Օկտավ Միրբո | ԿՆԱՄԵԾԱՐ ԶՐՈՒՅՑ

Օկտավ Միրբո

Օկտավ Միրբո

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

 

Թող չկարծեն այն բանից, ինչ հետևելու է հիմա, թե ես կանանց թշնամին եմ: Ընդհակառակը, ես այն աստիճան եմ  նրանց բարեկամը, որ ատում եմ բոլոր այն հավակնոտ պահանջները, որոնք նրանց զրկում են կանացիությունից, ու չեմ կարող առանց մեծ տխրության տեսնել, թե ինչքան կանայք կան, ովքեր տխմար հպարտությունից մղված` ուզում են դասալքել մարդկային այն բարձրագույն ու հոյակապ առաքինությունը, որ կյանքը վերարտադրելն է:

Կանայք, որ պաշտոններ են զբաղեցնում զանազան կառավարական ու ոչ կառավարական օղակներում, պատրաստվում են մտնել նաև Գրականության Մշակների ընկերության մեջ: Նրանք պատրաստվում են մտնել այնտեղ փառապանծորեն, ի դեմս տիկ. Լըսյուորի, որն անուշիկ կին է ու լավ գրող, բայց ոչ ի դեմս տիկ. Անրի Գրեվիյի կամ Կամիյ Պերի ու  Ջեյն դը լա Վոդերի, որոնք նույնպես անուշիկ կանայք են ու լավ գրողներ: Ինչպես թվում  է, պայքարը թեժ է լինելու, քանզի  այդ կանանցից ամեն մեկը ընտրական կրկես է մտնում պատկառելի թվով կողմնակիցների հետ: Քիչ կարևոր է, թե ով է ընտրվելու, կարևորն այն է, որ լինելու է ընտրյալ: Դժվարը առաջին կնոջը  ընտրելն է: Երբ մի անգամ  դա սովորական բան դառնա, բոլոր կանայք, ովքեր գրում են, չեն հապաղելու մտնել այդ ընկերության մեջ, իսկ վերջնականորեն պարտված տղամարդկանց մնում է միայն վերադառնալ տուն, ուր, այդուհետև, նրանք `որպես տնային տնտեսուհիներ, հսկելու են կրակի վրա դրած կաթսան ու որպես ցամաքած ստնտուներ` ծծակ են տալու մանչուկներին: Ի դեպ, դա հիանալի արդյունք կլինի, քանզի երեխան, կտրվելով կնոջ բացառիկ դաստիարակությունից, նրա բոլոր զգացական նախապաշարմունքներից ու կրոնական սնոտիապաշտություններից, կկարողանա մարդ դառնալ… Այո, բայց այդ դեպքում, կլինե՞ն երեխաներ: Սա է խնդիրը: Ու երբ, կանայք, որ զբաղված են այդքան բաներով, որ նստում են այդքան շատ միություններում ու կոմիտեներում, ժամանակ կունենա՞ն երեխա ծնելու:

Ու եթե նրանք այդ միությունների մեջ բերեն նույն նյարդայնությունը, նույն քմահաճույքները, նյարդերը գրգռելու նույն ոգին, որ կիրառում են իրենց տներում, ուր իրենք  իշխում են, ու այն զանազան հասարակական գործերում, ուր իրենք ներգրավված են, կարելի է կանխատեսել, որ այդ նիստերը բավական ուրախ են անցնելու… օ՜, իսկապես ուրախ…Կանայք գրականության  հարցերին վերաբերվելու են ինչպես իրենց ամուսիններին կամ սիրեկաններին են վերաբերվում:

Տեսնես երբևէ կանգ առնելո՞ւ է հանուն կնոջ ազատագրման կատաղությունը: Հնարավոր չէ պատասխանել այս հարցին: Բայց պետք է սպասել ամենազարմանալի իրադարձությունների: Ես հանդիպեցի մի կնոջ, ով էլ ավելի շատ բան է ուզում: Նա անվերապահորեն պահանջում է, որ իրեն համարեն արական սեռի ներակայացուցիչ: Ու հիմնում է խմբեր, միություններ, տարատեսակ կոմիտեներ`քարոզելու համար (և անգամ ուժով հասնելու) այդ հիմնական ու հակաբնութենական պահանջի բավարարմանը:

-Ես այդ պայքարը կդադարեցնեմ, -ասաց նա ինձ մոլեգին եռանդով, -միայն այն օրը, երբ կանայք կկրեն ոչ միայն  տղամարդու տաբատ, այլև այն, ինչ կա այդ տաբատի մեջ: Դուք հավանաբար գիտեք  հայտնի պատմությունը այն կնոջ մասին, ով երևում էր հասարակության մեջ միայն տղամարդու շորերով… Մի երեկո, երբ նա սալոնում այդպես «տղամարդավարի» հագնված, ձեռքերը գրպաններում, ծխախոտը բերանին, լկտիորեն շաղակրատում  էր, մի պարոն է մոտենում նրան ու ընկերավարի թփթփացնելով նրա ուսին`ասում է.

