Սաթ Ալեքս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Հաղթանակի սիմֆոնիան

Հին այգու ամենահեռավոր անկյունում, հինավուրց պարսպի մոտ, ծնվեց մի փոքրիկ թիթեռ: Նա թափահարեց թևերը, բայց չթռչեց անսահման ուրախությունից, երբ տեսավ արևն ու երկինքը,- ինչպես հաճախ պատահում է բոլոր թիթեռների հետ,- այլ բեղիկները շարժեց և իրեն նայելով՝ մտահոգվեց:
Փոքրիկ թիթեռն իր մասին ոչինչ չգիտեր. եթե ինչ-որ մեկը նրան ցույց տար այն կանաչ, լպրծուն պարկը, որի մեջ մի ժամանակ եղել էր ինքը, նա ուղակի չէր հավատա, չէ՞ որ յուրաքանչյուր ոք էլ ուզում է իր մասին լավ կարծիք ունենալ: Նա միայն մի բան հստակ գիտեր՝ այն, որ իրեն բաժին է ընկել շատ կարճ կյանք: Նա միայնակ թիթեռ էր…և ով գիտե՝ որտեղի՞ց էր իմացել այս զարհուրելի փաստի մասին…
Փոքրիկ թիթեռը գեղեցիկ չէր, նրա նուրբ թևիկները պատված էին ինչ-որ այլանդակ բծերով, ասես մեկն օճառի փրփուրներ էր լցրել վրան: Նա հիացմունքով էր նայում քիչ հեռու ճախրող ազնվազարմ թիթեռներին, որոնք նման էին կենդանի փաթիլների: Նրանք պտտվում էին այգում, նստում գունեղ ծաղիկների վրա՝ նրբորեն բացելով և փակելով իրենց թևիկները: Նա որոշեց ավելի մոտիկից ծանոթանալ այդ հիասքանչ արարածների հետ ու գնաց նրանց ընդառաջ: Բայց գեղեցկատես թիթեռները նրան տեսնելով՝ զարհուրեցին, թևիկները շարժեցին այնպես, որ ասես կեղտ են թափ տալիս ու թռան հեռու: Փոքրիկ թիթեռն այնքան էլ չտխրեց, նա սկսեց նույնիսկ փիլիսոփայել. եթե իրեն վիճակված է այսօր մահանալ, ապա մահից առաջ անպայման պիտի հանդիպի ինչ-որ հրաշքի, այլապես ինչի պետք էր այս ամենը՝ արևը, զարմանալի մաքուր երկինքն իր ամպիկներով, որոնք նման են նավակների, կանաչազարդ ծառերը, բուրավետ ծաղիկները…
Այս մտքերով տարված թիթեռը չնկատեց, թե ոնց այգում, մի պահ տիրեց սահմռկեցուցիչ լռություն: Թռչող և սողացող միջատները ծակուծուկ մտնելով՝ անհետացան: Այգում հայտնվեց մի տղա ձեռքի երկարության նեյլոնային ցանցով: Դյուրահավատ փոքրիկ թիթեռին ցանցը թվաց հեքիաթային մի դղյակ, մտածեց, որ գտել է այն, ինչը կարող է գունավորել իր կարճ կյանքն ու գնաց որսորդին ընդառաջ: Տղան ուզում էր որսալ ամենագեղեցիկ թիթեռնիկին և շարժելով ձեռքի ցանցը՝ ուշադիր նայում էր շուրջը: Ուստի, երբ նեյլոնային ցանցի մեջ հայտնվեց անհետաքրքիր ու տհաճ արտաքինով փոքրիկ թեթեռը, տղան ուղղակի բռնեց նրա թևերից ու մի կողմ շպրտեց: Փոքրիկ թիթեռը, թեև վիրավորվեց տղայի արհամարհական վերաբերմունքից, բայց չկորցրեց հուսը. «Իզուր հո աշխարհ չեմ եկել,-խորհեց նա,-սա նշանակում է, որ ես հարկավոր եմ ինչ-որ մեկին: Իսկ մահից ոչ ոք չի կարող փախչել»: Եվ այսպես տխուր ու մտամոլոր, փոքրիկ թիթեռը ալարկոտ թռչկոտում էր թփերի վրայով. թևիկները փոշոտվեցին և ավելի անհրապույր տեսք հաղորդեցին նրան:
Արևը դանդաղ բարձրանում էր լեռների հետևից՝ իր տեղը գրավելով երկնքի գահին: Նրա կենարար ճառագայթները գեղեցկացնում և վերակենդանացնում էին ծեր այգու թոշնած կյանքը: Այգին հետզհետե դառնում էր ավելի աղմկոտ՝ թռչունների դայլայլ, տերևների մեղմիկ սոսափյուն, թևիկների բախումների ներդաշնակ ռիթմ. ասես, մի աներևույթ նվագախումբ կատարում էր սիմֆոնիա՝ լի հեքիաթային ձայներով: Փոքրիկ թիթեռը մի պահ անշարժացավ ու սկսեց ուշադիր ունկնդրել այդ սիմֆոնիան.«Ահա՛, թե ինչի համար եմ ես աշխարհ եկել, ինչի համար է ինձ ի վերուստ տրվել այս ցավն ու տառապանքը… Մահը հաղթահարելու համար, բավական է թեկուզ մի անգամ լսել այս երաժշտությունը՝ Հաղթանակի սիմֆոնիան ու քո կյանքը կիմաստավորվի»:
Արևը դանդաղ շարունակում էր իր հավիտենական ու անխափան երթը՝ դանդաղ թաղվելով բարձրագահ լեռների հետևում: Եվ մթնշաղին համընթաց ու համահունչ հնչում էր հաղթանակի սիմֆոնիայի ավարտը: Նույն պահին, փոքրիկ թիթեռի թևիկները շարժվեցին, ասես նա ուզում էր վերջին անգամ երկինք բարձրանալ, բայց անուժ ընկան ներքև…

Վերջին տերևը

Դրսում ծաղկում էր գարունը: Ինան նստել էր բաց պատուհանի մոտ և հայացքը հառած բնության զարթոնքին՝ մտածում էր, թե ինչքան բան կա, որ պետք է վերադարձվի, ինչքան բան դեռ չի արվել իր կողմից: Իսկ կյանքը շատ կարճ է ինչպես որ կարճ է իր նախատիպը բնության մեջ: Իր գոյության ընթացքում Ինան ավելի շատ կորցրել էր քան ձեռք բերել: Նա ցավ էր զգում և հիշում միայն ցավ… Կորցրել է ընկերուհիներ, տղամարդկանց, հարազատ մարդկանց: Ոմանք դավաճանեցին ու գնացին, իսկ մյուսները պարզապես հեռացան:
Ընկած մտածմունքների մեջ՝ նրա ուշադրությունը կենտրոնացավ մի ծառի վրա: Ծառն այնքա՜ն կենդանի էր թվում, ճյուղերին արդեն նկատվում էին բողբոջները, որոնք շուտով ծաղկելու էին: Ծառը, բոլորից հեռու, կանգնած էր միայնակ, բայց շատ հպարտ:
Եվ հենց այդ առավոտ Ինան որոշեց լինել ծառի նման:
-Իսկ ինչո՞ւ ո՛չ,- մտածեց նա, ինչով եմ ես պակաս նրանից, ես նույնպես կամ:
Եվ այսպես սկսվեց Ինայի նոր կյանքը՝ միայնակ ծառի ծաղկող տերևների նման: Ինան տանը եղած պահերին, առիթ բաց չէր թողնում նստելու պատուհանի մոտ և հիանալու ձևավորվող՝ կանաչավուն տերևներով… իրենով: Նա նոր գործի ընդունվեց, նոր ընկերներ ձեռք բերեց: Կյանքը ժպտում էր նրան, ուրախանում էր թռչունների և արևի առկայությամբ: Բայց… կար մի մեծ ԲԱՅՑ. այս բազմազանության մեջ նա նույն միայնակն էր և…
Մոտենում էր աշունը: Տերևներըը, ու նրանց հետ էլ Ինան սկսեցին թոշնել: Նա նայում էր տերևաթափին ու հասկանում, որ դա վերջն է: Վերջ նրա միայնակ, բայց քաղցր կյանքին, քանզի բժիշկների ախտորոշումն անմխիթարական էր… նա երևութապես համակերպվել էր դառն իրականության հետ, բայց շարունակում էր պայքարել: Ծառը նույնպես պայքարում էր, թեև Ճյուղերի խառնաշփոթ շարժումների հետևանքով ը ավելի շատ տերևներ էին զրկվում կյանքից…
Եվ մի անձրևոտ օր ծառի վրա մնաց միայն մեկ տերև: Ամբողջ օրը նա պաքարեց քամու դեմ՝ իր վերջին ուժերով՝ կառչելով ճյուղից: Տերևը պայքարում էր կյանքի համար, իր և Ինայի կյանքի համար: Այդ կյանքը վաղուց էր իրենցը դարձել:
Երեկոյան տերևն այնքան ուժասպառ եղավ, որ մի թեթև զեփյուռ նրան պոկեց ճյուղից: Տերևը պտտվում էր օդում ու դանդաղ վար իջնում… ասես իր վերջին ճիգն էր գործադրում ապրելու համար, բողոքում էր…, բայց նրան այլևս ոչ ոք չէր լսում, իսկ ո՞վ պետք է լսեր, նա լրիվ մենակ էր մնացել:
Ինան մինչև վերջ հետևեց տերևի անկումին և, երբ տերևը հպվեց հողին, ինքն էլ կծկվեց բազմոցի վրա և քնեց…ընդմիշտ:

1 մեկնաբանություն

  1. Հետաքրքիր պատկերներ եք ստեղծել:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի