Անրի Միշո | ԲՆԱՆԿԱՐՆԵՐ

Henri Michaux, 1899-1984

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Սառցալեռներ
Սառցալեռնե՜ր` առանց բազրիքի, առանց գոտու, ուր ծեր, թևաթափ ծովագռավներն ու մեռած նավազների հոգիները գալիս են կռթնելու հիպերբորեալի կախարդիչ գիշերներին:
Սառցալեռնե՜ր` անկրոն տաճարներ հավերժական ձմռան,
պատյանված` սառցե վահանով երկիր մոլորակի:
Որքա՜ն բարձր, որքա՜ն զուլալ են եզրերը ձեր`սառնության ծնունդ:
Սառցալեռնե՜ր, թիկունքներն եք Հյուսիս-Ատլանտյանի, խրոխտ Բուդդանները սառած ծովերի չհետազոտված, անելանելի Մահվան ճաճանչող Փարոսներ, կորսված ճիչերը դարերի ծանր լռության:
Սառցալեռնե՜ր` Մենակյացներ ակամա, խուլ, իրենց հեռու պահող երկրներ, զերծ` մակաբույծներից, Ազգականներն եք կղզիների, աղբյուրների զուլալ,
àրքա՜ն լավ եմ հասկանում ձեզ, որքա՜ն մտերիմ եք դուք ինձ:

 

Բնանկարներ

Բնանկարներ` խաղաղ կամ տրտում,
Կյանքով դեգերելու բնանկարներ և ո՛չ երկրի մակերեսի պատկերներ:
Բնանկարներ Ժամանակի, որն հոսում է ծուլորեն, գրեթե` անշարժ, իսկ երբեմն էլ` կարծես շրջուն:
Բնանկարներ` քրջերի, ձաղկված նյարդերի, գերլարված ուժերի:
Բնանկարներ` ծածկելու համար թափանցանց վերքերը, պողպատը, պոռթկումը, չարիքը, դարաշրջանը, պարանի օղակը վզի, զորահավաքը: Բնանկարներ` բղավոցները խլացնելու համար:
Բնանկարներ` վերմակի նման, որ գլխիդ ես քաշում:

 

Ծովը

Անսահման ծովը-ահա ինչն է թանկ ինձ համար, ահա թե ինչը գիտեմ ես:
Քսաներկու տարեկանում հեռացա քաղաքից ու նավաստի դարձա:
Տախտակամածի վրա, նավամբարում, ամենուր աշխատանքն էր եռում:
Ես զարմացած էի:
Նախկինում ինձ թվում էր, թե նավի վրա
Միայն նայում էին ծովին:Ամեն ժամանակ նայում էին ծովին:
Սկսվեց գործազրկությունը, ու նավաստիները հեռացան նավից:
Ես էլ հեռացա:
Ոչինչ չասացի.իմ մեջ ծովն էր, ծովն էր իմ շուրջ, հավերժ:
Այո: Բայց ո՞րը:
Դրան պատասխանել կդժվարանայի:

ECCE HOMO
-Ի՞նչ արեցիր կյանքումդ, արքայի սովաբաժին:
-Տեսա մարդուն:
Չտեսա մարդուն, որ ճայի պես` քամին փորի տակ, սլանար արագ, անսահման ծովի վրայով:
Տեսա մարդուն կռացած, ում ջահը մլմլում էր, ու նա փնտրում էր: Ուներ ցատկի պատրաստվող ոջիլի լրջություն, բայց իր ցատկն հազվադեպ էր ու կանոնակարգված:
Չլսեցի մարդուն` աչքերը սիրուց խոնավ, որ ասեր իրեն մահացու խայթող օձին… Թե կարողանայիր մա՜րդ վերածնվել ու վեդանե՜րը կարդալ… Այլ լսեցի մարդուն որպես ծանր հրասայլ` իր ընթացքի մեջ ճզմելով մահամերձներին ու մեռածներին, ու ետ չէր շրջվում: Քիթն իր վեր էր տնկած` վիկինգների նավերի պես, բայց նա չէր նայում երկնքին որպես աստվածների կացարանի, նա նայում էր երկնքին կասկածամտորեն, որտեղից ամեն պահ կարող էին դուրս ելնել անողոք մեքենաներ` հզոր ականներ կրող:
Ավելի շատ կապտուկներ ուներ, քան աչքեր, դեմքին` ավելի շատ ցից մազեր, քան թե մաշկ, ավելի շատ ցեխ, քան շինել, բայց մշտապես կարծր էր իր սաղավարտը: Իր պատերազմը մեծ էր, առաջներ ուներ ու հետոներ, դիրքեր ուներ ու թիկունքներ: Արագ անցնում էր մարդը, արագ սուրում էր արկը: Արկն իր անկյունը չունի, և սակայն շտապում է:
Չտեսա մարդուն, որ խաղաղ հոգով, ամեն իրիկվա ոսկե հեքիաթում կարողանար քուն մտնել խոնջանքի մեջ իր բարեկամ: Տեսա նրան իրար խառնված ու հոնքերը կիտած: Մեծ էր ծիծաղների ու նյարդերի իր ճակատամասը, բայց այն ստում էր: Ծուռ ու մուռ էր նրա ուղին: Իր հոգսերը իսկական զավակներն էին իր: Արդեն երկար ժամանակ արևը չէր պտտվում երկրի շուրջը, լրիվ հակառակը :
Հետո նաև նրան պետք էր եղել կապիկից սերել :
Նա շարունակում էր դես ու դեն ընկնել ինչպես հուրն այրող, բայց սառնության իրանը այնտեղ էր, նրա մաշկի տակ:
Չտեսա մարդուն, որ հաշվարկ աներ հանուն մարդու, ես տեսա` այստեղ ջարդում են մարդկանց: Այստեղ ջարդում են նրանց, մեկ այլ տեղ` գլխներին գլխարկ հագցնում, ու մշտապես նա ծառայում է: Որպես ոտքի տակ տրորված ճանապարհ` նա ծառայում է:
Չտեսա մարդուն կենտրոնացած` իր հիասքանչ կեցության վրա խորհելիս: Այլ տեսա նրան կենտրոնացած կոկորդիլոսի պես, ով իր սառցե աչքերով նայում է որսի մոտենալուն, և իսկապես, նա սպասում էր նրան, մի երկար հրացանի փողով լավ պաշտպանված: Սակայն արկերը, որ ընկնում էին իր շուրջ, էլ ավելի լավ էին պաշտպանված: Ծայրակալ ունեին, որոնց կարծրությունը, անխնա կարծրությունը ստուգվել էր հատուկ:
Չտեսա մարդուն, որ իր շուրջ տարածեր երջանիկ գիտակցումը կյանքի, ³յլ տեսա մարդուն որպես մարտական երկշարժիչ ինքնաթիռ, որ սարսափ ու սոսկալի ցավեր էր տարածում իր շուրջ:
Երբ ծանոթացա նրա հետ, կլիներ հարյուր հազար տարեկան, ու երկրի շուրջը հեշտությամբ պտույտ էր կատարում: Դեռ չէր սովորել լինել բարի դրացի: Նրանց միջև հարգի էին տեղային ճշմարտություններ, ազգային ճշմարտություններ: Բայց իսկական մարդուն չհանդիպեցի:
Եվ սակայն, գերազանց` իր ռեֆլեքսների մեջ, ու ընդհանուր առմամբ, գրեթե անմեղ. մեկը սիգարետ է վառում, մյուսը` նավթի լցանավ:
Չտեսա մարդուն, որ երթևեկեր իր ներքին կեցության հարթավայրով ու սարահարթերով, այլ տեսա նրան աշխատեցնելիս ատոմներ ու ջրային գոլորշի, ռմբահարելիս ատոմի մասնիկներ, որ գուցե գոյություն չունեին անգամ, դիտակով նայելով իր ստամոքսը, իր միզափամփուշտը, ոսկորներն իր մարմնի, իրեն փնտրելով փոքր կտորների ու շան ռեֆլեքսների մեջ:
Չլսեցի երգը մարդու, երգը` աշխարհներ հայող, երգը գնդաձևության, երգն անսահմանության, երգը հավերժ սպասման:
Այլ, լսեցի նրա երգը որպես ծանակում, որպես ջղակծկում, նման վագրի երգին, որն անձամբ լծվում է իր մատակարարման գործին ու ամբողջովին նվիրվում դրան:
Տեսա դեմքերը մարդկանց: Չտեսա դեմքը մարդու որպես սպիտակ պատ, որն ի վեր բարձրանան ստվերները մտքի, որպես բյուրեղապակյա գունդ, ուր երևում են անցումներն ապագայի, այլ մի պատկեր, որը պատճառում է վախ ու ներշնչում է անվստահություն:
Տեսա կնոջը թսխած՝ փշերի վրա, միալար կինը շուտ ձանձրացող, գեղձով ամոթալի մի գործարանի, որից աչքերն իր քնուշ են դառնում: Արդ ու զարդերը, որոնց տակ նա ծպտվում էր և որոնք ինքը սիրում էր այնքան, ասում էր. «Ե՛ս, ե՛ս, ե՛ս»: Արդ, դա նա էր դարձյալ, ինքն իր մեջ փքված մարդը, և սակայն, նեղված, որ ուզում է կատարյալ լինել ու խարխափում է` ջանալով զոդել պայծառն ու խավարը իր մեջ :
Ավելի երկար մազերով ու լիանայի սեթևեթանքով, նա նույնն էր դարձյալ, իր զառիվայրով ամենակործան, մարդը ներխուժող, որ մտմտում է ինչպես քար գցի ձեր բախտի վրա:
Տեսա դարաշրջանը` խառնիխուռն ու վատ, որը եռում էր ատելության հորմոններից ու մղումներից տիրապետության, նախատեսված հայտնի դառնալու, դառնալու Պատմություն…սակայն դա նա էր դարձյալ, հարվածը նույն մեխին էր խփում: Իր տեսակի միլիոնավորները դատապարտված տարաբախտության, նույն պահին սկսում էին վրդովվել ու իրենց իրավացի զգալ բռնությամբ, պատրաստ` աշխարհը հանելու վեր, բայց վեր հանելու ուրիշ մարդկանց ջարդված ուսերին:
Պատերա՜զմը. դա նա էր դարձյալ, իր գլխում` թվեր ու հաշվարկներ, մեծահասակի իր կյանքի երկնակամարն զգալով անել, և ով ուզում է իրեն մի քիչ երևակայել, մի քիչ խաղ հաղորդել իր նեղլիկ շարժումներին, ու ցանկանալով ազատագրվել, էլ ավելի շատ է խճճվում:
Գիտությունը… մարդն էր դարձյալ, իր ձեռագիրն էր: Գիտությունը սիրում է ուղեղը հանած աղավնիներ, ճշգրիտ ու տխուր մեքենաներ, ճշգրիտ ու տխուր` որպես մի ջերմախարան, որն հատվածների է բաժանում ներքին մի գործարան, մինչդեռ եթերից ջլատված հիվանդն ընկած է հեռավոր ու անտարբեր հետնապաստառին :
Ու փիլիսոփայությունները կենդանու` աշխարհում անենաքիչ փիլիսոփայական,
-ություններ ու իզմեր` նոր մարմինները քողարկելով հին վարգույրների մեջ, բայց նաև` ինչ-որ ճարպիկ բան, ու դա նոր մարդն էր, մարդը` չբավարարված, մարդը` մտածողությամբ կոֆեինացված, մարդը, որ չի հոգնում հույս տածելուց, և տարածում էր իր թևերը ( առ ի՞նչը միայն չեն կարող թևերը տարածվել):
մարդը` ավելի բազմաքանաք, քան երբևիցե, մարդը` տանջահար մի վայրկյան, որն սպասում է դարձյալ ու մի քիչ լույս կուզենար…

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.