Սիրանույշ Օհանյան | ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐԵՎ

Սիրանույշ Օհանյան
Աշխարհը՝ չավարտվող բանաստեղծություն
տարածվում է տանիքներից։
Ագռավները պարում են ծիծեռնակների հետ,
Ծիրանի ժպիտով ամպերը նայում են
տանիքին կանգնած մեկին,
որը նայում է Մասիսին,
որը նայում է իրեն
ու լռում։
Երկուսն էլ լռում են՝
լցված կապույտով,
կարմիրով,
կանաչով։
Գարուն է,
երկինքը էլի կապույտ է,
երկիրը էլի կանաչ է,
աշխարհը էլի կարմիր է։
Պատերազմ է,
որը էլի ծակում է կուրծքը,
մտնում բանաստեղծության մեջ,
որ երգի։
Պատերազմը
կիսատ է թողնում
նրան,
ում մեջ երգեց,
և նրան,
ով լսեց,
և նրան,
ով չի լսի
էլ երբեք։
Պատերազմ է,
նրանց համար,
ում մեջ երգում է,
և ով լսում է,
և ով չի լսի
էլ երբեք
գարունը։

 

* * *
Թունավորված սիրով,
որի միակ ճարը
դանդաղ մեռնելն է,
ես դանդաղ ապրում եմ
օձի պես կծկված
սառը մութ խոր հոգում։
Իսկ գարունն ուշանում է,
գարունը չի գալու,
որովհետև
թունավորվել է
թունավորվել է ամեն ինչ սիրով
քեզանից բացի․
դու առողջ ես,
դու ազատ ես
չսիրելու։

 

* * *
ամպերից վերև
աստղեր կան,
իսկ անձրևը նրանց վրա չի թափվում․
անձրևը միշտ մեր գլխին է գալիս՝
գրավիտացիա
(բայց աստղերն ավելի ծանր են :O)

աստղերը հող չունեն
նրանց վրա ծառեր չեն աճում,
թե չէ կպառկեի աստղային հողին՝
ծառի տակից նայելու
աստղային երկնքին
(ինսոմնիա)

 

*
գրավիտացիան
մի մարմնի անկարողությունն է
հեռանալու մյուս մարմնից

գրավիտացիան
իմ մարմնի անկարողությունն է
հեռանալու
(քեզանից)

գրավիտացիան
իմ անկարողությունն է
(քնելու)

(ինսոմնիա՛)

բայց ես մարմին չեմ,
բայց դու մարմին չես,

բայց գրավիտացիան
արթուն է մեր միջև

 

*
բայց ես մարմին չեմ
ես չգիտեմ _ինչ եմ
առանց մարմնի ես չկամ
առանց եսի ոչինչ չկա
բայց ես մարմին եմ
բայց ես ես եմ
ես չեմ քնում
բայց մարմինս ուզում է

 

*
բայց դու մարմին չես
դու ինսոմնիա ես
իսկ գրավիտացիան
արթուն է մեր միջև

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի