Հասմիկ Հոխանյան | ԼԻՐԻԿԱԿԱՆ ՏՈՂԵՐ

* * * 

Աշնան անձրևը
Չիրականացած գարնան սպասումի
Թաղումն է սգում,
Անձայն մորմոքում:
Աշնան կարոտը
Գարնան արևի շողերն է հիշում,
Անվերջ որոնում,
Բայց էլ չի գտնում:
Իմ երազները,
Որ նորից մեռան անորոշ հեռվում,
Այսօր լալիս են,
Բայց էլ չեն շողում:

* * *
Ես դեռ հիշում եմ հեքիաթները հին,
Սիրո անուրջը աստղի պես պայծառ,
ՈՒ այն հավատը ու հույսը անձայն,
Որ մի օր հարկավ կիրականանա:
Ես չեմ մոռանում սպասումիս շղթան,
Երազով արբած գիշերվա ճամփան,
ՈԻ չեմ մոռանում նորից հավատալ,
Որ նա դեռ կգա, անպայման կգա…
Իսկ տարիները անդարձ հեռացան,
Հեքիաթները հին մեռան ու մեռան,
Հավատս քնեց ու էլ չարթնացավ,
ՈՒ ես մնացի ապշահար կանգնած:
Ախր հեքիաթը երբ որ ավարտվեց,
Ինչու՞ մոռացաք դուք ինձ հիշեցնել,
Որ դա հեքիաթ է, հորինվածք միայն,
Իսկ իրականում այն չկա’ր, չկա’ր:
Ես արդեն գիտեմ,որ նա էլ չի գա,
Որ այդ հեքիաթը անուրջ է, որ կա,
Ես արդեն գիտեմ` հավիտենական
Ոչինչ էլ չկա’, ոչինչ էլ չկա’:

* * *
Էլ մի՛ վարանիր, գնա՛, հեռացի՛ր,
Փնտրի՛ր չգտած երջանկությունդ,
Հասի՛ր բարձունքը քո երազանքի
ՈԻ քո հաղթության գինին վայելիր:
ՈՒ երբ հագենաս քո բարձունքներից,
Մի պահ լուռ կանգնիր ու սրտիդ դիմիր,
Տես` ի՞նչ է ասում շշուկը նրա,
ՈՒ հարցրու արդյո՞ք երջանիկ է նա:
Սիրտդ քեզ կասի ճիշտ այն խոսքերը,
Որ վախենում ես քեզ խոստովանել,
ՈՒ կզգաս գաղտնի կարոտը նրա
ՈՒ երազը, որ հեռու է, չկա:

* * *
Ահա և վերջ. ևս մեկ ավարտ,
Սխալ ընտրված մի հասցեատեր:
Ահա և անխախտ, խավար լռություն,
Եվ անքուն գիշեր, որ չի ավարտվում:
Վանդակիս դուռը այսօր կբացվի,
Իսկ ես անզոր եմ երկինք ճախրելու,
Վիրավոր են իմ թևերը արդեն,
Չունեն թռիչքի ձգտումը նախկին:.

* * *
Ես չեմ վախենում կրկին ապտակող տառապանքներից,
Ոչ էլ փախչում եմ անքուն գիշերվա լուռ տանջանքներից,
Էլ չեմ խուսափում ինձ ոչինչ չասող քո լուռ հայացքից,
Ու չեմ խենթանում սին երջանկության սուտ պատրանքներից:

* * *
Ինձ օտար դարձավ այս պատուհանը,
Որից նայելով շատ եմ երազել:
Ինձ օտար թվաց նաև այն աստղը,
Որին շատ երկար հասնել եմ ձգտել:
Ու մի անձրևոտ, թախծոտ առավոտ
Դու էլ իմ հոգուն օտար թվացիր,
Դարձար անծանոթ… մի անցորդ ծանոթ,
Որին ես, ավա՜ղ, դեռ չեմ մոռացել:

1 comment

  1. Մեծ էր ուրախությունս,երբ տեսա ու կարդացի Հասմիկ Հոխանյանի բանաստեղծությունները այս կայքում :
    Հասմիկ ջան ևս մեկ անգամ շնորհավորում եմ: Ես քո արվեստի մեծ երկրպագուն եմ և սրտանց ուրախանում եմ քո ամեն մի հաջողության հետ:Սա իսկապես մեծ ձեռքբերում է, ու լավ սկիզբ նորանոր հաջողությունների համար…

Թողնել պատասխան Վահան Գալստյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.