ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ՓԱՐՈՍՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

 

bs22Սույն թվի Դեկտեմբերի 10-ին, ‹‹Զանգակ›› գրատանը տեղի ունեցավ Բենիկ Ստեփանյանի ‹‹Փարոսները հայտնի և անհայտ›› բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը բաղկացած է հինգ շարքից: ‹‹Օրերս›› շարքում զետեղվածները իրականության պատկերներ-խոհեր են, որտեղ բանաստեղծը մետաֆորիկ հնարքով բացում է սեփական օրերի կեղևը, անկեղծության նվագներով հիշում մանկությունը, պատանեկությունը և հասունության տարիները՝ որպես ապրված և առանձին հիշողություններով տպավորված մեծ ժամանակահատվածներ, նաև տալիս իր օրերի դժվարություններն ու տագնապները: Բանաստեղծություն առ բանաստեղծություն բացապարզվում է հեղինակի խոկումների արդյունքը. մեր օրերն են և այն, որը, ըստ նրա, դեռ նոր պիտի լինի: Ինչպես նշեց գրքի հեղինակը, ժողովածուում տեղ գտած գործերը երկար են խմորվել իր մեջ և երկար ճանապարհ անցել: Սիրո մասին երգերը երևում են երեք շարքում՝ ‹‹Մենանվագով քո թեթևասահ››, ‹‹Լուսինը բառեր է շշնջում›› և ‹‹Եղանակներ››: Շատ բանաստեղծներ են գրել լուսնի մասին, Ստեփանյանը յուրովի է կերպավորել լուսինը՝ իր ստեղծագործություններում որպես գլխավոր մետաֆոր: Շնորհանդեսը բացեց ‹‹Զանգակ›› հրատարակչությունը ներկայացնող՝  գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը: benik1Ժողովածուի մասին կարծիքներ հայտնեցին բանաստեղծներ Շանթ Մկրտչյանը, Արտաշես Արամը, արձակագիրներ Աշոտ Հովսեփյանը, Կարինե Ռաֆայելյանը, նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը, Բենիկ Ստեփանյանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը՝ Հովհաննես Չալյանը: Ժողովածուի մուտքը մեր գրական կյանք ողջունեցին բանաստեղծներ Նոնա Պողոսյանը, Օլգա Դարյանը և Նարինե Ավագյանը: Գրատան սրահը լեցուն էր Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողներով (դասախոս՝ դոցենտ Ա. Փաշայան), ովքեր դասերի ընթացքում ծանոթացել էին բանաստեղծի մտածողությանը և հյուրընկալել նրան: Ուսանողներից մի քանիսն էլ՝ Արթուր Միրզոյանը, Դիանա Խերանյանը և Էլեն Ալթունյանը, ներկայացրին իրենց ընտրած և սիրված գործերը ‹‹Փարոսները հայտնի և անհայտ›› ժողովածուից:  Շնորհանդեսը վարեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրքի խմբագիր և առաջաբանի հեղինակ Անի Փաշայանը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.