ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Հասմիկ Հոխանյան

Ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը

«Հենց այն, որ լույսը բացվում է, արևը շողում է, դա արդեն իսկ երջանկություն է»,- հաճախ եմ լսում այս սնամեջ, մտացածին խոսքերը, որոնք երբևէ ինքս էլ եմ արտահայտել:
Բայց ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը, երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ: Արդյոք մտածե՞լ եք,թե ինչպիսի թախիծ է իր հետ բերում լուսաբացը, իհարկե՛ ոչ, չէ՞ որ դուք միայն ձեր մասին եք մտածում: Մոռանում եք, որ կա մի ուրիշ աշխարհ, որն ապրում է ձեզանից անկախ: Կեցության շատ ոլորտներ կան, բայց ես կպատմեմ մի աշխարհի մասին, որը, չնայած նրան, որ անմիջականորեն առնչվում է ձեզ, միևնույնն է, միշտ էլ աննկատ է մնում:
Երեկոյան հորդ անձրև է տեղացել: Ի՜նչ երջանկություն` հանդիպել են կրկին Անձրևն ու Հողը: Երկրից երկինք ձգվող ճանապարհն այնքան ահռելի է, որ դժվար թե Հողը, ամենամեծ ցանկության իսկ դեպքում կարողանա հասնել այնտեղ: Պիտի սպասի Անձրևին: Պիտի սպասի գարնան գալստին` որպես ավետիս:
Եվ գալիս է գարունը ու թափվում առաջին սպասված Անձրևը: Արդեն իսկ ուժասպառ ու կարոտից տկարացած Անձրևն ինքնամոռաց իրեն նետում է Հողի գիրկը… Հենց այդ վայրկյանին ժամանակը կանգ է առնում նրանց համար:
Արդյոք պատկերացնու՞մ եք այն մեծ ցավը, որ համակում է Հողին, երբ գիտակցում է, թե որքան անհասանելի է ինքը՝ երկնքից, թե որքան հեռու է բաղձալի հանդիպման օրը՝ սպասված երկուսի կողմից: Իսկ այժմ փորձեք պատկերացնել այն երջանիկ պահը, երբ այդքան երկար բաժանումից հետո ի՜նչ երջանկության արցունքներ են հորդում այդ գիշեր: Գրկախառնվել են նրանք ամուր-ամուր ու վախենում են բաժանումից, որն անխուսափելիորեն մոտ է: Այո’, դա ձեր լուսաբացն է, ձեր ծագող արևը, որ Անձրևին կրկին իր մոտ է կանչում`ագահորեն խլելով Հողից նրա ամեն մի մասնիկը՝ այդդպես էլ ծարավ թողելով նրա պապակ հոգին:
Արևը, ձեր երջանկության ավետիսը, նրանց համար բոթ է ահարկու: Ձեր արևածագը նրանց մայրամուտն է: Էգոիստ մի’ եղեք, սիրելինե’րս, մի’ մոռացեք, որ ձեզանից անկախ կա մի ուրիշ աշխարհ,որ ձեզանից խորն է ցավում ու լուռ, անտրտում իր ողբն է երգում: Իսկ դուք հիմա ոտնակոխ եք անում հենց նույն Հողը, որն այդքան վեհ սիրել գիտի: Ցավեցնու’մ եք, զգու’յշ քայլեք:

Արտասովոր տեսարան

Հերթական օրերից մեկն էր, հերթական չքնաղ առավոտը: ՈԻ մի արտասովոր տեսարան հանկարծ իմ ուշադրությունը գրավեց: Երբևէ հանդիպե՞լ եք խենթ մարդկանց, ովքեր չեն ամաչում իրենց խենթությունից ու հանկարծակի պոռթկացող երջանկությունից: Ես հանդիպել եմ:
Մի վտիտ կին էր աճապարում փողոցով`հուսալով գումար հայցել անցորդներից: Իսկ վերջիններս էլ անվերջ շտապում էին, իրենք էլ չգիտեին, թե ուր են վազում: Հանկարծ մի ծերունի նկատեց կնոջը և մտածեց. «Իմ նման խենթ է հարկավ»:
Հարբեցող էր մեր ծերուկը` ինքն էլ անգիտակից իր իսկ կյանքից: Թե ինչու՞ էր ապրում և ու՞մ համար, ինքն էլ չգիտեր: Շատ չանցած՝ մոմի պես վտիտ կինը ծերուկին մոտեցավ այն ակնկալիքով, որ վերջինս ժանգոտած մետաղի մի կտոր կընծայի իրեն: Տարօրինակ ու մանկական ինչ-որ բան կար նրա շարժուձևում: Սպասողական կանգնել էր ծերուկի առջև այնպես, ինչպես թոռնիկը կկանգներ պապիկի առջև: Իր երազանքին էր սպասում, հարյուրանոց այն մետաղադրամին, որով մի բուլկի կգներ ու այսօր էլ կքներ` առանց լսելու ստամոքսի հերթական հայհոյանքները: Ու բոլորի համար անսպասելիորեն, ծերուկը գրկեց ու համբուրեց նրան: Երջանկության շողեր էին բոցկլտում ծերուկի աչքերում: Վտիտ կինը իր կնոջն էր հիշեցնում, որին վերջերս էր կորցրել: Նա կտրվել էր իրեն շրջապատող աշխարհից. մի վեհաշուք տեսիլք, մի միրաժ էր անվերջ լողում նրա կարմրած աչքերի առջև… Թվում էր, թե վախենում էր այդ պահին աչքերը թարթել, վախենում էր կրկին կորցնել այն հաճելի պատրանքը, որով մի ամբողջ երկար ու բարակ կյանք էր ապրել: Նա անգամ աստղազարդ երկինքը չէր նկատում, շտապում էր քնել, որ իր երազին հանդիպի, երկնակամարում բոցավառվող իր միակ աստղին:
Ընդամենը մեկ վայրկյան… որը հավասար էր մի ամբողջ հավիտենականության հետ. ի՜նչպիսի ապրումներ. իսկ դո՞ւք, շտապող մարդի՛կ, զգացի՞ք արդյոք նրանց ապրումները: Եվ, այդպես էլ, վտիտ կինը իր երազած հարյուր դրամանոցի փոխարեն ստացավ լոկ ծերուկի համբույրը: Ծերուկն ինքն էլ այնքա՜ն կարոտ էր այդ գումարին: Իսկ բոլորը, ուշաթափության հասնելու չափ, ծիծաղում էին: Հաստափոր ծաղկավաճառն էլ իր անասնական բառաչանքով միացել էր խրխնջացող ամբոխին: Նրանց անծանոթ էր այդ ողբերգությունը, նրանց բթացաց զգայարանները չէին ընկալում հոգեկան այդ դրաման. այդ ամենը լոկ ծաղր ու ծիծաղի առարկա էր նրանց կուրացած աչքերում:

Գիշերն եմ սիրում

Անտանելի են առավոտներն ինձ համար:
Գիշերն եմ սիրում:
Ոչ: Ո’չ այն գիշերը, որը լի է մեղսագործություններով, ո’չ այն գիշերը, որը վարագույր է լոկ, անթափանց շղարշ, որ քողարկում է մարդկային այլանդակությունները: Ես այն գիշերն ու անթափանց խավարն եմ սիրում, որի շնորհիվ աստղերն ավելի պայծառ են շողում, որ երազողիս իր մոտ են կանչում ու մոլորվածիս միշտ տուն ուղեկցում: Իսկ փոքրոգի արևը կուրացնում է աստղերի փայլը: Փառասեր ու եսամոլ արևը, որն իրենից անդի ոչինչ չի տեսնում, իր ոսկեշող վարսերն է փռում աշխարհով մեկ ու ստիպում, որ նկատենք, հիանանք ու գովաբանենք: Բայց քեզ չե’մ սիրում, արև’, տաղտկալի, այրող, կուրացնող, ոչինչ ավելին: Աստղերն եմ սիրում` խավար երկնքում, ու լուսնի լույսը, որ չի կուրացնում, որ չի պարտադրում ու չի հալածում: Ես արևի պայծառ ու զրնգուն ժպիտը չեմ սիրում: Լուսնի ժպիտն եմ սիրում` մեղմ ու քնքուշ, թովիչ, անուշ, որ անցորդիս աչքն է շոյում, բայց, երբե’ք չի պարտադրում…

3 comments

  1. Հասմի’կ ջան, իմ արվեստագե’տ ընկերուհի, ուրախ եմ, որ քո ստեղծագործությունները ավելի ու ավելի շատ մարդիկ են հավանում, մարդիկ, ովքեր լավ գիտեն գրականության դերն ու նշանակությունը: Քեզ նորանոր հաջողություններ արվեստի ասպարեզում:

  2. Սիրելի Հասմիկ ջան,որպես քո արվեստի մեծ երկեպագու,շատ ուրախ եմ,որ քո ստեղծագործությունները ավելի լայն մասսայականություն են ստանում: Շնորհավորում եմ և ցանկնում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

    • Anonymous on 24 Հունվարի, 2012 at 8:42 ե.
    • Reply

    Անչափ շնորհակալ եմ սիրելիներս…………Շնորհակալ եմ,որ կաք ու կողքիս եք,գնահատում եք իմ աշխատանքները,ու թիկունքիս կանգնած եք:Ես ձեզանով էլ ավելի ուժեղ եմ….

Թողնել պատասխան Արմինե Պետրոսյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.