-Ախպերս…չգնա՞նք  մի-մի  հատ շռենք:

Ու  կգնա՜… համոզված եմ:

 

***

Վերջերս կարդացի Ռեմի Գուրմոնի Լիլիթը, ու շատ եմ խորհուրդ տալիս  Գրականության  Մշակների ընեկրության անդամներին կարդալ այդ գողտրիկ արձակ պոեմը, արդեն վաղեմի, բայց մշտապես արդիական մի գործ: Նրանք  ոչ միայն կճաշակեն գեղեցիկ ոճի, ուժգին հեգնանքի  ու զավարճալի աստվածանարգության մի հազվագյուտ համեղ կտոր (քանզի միայն կաթոլիկներն են մնացել` անարգելու իրենց Աստծուն, հավանաբար այն պատճառով, որ նրանք իրենց Աստծուն ավելի լավ են ճանաչում, քան մենք), այլև կտեսնեն, թե ինչ տարօրինակ հնարքով, Եհովան, զղջումի մի օր, վճռեց ստեղծել կնոջը:

Ըստ Ռեմի դը Գուրմոնի` այդ քաջարի Եհովան հենց նոր էր մարդուն  արարել: Բայց նա այնքան էլ գոհ չէր իր ստեղծածից:  Նրան կավից հունցելով` գտնում էր, որ նրանից ցեխի հոտ է գալիս: Սակայն նրան թողեց այդպես, Երկրային Դրախտի մեջ, մի հրեշտակի պահպանության ներքո, ում հանձնարարել էր  նրա դաստիարակության գործը: Հրեշտակը մարդուն ցույց էր տալիս նրա մարմնի անդամներն ու համառոտ, բայց հստակորեն բացատրում  նրան, թե դրանցից յուրաքանչյուրն ինչի է  ծառայում:

-Սա քայլելու համար է, -ասում էր  հրեշտակը, սա` բռնելու…սա` լսելու…սա`  տեսնելու…սա` ուտելու…սա…օ՜…ա՛յ  քեզ բան, սա չգիտեմ ինչի  համար է…

-Ինչպե՜ս… չգիտե՞ս, -հարցնում է մարդը` շվարած: Իմ մարմնի բոլոր անդամներից սա ամենից շատն է ինձ խռովք պատճառում… Ու ես շատ կուզենայի իմանալ, թե ինչի համար է այն, և որ դեպքում այն պետք է օգտագործել….դե….դու պետք է դա իմանաս….

-Ոչ, իսկապես չգիտեմ, -պատասխանում է հրեշտակը` անկեղծորեն ու շփոթված:

Բայց  համբերիր…կիմանամ….

Մենակ մնալով` մարդը ձանձրանում է: Բայց Եհովան, ում այս ամենի մասին հաղորդել էին, խղճահարությամբ է լցվում  մարդու հանդեպ: Ու փնթփնթում է իր մռայլ բարությամբ.

-Ա՜, մա՜րդը…ի՜նչ տարաբախտ գազան է: Եվ ինչո՞ւ ունեցա այդ տարօրինակ ու  ծիծաղելի միտքը` նրան աշխարհի մեջ դնելու…Արդարև, ես դրանից  միայն տհաճություն եմ զգում… Ինքը ևս, ի դեպ…Նա ձանձրանում է… այո՛, այո՛, դա ակնհայտ է…Դա սպասելի էր,  գրո՛ղը տանի… ես գիտեի… Նա  չի կարող չձանձրանալ մշտապես մենակ լինելուց… Եվ հետո, ես նրան օժտել եմ մի անդամով` տիրական ու հանգիստ չտվող, բայց չեմ տվել միջոցներ (գոնե ազնիվ) այն բավարարելու… դե ուրեմն, պետք է ավարտին հասցնել… ու արարել  կնոջը… Բայց ի՜նչ գլխացավանքներ պիտի  ունենամ  դրա պատճառով… Մի քիչ կավ չի՞  մնացել, տեսնես…

Մի թզենու տակ նա գտնում է կավի մնացորդներ, որ օգտագործել էր մարդուն արարելիս, ու նորից գործի անցնելով` արագորեն ու ճշգրտությամբ մի նոր կաղապար է սարքում… Շուտով ուռուցիկ փորը երևում է. գոյանում են  ձիգ ու քնքուշ ազդրերը` ներդաշնակորեն լայնանալով, հզոր կրծքերն ուղղորդվում են `զույգ գնդաձև փառապսակների պես… Մի անթաքույց ու չարաճճի բավականությամբ Եհովան կուտակում է կավը այդ նոր արարածի փարթամ մասերի վրա, այնպես, որ  գլուխը ձևավորելու համար այլևս կավ չի մնում:

-Գնա՛,  զբոսնի՛ր,- բացակլանչում է Եհովան, -ես էլ կավ չունեմ… շատ եմ ցավում… Բայց ես չեմ կարող առանց գլխի թողնել… Թեկուզ շատ փոքր ստացվի, բայցևայնպես նրան գլուխ պիտի սարքեմ: Ի՞նչ  անեմ…Ա՜, մի բան մտածեցի….

Ու սկզբնական տարածության մեջ մի  շարժում անելով, որ նշանակում էր՝ «Ի՜նչ  արած, ավելի վա՜տ», նա երկու ձեռքերը մտցնում է նրա փորի տակ ու այնտեղ մի անցք է բացում, ու այդ մի բուռ կավով  ծեփում է կնոջ ուղեղը:

 

***

Կնոջ խորհրդանշական ծագումը` մեկնաբանված Ռեմի Գուրմոնի կողմից, ճշգրտորեն համընկնում է մարդաբանություն գիտության եզրահանգումներին:

Կինն ուղեղ չէ: Նա սեքս է, ինչն ավելի փառահեղ է: Աշխարհում նա միայն մի դեր ունի, սակայն շատ մեծ դեր` սեր անել, այսինքն` շարունակել մարդկային տեսակը; Ըստ բնության անխախտ օրենքների, որի անողոք ու ցավագին ներդաշնակությունն ավելի լավ ենք զգում, երբ այն չենք դարձնում բանական, կինն ընդունակ չէ այն ամենին, ինչը սեր չէ կամ մայրություն: Որոշ կանայք (հազավագյուտ բացառություններով) արվեստի, գրականության բնագավառներում կարողացել են տալ ստեղծագործ  ուժի պատրանք: Սակայն նրանք կամ ոչ բնականոն արարածներ են եղել,  որ ընդվզել են  բնության դեմ, կամ էլ՝ արուի պարզ արտացոլումները, որոնց դրոշմը սեքսի միջոցով անցել է իրենց:

Անձամբ ես` նախընտրում եմ մարմնավաճառ կոչվող կականյց, քանզի նրանք ներդաշնակության  մեջ են տիեզերքի հետ:

 

Այն օրը, երբ կանայք  կնվաճեն այն, ինչ  իրենք պահանջում են, այն օրը, երբ նրանք կլինեն ամեն ինչ` բացի կին լինելուց, մարդկային գոյության վերջը կգա: Ու նորից կհայտնվի Լիլիթը` իր հավիտենապես անպտուղ արգանդով, պարտված աշխարհի մեջ….

 

Octave Mirbeau Le Journal, 1er avril 1900

4 comments

1 ping

Skip to comment form

  1. Օկտավ Միրբոյին և նրա պես մտածողներին մաղթում եմ, որ հաջորդ մի քանի կյանքերում անընդմեջ կին ծնվեն ու ստանան նույն վերաբերմունքը, ինչպես որ իրենք են վերաբերվում կանանց։ Գուցե երբ կնոջ մաշկում ապրեն, կմոտենան մարդուն, հատկապես եթե տղամարդու մաշկում ապրելը այդ հնարավորությունը չի տալիս։

      • Արմինե on 5 Ապրիլի, 2019 at 8:06 ե.
      • Reply

      Սիրանույշ այստեղ խոսքը կնոջ կին մնալու մասին է, տղամարդ չդառնալու, չայլասերվելու ու տղամարդուց չօտարանալու մասին․․․ցավում եմ, որ ընդունել ես որպես անձնական վիրավորանք

    • Գիսանե Հովսեփյան on 24 Մայիսի, 2016 at 1:44 ե.
    • Reply

    Իսկ ինձ հետաքրքրում է, թե ինչ են մտածում Օկտավ Միրբոն ու նրա պես մտածողները Տղամարդու մասին: Եվ այն մասին, թե ինչու, ինչպես խախտվեց Հավիտենական ներդաշնակությունը… Իսկ գուցե մի՞շտ է այսպես եղել…

    • Արմինե on 5 Ապրիլի, 2019 at 8:10 ե.
    • Reply

    Սիրանույշ Օհանյան խոսքը կնոջ կին մնալու մասին է, տղամարդուն չնմանվելու չայլասերվելու ու տղամարդուց չօտարանալու մասին․․․եթե միայն դուք ֆեմինիստական հայացքներ չեք դավանում իհարկե

  1. […] Աղբյուրը […]

Թողնել պատասխան Օկտավ Միրբո «ԿՆԱՄԵԾԱՐ ԶՐՈՒՅՑ» — Պատուհանից դուրս-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.