դպրոցի վերջին զանգին: Իսկ Նելլին, սուսուփուս գլուխը կախ անցնում էր Ռեզա Ռեշտիի առջևից ու փութկոտ քայլերով տուն շտապում:

Միրիկը չէր սիրում, երբ թաղի կանայք զրպարտում էին Նելլիին: Մի օր փողոցով անցնելիս նա ակամայից լսեց հետևյալ խոսակցությունը.

— Տեսա՞ր աչքի տակով ոնց նայեց:- Ասողը «ժեշտանչիկ» Սմբատի կինն էր, որ կանգնած զրուցում էր հարևանուհու հետ:

— Հա ես էլ նկատեցի, դեռ նայելը հեչ, հոնքի շարժումով մի բան հասկացրեց տղային,- ետ չմնաց հարևանուհին:

-Չե՞ք ամաչում,- բարկացած միջամտեց Միրիկը,- ի՞նչ եք կպել խեղճ աղջկան:

-Վա՛հ, վա՛հ, հենց միայն դու ես պակաս, որ ասպետություն խաղաս էդ ուռած ջանովդ,- շշպռեց «ժեշտանչիկ» Սմբատի կինը ու փքված հեռացավ:

Դրա հաջորդ օրը լուր տարածվեց, որ Միրիկն էլ անտարբեր չէ «էդ կապը կտրած քածի» հանդեպ: Մի օր էլ Նելլին, իրենց նեղ փողոցով անցնելիս, ուղիղ նայեց Միրիկի աչքերի մեջ ու ժպտաց: Միրիկը երախտագիտության հետ մեկտեղ ինչ-որ անծանոթ կայծեր որսաց Նելլիի հայացքում, որոնք նրան հանգիստ չէին տալիս մենության պահերին…

Նելլին տարիքով մեծ էր թե իրենից և թե իր համադասարանցիներից: Թաղում նրանից ավելի սիրունները կային: Գրավիչ էին նրա խոշոր սև-սև աչքերն ու արդեն զարգացած անթերի կազմվածքը, որով նա լիովին տարբերվում էր իր դասընկերուհիներից: Հարթ, սևաթույր մազերը թափվում էին ուսերին ու ծածկում մեկ աչքը: Նա հաճախ աջ ձեռքի նազելի շարժումով ետ էր տանում մազերն ու կոճկում դպրոցական մուգ կապույտ գոգնոցի վերի կոճակը, որը բացվում էր նրա լիքը կրծքերի ճնշումից: Ցորենագույն մորթը հարթ էր: Նա հազվադեպ էր մասնակցում թաղի երկսեռ հավաքույթներին, բայց լավ երգում ու պարում էր:

Սակայն, ամեն բան մի կողմ, տարօրինակ էր Նելլիի հմայիչ ժպիտը: Միրիկը չէր հասկանում՝ ի՞նչ զորություն է թաքնված այդ ժպիտի մեջ, որ այդքան ազդում ու ցնցում է իրեն: Երբ Նելլին ժպտում էր, դեմքը փոխվում, գեղեցկանում էր, դառնում էր ուրիշ մարդ: Չէ, ինչ-որ առեղծվածային, կախարդիչ մի բան կար այդ աղջկա ժպիտի մեջ… Գուցե մի օր, նա այդպես ժպտացել է Ռեզա Ռեշտիին ու խելքահան արել… Միրիկը ամեն անգամ այդ մտքից փշաքաղվում էր…

Չնայած տարածված լուրերին, Նելլիի հայրն ու մայրը ցույց չէին տալիս որևէ հակազդեցություն: Խոսում էին, որ հայրը հորդորել էր գործ չունենալ այդ տղայի հետ, որպեսզի խնդիրը չբարդանա: «Մի քանի օր կկանգնի, կհոգնի, կգնա,- հուզված ասել էր նա Միրիկին:- Նելլին գործ չունի նրա հետ, սուտ է, դուք էլ մի խառնվեք ու մի խաղացեք աղջկա անվան ու պատվի հետ…»:

Բայց Ռեզա Ռեշտին գնալու մտադրություն ցույց չէր տալիս: Լցվում էր համբերության բաժակը, և չուշացավ առաջին ընդհարումը, որին հաջորդեցին նորերը: Միրիկը Նելլիի հորը տված իր խոստմանը համաձայն և մորը չվշտացնելու համար որքան հնարավոր էր իրեն հեռու էր պահում բախումներից կամ հանդես գալիս «խոսքով հասկացնելու ու հեռացնելու» գաղափարի օգտին, աշխատում էր խաղաղացնել բորբոքված կրքերը՝ հարուցելով ընկերների զարմանքն ու վրդովմունքը: Նրանցից ոմանք խեթ-խեթ էին նայում իրեն մարզադահլիճում, ուր կանգնած հայելու առջև, ջանասիրաբար մարզվում էր: Պրկված դրությամբ Միրիկի թևերի հաստությունը հավասար էր վզի ու գոտկատեղի տրամագծին: Իր նման «հսկաներ»՝ մեկ ասորի Վալոդիան էր ու մեկ էլ Խև Մելիքը, որը մի օր թևերը պարզած ու բռնած շլինքներից՝ գետնից կտրել ու բարձրացրել էր երկու թրքի՝ և ապա գլուխները  զարկել իրար:

Դրսից լսվող ձայները չէին դադարում:

«Մեղք են տղերքը»,- սիրտը մղկտաց…

Միրիկը կոմոդի հայելու մեջ մի պահ տեսավ իրեն, իր հուժկու թևերն ու մաշկի տակ խլրտացող շարժուն մկանները: Էլ ինչի՞ պետք են սրանք, եթե ինքը վախկոտի պես վեր է ընկել տանը ու մատը մատին չի խփում:

-Այ մեր, ես չեմ խառնվի, գնամ իմանամ ինչ խաբար է…,-ասաց նա վճռակամ:

-Ինքդ գիտես, որդիս, գնա՛, գնա՛, գնա տեսնեմ, ոնց չես խառնվելու…

Միրիկը դուրս թռավ առանց նայելու մոր կողմը. խիղճը հանգիստ չէր, բայց մռտալուտ վտանգի գրգիռը խթանում էր նրան ու արտասովոր հաճույքով լցնում էությունը:

Մայրը ակամայից մոտեցավ պատուհանին ու բացեց փոքրիկ օդանցքը: Դրսից լսվող ձայները մի պահ դադարեցին: Լսվում էր միայն բարձրաձայն խոսակցություն, որի մեջ նա հեշտությամբ տարբերում էր որդու առնական ձայնը և սրտատրոփ սպասում, թե ինչով կավարտվի այդ գզվռտոցը: Դա երկար չտևեց, որովհետև խոսակցությունը փոխվեց փոխադարձ հայհոյանքների. հետո լսվեց հարվածների ու քայլերի թփթփոցի ձայն, ցավի տնքոցներ, բղավոցներ, որոնք ինչպես սկսվել էին հանկարծակի, այնպես էլ ավարտվեցին միանգամից: Տիրեց չարագուշակ լռություն…

 

***

Միրիկը աչքերը բացեց թթվածնի արհեստական ներմուծման թափանցիկ թաղանթի տակ ու նայեց շուրջը: Ինչ-որ գաղջ հոտ խտղտացրեց ռունգերը: Շուրջը լուսավորված էր աղոտ լույսով: Գլուխը ծանր էր, դժվար էր շնչում: Հիշեց, որ կռվից հետո էլ շունչը կտրվում էր և աչքերը սևանում էին… Վերջին պահին, ուզեց կառչել բռնցքամարտիկ Աբոյի ոտքից, բայց ընկավ՝ բերանը հպելով նրա նալած կոշիկին… Նաև հասցրեց նշմարել քիչ հեռու ընկած ձիան թրիք, որից հետո էլ ոչինչ չէր հիշում…

Գլուխը հազիվ թեքեց ու տեսավ մորը՝ դեմքի տառապալից արտահայտությամբ՝ մահճակալի կողքը դրված աթռռին ննջելիս: Խանդաղատանքի հետ միախառնված խղճահարությունը ալիք տվեց ու ողողեց ողջ էությունը: Ինքը չէր ցանկանում կռվել, նույնիսկ փորձեց խաղաղեցնել բորբոքված կրքերը, սակայն տեսնելով Աբոյի քթից հոսող արյունն ու խեղճացած դեմքը, կորցրեց ինքնատիրապետումը, հայհոյեց  ու առանց իրեն հաշիվ տալու գրոհեց միանգամից: Իր մեկ կամ երկու ուժգին հարվածներից հետո թուրքերը ետ քաշվեցին ու փախան դեպի մեյդանչա: Նրանք հինգ հոգի էին, իրենք՝ չորս: Կարող էին բավականանալ տված ջարդով, բայց ոգևորված թուրքերի նահանջից, սկսեցին հետապնդել նրանց: Իսկական ընդհարումը տեղի ունեցավ մեյդան-չայում: Կռվին խառնվեցին նաև Ռեզա Ռեշտիի երկու թիկնապահները: Միրիկը հարվածում էր անխնա: Հետ չէին մնում նաև իր ընկերները: Կռվի տաք պահին, Միրիկը այրոց զգաց մեջքին, բայց ուշադրություն չդարձրեց: Դրանից հետո թուրքերը հանկարծ անհայտացան…

Ի՞նչ էր պատահել իրեն, ինչո՞ւ էր պառկած այս տարօրինակ վրանի մեջ: Նորից նայեց մորը.

-Այ մե՛ր, այ մե՛ր,- Միրիկը հազիվ լսեց իր ձայնն ու նորից շունչը կտրվեց: Բնազդական մղումո՞վ, թե՞ որդու ձայնը լսելով՝ մայրը վեր թռավ աթոռից ու վրանի դուռը կիսաճեղք անելով՝ հուզված շշնջաց:

-Ի՞նչ ա, բալես, մերդ քեզ ղուրբան:

…Մոր կտկցուր պատմածից պարզվեց, որ իր գնալուց հետո նա չէր կարողացել «պարտակվել» տանը, շալը գցել էր ուսերին ու դուրս էր եկել փողոց, ուր ոչ ոքի չէր հանդիպել: Հետո գնացել էր դեպի մեյդանչա ու տեսել Միրիկին՝ ոտքի վրա հարբածի նման օրորվելիս ու գետին ընկնելիս.

-Մեջքդ լրիվ արուն էր, ոտքերս թուլացան,- կերկերուն ձայնով պատմում էր մայրը: — Տղերքը օգնեցին՝ քեզ ֆայտոնով բերինք էստեղ…

-Էստեղ, որտե՞ղ…

-Քաղաքի միակ «խելքը գլխին»՝ Ամերիկյան հիվանդանոցը,- պատասխանեց մայրը,- էլ ուրիշ որտե՞ղ: Դոկտոր Սթուարթն ասաց, որ մահից ես փրկվել, որովհետև դանակի սայրը մազաչափ տարածությամբ անցել է սրտիդ կողքից ու վիրավորել թոքդ:

-Այ մեր, բա էստեղ թանկ չի՞… Ինչի՞ եք ինձ բերել էստեղ…

-Էդ ի՞նչ կարևոր ա, այ բալա ջան, ջանդ՝ սաղ: Դու միայն շուտ լավացիր, Աստված օղորմած է… Դոկտոր Սթուարթն ասաց, որ շունչդ շուտով կկարգավորվի ու էլ «օքսիժենի» պետք չի լինի:

Միրիկի գլխում խառնաշփոթ էր: Ասես երազի մեջ հիշում էր, որ թուրքերի փախուստից հետո տղերքը, ասես, խոսքերը մեկ արած վազեցին նրանց հետևից: Ինքը տատանվում էր, շապիկը շտկեց ու սկսեց նոր գնած շալվարը մաքրել ձեռքի ափով: Չգիտեր գնա՞ր, թէ՞ վերադառնար տուն: Սակայն նույնիսկ հիմա համոզված է, որ այդ ընկերների կանչերն ու հրահրումները չէին, որ պատճառ դարձան միանալու նրանց: Ի՞նչ էր դա, իր հոգու խորքում նստած այդ աներևույթ հրեշը, որ երբեք հանգիստ չի տալիս իրեն: Չէ՞ որ ինքը կարող էր տանը մնալ, չվշտացնել ծերացած մորը ու ոչինչ էլ չէր պատահի: Իրենց վիճակն էլ՝ վիճակ չէ: Ինչո՞ւ չի կարողանում զսպել իրեն:

Միրիկը մի պահ փակեց աչքերն ու տեսավ հորը՝ կանգնած ողջ հասակով, ժպտադեմ իրեն նայելիս: «Տեսնես ի՞նչ կասեր, եթե կենդանի լիներ»…

— Ժամը քանի՞սն ա, այ մեր:

— Գիշերվա չորսն ա, քնի՛ր բալես, լուսը կբացվի բարին հետը…

— Բա տղերքը ո՞ւր են:

— Քեզ բերելուց հետո, մինչև ուշ գիշեր էստեղ էին, ցածը, քիչ առաջ գնացին: Քնի՛ր, քնի՛ր, որ շուտ լավանաս, ախր, ա՛յ բալես… Մայրը չշարունակեց ու լաց եղավ հեծկլտալով:

— Կներես, ա՛յ մեր, ձեռքս չէր…

— Իմանում եմ, տղա՛ս, հանգիստ կաց…

— Վաղը տուն կգնա՞նք…

— Չէ, բալես, դոկտոր Սթուարթն ասաց, որ դեռ մի երկու շաբաթ պիտի պառկած մնաս, մինչև ներսի արունը կտրվի, շունչդ տեղը գա…

«Մի երկու շաբա՜թ…»:

Ծանոթ հայուհի բուժքույրը ներս մտավ, նայեց սարքերին, չափեց ջերմությունը և փակեց վրանը:

— Ինչքա՞ն ա, աղջիկ ջան:

— Քառասունի մոտ ա, Աննա մորքուր, կանցնի…

Միրիկը փակեց աչքերն ու նորից տեսավ հորը, այս անգամ Նելլիի ձեռքը բռնած: Երկուսն էլ նայում էին իրեն ու ժպտում: Հետո հայրը ձուլվեց մշուշին ու աստիճանաբար անհայտացավ: Մնաց միայն Նելլին և սկսեց մոտենալ իրեն՝ կախարդական ժպիտը թառած բալագույն շրթերին:

— Ես քեզ սիրում եմ, Միրի՛կ, արի փախչենք…

— Փախչե՞նք, ո՞ւր գնանք…

Նելլին ավելի մոտեցավ ու աղջկական սպիտակ, փափուկ ափերով բռնեց Միրիկի ձեռքը: Նելլին երբեք այսքան մոտ չէր եղել իրեն: Ինքը պարզ զգում էր նրա մազերի բույրը, սրտի հևքը, կանացիությունը… Երջանկությունից Միրիկի շունչը կտրվեց ու արհամարհեց մեջքի տանջող ցավը:

— Ուր պատահի, միայն հեռանանք էս անիծված քաղաքից… Ռեզա Ռեշտիից…

Նելլին էլ չէր ժպտում:

— Նելլի՜…

— Խնդրում եմ, Միրի՛կ, տա՛ր ինձ, փրկի՛ր ինձ, ես քո կինը կդառնամ…

Նելլիի խոշոր, սև աչքերից ցած սահեցին մարգարտյա կաթիլներ: Միրիկի գլխում անվերջ պտտվում էր այն տանջող միտքը, որ ինքը տարիքով փոքր է Նելլիից, բայց ամաչում էր ասել: Նելլին թևերն օղակեց Միրիկի մեջքին ու գլուխը դրեց հզոր կրծքին…

Նելլիի թևերի հպումից Միրիկը ուժեղ ծակոց զգաց մեջքի մասում, ու նորից շունչը կտրվեց… Չնայած ուժեղ ցավին՝ Միրիկը ցանկանում էր, որ Նելլին գրկած մնա իրեն, սեղմի ավելի ամուր…

— Ես երեխաներ կբերեմ քեզ համար,- շշնջաց Նելլին Միրիկի ականջին…

— Նելլի՜, Նելլի՜…

Միրիկը աչքերը բացեց ու նայեց շուրջը: Ասես փնտրում էր Նելլիին: Տեսավ մորը և թվաց, թե նա զարմացած ու քննախույզ  հայացքով նայում է իրեն… «Մորս էլ կտանեմ ինձ հետ, մեղք ա… բա՜…»:

Հետո մտածեց, որ Նելլիից, անշուշտ, արու զավակ կունենա և անպայման «լակոտին» կմարզի ու կսովորեցնի ըմբշամարտի ու ձեռնամարտի բոլոր նրբություններն ու գաղտնիքները…

 

Թեհրան, Օգոստոս, 2008

 

*Մեյդանչա. – փոքրիկ հրապարակ

Թողնել պատասխան

Your email address will not be published.